HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքիա ենք տանում մորթի ու կաշի, բերում փայտ, պլաստմասսա, սեւ մետաղ ու կերամիկա

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2010-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կատարվել է շուրջ 212 մլն դոլարի ապրանքաշրջանառություն: Հատկանշական է, որ Հայաստանի կողմից արտահանումները կազմում են այս ցուցանիշի միայն 0,5 տոկոսը կամ 1,2 մլն դոլար: Մնացածը, հասկանալի է, թուրքական ներկրումներն են մեր երկիր: Ընդ որում՝ եթե Հայաստանը անցյալ տարի հարեւան երկիր արտահանել է շուրջ 2900 տ ապրանք, ապա ներկրել է մոտ 112000 տ:

Տնտեսագետներն ու փորձագետները նշում են, որ այս ահռելի տարբերության գլխավոր պատճառը հայաստանյան տնտեսվարողների հանդեպ Թուրքիայի խիստ մաքսային քաղաքականությունն ու ստեղծվող արհեստական խոչընդոտներն են: «Հետքն» արդեն գրել է, որ մասնավորապես արգելվում է հայաստանյան համարանիշներով 16-ից ավել տեղ ունեցող միկրոավտոբուսների մուտքը Թուրքիա, եւ հայ առեւտրականները մեծամասամբ նախապատվությունը տալիս են Երեւանից դեպի Ստամբուլ շարժվող թուրքական մեծ ավտոբուսներին: Գրել ենք նաեւ, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ Թուրքիան ու Հայաստանը այսօր բանակցում են մի պայմանագրի շուրջ, որը հաջողությամբ իրականացնում են կազմակերպության մյուս անդամները, սակայն դիվանագիտական հարաբերություններ չունեցող հարեւանները նոր են անդրադառնում դրա կյանքի կոչմանը: Ըստ այդմ՝ պարզեցված կարգով Հայաստան-Վրաստան-Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ տարեկան մինչեւ 200 բեռնատարներով հնարավոր կլինի բեռնափոխադրումներ իրականացնել:

Այժմ անդրադառնանք նրան, թե, օրինակ, անցյալ տարի Հայաստանն ինչ է արտահանել Թուրքիա եւ ներկրել այնտեղից: Միանգամից նշենք, որ տվյալները ներկայացված են ոչ թե ըստ կոնկրետ ապրանքների, այլ ապրանքային խմբերի: Եվ այսպես՝ 2900 տ հայաստանյան արտահանումների առյուծի բաժինը՝ 2700 տ-ն կամ շուրջ 93 տոկոսը կազմել են «չմշակված մորթիներ եւ մշակված կաշի» խմբի ապրանքները: 50 տ-ն կամ 1,7 տոկոսը եղել են «քարից, գիպսից, ցեմենտից եւ նմանատիպ նյութերից իրեր»: Գրեթե նույնքան էլ եղել են «միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական մասեր» խմբի ապրանքները: 20 տ կամ արտահանումների 0,7 տոկոսը եղել են «ծխախոտ եւ ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ»: Ալյումինի եւ դրանից պատրաստված իրերի արտահանումը եղել է 18 տ (0,6 տոկոս), իսկ պլաստմասսայի եւ դրանից իրերինը՝ 6 տ (0,2 տոկոս):

Թուրքիայից ներկրված ապրանքատեսակները, բնականաբար, ավելի շատ են ու բազմազան: Առաջին հնգյակը հետեւյալ տեսքն ունի.

Փայտ և փայտից իրեր, փայտածուխ

24000 տ

Պլաստմասսա և դրանից իրեր

9700 տ

Սև մետաղներ

9000 տ

Իրեր սև մետաղներից

7000 տ

Կերամիկական իրեր

6400 տ

Հայաստանը Թուրքիայից ներկրել է նաեւ «օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, մաքրող միջոցներ եւ քսուկներ, մոմեր եւ հարդարանքի միջոցներ», «աղ, ծծումբ, հող եւ քար, սվաղման նյութեր, կրաքար եւ ցեմենտ», «ներկանյութեր, պիգմենտներ եւ այլ ներկող նյութեր, լաքեր, թանաք», «թուղթ, ստվարաթուղթ, դրանից պատրաստված իրեր», «սպիտակուցային նյութեր, սոսինձ, մոդիֆիկացված օսլա, ֆերմենտներ», «ապակի եւ դրանից իրեր», «տրիկոտաժե պաստառ մեքենայական կամ ձեռքի գործվածքով» (ամեն ապրանքային խումբը՝ 3000-5000 տ) եւ բազմաթիվ այլ ապրանքներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter