Կիրակի, 23 սեպտեմբերի

Ալավերդիում ավագանու կատարած ծախսերը փոխհատուցել են այլ համայնքների օրինակով



Ալավերդի համայնքի ավագանու պարտականությունների իրականացման հետևանքով առաջացած ծախսերը փոխհատուցելու համար համայնքի 2014թ. բյուջեով 900 հազար դրամ է նախատեսվել:

Համայնքի ավագանին այս տարվա օգոստոսի 26-ի թիվ 44-Ա որոշումով այդ գումարից 450 հազար դրամ է հատկացրել ավագանիներին՝ իբրև կատարած ծախսերի փոխհատուցում:  Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը փոխհատուցման վճարները հատկացնելիս ավագանիներից ֆինանսական հաշվետվություններ և ծախսերը հիմնավորող ֆինանսական փաստաթղթեր չի պահանջել:

Հարցին, թե ավագանու անդամներից յուրաքանչյուրին հատկապես որ պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց է փոխհատուցվել 450 հազար դրամը, Ա. Վարոսյանը պարզաբանեց. «Դե դրա մեջ կարող է տարբեր բաներ լինի: Դրա մեջ կարող է լինել թուղթ ու գրիչ, գրենական պիտույք: Կոնկրետ հոդվածներով գրած չունենք, թե ավագանու անդամների անվանական  որ պարտականությունների ծախսերի համար ենք կատարել փոխհատուցման վճարները: Ուղղակի, որպես օրենքով նախատեսված գումար, դա  ավագանու բոլոր անդամները հավասարապես  ստանում են, մեկին շատ, մեկին քիչ չի տրվում»:  

Քաղաքապետը, սակայն չասաց, թե փոխհատուցման վճարները ավագանիներին հավասար բախշելու մասին որ օրենքում է կարդացել: Ավագանու անդամների պարտականությունների հետևանքով կատարած ծախսերի  դրամական փոխհատուցման իրավունքը սահմանում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը:

«Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի ստանալ դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետեւանքով կատարած ծախսերի դիմաց»,- սահմանում է օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետը: Այսուհանդերձ  Ա. Վարոսյանը, ով  համայնքի բյուջեի թիվ  մեկ պատասխանատուն է, ավագանու որոշմամբ, համայնքի բյուջետային գործընթացները վերահսկող ավագանու անդամներին փոխհատուցման չհիմնավորվված վճարումներ է կատարել:

«Մենք ուսումնասիրել ենք այլ համայնքերի փորձը, պարզել ենք, որ մի կողմից՝ բնական է, ինչ-որ ծախսեր կատարվում է, մյուս կողմից՝ միշտ հնարավոր չէ ֆինանսական փաստաթղթեր հավաքել` ծախսերի փոխհատուցման համար»,- բացատրեց նա:

Հիշեցնենք, որ Ալավերդու ավագանին «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված իր իրավասությունից միայն միաձայն քվեարկություններն է մեծ հաջողությամբ իրականացնում: Այլ ձեռքբերումներ բյուջեի վերահսկման գործում՝ ավագանին չի արձանագրել: Արտավազդ Վարոսյանի ասելով` քանի որ հանրապետության այլ համայնքերում առանց ֆինասական հիմնավորման է բաշխվում ավագանիների պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի փոխհատուցումը, ինքն էլ հետևել է այդ համայնքների օրինակին: Մեծ դժվարությամբ հավաքագրվող Ալավերդու հարկատուների 900 հազար դրամ հարկերից 450 հազար դրամը, փաստորեն, 6 ամսվա կտրվածքով հավասարապես` 30 հազարական դրամներով բաշխվել է ավագանու 15 անդամներին:

Ավագանու անդամ Արմեն Կարապետյանը մեզ հետ զրուցելիս զարմացավ, որ քաղաքապետարանում ավագանու անդամների պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը ֆինանսական փաստաթղթային  հիմնավորումներ չեն ստացել: Ա. Կարապետյանը, այնուամենայնիվ հայտնեց, որ ինքը ստացել է փոխհատուցման վճարը: Ավագանու անդամ Գագիկ Էվոյանը շատ ուրախացավ, երբ մեզանից լսեց ավագանու պարտականությունների իրականացման հետևանքով կատարած ծախսերը փոխհատուցելու ավագանու որոշման մասին: «Վերջապես որոշեցին տալ, հա, փոխհատուցման վճարները: Գիտե՞ք ինչքան եմ բարձրացրել այդ հարցը»,- ասաց նա: Գ. Էվոյանը տեղյակ չէր, որ իր երազած որոշումն ընդունվել  է դեռ երկու ամիս առաջ, օգոստոսի 26-ի ավագանու նիստով:

Որոշման քննարկմանը ավագանու 15 անդամներից ներկա են եղել 10-ը, ավագանու բացակա 5 անդամներից մեկը եղել է Գ· Էվոյանը: Պարզվեց ավագանու իր պարտականությունները կատարելու համար Գագիկ Էվոյանը շատ է ծախսել՝ Ակներ գյուղում եւ Սանահին գյուղի Մադան թաղամասում հանդիպել է գյուղացիներին հետ, նրանց բարձրացրած հարցերը ներկայացրել է ավագանու նիստում: Նա առաջացած ծախսերի մասին տեղյակ է պահել քաղաքապետին: Այսուհանդերձ, Գ. Էվոյանն ասաց, որ դեռ չի ստացել իր կատարած ծախսերի փոխհատուցումը` թեեւ որոշումից անցել է երկու ամիս: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ