HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գլենդել Հիլզը» քաղաքացուն գցել է վարկառուների «սեւ ցուցակ»

Արեւիկ Գասպարյանը բնակարան գնելու նպատակով 2008թ-ին պայմանագիր է կնքել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ: Ընկերությունը պարտավորվել է մինչեւ 2011թ. նոյեմբերի 30-ը գնորդին հանձնել «Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանին հարող տարածքում «Երեւանյան Բերդ II» թաղամասի 15-րդ բազմաֆունկցիոնալ  մասնաշենքից մոտ 10 մլն դրամ արժողությամբ 39 քմ բնակարան: Հանձնման ժամկետն ավարտվել է, իսկ «Գլենդել Հիլզը» այդպես էլ չի հանձնել բնակարանը: Արեւիկ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ մինչ օրս այդ մասնաշենքը չի կառուցվել:

«Ընկերության առաջարկով պայմանագիրը փոփոխեցինք, որպեսզի  ավելի շուտ շահագործման հանձնվող՝ նույն հասցեի թիվ 15 շենքից մեզ բնակարան հանձնեին: 2013թ-ին կնքեցինք անշարժ գույքի առուվաճառքի մասին նախնական պայմանագրի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համաձայնագիր: Այդ փոփոխությամբ ավելացավ բնակարանի մակերեսը դառնալով 48.7քմ, իսկ արժեքը՝ 15  մլն դրամ: Ըստ այդ փոփոխության մեզ բնակարանը պետք է տային նույն թվականի նոյեմբերի 30-ին, բայց մինչ օրս դա էլ չենք ստացել, իսկ թե ինչու շահագործման չեն հանձնում մեր շենքը, չեն պատճառաբանում: Գարնանը ասում են ամռանը կհանձնենք, ամռանը` գարունը»,-պատմում է Արեւիկ Գասպարյանը:

Թեեւ բնակարանը դեռ չեն հանձնել գնորդներին, սակայն ընկերության առաջարկով Արեւիկ Գասպարյանը մինչեւ 2033թ. մարման ժամկետով հիպոթեքի պայմանագիր է կնքել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հետ՝ 36.957 ԱՄՆ դոլար գումարի չափով:

«Բնակարանը դեռ մեզ չհանձնած հիպոթեք ձեւակերպվեց, ես էլ միամիտ գնացի ու ստորագրեցի, թեեւ հիպոթեքի պայմանագիր պետք է կնքվեր բնակարանը հանձնելու ժամանակ: Մայր գումարը ամսական մենք ենք վճարում, իսկ տոկոսագումարները` «Գլենդել Հիլզը»՝ մինչեւ որ բնակարանը հանձնեն: Ընկերությունը այդ պարտավորությունը ստանձնել է մեր միջեւ կնքված համաձայնագրով: Բայց այնպես է ստացվել, որ իրենք 3-4 ամիսը մեկ են վճարումներն անում, պարտքերը կուտակվում են: Ես արդեն ընկել եմ վարկառուների «սեւ ցուցակ», անընդհատ հարկադիրից նամակներ եմ ստանում, աշխատավարձիս վրա արգելանք է դրվում: 4-5 ամիս  սթրես ենք տանում մինչեւ արգելանքը հանում են ու հիմա էլի նույն պատմությունն է»,-ասում է Արեւիկ Գասպարյանը:

 Նա ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական վարույթ հարուցելու հերթական որոշումը ստացել է հոկտեմբերի 13-ին:

«Ես ամեն ամիս վճարում եմ իմ հասանելիք 154 դոլարը, իսկ «Գլենդել Հիլզը» ժամանակին չի վճարում 350 դոլարը: Ասում են՝ գումար չունենք, կլինի կմուծենք: Հիպոթեքի պայմանագիրն իմ անունով է ձեւակերպված ու հիմա բանկի առջեւ ես եմ պատասխան տալիս: «Գլենդել Հիլզը» պատասխան չի տալիս իր չկատարած պարտավորության համար, չնայած ես իրենցից գրություն եմ  վերցրել, որ իրենք են տոկոսագումարների վճարումն ուշացրել, բայց դա ոչ բանկին է հետաքրքրում ոչ էլ ինչ որ մեկին: Սովորական աշխատավարձով օվերդրաֆտ արդեն ինձ չեն տալիս, որովհետեւ անպատասխանատու վարկառու եմ դարձել ու ոչ իմ մեղքով:

Ամեն անգամ պիտի զանգեմ գոռգոռամ, որ ընկերությունը մի փոքր վճարում անի»,-ասում է Արեւիկ Գասպարյանը:

Հոկտեմբերի 9-ին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն տեղեկանք է տրամադրել Արեւիկ Գասպարյանին, ըստ որի՝  «տեղեկանքի տրամադրման պահին առկա վարկային պայմանագրով սահմանված վարկի գումարի նկատմամբ հաշվեգրված ամսական տոկոսագումարների վճարման ուշացումները կատարվել են վաճառողի (այսինքն՝ ընկերության,-հեղ.) կողմից»:

Բանկի եւ «Գլենդել Հիլզ» ընկերության միջեւ կնքվել է երաշխավորության պայմանագիրը, որով վերջինս համապարտ պատասխանատվություն է ստանձնել հիփոթեքային վարկի պայմանագրով նախատեսված պարտավորությունների լրիվ կատարման համար:

Արեւիկ Գասպարյանի վարկային պատմությունն այնքան է «սեւացել», որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն մայիսի 14-ին ընդդեմ նրա եւ «Գլենդել Հիլզի» դիմել էր դատարան՝ 36.361 ԱՄՆ դոլար եւ 8.995 դրամ գումարի բռնագանձման պահանջով:

Վարկի գումարը եւ տոկոսները սահմանված ժամկետներում չմարելու հետեւանքով յուրաքանչյուր ուշացրած օրվա համար սկսել էր գործել վարկային պայմանագրով նախատեսված 0,2% տոկոսադրույքը, իսկ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ժամկետանց տոկոսի վրա հաշվարկվել էր տույժ 0.3% չափով:

Բանկի եւ «Գլենդել Հիլզ» ընկերության միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն եւ օգոստոսի 29-ին բանկը հրաժարվել է հայցից՝ խնդրելով կարճել վարույթը:

«Արդեն չեմ հավատում, որ այդ բնակարանը կստանամ: Ինձ անցյալ ամիս ՎՏԲ բանկից թուղթ էր եկել, որ տանեմ ամբողջ գումարը վճարեմ` 36.000 դոլարը, քանի որ դարձել եմ անպատասխանատու եւ պայմանագիրը վաղաժամ լուծում է: Արդեն սպասում եմ այդ նամակին, որ մի օր էլ հարկադիրով կգան եւ ես ստիպված կլինեմ այդ գումարը վճարել»,-ասում է Արեւիկ Գասպարյանը:

Վարկի մարման հերթական օրը ամսի 14-ն է: Արեւիկ Գասպարյանը մտավախություն ունի, որ այս անգամ էլ ընկերությունը չի կատարի իր պարտավորությունը եւ ինքը կրկին հայտնվելու է անհարմար վիճակում:

Թե ինչ պատճառով չի հանձնվում բնակարանը գնորդին, երբ այն կհանձնվի, ինչ պատճառներով է ընկերությունը ուշացնում տոկոսագումարների վճարումը, որքան է կազմում չվճարված տոկոսագումարի չափը, փորձեցինք տեղեկանալ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ից: Ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ «Որեւէ տեղեկություն, որն առնչվում է բացառապես ընկերությանն ու հաճախորդին, չենք հայտնում որեւէ երրորդ կողմի: Դրանք կարող են պարունակել առեւտրային կամ անձնական տվյալներ»: 

Լուս.` «Գլենդել Հիլզի» կայքից

Մեկնաբանություններ (1)

Varouj
This is very unfortunate. Hetq has done a good job of covering this news in a balanced manner.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter