HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ունի՞ արդյոք փաստաբանը կախարդական փայտիկ

«Հետքի» զրուցակիցն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 6 տարի, սակայն այդ տարիներին իր պաշտպանյալներին բերել է արդարացման բազմաթիվ դատավճիռներ: Դրանց թիվը հստակ չի հիշում, ասում է, որ մոտավորապես 15-17 արդարացման դատավճռի է հասել: Փաստաբանը կարծում է, որ մինչդատական վարույթում արդարացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցումը ոչ պակաս կարևոր իրողություն է, քան արդարացման դատավճռի կայացումը:

- Պարոն Հակոբյան, Հայաստանում արդարացման դատավճիռները շատ քիչ տոկոս են կազմում: Կա՞ ինչ-որ «կախարդական փայտիկ», որն օգնում է Ձեզ արդարացման տասնյակ դատավճիռներ ունենալ: Եթե այո, ո՞րն է այն:

- Թեպետ իմ բնույթով մի փոքր ռոմանտիկ եմ, բայց աշխատանքային պրոցեսում` առավել քան ռեալիստ և հաշվենկատ, ու «կախարդական փայտիկ» որպես այդիպիսին, իհարկե, գոյություն չունի ինձ համար: Սակայն աշխատանքային պրոցեսում ձևավորված մի շարք սկզբունքներ կան, որ փոխարինելու են գալիս Ձեր նշած «կախարդական փայտիկին»: Օրինակ՝ յուրաքանչյուր գործով ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարությունը, ժամանակի և տարածության մեջ արագ կողմնորոշվելը, ռեսուրսների տեղին և ժամանակին օգտագործումը, յուրաքանչյուր գործի յուրովի և սրտացավ մոտեցում ցուցաբերելը, ամենակարևորը` ճիշտ հաշվարկ կատարելը և դատավարական ճիշտ նպատակ դնելը: Փաստաբանական աշխատանքում արդարացման դատավճռի հասնելը դա ինքնանպատակ և հավակնոտ ձգտում չպետք է լինի և ամեն գործով չէ, որ կարելի դնել նման նպատակ: Արդարացման դատավճռի հասնելը, որպես դատավարական նպատակ, պետք է դրվի այն ժամանակ, երբ դրա համար կան բավարար հիմքեր և գործի փաստական տվյալները, առկա ապացույցները և մի շարք այլ հանգամանքները խոսում են դրա օգտին:

- Ինչո՞ւ են արդարացման դատավճիռները քիչ Հայաստանում:

- Հիմնական պատճառը դատարանի և կոնկրետ գործը քննող դատավորի անկախության բացակայությունն է: Անկախության բացակայությունը դրսևորվում է հենց դատական համակարգի ներսում, որի մասին մենք տեղեկանում ենք տարբեր զեկույցներից և հրապարակումներից: Արդարացման դատավճիռներ հիմնականում կայացնում են այն դատավորները, որոնք իրենց կենսագրությամբ խոցելի չեն և դատախազությունից կամ մեկ այլ պետական մարմնից վախենալու պատճառներ չունեն: Կա դատավորի տեսակ, որը փորձում է ամեն գնով դուր գալ դատախազությանն ու պետական որոշ մարմինների, առավել ևս դուր գալ իր «վերադասին»՝ ապահովելով իր «անվտանգ» աշխատանքը: Նրանք նախկին Խորհրդային Միության գործելաոճին հավատարիմ՝ շարունակում են մարդկային ճակատագրեր խեղել, իսկ վերադաս ատյանների կողմից փոխարենը կանխվի նման գործելաոճը, ավելի հաճախ խրախուսվում է դա, որն էլ հանգեցնում է քրեական արդարադատության դեգրադացմանը:

- Կա՞ մեկ-երկու սկզբունք, որով ընտրում եք Ձեր պաշտպանյալներին: Ովքե՞ր են Ձեր պաշտպանյալները:

- Կարևորագույն սկզբունքն այն է, որ անձի հետ շփումից համոզմունք ձևավորվի նրա անկեղծության և մարդկային որոշ հատկանիշների առումով: Եթե փորձեմ ձևակերպել, թե ովքեր են իմ պաշտպանյալները, ապա պետք է նշեմ, որ մարդիկ են, որոնք հանգամանքների բերումով հայտնվել են քրեական պատասխանատվության դաշտում, բայց իրենց էությամբ հանցագործ կամ չարագործ չեն:

- Ձեր կարծիքով` կա՞ն անմեղ մարդիկ մեր քրեակատարողական հիմնարկներում:

- Միանշանակ կան բազմաթիվ անմեղ մարդիկ մեր բանտերում, որոնք պատիժ են կրում չկատարած կամ ուրիշի կատարած հանցանքի համար: Կան մարդիկ, որոնք հիմա նախնական կալանքի տակ են, սակայն չեն կատարել որևէ հանցագործություն, բայց պետական մարմինների թեթև վերաբերմունքի հետևանքով հանիրավի գտնվում են անազատության մեջ:

- Հին գործերով՝ օրինակ 15-20 տարվա, պետությունը չի պահպանել իրեղեն ապացույցները, և հիմա գիտության զարգացմամբ չենք կարողանում հասնել գործերի վերաբացումների: Ի՞նչ է հնարավոր անել:

- Ինչպես գիտենք, նախկինում կայացված դատավճիռների վերանայման համար հիմք կարող են ծառայել նոր երևան եկած կամ նոր հանգամանքները: Գործող քրեական դատավարության օրենսգիրքը նույնպես իրեղեն ապացույցների պահպանման հստակ կարգ չի նախատեսում, և ցավոք դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները ոչնչացվում են:

Փաստացի անձը զրկվում է հետագայում գիտության և տեխնիկայի առաջընթացին զուգահեռ իր անմեղությունն ապացուցելու հնարավորությունից: Այսինքն, եթե չկան իրեղեն ապացույցները, որի հետազոտմամբ կամ ներկա գիտական մեթոդիկային համապատսխան նոր փորձաքննությունների կատարմամբ հնարավոր կլիներ պարզել անձի անմեղությունը, հետևաբար նաև տվյալ իրավիճակում չենք կարող հասնել արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումների, եթե չլինեն ծանրակշիռ այլ հիմքեր:

- Երբևէ մտածե՞լ եք զբաղվել այն գործերով, որտեղ դատապարտյալը պնդում է, որ 15-20 տարի առաջ իրեն սխալ են դատապարտել: Արտերկրում հարյուրավոր դեպքեր կան, երբ փաստաբանները հին գործերով հասնում են արդարացման դատավճիռների:

- Անկեղծ կլինեմ, երբևէ չեմ մտածել զբաղվել նմանատիպ գործերով, քանի որ մեր օրերում նույնպես քիչ չեն չկատարած արարքի համար դատապարտված անձինք և առօրեական բավականին մտածելու խնդիրներ ունենք հենց այս առումով: Թեև ես բնավ չեմ ցանկանում նսեմացնել Ձեր նշած հարցի կարևորությունը, բայց առավել քան կարևորում եմ գոնե այսօրվա անկախ Հայաստանում, ներկա գիտատեխնիկական զարգացվածության պայմաններում անմեղ անձանց հանիրավի մեղադրելու և դատապարտելու կանխարգելման հրատապությունը, քանի որ հակառակ դեպքում, սրանից 15-20 տարի հետո սկսելու ենք մտածել այօրվա դատական սխալներից տուժած անձանց իրավունքների մասին:

- «Հետքը» բազմաթիվ հրապարակումներ է տպագրել, փորձել ի հայտ բերել նոր երևան եկած հանգամանքներ, սակայն համակարգը համառորեն չի գնում գործերի վերաբացման ճանապարհով: Ի՞նչն է, ըստ Ձեզ, պատճառը:

- Պատճառները տարբեր կարող են լինել՝ սկսած քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի բացակայությունից, մինչև սուբյեկտիվ որոշ գործոններ: Մասնավորապես, վերաբացումների պարագայում նախկին դատավորների, դատախազների և քննիչների պատասխանատվության հարց կարող է առաջանալ և տարբեր խնդիրներ առաջացնել, որն էլ ինքնին կարող է արգելակող գործոն հանդիսանալ:   

Փաստաբան Գեղամ Հակոբյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter