HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Դպրոց չհաճախած 17-ամյա Ադելինան երազում է ոստիկան դառնալ

17-ամյա Ադելինա Խաչիկյանը երբեք դպրոց չի հաճախել:

Գրել և կարդալ նրան սովորեցրել է ավագ քույրը, ով արդեն ամուսնացել է և ապրում է Բերդավան գյուղում: Ադելինան մոր և երկու եղբայրների հետ ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում:

Նրա մայրը՝ Անահիտ Խաչիկյանը, պատմում է, որ Ադելինային դպրոց ուղարկելու ժամանակահատվածն իրենց ընտանիքի համար դժվար շրջան էր. ամուսինը ծանր հիվանդ էր, իրենց սոցիալական դրությունն էլ խիստ վատ էր: Ադելինայի կրտսեր եղբորը Անահիտը դպրոց է ուղարկել միայն ամուսնու մահից հետո: Այժմ 16-ամյա Խաչիկը սովորում է 7-րդ դասարանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո նա զորակոչվելու է բանակ: Այն հարցին, թե ինչու եղբոր հետ դպրոց չեն ուղարկել նաև Ադելինային, մայրը դժվարանում է պատասխանել:

«Դե, եսիմ, Ադելինան էլ արդեն մեծ էր, տանը մնաց», - վարանելով ասում է Անահիտը:

«Բայց ես միշտ տանը գրել, կարդացել եմ, - խոսակցությանը միանում է Ադելինան: - Իմ տետրն ու գրիչը միշտ մոտս են եղել»:

Անցած տարվա գարնանը Խաչիկյանների ծանոթներից մեկը «Հույսի կամուրջ» հկ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի աշխատողներին հայտնում է, որ իրենց գյուղում կա երեխա, ով անգամ տարրական կրթություն չի ստացել: ՀԿ-ի աշխատողները, հանդիպելով Ադելինայի մորը, առաջարկում են նրան, որ աղջիկը շաբաթական գոնե երկու անգամ հաճախի իրենց կենտրոն, որտեղ իր հետ պարապմունքներ կկազմակերպվեն: ՀԿ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Կոթիի գյուղապետի հետ, որ Ադելինան անվճար գյուղի ավտոբուսով շաբաթը երկու անգամ գա, մասնակցի պարապմունքներին և հետ վերադառնա: Ադելինան հաճույքով է պատմում այնտեղի իր պարապմունքների մասին, ոգևորված ցույց է տալիս իր տետրերը, որոնք թերթելով նկատվում է, որ կարմիր գույնն աստիճանաբար պակասել է: Պարապմունքները նա սկսել է տառերի ու թվերի կրկնությունից, այժմ արդեն գեղարվեստական գրքեր է կարդում:

«Հիմա «Մոնթեսումայի դուստրն» եմ կարդում, արդեն 100 էջն անցել եմ», - հպարտությամբ ասում է Ադելինան:

«Հույսի կամուրջ» հկ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում նրա հետ պարապմունքներ անցկացնող Գայանե Խառատյանը նշում է, որ այս ընթացքում Ադելինան մեծ առաջընթաց է գրանցել: Եթե առաջ բավականին կաշկանդվում էր, չէր կարողանում ուրիշների ներկայությամբ կարդալ և դաս պատմել, այժմ արդեն և ազատ պատմում է, և բանավոր խոսքն է զարգացել:

«Ադելինան շատ խելացի և ընդունակ աղջիկ է: Իրեն պետք էր ուղղակի օգնել, ուղղություն ցույց տալ: Հիմա նա արդեն այնքան է առաջադիմել, որ իմ օգնության կարիքը չունի: Պարզապես ինձ համար հաճույք է իր հետ պարապելը», - ասում է Գ. Խառատյանը:

Երբ Ադելինային հարցրեցի ընկերուհիների մասին, նա պատասխանեց, որ «Հույսի կամուրջում» լավ հարաբերություններ ունի այնտեղի աշխատողների հետ, բայց իր տարիքի աղջիկներ չկան, որոնց հետ կարող է մտերմանալ: Գյուղում ընկերուհի նա նույնպես չունի: Ասում է, որ իր ծանոթների և բարեկամների շրջանում իրեն հասակակից մեկը չկա, բացի այդ, գյուղում իր հասակակիցների մեծ մասն արդեն ուսանող է:

Ադելինայի ավագ եղբայրը՝ 24-ամյա Ոսկանը, դպրոց է գնացել միայն երեք տարի: Ոսումը կիսատ թողնելուց հետո նա սկսել է ծնողներին օգնել տան տնտեսության հարցերում: Այժմ նա ցանկանում է, որ գոնե դպրոցի ավարտական վկայական ունենա, բայց Կոթիի դպրոցում նրան ասել են, որ դրա համար նա պետք է քննություններ հանձնի Երևանի ավագ դպրոցներից մեկում:

Սակայն, եթե Ոսկանի դեպքում տեղի դպրոցում կա նրա անձնական գործը, ըստ որի` նա ընդունվել է դպրոց և մյուս փաստաթղթերը, ապա Ադելինան կրթական որևէ հաստատատությունում ոչ մի փաստաթուղթ չունի և դպրոցական որևէ ծրագիր չի անցել: Ադելինան չգիտի, թե այս դեպքում ինչ պետք է անի, որպեսզի փաստաթուղթ ստանա, բայց համոզված է, որ եթե իր համար քննություններ նշանակվեն, ինքը կարող է դրանք հանձնել:

«Եթե էսքանը տարիուկեսում համարյա զրոյից հասցրել եմ սովորել (ցույց է տալիս սեղանին դրված տետրերը), դրանք էլ կկարողանամ պարապեմ, քննություն հանձնեմ», - վստահ ասում է Ադելինան:

Վերջինս, սակայն, անվստահ է խոսում իր երազանքների մասին, որովհետև մտածում է, որ այդ ամենն իր համար այժմ անիրական է: Այդ երազանքների իրականացման համար առնվազն կամ դպրոցի ավարտական վկայական է պետք, կամ գումար:

«Ես ուզում էի վարսավիրական սովորեմ, էն էլ 3 ամիսը 50 հազար դրամ էր, գումարի պատճառով չկարողացա», - ասում է Ադելինան:  

«Բայց ձերոնք ասում են՝ ուզում էիր ոստիկան դառնալ», - ասում եմ նրան:

«Հա՜, էդ իմ մանկության երազանքն ա, բայց հիմա արդեն մենակ երազանք ա, էլ չեմ կարա», - ասում է Ադելինան:

Խաչիկն ու Ադելինան հիշում են, որ փոքր ժամանակ միշտ ոստիկան-ոստիկան էին խաղում ու երազում, որ երբ մեծանան, իրենք ոստիկան են դառնալու նաև իրական կյանքում: Այդ երազանքը Ադելինայի համար դարձել է անիրական, իսկ Խաչիկի համար՝ երկրորդական: Այժմ նա պարզապես ուզում է բավարար չափով գումար վաստակել:

«Հիմա նենց ա, որ որտեղ հաց, էնտեղ էլ կաց: Բանակից հետո որտեղ էլ գործ լինի, կգնամ կաշխատեմ», - ասում է Խաչիկը:

Անահիտ Խաչիկյանը և որդին` Խաչիկը

Խաչիկյանների երբեմնի մեծ ու շեն տան միայն կմախքն է մնացել: Տան երկրորդ հարկ տանող աստիճանները հաղթահարելուց հետո դժվարությամբ կարողանում ես ներս մտնել. տան մուտքի հատվածը վթարային է, որն ամեն պահ կարող է փլվել:


Տան տանիքը դեռևս բարվոք վիճակում է, չնայած անձրևային եղանակներին այնտեղից պարբերաբար կաթում է, իսկ պատուհանների մի մասն էլ ցելոֆանով է ծածկված: Ընտանիքի անդամներն օգտագործում է մեծ տան միայն երեք սենյակը, որոնք միմյանցից առանձնացված են վարագույրով: Մյուս սենյակները վթարային են, որոնց դռները նրանք չեն բացում:



 

 

Տան միակ ճոխությունը կարելի է համարել հատակին շարված տնային բույսերը. տան ամբողջ կահույքն են մի քանի մահճակալ, մի քանի աթոռ, սեղանն ու  հին վառարանը: Իսկ տան «հարստությունն» այս տարի սոխն է, որը ստացել են իրենց տնամերձ հողատարածքից:

«Սրանից առաջ էլ լոբի էինք դրել, էն ա սաղ տարին էդ կերանք», - ասում է Անահիտը:

Ադելինայի հայրը՝ Վարուժանը, մահացել է 2006 թ.-ին: Վերջինս ժամանակին ստացել է բարձրագույն կրթություն, աշխատել որպես մարզկենտրոն Իջևանի գլխավոր ճարտարապետ: Երբ 1988 թ.-ին տեղի է ունենում Սպիտակի երկրաշարժը, մեկնում է օգնելու տուժածներին: Այդ դեպքն ու տեսարանները այնպիսի խոր ազդեցություն են թողել նրա վրա, որ անդրադարձել են նրա հոգեկան աշխարհի վրա:

1990-ական թթ.-ից ընտանիքի սոցիալական դրությունն աստիճանաբար վատացել է: Ինչպես Անահիտն է ասում՝ իր երեխաներին ոչ թե մեծացրել է, այլ ուղղակի շունչն է պահել: Վարուժանի հիվանդությունների մասին ընտանիքում խոսել շատ չեն սիրում, բայց տան պատերին դեռևս մնացել են նրա թողած գրություններն ու պատի վրա նկարած պատկերները:

Անահիտը հիշում է, որ ամուսնու մահին նախորդած տարիները իրենց ընտանիքի համար դժվար էին: Նա խնամում էր հիվանդ ամուսնուն և չի կարողացել հետևողական զբաղվել երեխաների կրթության հարցով: Հոր մահից հետո էլ ընտանիքի ամբողջ հոգսն ընկել է Ոսկանի ուսերին: Վերջինս հիմնական աշխատանք չունի: Եթե գյուղում որևէ գործ է լինում, օրավարձով աշխատում է: Զուգահեռ փորձում է գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց այստեղ էլ մեծ օգուտներ չի ունենում: Անգամ անասուն պահելու համար որոշակի գումար է պետք, որը Խաչիկյանների ընտանիքը չունի:

«էն ա Ոսկանս էլ շատ ա չարչարվում, սաղ օրը վազվզում ա, որ մեզ պահի: Տես, ինքը հեռախոս չունի, բայց քրոջ համար առել ա, - ասում է Անահիտը: - Էս էրեխեն (Ադելինան) էլ ա մեղք, տան սաղ լվացքն ինքն ա անում, գործերի մեծ մասն էլ: Ես էլ չեմ կարում, մենակ մի ճաշ եմ էփում ու փեչը վառում: Սաղ մարմինս պարալիչ ընկած լինի ոնց որ, ոսկորներս ցավում են»:  

Խաչիկյանների ընտանիքի կայուն եկամուտը ընտանեկան նպաստն է և Խաչիկի ու Ադելինայի թոշակը, որը նրանք ստանում են որպես անչափահաս ծնողազուրկ երեխաներ: Անահիտը անհանգստանում է, որ փետրվարին, երբ Ադելինան դառնա 18 տարեկան, իրենք կզրկվեն նաև նրա թոշակից:

«Ամեն ծնող էլ կուզի, որ իրա էրեխեն առաջ գնա, իրա նպատակին հասնի, բայց դե տակից էլ պետք ա մի քիչ լինի, - ասում է Անահիտը: - Տակից էլ, որ չկա, ի՞նչ անես: Շատ ես ուզում, բայց չես կարում»: 

Մեկնաբանություններ (3)

A. G.
եկեք օգնենք այս ընտանիքին ով ինչով կարող է, գուցե որեւէ մեկը կազմակերպի դա, կամ հասցե նշվի ու միանանք օգնենք՝ գումար, հագուստ, ուսուցում եւ այլն
Arctur
I wondering why Armenian oligarch's not able to help such poor Armenians instead building new churches and other ambitious project's...
zohrab
She looks a bbriht young ladyhelp her get her wish

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter