HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տամոժնիկի» պատմությունը

Մհեր Ենոքյան 

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից                              

Չեմ պատկերացնում մի տղա երեխա, որ այս կամ այն պատճառով կռվի մեջ ընկած չլինի: Ես անձամբ կռվարար չեմ, աշխատել եմ հեռու մնալ կոնֆլիկտային իրավիճակներից, սակայն դպրոցական տարիքում որոշ խնդիրներ իրենց լուծումը գտել են կռվի միջոցով: Մի դեպք հուշադարանումս լավ է պահպանվել, քանի որ նույն իրավիճակը հիմա տեսնում եմ մեծ մասշաբներով պետության ներսում:

7-րդ դասարանում էի սովորում, մի բարի, ֆիզիկապես ուժեղ, բայց խեղճ տղա ունեինք: Մի սովորական օր դասերը վերջացել էին, միասին այգու միջով տուն էինք գնում, երբ նա նկատեց  տաղավարում նստած  5-6  տղաների: Կանգ առավ.

- Արի ուրիշ կողմով գնանք, Մհե՛ր: Էս «Տամոժնիկի» բրիգադան ա, կամ մի բան պիտի վերցնի կամ կռիվ պիտի անի:     

-Ի՞նչ «Տամոժնիկ», ի՞նչ վերցնի..., - ասացի ես,- բան ասա`բան հասկանամ:         

Մինչև դասարանցիս կպատասխաներ, նրանցից մեկը գոռաց՝ նայելով մեր կողմ.

- Արա՛, արի ստեղ, վախու՞մ ես:

- Հենց էդ ա «Տամոժնիկը»,-ասաց դասարանցիս՝ առաջարկելով փախչել, բայց ես պնդեցի, որ մոտենանք:    

Երբ մոտեցանք տաղավարին, նրանք, ասես, ինձ չնկատելով, առանց  տեղներից  շարժվելու՝ գլուխով արեցին: Կարծես այդ խորհրդավոր շարժումը բավական էր, որ դասարանցիս հասկանար, թե ինչ էր իրենից պահանջվում: Նա մոտեցավ այդ տղաներին, բացեց իր դպրոցական պայուսակը, պարզեց «Տամոժնիկ» մականունով տղային: Ապշած հետևում էի ու սպասում ավարտին:                                                                                                                                       

- Էս ի՞նչ ա, - պայուսակից հանեց մաթեմատիկայի դասագիրքը և կարդալով վերնագիրը`մի քանի թերթ պատռեց, գիրքն էլ շպրտեց գետնին,- էս գիրքը քեզ ապագա չի, իսկ էս թղթերը զուգարան գնալուց ինձ պետք կգան:           

«Օրինական» խուզարկությունը շարունակվում էր. սպորտային շալվար հանեց պայուսակից (այդ օրը ֆիզկուլտուրայի դաս ունեինք):                                                                                                                         

- Տենամ`իմ հագո՞վ ա:

Չափեց, մեծ էր, բայց կողքի դրեց:

- Ապերի՛կ, էսօր բախտդ բերեց`շատ բան չտարա, գո՞հ ես:    

- Բա իմը չե՞ս ուզում ստուգես, - հանկարծակի հարցրեցի ես:                                                                                                  

Բավական երկար լռություն էր, հետո մի փոքր կասկածելով՝ Տամոժնիկ մականունով տղան ասաց՝ տուր:      

Իմ ձեռքով սպորտային ուսապարկիս միջից հանեցի բոլոր գրքերը, հետո անկյունում մնացած խնձորը.           

- Սովա՞ծ ես, կե՛ր,- ասացի:                                                                                                                                            

- Ձե՞ռ ես առնում, արա՛,- տեղից վեր թռավ թաղի մականունավոր տղեն՝ ձեռքը բարձրացնելով: Ես էլ ոտքերին ուժեղ հարվածեցի: Կռիվ սկսվեց: Հետո մեզ սպառնացին, թե իրենց «թաղի մեծ ախբերները» մեզ դեռ կտեսնեն:

Անցան օրեր, այդ «թաղի մեծ ախբերներն» ինձ առաջարկեցին իրենց ընկերը դառնալ: Հրաժարվեցի:   

- Փաստորեն դու անկախ պետությո՞ւն ես,- ասաց Ջաջոն (այդպես էր ինձ հետ բանակցողի մականունը):   

Այն ժամանակ չէի կարող իմանալ, որ ճակատագրի անհասկանալի քմահաճույքով  20 տարեկանում ուրիշի կողմից կատարած հանցագործության համար ես եմ դատապարտվելու մահապատժի, հայտնվելու եմ բանտում, սակայն շարունակելու եմ պահպանել անկախ պետության իմ կարգավիճակը: Հասկանալու եմ, որ բանտը պետություն է պետության մեջ, իսկ այնտեղի օրենքները գրեթե ոչինչով չեն տարբերվում պետական չգրված օրենքներից…

«Տամոժնիկի» վարած «թաղային քաղաքականության» մասին հաճախ եմ հիշում, երբ ծանոթանում եմ օրվա լուրերին. կենսաթոշակային նոր ու անհասկանալի ֆոնդ՝ աշխատող երիտասարդներից (այդ թվում՝ բանտում գտնվող) գումար հավաքելու տեսքով, փողոցներում անհասկանալի գծեր, որտեղ առանց քաղաքացուն ծառայություն մատուցելու գումար է հավաքագրում ինչ-որ մասնավոր կազմակերպություն, առանց դատարանի որոշման՝ քաղաքացիների դրամական միջոցների վրա կալանքներ: Իսկ վերջին գլուխգործոցը աշխատող մայրերի կաթի գումարի կրճատումն էր:  

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Բա էսպես ա, Մհեր ջան, տամոժեննիկները դարձան երկրի ղեկավարներ ու իրենց քուչի օրենքները կիրառում են արդեն ողջ հանրապետության վրա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter