HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ է սպասվում Կապանի հանքը շահագործողին. հարցը կքննարկվի երկրի ղեկավարի հետ

Այսօր ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը, որի 15-րդ տեղում «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն է: Ոսկու եւ այլ մետաղների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի պետբյուջե է վճարել մոտ 4,1 մլրդ դրամ: Սակայն վերջերս ֆիննախի կայացրած ակտով ՓԲԸ-ն 3,8 մլրդ դրամ էլ պարտավոր է վճարել: Ընկերությունը դատարանում վիճարկում է այս ակտը:  

Ձեռնարկության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, պատասխանելով «Հետքի» հարցին, թե 3,8 մլրդ դրամի ակտից հետո Կապանում խոսակցություններ կան, որ հանքային ընկերությունը ցանկանում են խլել, ասաց, որ ինքն էլ լսել է այդ մասին, սակայն դրանում որեւէ հիմք չի տեսնում ու որպես գլխավոր տնօրեն տեղյակ չէ նման մտադրություններից: Մեր մեկ այլ հարցին, թե արդյոք իր կառավարման տարիներին տեղական պաշտոնյաների կամ գործարարների կողմից փորձ եղել է բաժնետեր դառնալ «Դանդի»-ում, Ջաբրայանն ասաց, որ, իր տեղեկություններով, նման բան չկա, եւ միակ հայ բաժնետերը կանադական ձեռնարկությունում (նույնանուն ընկերությունը «ԴՓՄ Կապան» ՓԲԸ-ի 100-տոկոսանոց բաժնետերն է) ինքն է. «Ցանկացած մարդ կարող է մեր հիմնարկի բաժնետեր դառնալ Տորոնտոյի բորսայում: Եթե մեկը ցանկանա բաժնետոմս գնել, ես կքաջալերեմ, որովհետեւ «Դանդի»-ն հաջողակ ընկերություն է համաշխարհային մակարդակով»:

Նա նաեւ նշեց, որ իր պաշտոնանկության մասին լուրերը նույնպես չեն համապատասխանում իրականությանը, եւ Հայաստանում կաշխատի այնքան, մինչեւ «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերության նախագահ Ռիկ Հոուեսը (Rick Howes) հետ չկանչի իրեն:

Ֆիննախի վերոնշյալ ակտից հետո Հրաչ Ջաբրայանն ասում է, որ հիասթափություն է զգում, բայց հուսալքված չէ. «Ինձ համար հիասթափեցնող է, որ նման մոտեցում ունենք ընկերությունների հանդեպ, որոնք թափանցիկ են աշխատում: Ես, ամենախոշոր հիմնարկներից մեկի գլխավոր տնօրենը լինելով, ինձ համեստ եմ պահում, մոտեցումս անմիջական եւ ժողովրդային է, իսկ այսօր ցանկացած նախարարության պաշտոնյա, որ իրեն չգիտեմ ինչ բաժնի պետ է կարծում, իրեն այնպես է պահում, որ անկեղծ ասած, կարող է մյուս անգամ մեր հիմնարկի մեջ դրա համար ապտակեմ: Տգիտությունից պիտի դուրս գանք, լայնախոհ պիտի մտածենք ու չկարծենք, թե այս կամ այն նախարարության պաշտոնյա լինելով` գերադաս ենք օրենքից կամ մարդկային արժեքներից»:

Ֆիննախի օպերատիվ հետախուզության վարչության ստուգումներից հետո Ջաբրայանը հրավիրել է փաստաբանների եւ աուդիտորների. «Եթե ինչ-որ սխալ լինի, պատրաստ եմ այդ մեկն ընդունել, բայց հավաստիացնում եմ, որ անկարելի է որեւէ նորմալ բիզնես-միջավայրում սխալներ չունենաս կամ համոզված լինես, որ չունես, ու հանկարծ տուգանվես 3,8 մլրդ դրամ»:

Ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Աղայանի փոխանցմամբ` իրենք տարեկան մուծում են շուրջ 10 մլն դոլարին համարժեք հարկ, որից 95 տոկոսը` պետբյուջեին: Դրա մեծ մասն էլ կազմում են շահութահարկն ու ռոյալթին, ԱԱՀ-ն:

Չնայած Ջաբրայանն ասում է, որ իրենք վնասով աշխատող ձեռնարկություն են, շուրջ 1200 աշխատող ունեցող ընկերությունում 80 նոր աշխատատեղ են բացել, որից 15-ին արդեն գործի են ընդունել: Սա գլխավոր տնօրենը բացատրում է հորատման նոր սարքեր ու տեխնիկա բերելով, ինչից հետո աշխատանքը պետք է ընթանա 24-ժամյա ռեժիմով` 3 հերթափոխով: Հաշվարկել ու եզրահանգել են, որ երկարաժամկետ կտրվածքով բարելավվելու է ընկերության վիճակը:

Ըստ ՓԲԸ-ի ղեկավարի` իրենց մոտ միջին աշխատավարձը 240.000 դրամ է, հանքում աշխատողները ստանում են միջինը 400.000, իսկ հանքի մասնագետները (հորատողներ, մեքենավարներ)` 500-600.000 դրամ: Այս տարի ընկերությունը բարձրացրել է 1200-ից 450-ի աշխատավարձերը: Մյուսների մասով ասում է. «Քանի որ ընկերւթյունը վնասով է աշխատում, ես այս պահին որեւէ հավելում խոստանալ չեմ կարող, բայց կարող եմ խոստանալ, որ կրճատումներ չեն լինելու»: Հ. Ջաբրայանը հայտարարեց, որ տարեկան վճարում են մոտ 10 մլն դոլարի աշխատավարձ, ամսական` 800.000-ից ավելի: 1 մլն դոլարի էլ սոցիալական ծրագրեր են իրականացնում: Միաժամանակ ասում է, որ աշխատողներից 23-ն են (այդ թվում` ինքը) արտերկրից:

Մեր հարցին, թե արդյոք քննարկել է 3,8 մլրդ դրամի ակտը ֆինանսների նախարարության հետ մինչեւ դատարան մտնելը, ասաց. «Որեւէ զարգացած երկրի մեջ ես պիտի սպասեի, որ նախարարը պիտի զանգեր ու կանչեր ինձ քննարկելու հարցը, բայց ես զանգ չեմ տեսել, հանդիպելու մեր խնդրանքներն ապարդյուն են անցել: Բայց դրանից էլ զարմացած չեմ, որովհետեւ սովորել եմ որոշ նախարարությունների աշխատաոճին»:

Հ. Ջաբրայանը հայտնեց, որ երեքշաբթի օրը մեկնելու է Կանադա` հանդիպելու ընկերության տնօրեններին, ինչից հետո կծրագրեն իրենց անելիքները: Գալուց հետո էլ մտադիր է հանդիպել երկրի նախագահին, որի հետ քննարկելու է ստուգման ակտի հարցը:

Մեկնաբանություններ (4)

hasmik
Մեկնաբանությունը...այսօր ցանկացած նախարարության պաշտոնյա, որ իրեն չգիտեմ ինչ բաժնի պետ է կարծում, իրեն այնպես է պահում, որ անկեղծ ասած, կարող է մյուս անգամ մեր հիմնարկի մեջ դրա համար ապտակեմ: Տգիտությունից պիտի դուրս գանք, լայնախոհ պիտի մտածենք ու չկարծենք, թե այս կամ այն նախարարության պաշտոնյա լինելով` գերադաս ենք օրենքից կամ մարդկային արժեքներից»:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «թափանցիկ աշխատանք»: Կա՛մ օրենքի սահմաններում ես աշխատում,կա՛մ օրենքի սահմաններից դուրս (վերջին դեպքում գործ ունենք օրինախախտ/հանցագործ ձեռնարկության հետ):........................................................ Բարեգործությունը ՁՐԻ պիտի լինի: «Դանդի Փրեշս Մեթալս Կապանի» «տարեկան 1 մլն դոլարի սոցիալական ծրագրերի իրականացման» դիմաց կապանցին ՀՍԿԱՅԱԿԱՆ գին է վճարում. դա հատկապես «Դանդի Փրեշս Մեթալս Կապանին» պատկանող,Կապան քաղաքի անմիջակա՛ն գլխին գտնվող ու ՍԽԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾ Գեղանուշի մահաբեր պոչամբարն է:................................................................ Հանքային պաշարները 7-8 տարի հետո վերջանալու են ու «Դանդի Փրեշս Մեթալս Կապանը» վեշերը հավաքելու ու գնալու է: Կապանցի՛ն է մնալու այդ մահաբեր պոչամբարների ու հանքակույտերի արանքում՝ դառնացած,որ ժամանակի՛ն այս հարցը հիմնովին չի լուծել:
Freedom Kapan
Նոր հիշեցիր, որ մտահոգ ես? Անցած տարի հանդիպեցիր նախագահին 380 միլիոն դրամ ակտը սարքեցին 30 միլիոն, հիմա էլ հանդիպում ես, որ ինչ անեն? 3,8 միլիարդը դրանը ինչքան սարքեն?
Hratch Jabrayan
Հարգեիլ ՀԲՃ, ես պիտի իմ մտահոգությունները պիտի հայտնեմ բոլորին, ներառյալ նախագահին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter