HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Պարտությունների գեներալների» նոր պատերազմը

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ համաժողովրդական շարժում նախաձեռնած եռյակի ստրատեգիան հայտնի է. իշխանություններին պարտադրել հրաժարական, ապա անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ` նախապես հիմնովին վերափոխելով ընտրական օրենսգիրքը և վերացնելով լայնածավալ ընտրակեղծիքների հնարավորությունները: Սակայն չնայած դրան` եռյակը, ըստ ՀԱԿ առաջնորդի, չի բացահայտելու իր տակտիկան, այսինքն նշված նպատակին հասնելու համար իրականացվելիք հետագա գործողությունների բնույթը, քայլերի հերթականությունը և ժամանակացույցը` այն սկուտեղի վրա Սերժ Սարգսյանին չմատուցելու նպատակով:

Տեր-Պետրոսյանն սկզբունքորեն, իհարկե, ճիշտ է: Անմտություն է, երբ ճակատամարտի  պատրաստվող բանակի հրամանատարությունը վճռական մարտից առաջ բարձրախոսով հայտարարում է, թե ինչպիսի սխեմաներով, մարտադաշտում ուժերի ինչպիսի դասավորությամբ և գործողությունների հաջորդականությամբ է պատրաստվում հաղթել իր հակառակորդին: Դա պարտության առաջին նախապայմանն է: Բայց Տեր-Պետրոսյանը մոռանում, կամ միտումնավոր անտեսում է մի շատ կարևոր հանգամանքը, որը թե նրան, թե ընդդիմության սկսած «կռիվը» դուրս է դնում այդ տրամաբանությունից: Իսկ այդ հանգամանքն այն է, որ ինքը ոչ թե հաղթող, այլ արդեն առնվազն 4 ճակատամարտում պարտված «գեներալ» է:

Առաջինը` 1998թ. երբ լինելով երկրի նախագահ, իշխանության ներսում վերածվեց մարգինալի ու ստիպված եղավ հրաժարական տալ: Երկրորդ անգամ` 2008թ. նախագահական ընտրություններին և դրան անմիջապես հաջորդած հետընտրական զարգացումներում, այն էլ չափազանց լուրջ կորուստներով: Երրորդ անգամ` 2009թ. Երևանի քաղաքապետի ընտրություններում և վերջապես 2011թ.` իր սկսած համաժողովրդական շարժումը իշխանության հետ երկխոսության ճահիճի մեջ խեղդելով: Հետևաբար, պարզագույն տրամաբանությունը հուշում է, որ եթե նպատակ ունի նաև 5-րդ անգամ նույն ջուրը մտնել, ապա նման անփառունակ հրամանատարի խնդիրը ոչ թե իր տակտիկան հակառակորդից թաքցնելու մտահոգությունը պետք է լիներ, այլ սեփական, հուսալքված բանակի, տվյալ դեպքում հասարակության մոտ իր նկատմամբ հավատը վերականգնելու:

Բնական է, որ այդ բանակը հիմա արդարացիորեն ուզում է հասկանալ` արդյոք սա իրեն հերթական ավանտյուրային տանելու փո՞րձ է պարտություններում շարունակաբար կոփվող գեներալի կողմից, թե՞, ի վերջո, նա դասեր է քաղել անցյալից և բավականաչափ իմաստնացել` նոր արկածախնդրություն սկսելու համար: Իսկ դա հնարավոր է հասկանալ միայն այն դեպքում, երբ բանակը պարզ տեսնում է ոչ միայն այն, թե ինչին է ուղղված այդ ճակատամարտը, այլև թե որքանով է արժանահավատ և հուսադրող հաղթանակին հասնելու մարտավարությունը:

Մինչդեռ դրա փոխարեն Տեր-Պետրոսյանը հիմա առաջարկում է հաջողության երաշխիքը դարձնել ոչ ավել ոչ պակաս իրեն ու իրենց հրամանատարական շտաբի հանդեպ անվերապահ և կույր վստահությունը: Այսինքն այն, ինչի շահագործումը մշտապես ապահովել է նրա բանակի ֆիասկոն:

Իրականում, դատելով թե հոկտեմբերի 10-ի և թե 24-ի հանրահավաքներից, հարթակից հնչած մոտեցումներից, եռյակի կողմից մարտավարությունը չաբացահայտելու պատճառը, ոչ թե այդ մարտավարության կրեատիվությունը, հանճարեղությունը և դրանք չմերկացնելու անհրաժեշտության գիտակցումն է, այլ ուղղակի որևէ կոնկրետ մարտավարության, այսպես կոչված ճանապարհային քարտեզի բացակայության, և ի հայտ եկող ռազմավարական հակասությունների պարզունակ սքողման պահանջը: Այն դեպքում, երբ «Ժառանգություն»-ը, առաջնորդվելով հանրահավաքի եկած և իրականում շատ ավելի վճռականորեն տրամադրված  զանգվածի «հիմա, հիմա» պահանջներով, առաջարկում էր անմիջապես անցնել կոնկրետ գործողությունների` թեկուզ նստացույցեր սկսելու տեսքով, մյուս երկու լիդերները` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, դրան դեմ էին:

Եթե Տեր-Պետրոսյանի համար շարժման ուղղությունը իշխանություններին նախ հրաժարական պարտադրելն է, նոր դրանից հետո ընտրական օրենսգրքի փոփոխությունն ու համապետական ընտրությունների անցկացումը, ապա Գագիկ Ծառուկյանի համար այդ ուղղությունը նախ  ընտրական օրենսգրքի փոփոխությունն է, նոր միայն ընտրությունների անցկացումը: Ընդ որում, Ծառուկյանը նույնիսկ չի էլ հստակեցնում` ի նկատի ունի հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունները կամ օրենսգիրքը փոխելու պահանջի կատարման համար ի՞նչ ժամկետներ է նախատեսում:  Չի բացառվում, որ «Ժառանգության» և ՀԱԿ-ի համար լիովին անակնկալ էր նաև հանրապետության ողջ տարածքով համաժողովրդական շարժման շտաբների ստեղծման նախաձեռնության մասին Ծառուկյանի հայտարարությունը: Որովհետև դրա հնչեցումից անմիջապես հետո նրանցից ոչ մեկն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչ խնդիր են լուծելու շտաբները:

Այս վիճակը շատ նման է նրան, երբ   նոր ճակատամարտ սկսող բանակի երեք հրամանատարներից յուրաքանչյուրը ոչ միայն յուրովի պատկերացումներ ունի հաղթանակին հասնելու եղանակների, զինանոցի ու գործողությունների մասին, այլև հոգեբանական ու քաղաքական ճնշումներով համառորեն փորձում են միմյանց պարտադրել իրենց այդ պատկերացումները: Այս հակասություններն այնքան ակնառու են, որ արդեն սկսել են խոչընդոտել ընդհանուր որոշումների կայացմանը: Նախորդ հանրահավաքից անցել է շուրջ մեկ շաբաթ, սակայն եռյակն այդպես էլ չի բացահայտում գոնե կարճաժամկետ կտրվածքով իր հաջորդ քայլեը կամ գոնե չի հստակեցնում` երբ է լինելու հաջորդ հանրահավաքը, լինելո՞ւ է այն մոտակա ժամանակահատվածում առհասարակ, թե՞ ոչ:

Դա պայմանավորված է երեք հիմնական հանգամանքով: Նախ` երկու հանրահավաքների «զարգացման» դինամիկան ցույց է տալիս, որ դրանք ոչ թե բերում են հակասությունների մեղմացման, այլև ավելի սրման և հանրահավաքներն աստիճանաբար վերածում են քաղաքական բանավեճի յուրօրինակ հարթակների: Երկրորդ` սրվում է եռյակի ներսում ընթացող դիրքային պայքարը` միմյանց ծուղակը գցելու ակնհայտ տրամադրվածությամբ:

Ծուղակային այս ներքին մարտավարությունը շատ հետաքրքիր դրսևորումներ է  ունենում: Տեր-Պետրոսյանն, օրինակ, փորձելով ստանձնել եռյակի «կնքահոր», գաղափարական առաջնորդի ոչ ֆորմալ դերը, փորձում է ճնշել Րաֆֆի Հովհաննիսյանին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցում նրան դնելով մեղմ ասած անհարմար դրության մեջ: Այս հարաբերություններում Տեր-Պետրոսյանը գործում է մոտավորապես` «ճար չունես. եթե ուզում ես լինել խաղի մեջ, պետք է դուրս գալ ԵՏՄ-ի հարցում «ջղաձգվողի» կարգավիճակից» բանաձևով:

Դրան զուգահեռ նրանք երկուսով, անընդհատ առաջ քաշելով արմատական գործողությունների գնալու հարցը և մատնացույց անելով դրա հետ կապված նաև հրապարակում հավաքվող զանգվածի տրամադրությունները` փորձում են Ծառուկյանին դրդել այնպիսի հայտարարությունների, գործողությունների, նրան այնպիսի վիճակի մեջ դնել, որտեղից այլևս վերադարձ հնարավոր չի լինի և վերջինս այլընտրանք չի ունենա, քան «վա բանկ» գնալը և հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի առաջադրումը: Իր հերթին Ծառուկյանը, հրաշալի հասկանալով այդ մտադրությունը, նրանց քարշ է տալիս պրոցեսի ձգձգման մի տարածություն, որը կարող է հասնել ընդհուպ մինչև 2017-18թթ համապետական ընտրություններ:

Եվ երրորդ` ՀԱԿ-ի ու «Ժառանգության» մոտ, Ծառուկյանի այս հայտարարությունները և գործողությունները չեն կարող առնվազն կասկածներ չաառաջացնել առ այն, որ իրենց պարզապես օգտագործում են ԲՀԿ-ՀՀԿ առայժմ ընդամենը ուրվագծվող ներքին երկխոսությունում կամ նույնիսկ ընթացող գործարքում: Բայց սա արդեն բոլորվին այլ թեմա է: 

Լուսանկարը` blognews.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter