HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լրագրողական սադրանքը դատարանը համարել է խոսքի ազատության սկզբունքներին համապատասխան

Դատարանը մերժել է 16 քաղաքացիների հայցադիմումն ընդդեմ «Իրավունք» թերթի

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, երեկ մերժել է 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին: Հայցվորները պահանջել են պատասխանողներից հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ տեքստը տեղադրելով նույն էլեկտրոնային կայքում, նաեւ` 5 մլն դրամի չափով հատուցում: 

17.05.2014թ. «Իրավունք» թերթի կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Հոդվածի ներքեւի հատվածում տեղադրված են եղել հայցվորների ֆեյսբուքյան էջից հղումներ, որոնց էլ ուղղված է եղել վերը նշված հոդվածը։ 

16 քաղաքացիները վիրավորական եւ արժանապատվությունը վնասող են համարել հոդվածում նշված մի շարք արտահայտություններ, մասնավորապես «սրանք», «գեյ– քարոզչության դրույթներին հավատացող զոմբի», ինչպես նաեւ «....Կապ չունի այդ ամենը՝ յուրաքանչյուր լոբբիստ Ազգի եւ Պետության ներքին թշնամի է, եւ վերջ։ Ու հենց այդ նկատառումով, ինչքան հասցրեցի, կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սեւ ցուցակ։
Հիմա ում համար օգտակար կլինեն սեւ ցուցակները.
1. ԱՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարեւ չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն։
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան՝ հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով։
3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան։
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա։
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն ունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»։

Դատարան դիմած քաղաքացիները հայցադիմումում նշել են, որ տեքստում տեղ գտած արտահայտությունները պարունակում են վիրավորանք եւ արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Հոդվածը պարունակում է նաեւ ատելության եւ խտրականության կոչ։

31.05.2014թ. հայցվորները թերթին եւ գլխավոր խմբագրին ուղարկել են գրություն, որում մատնանշելով  վիրավորական արտահայտությունները` խնդրել են հրապարակել հերքում, սակայն 03.06.2014թ. տեղադրվել էր նմանօրինակ մեկ այլ հոդված, որում, ըստ հայցվորների, հեղինակը շարունակել է վիրավորական արտահայտություններ թույլ տալը: Մասնավորապես` հերքման պահանջ ներկայացրած անձանց հասցեին արվել են «սույն կերպարանք». «մխտռված կենսագրություն» եւ նմանատիպ այլ արտահայտություններ։  

Հոդվածներից վիրավորված քաղաքացիները նշել են, որ վերոնշյալ երկու հոդվածները ունեցել են մեծ հրապարակայնություն, տարածվել են տարբեր սոցիալական կայքերում։ Միայն 19.05.2014թ. դրությամբ «Իրավունք» թերթի կայքում հրապարակված 17.05.2014թ. հոդվածը դիտվել է 3495 անգամ։ 

Պատասխանող կողմը չի ընդունել հայցվորների պահանջը եւ ներկայացրել է առարկություններ: 

Հայցվորների կարծիքով՝ վիրավորանք, դատարանի եզրակացությամբ՝ «գերակա հանրային շահ» 

Դատարանն արձանագրել է, որ ներկայացված հայցը պետք է դիտարկել հիշատակված էական փաստերի հաշվառմամբ, քանի որ հասարակական հնչեղություն ստացած հրապարակումները մամուլում ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներում կրում է առավել լայն կանոնակարգում, որտեղ խոսքի ազատության իրավունքը դրսեւորվում է առավել լայն ծավալով։ 

Դատարանը հղում է արել ՄԻԵԴ-ի «Հենդիստն ընդդեմ Միացյալ Թագավորության» դատական ակտի այն հատվածին, ըստ որի՝ «արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության առանցքային հիմնասյուներից է և նրա առաջընթացի, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի ինքնադրսեւորման հիմնական պայմաններից մեկը։ Պայմանով, որ այն համապատասխանում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության սահմանափակումներին։ Այս ազատությունները կիրառելի են ոչ միայն այնպիսի տեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ, որոնք բարյացակամորեն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում են անվնաս, այլ նաեւ այնպիսիներ, որոնք վրդովվեցնում են, ցնցող կամ անհանգստացնող են։ Դա է բազմակարծության, հանդուրժողականության եւ լայնախոհության թելադրանքը, առանց որի չկա ժողովրդավարական հասարակություն»։ 

Այնուհետեւ եզրակացրել է, որ տվյալ դեպքում լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութով հաստատվում է, որ արտահայտությունները նպատակ չեն հետապնդել վիրավորելու հայցվորներին, «քանի որ դրանք կրել են լրագրողի կողմից իր աշխատանքի բնույթի հետ կապված որոշակի չափազանցված բնույթ, որի պարագայում լրագրողը դիմել է որոշակի սադրանքների` իրականացնելով առկա տեղեկությունների հիման վրա իր լրագրողական աշխատանքը` հիմնական մտքի, խոսքի ազատության սկզբունքներին եւ պայմանավորված օրենքի պահանջներով»։ 

Միաժամանակ դատարանը նշել է, որ վիճահարույց արտահայտություններում չեն օգտագործվել վիրավորական բառեր եւ մտքեր։ «Թեեւ դրանք ձեւակերպված են որոշ չափազանցություններով, սակայն, ընդհանուր առմամբ, ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում, հղում է կատարվել սկզբնաղբյուրին, որտեղ, ըստ հոդվածագրի` «համասեռամոլների (նկատի ունի Կոնչիտային) լոբբիստները փորձում են ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում… », եզրակացրել է դատարանը եւ հավելել, որ ըստ հոդվածագրի` ինքը փորձել է համարժեք պատասխան տալ այն անձանց, ովքեր ագրեսիվ կերպով փորձում են երկրում հաստատել խաղի կանոններ, որը կարող է կործանարար լինել։ 

Փաստերն ուսումնասիրելով` դատարանն արձանագրել է, որ այն ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին, հետեւաբար, տվյալ հոդվածը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով։ Բացի այդ, հոդվածում տեղ գտած արտահայտությունները չնայած կրել են հրապարակային բնույթ, սակայն անգամ իրականությանը համապատասխանելու փաստից անկախ` չեն ունեցել հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող նպատակ: 

Ըստ դատարանի՝ հոդվածում հայցվորների կողմից որպես վիրավորական համարվող արտահայտությունները թեեւ դրսեւորվել են որոշ աստիճանի չափազանցությամբ, նույնիսկ լրագրողի կողմից հիշատակված արտահայտությունների միջոցով դրսեւորվել է սադրանք՝ դրանցում նշված առանձին արտահայտությունների տեսքով, որոնք հայցվորների համար վրդովեցուցիչ են, ցնցող կամ անհանգստացնող, սակայն «տպագրված նյութում տեղ գտած արտահայտությունների միջոցով լրագրողը գործել է բազմակարծության սկզբունքով»։ 

Դատարանը հղում է արել Ջերոսլեսն ընդդեմ Ավստրիայի գործով ՄԻԵԴ-ի որոշման համապատասխան հատվածին, այն է՝ «ցանկացած անհատ կամ միավորում, կարող է լինել քննադատական` սկսած այն պահից, երբ այն մուտք է գործում հասարակական քննարկումների դաշտ», ապա արձանագրել է, որ հայցվորները քննադատել էին Անուշ եւ Ինգա Արշակյանների կողմից արված հայտարարությունները երգիչ, թե երգչուհի Կոնչիտայի հասցեին, ինչով դարձել էին քննադատության թիրախ եւ սույն գործով հոդվածագրի համար դարձել էր հոդվածի նյութ, իսկ հայցվորները ենթարկվել են քննադատության։ 

«Այն պահից սկսած, երբ հայցվորները մուտք են գործել հասարակական քննարկումների դաշտ, վերջիններս պետք է դրսեւորեն որոշակի զսպվածություն քննադատող արտահայտությունների վերաբերյալ, քանի որ դրանք ընդհանուր վերցրած կրում են բաց բանավեճի տարրեր` հետապնդող հասարակության մոտ նույնասեռական կամ նմանատիպ այլ գաղափարներ սերմանելու կամ քրիստոնեական ուղուց չշեղվելու այլ ոչ անձնավորված վիրավորանք հասցնել»,-նշել է դատարանը եւ եզրակացրել, որ հրապարակված նյութում հայցվող միջամտությունը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չէ: 

Դատարանը նաեւ արձանագրել է, որ գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել, եւ նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությանը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է։ 

Հենց այս պատճառաբանությամբ էլ դատարանը Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ ամբողջությամբ մերժել է 16 քաղաքացիների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի եւ Հովհաննես Գալաջյանի եւ որոշել հայցվորներից համապարտության կարգով հօգուտ պատասխանողների բռնագանձել 150.000-ական դրամ (ընդհանուր` 300 հազար դրամ)՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տխուր է, որ «Իրավունք» թերթը այդքա՜ն ցածր ու բուլվարային մակարդակ ունի: Եթե նույնասեռականները «համասեռամոլ» են, ապա ուրեմն տարասեռականները «տարասեռամո՞լ» են:....................................... Նույնասեռականները շատ երկրներում դեռ ենթարկվում են մե՛ծ դիսկրիմինացիայի. ուստի իրենք իրենց ուժերը համախմբում են՝ այս անարդա՛ր դիսկրիմինացիայի դեմ պայքարելու համար. սա ՆՈՐՄԱԼ երևույթ է,որը անում են նաև բազմաթիվ այլ խմբեր: Եթե «Իրավունք» թերթի պես ցածր ու բուլվարային թերթերը սա «միջազգային համասեռամոլ լոբբինգ» են անվանում, ապա սա ես սխալ ու ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ եմ համարում. սա ատելության հրահրման կոչ է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում «ազգի և պետության թշնամիները» մի քանի անշառ նույնասեռականները չեն,այլ մականունավոր (տարասեռական) ԽՈՒԺԱՆ ու ԱԶԳԸ ԹԱԼԱՆՈՂ օլիգարխային կլանը: Եթե տենց «դուխով տղա» ես, դուրս արի Լիսկաների դեմ: Նույնասեռականներին ՀԵՇՏ ԹԻՐԱԽ դարձնել փորձելով ու ԿԵՂԾ հայրենասեր խաղալով չէ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տխուր է,որ «Իրավունք» թերթը այսպիսի մակարդակ ունի: Եթե նույնասեռականները «համասեռամոլ» են, ապա ուրեմն տարասեռականները «տարասեռամո՞լ» են: Նույնասեռականները շատ երկրներում դեռ ենթարկվում են մե՛ծ դիսկրիմինացիայի.ուստի իրենք իրենց ուժերը համախմբում են՝ այս դիսկրիմինացիայի դեմ պայքարելու համար. սա ՆՈՐՄԱԼ երևույթ է,որը անում են նաև բազմաթիվ այլ խմբեր: Եթե «Իրավունք» թերթի պես «մակարդակով» թերթերը սա «միջազգային համասեռամոլ լոբբինգ» են անվանում, ապա սա ես սխալ ու ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ եմ համարում. սա ատելության հրահրում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter