HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

872 համայնքից միայն 30-ը գլխավոր հատակագիծ ունի. գյուղական համայնքների վիճակն այս առումով մտահոգիչ է

ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի օրակարգային հարցերի թվում քննարկվել է համայնքների գլխավոր հատակագծերի մշակման վերաբերյալ հարցը:

Զեկուցող, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը նշել է, որ հանրապետության 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագիծ ունեն 44-ը, ընդ որում, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի նախագիծը վերջերս է հաստատվել:

Նա նշել է, որ գլխավոր հատագծերի առումով մտահոգիչ է գյուղական համայնքների վիճակը` 872-ից միայն 30-ը գլխավոր հատակագծեր ունեն, տեղեկացնելով, որ տվյալ հարցի հետ կապված քաղաքաշինության նախարարությունը պատրաստվում է նոր օրենսդրական առաջարկություններ մշակել:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այս հարցի վերաբերյալ նշել է, որ պետք է գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերին լրջորեն անդրադառնալ` հստակ դասակարգելով վերջիններս, այլապես, կառավարության որոշմամբ` ամեն 2 տարին մեկ հատակագիծ չունեցող համայնքների վրա տարածվում է առանց հատակագծի առկայության քաղաքաշինական գործունեություն իրականացնելու արգելանքը, և թույլտվության անհրաժեշտությունը. «Ելնելով ստեղծված իրավիճակից նպատակահարմար չէ ժամանակ առ ժամանակ սահմանված ժամկետի երկարաձգումը, ուստի անհրաժեշտ է հարցին լուծում տալ` սահմանելով որոշակի չափորոշիչներ` տվյալ համայնքում գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը որոշելու համար (դա կարող է պայամնավորված լինել հուշարձանների առկայությամբ, պատմական նշանակությամբ, սահմանամերձ լինելով և այլն)»:

 Համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու մյուս տարբերակը պետության կողմից նախագծերի պատվիրումն է, որոնք կներառեն որոշակի տարածաշրջանային միավորներ (ասենք` Դիլիջանի կամ Գորիսի տարածաշրջան և այլն)` և տարածքային հատակագծման միջոցով լուծելով գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի խնդիրը:

Հարցի վերաբերյալ ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է հրավիրել խորհրդակցություններ և նախապատրաստել առաջարկություններ` գյուղական համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու չափորոշիչների և մեխանիզմների վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter