HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտադրված է Կապանում. կապանցի տրիկոտաժագործը

Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի նախկին պահակակետն այսօր ազատ է, հսկիչներ չկան, իսկ հսկիչների խցիկին փոշու հաստ շերտ է նստել:

Ժամանակին այս անցակետի դիմաց սենյակ կար, որտեղ աշխատակիցներին ստուգում էին աշխատանքի ավարտից հետո՝ թել, գործվածք «չթռցնելու» համար: Այս մասին պատմում է կապանցի տրիկոտաժագործ Արմեն Մարգարյանը, հետո շարունակում, թե ֆաբրիկայի ծաղկուն տարիներին գողությունները շատ էին:

Ասում է՝ նույնիսկ դեպք է եղել, երբ աշխատակիցն այդ օրն առանց ներքնաշորի էր աշխատանքի գնացել, իսկ տուն գնալուց «բռնեցրել» էին գողոնը՝ հագին 5-6 ներքնաշոր: Այս օրինակի համար զրուցակիցս ներողություն է խնդրում, բայց ասում է՝ դա էր իրականությունը:

Այս պատմություններն էլ լսել է հին աշխատակիցներից ու հորից՝ Դերենիկ Մարգարյանից: Վերջինս եղել է Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրենը 1981 թվականից (մինչ այդ տարվա աշունը Կապանում գործել է Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորման Կապանի կարի ֆաբրիկա, այնուհետ ֆաբրիկան դուրս է եկել այդ միավորման կազմից): Կապանցիների շրջանում Դ. Մարգարյանին անվանում են «Տրիկոտաժի Դերո», իսկ պատերազմի տարիներին՝ «Քեռի Դերո»: Արմենն ասում է, որ «Քեռի Դերո» անունը կնքել էր Վազգեն Սարգսյանը: 1996 թ. ֆաբրիկան սեփականաշնորհվել է «Սոնատեքս» ԲԲԸ-ի կողմից, որտեղ 20 տոկոս բաժնեմասը պատկանում է ֆաբրիկայի աշխատակիցներին: Ընկերության նախագահը Դերենիկ Մարգարյանն է, իսկ գործադիր տնօրենը որդին՝ Արմենը:

Կապանյան գործվածքը՝ իտալական պիտակներով

Երիտասարդ տրիկոտաժագործը նշում է, որ մանկության տարիներից է սկսել հետաքրքրվել այս ոլորտով, դպրոցական տարիներին էլ իրենց պրակտիկայի էին բերում ֆաբրիկա, բայց ոլորտում սկսել է աշխատել զինծառայությունից վերադառնալուց հետո: Դա 2001 թ. էր, սակայն այդ ժամանակ սկսվեց ընկերության գործերի անկումը: Այդ տարիներին աշխատում էին ամերիկացիների համար, սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով թռիչքները հետաձգեցին, և այլևս չէին կարողանում իրացնել արտադրանքը:

Այնուհետ Արմենը հիշում է, որ ժամանակին աշխատել են իտալացիների, ֆրանսիացիների համար: Որպես ապացույց մեզ ուղեկցում է նախկին արտադրամասերից մեկը, որտեղ դեռևս պահպանել են մի քանի ցուցանմուշներ: Կանացի շագանակագույն վերնազգեստից դժվար էր ենթադրել, որ այն կարվել է Կապանում: Դրա մասին որևէ հիշատակում չկա, բացի, իհարկե, տնօրինության հուշերից: Վերնազգեստի վրա փակցված են ինչ-որ ապրանքանիշի և Իտալիա անունները: Զրուցակիցս ասում է, որ իտալացիները բերում էին թե՛ հումքը, թե՛ մոդելը, և իրենք նույն օրինակներով կարում էին: Եվ վերջերս, ավելացնում է Արմենը, այդ իտալացիներից մեկն էր զանգել իրեն, հետաքրքրվել, թե արդյոք աշխատում է գործարանը: Պատվերի մասին առայժմ չեն խոսել:

Այս ցուցանմուշների շարքում Արմենը առանձնահատուկ տեղ է տալիս մի վարդագույն սվիտերի, որի մոդելավորումն արել է այսօր արդեն հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը: «Մենք էն ժամանակ չգիտեինք, ով է նա, երբ հայրս նրան հրավիրել էր ֆաբրիկա, նա արեց այդ սվիտերի դիզայնը, ու երբ որևէ տեղ ասում եմ, որ Յուդաշկինի մոդելավորած հագուստն ունենք, դժվարությամբ են հավատում»,- ասում է ընկերության տնօրենը: Հետո հիշում է, որ 90-ականների վերջին հայրը Կապան էր հրավիրել նաև հայտնի փսիխոթերապևտ Կաշպիրովսկուն: Հետո մատնացույց է անում իրենց առաջին արտադրանքներից մեկը՝ խաչով սվիտերը, որի առաջին ցուցանմուշը նվիրել էին Վազգեն Սարգսյանին՝ նրա իսկ ստորագրությամբ:

«Էս վերջերս մի գյուղ էի գնացել, մեկ էլ մի պապիկ մոտեցավ ինձ, բարևեց, ջերմ-ջերմ խոսքեր ասաց, ես իրեն չէի ճանաչում: Երբ ընկերոջս հետ նստել էինք սեղանի շուրջ, «տարի էի գնացել», էդ պապիկը պիջակը հանեց, տեսա՝ մեր ֆաբրիկայի արտադրած սվիտերն էր հագին, էնքան լավ զգացի: Մի 10-20 տարվա սվիտեր էր: Ընկերոջս ասացի, թե նայի, հեչի պես մի 20-30 անգամ լվացած կլինի էս սվիտերը, բայց ոնց ա թարմ մնացել: Ընկերս զարմացել էր, ասաց՝ իր նախորդ տարվա սվիտերն արդեն մարդամեջում հագնելու չի»,- պատմում է Արմենը:

Անկայուն ներկան

Պատուհաններին փակցված ցելոֆաններն այնքան են մաշվել, որ քամին անարգել ներս է թափանցում: Գործարանի տնօրենն էլ է սա նկատում, ասում է՝ ցելոֆաններն արդեն չեն պաշտպանում ցրտից, ստիպված են արտադրամասերից մեկը վերանորոգել, պատուհանները փոխել, ինչն այսօր լրացուցիչ ֆինանսական բեռ է փոքր ընկերության համար:

Գործարանի հսկա շենքում մենք շրջում ենք արտադրամասերում: Շվեյցարական կարի մեքենաներին դեռ մնացել են մի քանի գույնզգույն թելեր: Արտադրամասի հատակը երբեմն մաքրում են, դեռ հավատում են, որ մի օր գործարանը նոր թափ կստանա: «Այս գործարանից մենք որևէ բան չենք վաճառել, ինչքան էլ կարող է տարօրինակ թվալ: Մութ ու ցուրտ տարիներին շատ գործարաններում ամեն բան վաճառեցին, իսկ հայրս հակառակն էր անում՝ նա գնում էր, երբ հարցնում էի, թե ինչու է գնում, պատասխանում էր՝ մի օր պետք են գալու մեզ»,- պատմում է Արմենն ու ժպտում:

Այսօր տրիկոտաժի նախկին գործարանից մնացել է միայն մեկ գործող արտադրամաս: Համեմատաբար ընտրել են ավելի տաք անկյուն: Ձմռանը տաքացնում են վառարանով: 2013 թ. մայիսից են սկսել ակտիվ աշխատել: Հիմնականում աշխատում են տեղի հանքարդյունաբերող ընկերությունների համար՝ արտահագուստ են կարում: Այստեղ միջին աշխատավարձը 70-80.000 դրամ է: Դրան զուգահեռ շարունակում են նաև տրիկոտաժի արտադրությունը: «Մեզ մոտ չկա բառը չկա, տենց բան չկա, որ նմուշը բերեն, ասեմ՝ չեմ կարող անել»,- նշում է տրիկոտաժագործը: Այս պահին գործարանն աշխատում է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» հանքարդյունաբերող ընկերության պատվերի վրա. արտահագուստներ են կարում:

Արմենի փոխանցմամբ՝ առայժմ կաշխատեն մինչ տարեվերջ, ապագան դեռ չգիտեն: Ասում է՝ ամենադժվար պահն է, երբ աշխատողներին տեղեկացնում է, որ արձակուրդ են գնալու, բայց դա ոչ թե արձակուրդ է, այլ ուղղակի պարապուրդ: «Ավելի շատ ծանր եմ տանում, որ էդ մարդկանց պիտի ասեմ, ժամանակավորապես չենք աշխատելու, ասում են՝ ընկեր Մարգարյան, բա որ արձակուրդ ենք գնալու, մեկ էլ ե՞րբ ենք գալու աշխատանքի»,- նկատում է զրուցակիցս:

Սիրիահայ տպագրիչն ու Կապանը

Չնայած անկայուն վիճակին՝ դեռ կցկտուր պատվերներ են ստանում: Շապիկների պատվեր են ստացել Մայամիում բնակվող հայերից: Օրեր առաջ էլ հայրը տեղեկացրել է, որ հնարավոր է՝ Ղազախստանից լինեն պատվերներ, բայց դեռ հստակ չէ լուրը: Իրենց ձեռքբերումն է համարում տեղում տպագրություն անելը:

Նախկինում Երևան էին տանում դրա համար, իսկ հիմա իրենք են անում: Պատմում է, որ Երևանում պատահաբար հանդիպել էր մի սիրիահայի, ով Սիրիայում աշխատել էր տպագրատանը, իսկ Երևանում տաքսի էր վարում: «Առաջին հերթին ուզում էի օգնած լինել իրեն, որովհետև Սիրիայից էր եկել, ասաց՝ բերած փողն էլ վերջացել է, ինչ-որ տեղ ընդունվել էր աշխատանքի, «քցել» էին: Հարցրեցի, թե Կապանում գործ լինի, կգա՞, եթե ամեն ինչով ապահովեմ: Համաձայնեց, բայց մեծ գումարի դիմաց: Անկեղծ եմ ասում, եթե նա չլիներ սիրիահայ, գուցե չհամաձայնեի իր պայմաններին: Մի խոսքով՝ բերեցինք Կապան, մի 3 ամիս պահեցինք, ինքն էլ մեզ սովորեցրեց տպագրությունը»,- ասում է Արմենը: Այսօր ընկերության տպագրությամբ զբաղվում է նրա կահույքագործ ընկերներից մեկը:

Շապիկների նկարները «ծնվում» են այսպես

Երբ հետաքրքրվեցի, թե Կապանում իրենց արտադրանքը որտեղ են իրացնում, Արմենը հոգոց հանեց: Խանութ բացելու համար ֆինանսներ են հարկավոր, ինչն իրենք առայժմ չունեն:

Չորացման գործընթաց

Կապանցի առևտրականներից մեկն է իրենցից որոշակի տրիկոտաժեղեն գնում, քաղաքի կենտրոնական մասում խանութ ունի, վաճառում է, բայց խուսափում է որպես կապանյան արտադրանք ներկայացնել: «Դե դա նրա գործն է, գուցե մտածում է, որ չի վաճառվի, եթե գրի, որ Կապանում է արտադրվել... Չգիտեմ»,- ավելացնում է զրուցակիցս:

Էքսպոները թանկ են փոքր ու միջին բիզնեսի համար

Երբ հարցրեցինք, թե արդյոք մասնակցում են էքսպոներին, որը կարող է լավ միջոց լինել արտադրանքը գովազդելու, նաև պատվերներ ստանալու համար, Արմենը մեղմ ժպտաց: 1-2 անգամ մասնակցել են ցուցահանդեսների, բայց դա մոտ 200.000 դրամ է պահանջում: Միայն տաղավարի տարածքի համար պետք է վճարել 100.000 դրամ: «Իսկ ես ավելի լավ է այդ գումարը տամ իմ աշխատողներին՝ որպես աշխատավարձ, քան էքսպոյին մասնակցեմ»,- նշում է ընկերության տնօրենը, ում խոսքով՝ նման ցուցահանդեսները միայն որոշակի կապեր են ստեղծում, որոնք հետագայում կարող են կա՛մ օգտակար լինել, կա՛մ ոչ:

«Հիմա ամենաշատը մտածում եմ, թե աշխատողներին ոնց պիտի ասեմ՝ հաջորդ տարվանից առայժմ պիտի չաշխատենք»,- ավելացնում է զրուցակիցս: Իսկ իրենք նույնիսկ պատերազմի տարիներին են աշխատել. Բաքվից փասխտականների աշխատանքի էին տեղավորել, ովքեր ձեռքով գուլպա էին գործում զինվորների համար: 

Մեկնաբանություններ (10)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
1990-ականների սկզբի մութ ու ցուրտ տարիներին Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան էլ (կոպեկներով) սեփականաշնորհեցին: Բաժնետոմսերը բաժանեցին աշխատողներին, հետո նույն մարդիկ՝ սովից/քաղցից դրդված, իրենց բաժնետոմսերը էժա՛ն հետ վաճառեցին ֆաբրիկայի ղեկավարությանը (ինչպես այլ գործարաններում էր): Շատերը այդ ժամանակ սկի չգիտեին էլ, թե ինչ է նշանակում «բաժնետոմս»: Ֆաբրիկաների նախկին ղեկավարները դարձան միակ սեփականատերեր ու ամբողջ գույքը վաճառացին պարսիկներին: Այսպես և՛ հայաստանյան արտադրությունները 1-2 տարում վերացան,և՛ սկիզբ դրվեց հայաստանյան օլիգարխային կլանին: Սա Լ. Տեր-Պետրոսյանի «նվերն» էր հայ ժողովրդին՝ a la ռուսական եգոր-գայդարյան «շոկ թերապիայի»: Արդյունքում՝ մոտ 1 մլն հայաստանցի (հիմնականում ստիպված) լքեց Հայաստանը:
Armen Parsadanyan
Գործադիր տնօրեն՝ Արմեն Մարգարյան 093 00 11 88
Արմինե Օհանջանյան
Հարգելիՙ Վարազ Սյունեցի, իսկ կա մի բան որին դուք դրականորեն եք վերաբերում,,,
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելիՙ Արմինե Օհանջանյան(7) - Այո, կա մի բան, որին դրականորեն եմ վերաբերում. դա,առաջին հերթին, չծախվող ու չքծնող մարդիկ են: Կցանկանայի, որ նույն հարցը ուղղեիք նաև ձեր անկրկնելի մարզպետ Լիսկային:
zohrab
one more thing you need a very good sales person to bring in orders
zohrab
good to see you care about your workers and provide work for themi can only suggest to you i am notsure if it will help but it is worth a try there is an underwear manufacterer in gumri he is armenian canadian he supplies us and canadian markets talk to him see if he can help in getting you access to his markets i beleive he supplies big chains please getback to me see how you go
Արման
Արմեն ջան, ախպեր ջան, դարդ մի արա, ոգով ու սրտով քեզ հետ եմ, նորից գալու են լավ ժամանակներ, այ կտեսնես, դու մենակ մի հանձնվի
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանը Իրանից միայն 80 կմ է հեռու. Իրանը հսկա շուկա է (75 մլն մարդ): ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ պիտի՛ օգնի փոքր ու միջին բիզնեսներին՝ հատկապես (արտաքին) շուկա դուրս գալու համար. սա շատ երկրներում է այսպես: Հայաստանում պետություն կա.՞ միայն օլիգարխներին են «կրիշա»: Իսկ այս ԵՏՄ-էլ խոչընդոտ պիտի դառնա Հայաստան-Իրան առևտրին: .......................ՀԳ. «Ընկեր» Մարգարյան:
yerkramas
Можно ли получить координаты фабрики - элпочта, телефоны, сайт, если есть...?
Լիլիթ
Իսկ ես երազում եմ խանութներում հանդիպել «Արտադրված է Հայաստանում» գրությամբ հագուստ կամ կոշիկ: Ո՞վ է կասկածում հայ դերձակների եւ դիզայներների հմտությանը: Ես հաճույքով օգտվում եմ ինչպես Գյումրու, այնպես էլ Աշնակի կարի գործարանների արտադրանքներից: Նախ գերադասում եմ վճարել հայ գործարարներին, երկրորդ՝ որակով չեն զիջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter