HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 21-ը ապրիլի

Ստամբուլում գտնվելուս ընթացքում առաջին անգամ վերջապես առավոտը դիմավորեցի ոչ թե անձրեւով, այլ արեւով: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե տաք օր էր. չպետք է մոռանալ, որ Ստամբուլը ծովային քաղաք է, եւ խոնավությունն ու զով, երբեմն էլ ցուրտ քամիներն անպակաս են: Թաքսիմից մետրոյով հասանք Շիշլի, որտեղ էլ «մետրոբաս»՝ մետրո-ավտոբուս, նստեցինք: Դա ժամանակին Երեւանում գործածվող երկար «Իկարուս»-ի նման ավտոբուս է՝ մեջտեղում ռեզինե կցոնով: Բայց «մետրոբաս»-ը յուրահատուկ է նրանով, որ ճանապարհի երթեւեկելի մյուս հատվածներից առանձնացված ուղեգիծ ունի՝ միայն նման ավտոբուսների համար: Ստամբուլում մետրոյի, տրամվայի, ավտոբուսի, մետրո-ավտոբուսի համար վճարում են գերազանցապես «ակբիլ»-ի միջոցով: Դա մետաղյա փոքրիկ սեղմակ է, որը լիցքավորվում է հեռախոսի նման. ամեն անգամ փոխադրամիջոց նստելուց առաջ սեղմում ես կանգառի մուտքի մոտ կամ հենց, օրինակ, տրամվայի մեջ տեղադրված սարքի կոճակը, եւ քո «ակբիլ»-ից գանձվում է ուղեւորավարձը: Սա շատ հարմար ու հեշտ ձեւ է:

Բավական երկար ճանապարհ անցնելով՝ հասանք օդանավակայանից ոչ հեռու գտնվող Ստամբուլի մշակույթի համալսարան: Հունիսի 12-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, եւ դրանց շունչը զգացվեց արդեն այսօր: Քարոզարշավը մեկնարկել է բուռն թափով, ու, բնականաբար, աշխույժ է հատկապես իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (AKP)՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Գործընկերուհիներիցս մեկը, մոտենալով AKP-ի մեքենային, որի առաջ դրված սեղանիկի մոտ երեք հոգի էին նստել եւ անցնող-դարձողներին բուկլետներ էին բաժանում, հետաքրքրվեց, թե ինչ թերթիկներ են դրանք: Չհասկանալով հանդերձ, որ մենք արտասահմանցիներ ենք՝ տղամարդկանցից մեկը քարոզչական բովականդակությամբ բուկլետներ առաջարկեց, իսկ մյուսը ձեռքը գրպանը տարավ ու ինչ-որ ցելոֆան հանեց՝ մեջը մետաղե մանր իրեր: Ինձ թվաց, թե ականջօղ է ուզում նվիրել գործընկերուհուս, բայց երբ թուրքը մի քանի հատը մեկնեց նրան, գլխի ընկա: Դա AKP-ի կրծքանշանն էր՝ լույս տվող լամպի տեսքով: Մայթով քայլելիս մեր կողքով անցավ նաեւ քարոզչական պաստառներով պատված մի միկրոավտոբուս, որը բարձրախոսով ինչ-որ բան էր հայտարարում: Դրա վրա հասցրի տեսնել AKP-ի լամպը:

 Մինչ մի քանի ժամով դուրս էինք եկել Մշակույթի համալսարանից, դրա մասնաշենքերից մեկի վրա արդեն հասցրել էին կախել թուրքական հսկա դրոշը: Ավելի ուշ մյուս շենքի վրա հայտնվեց Աթաթյուրքի պատկերը: Ընտրություններից առաջ Ստամբուլում կրկնակի շատացել են պետականության երկու խորհրդանիշ դրոշն ու Աթաթյուրքի նկարը: Իսկապես, կարծում եմ, որ դրոշից, զինանշանից ու օրհներգից հետո Մուստաֆա Քեմալը թուրքերի պետականության չորրորդ, իսկ գուցե եւ դրոշից հետո երկրորդ խորհրդանիշն է:

Շենքերի վրա, բացի Էրդողանից ու AKP-ից, կարելի է տեսնել նաեւ այլ թեկնածուների դեմքեր ու կուսակցությունների պաստառներ, բայց AKP-ն, միեւնույնն է, առաջինն է: Քաղաքագետ Ֆուաթ Քեյմանը նախորդ օրը մեզ հետ զրույցում նշել էր, որ Թուրքիայում արդեն իսկ այսօր ասում են, թե AKP-ն կհավաքի 40-45 տոկոս ձայն: Նախորդ՝ 2007 թ. ընտրություններում Էրդողանի կուսակցությանը ձայն էր տվել ընտրողների 47 տոկոսը, իսկ 2002-ին՝ 34-ը: Փաստորեն, ամեն ինչ տանում է նրան, որ 2002-ից հետո որեւէ ընտրությունում պարտություն չկրած AKP-ն եւս 4 տարով կլինի թուրքական «նավի» հրամանատարի կամրջակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter