HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրի աջակցության հայտը

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) դրամաշնորհները հաստատող հանձնաժողովի առաջին նիստում ԳՀ Տեխնիկական գնահատող հանձնաժողովի առաջարկով ընդունվել է 2014թ.օգոստոսի 15-ին Հայաստանի կողմից ներկայացված տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության հաջորդ եռամյա դրամաշնորհային նոր հայտը` ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

ՀՀ առողջապահության նախարար, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարի ազգային ծրագրերի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արմեն Մուրադյանին այդ մասին  պաշտոնապես տեղեկացրել է ԳՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Նիկոլա Կանտաուն:

ԳՀ տեխնիկական հանձնաժողովի գնահատմամբ` Հայաստանի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտն ամբողջովին համապատասխանում է փաստաթղթի մշակման մասնագիտական պահանջներին, ինչպես նաև միանգամայն համահունչ է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ռազմավարական ուղղություններին և առաջնահերթություններին: Դրամաշնորհային միջոցների հատկացման գործընթացում հաշվի է առնվել նաև  առողջապահության նախարարության կողմից ներկայումս իրականացվող Գլոբալ հիմանդրամի դրամաշնորհային ծրագրերի գերազանց գնահատականները:

Դրամաշնորհային ծրագիրը կիրականացվի 2015թ. հուլիսի 1-ից 2018թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` ուղղված տուբերկուլոզի և դեղակայուն տուբերկուլոզի բոլոր ձևերի ախտորոշման համատարած մատչելիության ապահովմանը, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի անխափան մատակարարմանը` սոցիալական աջակցության տրամադրման հետ մեկտեղ, բանտարկյալների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելմանը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և առողջապահության համակարգի ներուժի հետագա ամրապնդմանը, հանրության և իրազեկման արդյունավետ միջոցառումների իրականացմանը,  հիվանդին ուղղված` արտահիվանդանոցային բուժման նոր մեթոդների ներդրմանը քաղաքացիական հասարակության և համայնքների ակտիվ ներգրավմամբ:

Ընթացիկ ծրագրում առկա խնայողությունների հաշվին Գլոբալ հիմնադրամի կողմից ծրագիրը 6 ամսով  (2015թ. հունվար-հունիս) երկարաձգվել  է` մինչև նոր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը  հիվանդների բուժման, սոցիալական աջակցության և ախտորոշման գործընթացների անընդհատության ապահովման նպատակով:

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Այս բոլորը՝ շատ բարի, սակայն ինչո՞ւ այսքան շատ տուրք կը տրուի օտար բառերու: Պէ՞տք է ենթադրել, թէ կ'ուզէք արևելահայերէնը հետզհետէ փոխարինել արևմտեան խառնակ լեզուներով: Պէտք կա՞յ յիշեցնելու, թէ՝ տուբերկուլոզ կը նշանակէ թոքախտ, մալարիա---ճահճատենթ գլոբալ ---համապարփակ, հաւաքական սոցիալական---ընկերային ակտիւ --- գործուն Ժամանակը չէ՞ հասած տակաւին, որ արևելահայերդ թօթափէք օտարաբանութեան ստոր լուծը և վերականգնէք մեր տոհմիկ ազգային լեզուն: Շնորհակալութիւն ձեր բարձր ուշադրութեան համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter