HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ընտանեկան բռնություն․ հանցագործությո՞ւն, թե՞ ժողովրդական ավանդույթ

Ընտանեկան բռնության ենթարկված 28-ամյա Հասմիկի հետ հանդիպեցինք անցած տարի։ Այդ ժամանակ նա որեւէ հույս չուներ՝ արդարության հասնելու, կարծում էր՝ իր կյանքն արդեն ավարտված է։ Փաստաբանների եւ սոցիալական աշխատողների խորհրդով Հասմիկը դիմել էր ոստիկանություն, հարուցվել էր քրեական գործ, բայց նա համոզված էր, որ ամուսինը կաշառքի միջոցով կազատվի պատժից։

Երեկ Գավառի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սարգիս Հակոբյանի` կնոջը խոշտանգելու վերաբերյալ հերթական դատական նիստը։ Հասմիկի ամուսնուն՝ Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` խոշտանգում, որի համար սահմանված պատիժն ազատազրկումն է՝ 3-7 տարի ժամկետով: Մեղադրող Վարդան Լալայանը միջնորդեց Սարգիս Հակոբյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել 5 տարվա ազատազրկում` խափանման միջոց ընտրելով կալանքը: Հասմիկ Խաչատրյանը վախով է տնից դուրս գալիս, քանի որ ամուսինը խոստացել է նրան «մատաղ անել»` իրեն դատարան քարշ տալու համար: Հասմիկը Գավառի շրջանի Գանձակ գյուղից է, ամուսնացել է 9 տարի առաջ համագյուղացի Սարգիս Հակոբյանի հետ: Մինչ ամուսնությունը նա երբեւէ չի հանդիպել Սարգիսին. նրան հավանել են ամուսնու ծնողներն ու հարս տարել: Հակոբյանների ընտանիքին շատերը ճանաչում են Հասմիկի սկեսրոջ՝ բախտագուշակ Վարսիկի միջոցով: Հասմիկն ասում է, որ Վարսիկենց տանն ինքը տարիներ շարունակ ենթարկվել է բռնության, ծեծի եւ խոշտանգման:


Երբ դատավարության ժամանակ Սարգիս Հակոբյանին հարցնում են, թե ինչու է ծեծել կնոջը, ծխախոտը հանգցրել նրա ձեռքին, վերջինս ամեն ինչ հերքում է. «Ես մենակ մի սիլլա եմ խփել»: Չնայած դրան` կրկնակի փորձաքննությունն ապացուցել է, որ Հասմիկ Խաչատրյանի ձեռքի սպիերը ծխախոտի վառածի արդյունք են, իսկ գլխի վերքերը` բռնության հետեւանք:

«Ամնեսթի Ինթերնեյշնլ»-ի տվյալներով` աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին ենթարկվում է ընտանեկան բռնության՝ ֆիզիկական, հոգեբանական, ֆինանսական, սեքսուալ կամ այլ տեսակի։ «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունն ու ճնշումը Հայաստանում» 2007-ին անցկացված համազգային հարցման արդյունքների համաձայն` հարցվածների 35 տոկոսն է իրեն համարում ընտանեկան բռնության զոհ, իսկ 50 տոկոսը կարծում է, որ ինքը մասամբ մեղավոր է պատահածի համար։ Բռնության ենթարկված հարցվածների մոտ 40 տոկոսը հայտնել է, որ երեխաներն ականատես են եղել բռնությանը։

Հայաստանում ընտանեկան բռնությունների վերաբերյալ պետական, միասնական վիճակագրություն չկա, ինչը թույլ կտար իրավիճակն ուսումնասիրել երկարաժամկետ կտրվածքով։ Այս պահին հիմնականում օգտագործվում են միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների եւ ոստիկանության վերջին տարիների տվյալները։ 

2011թ․ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսավորմամբ եւ «Պրոակտիվ հասարակություն» ՀԿ-ի պատվերով անցկացվել է հասարակական կարծիքի հարցում՝ ՀՀ-ում ընտանեկան բռնության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ․

Create Infographics

Ընտանեկան բռնություն երեւույթն օրենսդրորեն սահմանված չէ Հայաստանում։ Բռնության ենթարկված կանանց իրավաբանական, հոգեբանական եւ կենցաղային օգնություն են ցուցաբերում հիմնականում ոլորտում աշխատող ՀԿ-ները։ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը նշում է, որ օրենքի բացակայությունը բռնության դեմ պայքարի առաջին խոչընդոտն է: «Կան դեպքեր, երբ կինն ուղղակի չի դիմում ոստիկանություն մինչեւ վերջին հարվածը՝ մահվան ելքով։ Բայց հիմնականում դիմում են, այն էլ մի քանի անգամ, սակայն ամուսնու կամ հենց ոստիկանի հոգեբանական ճնշման արդյունքում դիմումը հետ են վերցնում։ Այժմյան մեր օրենսդրության համաձայն՝ չկա դիմում՝ չկա գործ։ Եթե նույնիսկ կինը դիմումը հետ է վերցնում, ապա բացառված չէ, որ հետագայում նա ենթարկվելու է բռնության։ Պետք է գնալ այդ ընտանիք, հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվում։ Իսկ ոստիկանությունը թերանում է՝ պատճառաբանելով, որ դիմում չկա»,- ասում է Նիկողոսյանը։

Վերջին երկու տարիներին հանրության դատին է հանձնվել «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է հասարակական կազմակերպությունների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ոլորտում աշխատող այլ մասնագետների կողմից։ Չնայած կանանց իրավունքներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունների երկարատեւ պայքարին՝ օրենքի նախագիծն այդպես էլ չի ընդունվել։ Նախագծի որոշ դրույթների հետ ոստիկանությունը համակարծիք չէ, քանի որ այն համարում է ոչ իրատեսական։

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենքի նախագիծը չի ընդունվում միայն քաղաքական կամքի բացակայության պատճառով: «Օրենքը չընդունելու պատճառաբանություններից մեկը ֆինանսավորումն է, քանի որ նախագիծը ենթադրում է ապաստարանների բացում, թրեյնինգներ ոստիկանության աշխատակիցների հետ եւ այլ գործողություններ պետության կողմից, որոնք ենթադրում են ծախսեր»,- նշում է Նիկողոսյանը։

Հայաստանում բռնության ենթարկված կանանց համար մեկ ապաստարան կա։ Այն հիմնադրվել է սփյուռքահայ բարերար Ջեյմս Թուֆենկյանի ֆինանսավորմամբ՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի կողմից։ Այս ապաստարանում տարեկան 35 բռնության ենթարկված կին է տեղավորվում։ Դիմողները շատ են, սակայն ապաստարանը փոքր է եւ չի կարող մեծ թվով կանանց տեղավորել։ Կանայք ապաստարանի մասին տեղեկանում են մարզպետարաններում, համայնքապետարաններում եւ ոստիկանության բաժիններում տարածված թռուցիկներից, ինչպես նաեւ բարեկամներից ու ծանոթներից։ Կանանց աջակցման կենտրոնի թեժ գծի հեռախոսահամարը փակցված է նաեւ մետրոյի վագոններում, բնակելի շենքերի վերելակներում։

Create Infographics

Կացարանում կանայք ունեն առանձին սենյակներ, եւ կեցության ընթացքում նրանց հետ աշխատում են հոգեբաններն ու սոցաշխատողները։ Ապաստարանի գտնվելու վայրը խիստ գաղտնի է պահվում, քանի որ բռնարարները փորձում են գտնել տնից փախած կանանց եւ վրեժ լուծել։

Որոշ ժամանակ ապաստարանում անցկացնելուց հետո կանանց մի ստվար մասը վերադառնում է ընտանիք՝ բռնարար ամուսնու մոտ։ Սոցաշխատող Ալվարդ Կարապետյանը նշում է, որ ունեն շահառուներ, որոնք արդեն մի քանի անգամ վերադարձել են ամուսնու մոտ, հետո կրկին հայտնվել ապաստարանում: «Ի վերջո, որոշում կայացնողը հենց ինքը` կինն է։ Մենք կարող ենք ընդամենը նրան տարբերակներ առաջարկել, բայց որոշում կայացնողն ինքն է»,- ասում է սոցաշխատողը։

Բռնության ենթարկված կանանց շահերը դատարաններում եւ ոստիկանության համակարգում շարունակում են պաշտպանել գենդերային հիմնահարցերով զբաղվող մի շարք կազմակերպություններ եւ քաղաքացիական նախաձեռնություններ։ Նրանց հիմնական նպատակն է փոխել կարծրատիպային վերաբերմունքը պետական մարմիններում, որ ընտանեկան բռնությունը սահմանվի որպես հանցագործություն, այլ ոչ ժողովրդական ավանդույթ։

Աղբյուրներ՝

«Ամնեսթի Ինթերնեյշնլ», «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, «Պրոակտիվ հասարակություն» ՀԿ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ:

Մեկնաբանություններ (1)

Elina
Thank you very much for bringing up this topic and raising awareness about it. As a female representative of Armenian society, I value it very much. I was so impressed to see that you include a detailed overview of the current state of women's security from domestic violence and the availability of resources to prevent it. Despite the shortage of statistics and data in the Armenian language about domestic violence, this kind of coverages impact the overall trend of informing and educating people. And I'm glad that hetq.am is one of the pioneers doing that.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter