HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի եկեղեցին վերականգնվել է, սակայն դեռ խնդիրներ կան

Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ հռչակավոր եկեղեցում «ԼևԳուգ» ՓԲԸ-ի կողմից վերականգնման որակյալ աշխատանքներ են կատարվել:

«Շատ լավ աշխատանք է կատարված եկեղեցու տանիքի վրա: Փառք Աստծո, ջուրը տանիքների մեջ չի ներծծվում»,- ասում է Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Ըստ քահանայի` եկեղեցի այցելող զբոսաշրջիկները նույնպես բարձր գնահատականներ են տալիս վերականգնման աշխատանքներին: Եկեղեցու համար, սակայն, այս պահին պոտենցիալ սպառնալիք է դարձել դեռևս չլուծված ջրահեռացման խնդիրը: Եկեղեցու վերականգնման աշխատանքների և իրավիճակային մյուս խնդիրների շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է «ԼևԳուգ» ՓԲԸ- ի նախագահ Լևիկ Ղուկասյանը

-Որպես գլխավոր վերականգնող ի՞նչ գնահատական կտաք եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

-Մենք վերականգնել ենք եկեղեցու 19-րդ դարի տեսքը: Նախագծով շատ էր տված նոր պատշար` քանդում-վերաշարում: Ես էլ իմ մասնագիտության մեջ ավելի շատ հակված եմ քիչ միջամտելուն, որպեսզի կառույցի տեսքը չխաթարվի: Եթե մենք եկեղեցու ամեն ինչը նորացնենք, չէր լինի Օձունի էն հին եկեղեցին, կլիներ մի հատ շողշողուն եկեղեցի, բայց ոչ Օձունը: Որոշեցինք կատարել ներքին միջամտություններ: Սկսեցինք վեղարից: Խաչը իջեցրինք: Վեղարի ծածկասալերը տուֆից էին` վերականգնվել էին 1889 թ.-ին: Տեղադրեցինք Կառնուտից բերված անդեզիտային բազալտե ծածկասալեր, որը տեխնիկական հատկություններով մի քանի անգամ ավելի ուժեղ քար է, քան տուֆը: Վեղարի և գմբեթարդի ամրացման լուրջ աշխատանքներ են կատարվել: Մենք թմբուկը ամրացրինք ապակեթելային գործվածքից շերտերով, որը չի փտում և չի ժանգոտում: Այնտեղ մի քանի շերտ հատուկ շաղախներ կատարելիս իտալական կրով առանձգականություն հաղորդող հավելիչներով ստացանք մի շաղախ, որը բավականին թանկ է` 1 խմ-ն մոտ 200 հազար դրամ է, բայց բարերարը, ով, Փառք Աստծո, երբեք չի միջամտել մասնագիտական խնդիրներում, ասաց, որ թմբուկը պետք է ամրացնեք այնպես, որ մի քանի 100 տարի այնտեղ մարդ չբարձրանա:

-Մինչ վերականգնումը եկեղեցին մռայլ էր: Հիմա լույսի մեջ է: Ի՞նչ մեթոդների կիրառման արդյունք է դա: Մաքրե՞լ եք քարերը:

-Հիմա ժպտում է: Մենք քարերը չենք մաքրել: Աշխատելիս մեր մոտեցումը հետևյալն է՝ կամ լավը, կամ չանել: Չենք խնայել ոչ մի բան Օձունի համար: Մենք ցանկացած քար հեռացնելուց հետո, շարելուց առաջ ջրի բարձր ճնշումային շիթով մաքրել ենք, այսինքն` փոշեզրկել ենք այն, որպեսզի կապակցումը լավ տեղի ունենա: Ջրով լվացել ենք այդ պատերը: Դրա համար է սկսել մի փոքր ավելի ժպտալ: Հեռացրել ենք հին շաղախի շերտը: Կարանները, որտեղից խոտ էր աճում և որտեղ կարող է աճել, ցավոք ոչ ամբողջովին, որովհետև դա ֆինանսական լուրջ գումարներ է պահանջում, բայց մոտ 300 քմ չափով մենք կարանախցել ենք: Չեմ ասի, թե դա ավելի հեշտ է, քան պատ շարելը: Պատի շատ քարեր մենք ամրացրել են մետաքսե ճոպանի անկեռներով: Ասենք, զանգակատան հյուսիսարևելյան սյուները ճաքած էին, նախատեսված էր փոխել, չփոխեցինք, որովհետև ավելի լավ էր ճաքած հինը, քան պսպղուն նորը: Մենք պարզապես ստուգեցինք, թե ինչու է ճաքել: Մետաղ են դրել, մետաղը կոռոզիայի է ենթարկվել, կոռոզիայի ծավալը մեծացել է, քարը ճաքել է: Հեռացրինք մետաղները, քարը կարեցինք ապակե ամրաններով, որը գրեթե ընդարձակման գործակից չունի: Իսկ միացումները իրականացրինք քարե շարույթներով:

-Աննկատ չէր, որ Օձունում բավականին լուրջ վարպետներ աշխատեցին:

-Ես 15 տարի հոգի եմ դրել դրա վրա: Մենակ Օձունում 17 վարպետ եմ բերել, դրանցից գրեթե 70-80 տոկոսի հետ ընդհարվել եմ: Որովհետև վերականգնումը նա չէ, որ գաս լարը գցես, դնես մետրով աշխատանք անես, ասես էսօր 10 մետր շարել եմ: Վերականգնման աշխատանքների ժամանակ չես կարող 10 մ շարել: Դա շարք չի, դա արվեստ է: Դրան պետք է այնպես մոտենաս, որ մեր պապերի արածը չփչացնես:

-Կարծում եմ` շատ հաջողված վերականգնում է եկեղեցու արևելյան պատը:

-Արևելյան պատի վրա նախագծով ոչինչ չէր նախատեսված, Բայց հարթաքանդակներն ու զարթաքանդակները սկսվել էին քայքայվել: Այս դեպքում որոշակի միջամտություն արվել են:

-Կա՞ն չկատարված կամ թերավարտ աշխատանքներ, որոնք կարող սպառնալիքներ դառնալ եկեղեցու համար:

-Կան այդ վտանգները: Ես այդ մասին տեղյակ եմ պահել բարերարին, ՀՀ մշակույթի նախարարությանը և Մայր Աթոռին: Բայց գիտե՞ք ինչ կա, Օձունի եկեղեցու բարերարին ներկայացրել են նախագիծ և նախահաշիվ: Բարերարը կոնկրետ 320 մլն դրամ է տրամադրել, որից արդեն մոտ 270 մլն դրամը ծախսվել է: Ընթացքում աշխատանքների 1/3-րդը այդ նախահաշվից նոր աշխատանքներ են արվել, որոնք նախատեսված չէին: Ասենք, 2-րդ հարկի 2 ավանդատները, որոնք փլված էին, ամբողջ կարանախցումները, վեղարի ամրացումները նախատեսված չեն եղել, բայց արվել են: Մովսես Ձավարյանն ասել է, որ ինքը պատրաստ է շարունակել ջրահեռացման աշխատանքների ֆինանսավորումը միայն մի պայմանով, որ ունենանք նախագծային լուծում:

-Ինչպե՞ս եք տեսնում շրջակայքի հետ եկեղեցու ներդաշնակությունը, և ո՞րն է լինելու այնտեղ դեռ անցյալ դարի 70-ական թվականներից թափված համարակալված քարերի ճակատագիրը:

-Իմ կարծիքը կասեմ, թե ես ինչ կանեի: Եկեղեցու ներսում կան սովետական շրջանի ցեմենտի պահեստի հետքեր, անաստվածության հետքեր: Կմաքրեի այդ հետքերը: Ես չէի ուզենա շրջակայքը լինի պլպլան: Այս գործում պետք է որոշակի մոտեցում արվի, հենց եկեղեցու դիմացի պատը պետք է եկեղեցու հետ համահունչ դարձնել, որոշակի տեղանքից բխող ճանապարհներ կնախատեսեի, բայց կպահպանեի նույն միջավայրը, որը հարազատ է: Պետք չէ հրաժարվել խոտածածկ տարածքից: Ամենակարևորը ջրահեռացման խնդիրն է, որ պետք է ապահովել: Պատուհանները շատ չնչին խնդիր է, բայց կարևոր է, թե ոնց պետք է տեղադրվեն: Դրա խնդիրները թող լուծեն: Եթե բարերարը իր խոստացած գումարները վճարի, իսկ ես 90 տոկոսով վստահ եմ, որ կտա, հյուսիսային սրահը գոնե պետք է հասցնել հարավային սրահի վիճակին: Այդ ժամանակ Ձեր ասած համարակալած քարերը բոլորը կգնան, կնստեն իրենց տեղերում:

-Օձունի հոգևոր հովիվն առաջարկում է արտաքին եռակողմ սրահների ամբողջական վերականգնում անել` քարե թաղակապով և ծածկասալելով:

-Օձունի դեպքում, գիտեք, ես հյուսիսարևելյան խորանը կավարտեի, կամարաշարը կվերականգնեի և այդտեղ կկանգնեի: Այսուհանդերձ, այն, ինչին որ ճարտարապետը հիմնավոր լուծում կտա, կարելի է և շարունակել:

Մեկնաբանություններ (36)

Լիանա
Լարիսա Փարեմուզյանի հոդվածները ոչ միայն խոր վերլուծություններ են պարունակում, այլ նաև՝ ապագային ուղղված պատգամներ:Շատ շնորհակալ եմ , որ նա ժամանակ առ ժամանակ անդրադառնում է Օձունի վերականգնմանը և վեր հանում առկա խնդիրներն ու գնահատում դրանց լուծումները:Այսպիսին պիտի լինի իսկական լրագրողը:Ապրե՛ս, Լարիսա ջա՛ն:
Տիգրան
Եթե բոլորը,անկախ իրենց նյութական հնարավորությունից, Մովստս Ձավարյանի նման վարվեն, մեր վանքերը, եկեղեցիները, ամրոցներն ու կամուրջները կվերհառնեն իրենց ամբողջ հմայքով: Նախկինում շատերն էին դժգոհում, որ Օձունում քանդել են եկեղեցու հյուսիսային կամարակապը և այդպես անմխիթար վիճակում թողել, իսկ հիմա բոլորը բարձր են գնահատում կատարված աշխատանքները: Գյուղացիներ ու Հայատանի տարբեր շրջաններից եկած մասնագետներ եկեղեցու վերականգնմանը զուգահեռ իրենց արդար քրտինքով իրենց ապրուստն են վաստակում: Այսպես են տուրիզմ զարգացնում, երբ օտարը գալով տեսնում է մեր հոգատար վերաբերմունքը մեր արժեքների նկատմամբ: Ճիշտ եկեղեցի է ընտրվել վերականգնման համար, ենթաշրջանի միյակ գործող եկեղեցին, որն ունի ժողովրդասեր և արժանընտիր հոգևորական: Ամռանը, երբ ընտանիքով այցելեցի Օձուն, ականատես եղա եկեղեցու բակում իրեց ճամբարային հանգիստը վայելող երջանիկ երեխաների: Բնակիչները շատ բարձր եմ գնահտում գյուղապետի և քահանայի համատեղ գործունեությունՆ Օձունում: Օձունն ունի կառատեի խմբակ՝ աշխարի չեմպիոն մարզիչով, երկու պարի խմբակներ՝ հրաշալի պարուսույցներով, նկարչական խմբակ, հոգատար և նրբանկատ մասնագետով, արվեստի դպրոցում՝ տասնյակ ակտիվ դասարաներով: Գյուղում գործում են երկու մանկապարտեզներ, փողոցները լուսավորված են, և աղբահանություն է կազմակերպվում ու նմանատիպ բազմաթիվ հաջողություններ կան: Օձունն ունի գործող ամբուլատորյա՝ բարձրակարգ մասնագետներով, երկու դպրոց՝ բարձր կրթամակարդակով:Գյուղի Կենդանարար կոչվող վայրում գործում է հանհստյան տուն ու բազում հյուրատներ կան:Օձունը հիասքնչ է իր պատմական փառահեղ անցյալով և պայծառ ապագայով:
Հայկ
Խնդրում եմ, եթե կարելի է տեղադրեք վերականնումից առաջ արված նկարներ եւս ու կատարված աշխատանքն ավելի ակնառու կլինի...շնորհակալություն
Տեր Վրթանես
Օձունի վերականգնման առաքելության մեծարգո Մովսես Ձավարյանի աջակիցներից ուզում եմ հատուկ հիշատակել երջանկահիշատակ հիմնադրամի համանախագահ Սոս Սարգսյանին, երջանկահիշատակ հոգեբարձու Հակոբ Հակոբյանին ու երջանկահիշատակ հոգեբարձու Հենրիկ Մամյանին:Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:
Միլենա Կարագյոզյան
Ես մի երկու տեղ կարդացել եմ ու ինչքան որ ես եմ տեղյակ եկեղեցու վերականգնումը կոնկրետ անձինք են կազմակերպել ու հայտարարվել էր որ մասնավորի հետ համագործակցությամբա: Նախաձեռնողներ կան, Հովանավոր, հիմնադրամա ստեղծվել: էսքան ժամանակ իրենց անունները չտեսա շեշտվեն ու նույնիսկ վատաբանություններ են լինում: Միայն մի երկու հրապարակման մեջ եմ տեսել որ ասվելա իրանց մասին: Սովորենք լավն էլ տեսնել ու ինչ որ արվելա շնորհակալություն հայտնել...Փոխանակ գովենք էդպիսի քայլերը, որ չհիասթափվեն, և մյուսներն էլ տեսնեն օրինակ վերցնեն, վատաբանում ու անտեսում ենք նախաձեռնողներին: կարծում եմ չէր խանգարի նրանց նույնպես շնորհակալություն հայտնել, պետք չէ այդ ահռելի գործը անտեսել...: Ես խոնարհվում եմ նախաձեռնողների առաջ ու շնորհակալություն եմ հայտնում և հույս տածում որ նրանց տեսակը մեր ազգի մեջ շատ լինի և շատերի համար օրինակ ծառայի... և խնդրում եմ չկարողացա ես գտնել, ով որ գիտի նրանց անունները թող հրապարակի
Լուսինե
Երեք տարի առաջ Օձունի եկեղեցում ականատես եղա մի տեսարանի. ամբողջ եկեղեցին լցված էր մանուկներով, նրանք նստած գետնին, նստարաններին, աթոռներին նկարում էին, խաղում, գրքեր կարդում, իսկ եղեղեցու քահանա Տեր Վրթանեսը մանուկներին մեծ սիրով օգնում էր, զբաղեցնում, նրանց հետ նկարում: Մի հրաշալի տեսարան էր, մանուկների լույսից եկեղեցին նույնպես լուսավորվել էր: Այսինքն՝ այս եկեղեցին Օձունի համար բացի հոգեւոր կենտրոն լինելուց նաեւ յուրօրինակ մշակութային օջախ է, եւ բարերարները կրկնակի բարեգործություն են անում այն վերականգնելով: Տեր Վրթանես ջան թող ձեր եռանդը երբեք չպակասի:
Գրետա
Հիրավի, Օձունի եկեղեցին ժպտում է: Շատ գեղեցիկ է ասված, սակայն ժպիտը սոսկ արտաքին տպավորություն է. անսահաման է այն հոգևոր զորությունը, որը ստանում ես` մուտք գործելով նրա շեմից ներս: Ակամայից ուզում ես թևերդ վեր պարզել ու աղոթք հնչեցնել առ Աստված` այն աղոթքը, որն հենց այդ պահին է գալիս շուրթերիդ: Ու շարվում են բառերը հաջորդաբար, առանց ջանքի, անգամ առանց միտքդ լարելու: Հենց այսպես, համոզվում ես, որ Բարձրյալի կամոք են հնչում: Ու բառերը դառնում են Բան` անմեկին, անքննելի: Միայն զգում ես, որ դու ես ու Նա: Իսկ երբ դրսում, քիչ հեռվից ես նայում, տեսնում ես ամպերից առկախ եկեղեցին ու լեռները` նրանից ցած: Համոզվում ես, որ անչափ մոտ ես Տիրոջը: Պահպանենք մեր գանձը, որպեսզի յուրաքանչյուն ունենա այս զգացողությունը, և դա հավերժ լինի:
Աշոտ
Պարոն Լ. Ղուկասյան, ինձ հետաքրքրում է, որ ասում եք. «Նախագծով շատ էր տված նոր պատշար` քանդում-վերաշարում: Ես էլ իմ մասնագիտության մեջ ավելի շատ հակված եմ քիչ միջամտելուն, որպեսզի կառույցի տեսքը չխաթարվի»: Այդ Նախահաշվով շատ տրված և չարված աշխատանքների արդյունքում, որքան գումար է տնտեսվել: Ապա՝ նախագծով չնախատեսված և կատարված աշխատանքները Ձե՞ր, թե՞ բարերարի հաշվին են կատարվել: Երրորդ՝ ես լուրջ կասկածում եմ, որ Ձեր ասած. «իտալական կրով առանձգականություն հաղորդող հավելիչներով ստացանք մի շաղախ, որը բավականին թանկ է` 1 խմ-ն մոտ 200 հազար դրամ է»: Շաղախը կարող է ամենպարզ ավազից և կրից ավելի երկարեցնել գմբեթի կյանքը, անկախ իր արժեքից: Հարցադրումներիս մեջ վիրավորոք փնտրողներին կամ կրաշաղախի մասին կարծիքիս մասին քնարկումներ անողներին նախապես ասեմ, որ իրենց չեմ պատասխանելու:
Ջոն Օձնեցի
Արտաքին եռակողմ սրահների ամբողջական վերականգնում անել` քարե թաղակապով և ծածկասալելով:Դա լավագույն լուծումն է: Դա կլուծի ջրահեռացման խնդիրն էլ, ամբողջական տեսքի խնդրին էլ, անձրևից, կարկուտից և արևից պաշտպանվելու խնդիրն էլ ու բազում այլ խնդիրներ: Ամբողջական ծածկեր ունենալն էլ միայն Տեր Վրդանեսի կարծիքը չէ: Տեղյակ եմ, որ եկեղեցու վերականգնման հեղինակ Միշա Հակոբյանն է ամբողջական վերականգնման առաջարկով հանրահայտ ճարտարապետներից բաղկացած գիտխորհրդին առաջարկել, վերջիններս էլ ձայների ճնշող մեծամասնությամբ քվիարկել են դրա օգտին: Սրահների ամբողջական ծածկերի կողմակից են բոլոր օձնեցիներն ու Օձունի տաճարի ապագայով բոլոր հետաքրքրվածները:
Տեր Վրթանես
Շնորհակալ եմ Հետքի խմբագրից և խմբագրության անձնակազմից պարբերաբար Օձունի վերականգնմանն անրադառնալու և Օձունի մասին նյութը խմբագրի ընտրանու մեջ տեղադրելու համար: Երախտագիտությամբ՝ Տեր Վրթանես
Մուշեղ
Ապրե՛ք, աստվածահաճո գործ եք անում, ես Տեր Վրթանեսից լսել եմ, որ Մովսես Ձավարյանը մեծ հայրենասեր է, Ալավերդու իրենց տունը նվիրել է ազատամարտիկի, 1838թ. ռուս-պարսկական ճակատամարտի տեղում կառուցված կոթողն էլ է նորոգել: Հայրական տունն էլ վարպետներին որպես կացարան է տրամադրել: Կրթական ծրագրերի էլ սիրահար է, Դիլիջանի դպրոցի բացմանն անձամբ ներկա էր, ուզում էի մոտենալ և շնորհակալություն հայտնել, բայց հարմար չեղավ: Շատ ապրե՛ք, թող Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքին ու Ձեր գործերին հաջողություն տա:
Տեր Վրթանես
Պարոն Աշոտ, լավ եմ հասկանում Ձեր մտահոգությունը մերօրյա դժվար ժամանակներում, երբ տարբեր տեղեր խոսում են փողերի լվացման և այլ ցավալի երևույթների մասին: Բարեբախտաբար, այդ ցավալի երևույթն Օձունի վերականգնման հետ կապ չունի: Չկատարված աշխատանքների գումարը շինարարը չի ստացել, իսկ կատարված աշխատանքներն էլ ամբողջությամբ իրականացվել են Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի միջոցներով: Ձեր կամքը հաշվի առնելով կրաշաղախի հարցն էլ քննարկման չեմ ենթարկում: Օրհնությամբ՝ Տեր Վրթանես
Տեր Վրթանես
Իսկ կարանալցումներն ու պատերի դատարկ տարածությունները ներարկում են Գեղամ և Գևորգ Մուրադյանները, որպես ավազ օգտագործելով Օձունին յուրահատուկ դեղնաշականակագույն քարի ավազն ու կիր:
Արտյոմ
Անցյալ շաբաթ Օձունում էինք և շատ տպավորված էինք մնացել կատարված աշխատանքների ծավալից և որակից: Վստահ եմ, որ Օձունը էլ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի, ինչը իր հերթին ճիշտ մոտեցման դեպքում կնպաստի նաև Օձունում կյանքի բարելավմանը:
Տեր Վրթանես
Բարերարի ակտիվ աջակիցներից են նաև հարգարժան Արմեն Հովհաննեսի Դավթյանն ու մեծարգո Վանուշ Վերանի Շերմազանյանը, որոնք մեծ ջանքեր են ներդրել և շարունակում են ներդնել Օձունի վերանգման ծրագրի շրջանակում:
Ֆրեսկո - արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն
Շատ ուրախ ենք, որ նմանօրինակ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում այնպիսի հոգևոր և պատմամշակութային կենտրոնում, ինչպիսին Օձունն է: Այս վայրը մեզ համար կարևոր նշանակություն ունեցավ հատկապես արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի իրականացման ժամանակ, որն իրականացվեց այս տարի հունիս ամսին ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ քաղաքից դուրս՝ Օձունի, Ախթալայի շրջակայքում, և այդ կապակցությամբ մեր խորին շնորհակալություն ենք հայտնում Օձունի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանին, ով մեզ հնարավորություն ընձեռեց այն առավել ջերմ և ապահով միջավայրում անցկացնելու համար: Օձունում իրականացրած ճամբարային ֆիլմարշավների ժամանակ մասնակիցները ոչ միայն ականատես եղան ֆիլմերի ցուցադրությանը, այլև շրջեցին տեղի գեղատեսիլ վայրերով, ծանոթացան բնակիչների հետ: Շատ կցանկանանք, որ Օձունի վերականգնողական աշխատանքները իրենց վերջնական արդյունքին հասնեն:
Տեր Վրթանես
Հարգելի Մելանիա Կարագոզյան, Սուրբ Հովհան Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի հիմնադրամի հիմնադիրն ու հիմնական բարերարն է հանրությանը քաջ հայտնի ծագումով օձնեցի մոսկվայաբնակ մեծարգո Մովսես Վարազդատի Ձավարյանը: Հենց նրա կամքն է, որ իր արածի մասին քիչ խոսվի: Օձնեցիները լավ գիտեն բարերարին և նրա բարեգործությունների մասին ու բարձր են գնահատում նրա վեհ արարքն ու առավել ես նրա համեստությունը:Օձունի եկեղեցու վերականգնման հիմնական բարերարն ու նրա աջակիցները որևէ մեկի գովեստի և սիրաշահումի կարքը չունեն: Իրենց բուն նպատակն է Օձունի վերականգնումը: Աստված օրհնի նրանց և բյուրապատիկը հատուցի այս և հանդերձյալ կյանքում:
Տեր Սմբատ քահանա Սարգսյան
Շատ օրինակելի է Տեր Վրթանեսի ջանասիրությունը: Եկեղեցին վերջապես բժշկվեց: Թող Աստված շնորհի, որ նորոգվի նաև եկեղեցու գավիթը և բարեկարգվի տարածքը: Տա Աստված, որ շուտով գյուղն ունենա իր համայնքային հոգևոր կենտրոնը, որը ծառայելու է ոչ միայն Օձուն գյուղի, այլ նաև մերձակա գյուղերի մատղաշ սերնդի հոգևոր դաստիարակությանը, ինչին քաջաբար տիրապետում է իմ սիրելի եղբայր, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Տ. Վիգեն քհն. Ղազարյան
Գոհություն և փառք Բարձրյալ Տիրոջը, հոգաչափ պատկառանք Արժանապատիվ Տեր Հորը, սրտաբուխ ակնածանք բարերարին, խորին երախտագիտություն շինարարին և շնորհակալություն բոլոր իրագործողներին` Օձունի Ս. Աստվածածին եկեղեցու վերականգնման համար: Օրհնվեն բոլոր այն անձինք, ովքեր գեթ փոքր-ինչ մասնակցություն ունեն Աստծո Տան շինության գործին: Աստված էլ նրանց տունը շինի: Եկեղեցին թե' կառուցելը և թե' վերականգնելը պատմության կերտում է նշանակում. Սրբազան Ժառանգության փոխանցում հետագա սերունդներին: Ինչպես որ մենք ենք այսօր պարծեննում մեր նախնիների թողած ժառանգությամբ, նույն բարեպատեհությունը պետք է ընձեռենք մեր հաջորդներին, որպեսզի նրանք էլ մեզանով պարծեննան: Որպեսզի դա մեզ մոտ ստացվի, մենք պետք է հավատարիմ մնանք եկեղեցաշինության մեր նախնյաց ավանդույթներին, որոնց արժանահավատ օջախներից մեկն է Հայ Առաքելական Եկեղեցին և նրա ճարտարապետաշինարարության փորձն ու պատմությունը: Լիովին կիսում եմ Բարձրաշնորհ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի կարծիքը` արտաքին սրահների և նրանց ծածկերի վերակառուցման վերաբերյալ` հավելելով քարե թաղակապեր և ծածկասալեր: Այսպիսով մենք լավագույնս կապահովենք եկեղեցու երկարակեցությունը: Սիրով և աղոթքով...
Մարիամ Դալլաքյան
Աստծո կամոք եկեղեցու քահանա Տեր Վրթանեսը ճիշտ տեղում է, ճիշտ ժամանակին: Արևշատություն նրա ընտանիքին:
Տեր Արամ քհն. Միրզոյան
Օձունի վանական համալիրը վաղ միջնադարի ճարտարապետության և մեր հայրերի հավատքի զորության բացառիկ գոհարներից է: Բյուր փառք և գոհություն Աստծուն, որ մեկուկես հազարամյակ հետո էլ Վանքը մնացել է իբրև սրբավայր, ուխտատեղի, և ոչ թե հուշարձան: Այս առումով մեծապես երախտապարտ ենք Արժանապատիվ Տեր Վրթանես քհն. Բաղալյանին՝ Վանքն աչքի լույսի պես պահելու համար: Ամենօրյա հետևողական հոգատարության և սրտացավ վերաբերմունքի արդյունքում վերականգնողական աշխատանքները պետք է լինեին բարձորակ և հարիր: Շնորհակալ ենք սիրելի Տեր Հայր: Չմոռանանք աղոթել և Տիրոջ օրհնությունը հայցել շին. աշխատանքներն իրականացնող վարպետների, նվիրատուների և բոլոր աջակիցների համար:
Դավիթ
Երևի թե եզակի նորություններից մեկն է որը իրականում ուրախացնում է և ինձ և մեր հասարակությանը: Առավել ևս որ հարցազրույցը կարդալիս ակնհայտ երևում է շինարարի նվիրվածությունը այս սուրբ գործին: Փառք Աստծո ես ողորմության համար: Բայց ավելի հետաքրքիր կլիներ արված գործերի նկարներն ել տեսնեինք:
Մհեր
Մեկ տարուց ավելի է անցել այն օրերից, երբ մեկնեցի հանգստի Օձուն: Նպատակս հանգստանալն էր ու բնավ չէի մտածում, որ դրախտավայր այդ օրրանում կտեսնեմ իսկական ադամանդ, այո այլ բառով դժվարանում եմ բնորոշել Օձունի հրաշակերտ եկեղեցին... Ավելի մեծ էր ուրախությունս երբ հնարավորություն ունեցա ծանոթանալու հոգևոր հովվի արժանապատիվ տեր Վրթանես քահանայի հետ, ում սերն ու հոգածությունը եկեղեցու ու տարածաշրջանի հանդեպ լիովին վարակեցին ինձ: Լիահույս եմ, որ Աստծո կամոք, շուտով կավարտվեն վերականգնման կնճռոտ հարցերը ու լոռվա աշխարհի ևս մեկ ադամանդ կշողշողա իր ողջ փայլով...
Տեր Սեպուհ արք. Չուլջյան
Նախատեսել ոչ միայն արտաքին սրահների պատերի վերակառուցումը, այլև ապահովել սրահների ծածկերը: Այդ կերպ` սրահների ծածկերի վերակառուցմամբ, կամբողջացվի սրբավայրի պատմական տեսքը` իր նախնական վիճակով: Արտաքին սրահները` ամբողջական ծածկերի առկայության դեպքում, կծառայի ոչ միայն ծիսաարարողակարգային , այլև հոգևոր-մշակութային միջոցառումների իրականացման համար: Օրհնությամբ` Տեր Սեպուհ արք. Չուլջյան
Ասյա
Անչափ ուրախ եմ և շնորհակալ եմ Աստծուց, որ օրհնում է ամեն մի բարի գործ:Փառք եմ տալիս Աստծուն, որ իր օրհնությամբ առաջնորդում է թե մեր բարերարներին , թե աշխատողներին, որ վերջապես ևս մի եկեղեցի կլինի այնպես, ինչպես որ արժան է որ լինի Աստծու ՏՈՒՆԸ:Աստված օրհնի մեր սիրելի Տեր հորը` Տեր Վրթանեսին ու տա համբերություն մինչև որ ավարտվեն վերանորոգման աշխատանքները, որոնց համար որ մտահոգված է նշանակված օրվանից:
Համլետ Մոսինյան
Որպես լրագրող, որպես բնիկ օձնեցի, որը մանկությունն անցկացրել է այս եկեղեցու բակում նախկինում եղած մանկապարտեզում, որպես հայ մարդ, թեև այժմ ապրում եմ Գյումրիում, ուշի- ուշով հետևել եմ այս հնամենի հրաշք կառույցի վերանորոգման աշխատանքին: Ցավում եմ, որ լավ սկսած գործը կիսատ է մնում: Իմ շիրակցի ընկերներին հաճախ եմ բերում Օձուն, և նրանք, բոլորն էլ, նույն ցանկությունն են հայտնում՝ գործն ամբողջովին ավարտված տեսնել: Ի դեպ, այստեղ եմ բերել նաև տուրիզմի բիզնեսով զբաղվող ընկերներիս, որոնք իրենց երթուղիների մեջ են ընդգրկել Օձունը: Իսկ Հովհ. Օձնեցու հիշատակի օրերին այս ցանկությանը միանում են տասնյակ հազարավոր ուխտավորներ:
Hamlet Otsuneci
Որպես լրագրող, որպես բնիկ օձնեցի, որը մանկությունն անցկացրել է այս եկեղեցու բակում նախկինում եղած մանկապարտեզում, որպես հայ մարդ, թեև այժմ ապրում եմ Գյումրիում, ուշի- ուշով հետևել եմ այս հնամենի հրաշք կառույցի վերանորոգման աշխատանքին: Ցավում եմ, որ լավ սկսած գործը կիսատ է մնում: Իմ շիրակցի ընկերներին հաճախ եմ բերում Օձուն, և նրանք, բոլորն էլ, նույն ցանկությունն են հայտնում՝ գործն ամբողջովին ավարտված տեսնել: Ի դեպ, այստեղ եմ բերել նաև տուրիզմի բիզնեսով զբաղվող ընկերներիս, որոնք իրենց երթուղիների մեջ են ընդգրկել Օձունը: Իսկ Հովհ. Օձնեցու հիշատակի օրերին այս ցանկությանը միանում են տասնյակ հազարավոր ուխտավորներ:
Էդմոն Մարուքյան
Կարծում եմ, ամբողջական վերականգնումը ամենաճիշտ լուծումն է: Ավելին, պատրաստվում եմ հետևողական լինել և հարցը ՀՀ կառավարության և պատկան մարմինների առջև բարձրացնել, որպեսզի մենք հասնենք Օձունի եկեղեցու ամբողջական վերականգնմանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան
Եղիազար
Օձունի եկեղեցին վերականգնելը մեզ համար մեծ պատիվ էր, ամեն քարի հետ հոգի ենք դրել : Կուզեի, որ մեր բոլոր եկեղեցիները այսպես վերականգնվեին...
Արթուր
Օձունը այն եզակի հուշարձաններից է, որի վրա աշխատելը ամեն մեկի համար փառք, պատիվ և հարգանք կբերի: Շատ ապրեք, լավ գործ եք կատարում:
Artem
Անչափ գնահատելի է Օձունի վերականգնումը: Իսկապես եկեղեցին արտաքնապես լուսավորվում է: Իսկ ներքնապես լուսավորումը Տեր Վրթանեսի հետ համագործակցությամբ կազմակերպվող բակային ճամբարներն են, որ արդեն հասցրել ենք իրականացնել Արևածագ և Ծաթեր համայնքներում ևս: Ինչևէ, մեր նոր սերունդը թող իր նոր մտածողությամբ և մեր հոգևոր ժառանգությամբ և հավատքով էլ ավելի շենացնի մեր երկիրը: Տեր Հայր ջան դուք էլ քաջալերվեք և շարունակեք նույն հավատքով ու եռանդով ծառայել եկեղեցուն և Օձունի և շրջակա գյուղերի համայնքներին:
Վիկտոր Հայկի Մամյան
Ես ինքս ճարտարապետ եմ ու վստահ եմ, որ Օձունի քահանայի առաջարկը եկեղեցու արտաքին եռակողմ սրահների ամբողջական վերականգնումը քարե թաղակապով և քարե ծածկասալերով լավագույն լուծումն է, քանի որ Սովետական շրջան իշղող զուտ եղածի պահպանման մոտեցում այժմ գործող եկեղեցուն պատշաճ չէ:Չնայած, երջանկահիշատակ Վազգեն վեհափառի միջնորդությամբ, ամբողջական վերականգնման դեպքեր էլ են եղել: Հատակից կազմակերպված ջրահեռացումը չի լուծում եկեղեցու որմնակամարների պահպանման հարցը, որոնք լվացվում են անձրևաջրերից,խոնավացնում պատերը և քայքայվում ու պատերի քայքայման պատճառ հանդիսանում: Ամբողջական վերականգնումը թաղակապով և ծածկասալերով կավելացնի եկեղեցու հենման մակերեսը և երկրաշարժերի դեպքում ավելի անվտնգ կլինի: Եկեղեցին էլ տեղացի այցելուներին և տուրիստներին կներկայանա իր ամբողջական տեսքով ու շքեղությամբ:
Տեր Վրթանես
Ավելին, աշխատանքները անձամբ ղեկավարում և կորդինացնում է Գարեգին Մանուկյանը, որը «ԼևԳուգ» ՓԲԸ- ի նախագահ Լևիկ Ղուկասյանի հրավերքով ժամանել է Օձուն և տեղում հետևում է աշխատանքներին:
Գյուլնարա
Լսել եմ, որ Օձունի վերականգնմանը մասնակցում են հայտնի վերականգնող վարպետներ Համլետ Հակոբյանն ու Եղիազար Մխիթարյանը, ճիշտ է:
Տեր Վրթանես
Հարգարժան Հայկ, վերականգնումից առաջ բազմաթիվ նկարներ կան ինտերնետում, որոնք կարելի է համեմատել ներկա վիճակի հետ: Նմանատիպ ֆոտոշրքեր կան Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի կայքում, իմ ֆեյսբուքի և ադնակլլասնիկի կայքերում: Կատարված աշխատանքները մենք և շինարարը մանրամասն նկարում ենք, որոնք կցվում են հաշվետվություններին:Կան նաև տեսաֆիլմեր վերականգնման ընթացքի մասին: Վերականգնման ավարտին, Ձեր խնդրանքը նկատի ունենալով, լուսանկարներով հաշվետվություն կտանք լայն հասարակությանը: Շատ շնորհակալ եմ խորհուրդ-խնդրանքի համար:
Տեր Վրթանես
Փառք և գոհություն եմ հայտնում բարեգութ Աստծուն կատարված հրաշալի աշխատանքների համար: Շատ շնորհակալ եմ հիմնադրամի հիմնադիր և հիմնական բարերար մեծարգո Մովսես Ձավարյանից և բոլոր նվիրատուներից: Վերականգնման գործում մեծ ներդրում ունեն տաղանդավոր վերականգնող ճարտարապետ հարգարժան Միշա Հակոբյանը և հմուտ վերականգնող շինարար հարգելի Լևիկ Ղուկասյանն՝ իր աշխատակիցներով: Շնորհակալություն Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի ազնիվ տնօրեն Վանուշ Շերմազանյանին, իր գործընկերներին և հոգեբարձուներին: Աստված պահապան բոլոր աջակիցներին և Օձունի տաճարի վերականգնմամբ ուրախացողներին: Հատուկ շնորհակալություն ՀՀ Մշակույթի նախարար ազնվափայլ Հասմիկ Պողոսյանին, փոխնախարար չքնաղագեղ Արև Սամուելյանին, վերականգնման գործակալության պետ պարոն Արմեն Աբրոյանին և գիտխորհրդի հարգարժան անդամներին: Օրհնությամբ՝ Տեր Վրթանես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter