HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Երևանի քաղաքային ժամացույցը, որ խափանում էր սիրահարների հանդիպումները

Աննա Բաբաջանյան

Մենք ամեն օր անցնում ենք Երևանի ժամանակի մասին իր ղողանջով ազդարարող Հանրապետության հրապարակի ժամացույցի կողքով և կարծում ենք, թե երևանցիները ողջ կյանքում զարթնել, ուշացել կամ շտապել են՝ հենց դրա սլաքներին հետևելով:

Սակայն քչերին է հայտնի, որ հրապարակի ժամացույցի տեղադրումից մոտ 50 տարի առաջ Երևանի ոստիկանական վարչության շենքի վրա կախված է եղել Հին Երևանի քաղաքային ժամացույցը:

Հայտնի է, որ Երևանի քաղաքային դուման 1891-ի սեպտեմբերի 10-ին որոշել էր, որ երևանցիներն արժանի էին ճշգրիտ ժամն իմանալու, և քաղաքի համար պետք էր ձեռք բերել մեծ աշտարակային ժամացույց:

Սակայն սա ունի իր նախապատմությունը. մերոնք ավելի վաղ դիմել էին Պետերբուրգի հայտնի ժամագործ Ֆրիդրիխ Վինտերին, ով ներկայացրել էր հինգ  ժամացույցների տեսականի: Դրանցից ընտրվել էր 875 ռուբլի արժողությամբ որակյալ ժամացույցը, և նույն թվականի ապրիլի 5-ին քաղաքային դուման դիմել էր ժամագործ Յուլիոս Գենեին, ով համաձայնել էր հանձն առնել այն Երևան ուղարկելու և տեղադրելու աշխատանքները:

Այն ժամանակների համար, սակայն, ժամացույցի գինը բավական մեծ գումար էր,  և քաղաքային իշխանությունները տարակուսանքի մեջ էին՝ չպատկերացնելով, թե ինչպես պետք է լուծվեր խնդիրը: Ի վերջո, երկար բանակցություններից հետո ժամացույցը ձեռք բերելու համար Երևանի նահանգապետը քաղաքագլուխ Լևոն Տիգրանյանցին առաջարկել էր հանգանակություն հավաքել ժողովրդից (Գումարի հավաքումը հանձնարարվել էր Գ.Քալանթարովին): Այդպիսով, ամեն երևանցի իր լուման էր ունեցել քաղաքային ժամացույցի՝ Երևանում հայտնվելու գործում:

Սակայն ժամացույցի համար մինչ մեր մայրաքաղաք հասնելը երկար  ու  խրթին ճանապարհ էր նախանշված: Հատկանշական է, որ  պետերբուրգցի ժամագործ Ֆրիդրիխ Վինտերն ավելի վաղ զգուշացրել էր, որ ժամացույցի տեղափոխությունը կարող էր վտանգավոր լինել, և նրա խոսքերը, ցավոք, մարգարեական էին եղել: Հսկա ժամացույցը տեղափոխելու ժամանակ դրա մեծ ապակին անզգուշության հետևանքով կոտրվել էր, և, քանի որ դրան փոխարինող այլ ապակի չկար, ժամացույցը հենց առանց «ծածկի» էլ տեղադրվել էր Քաղաքային ոստիկանության շենքի վրա՝ հատուկ տաղավարի մեջ:

122 սմ տրամագծով ժամացույցը տեղադրելու կապակցությամբ ճարտարապետ Պոգրիբնին աշտարակի կապիտալ վերանորոգման նախագիծ էր կազմել: Սակայն, այնուամենայնիվ, 40 և 45 սանտիմետրանոց սլաքները մնացել էին բաց: Երևանցիներն անգամ պատմում են, որ այն ժամանակներում քաղաքում շատ ագռավներ կային, որոնք ժամացույցի սլաքներին նստելու արտասովոր սովորություն ունեին: Դրա պատճառով սլաքների տեղերը հաճախ փոխվում էին, և խախտվում էր Երևանի ժամանակը: Ասում են՝ շատ սիրահարների հանդիպումներ են խափանվել քաղաքային ժամացույցի չարաբաստիկ «խաղերի» պատճառով: Բանը հասել էր նույնիսկ նրան, որ քաղաքային ոստիկանությունը հատուկ պահակ էր կարգել՝ օդում կրակելու միջոցով ագռավներին ցրելու համար:

Հ.Գ. Երևանի ոստիկանական վարչության շենքի քանդվելուց հետո ժամացույցը հանվել է, այժմ այն գտնվում է Երևանի պատմության թանգարանի ֆոնդում՝ անսարք վիճակում:

Փաստական տեղեկությունները և լուսանկարները՝ Երևանի պատմության թանգարանի գիտաշխատողներ Հերմինե Սարգսյանի եւ  Մարինե Նավասարդյանի 

Մեկնաբանություններ (1)

Ed
There Hetq, Thank you for this interesting story. Apparently former official , Mr Arthur Bagdasiaryan , owns a can businesses and he hasn't paid the salaries for moths and the workers and there families are in a very bad situation . Could you please investigate this ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter