HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի ազգային հերոսը պետք է մնա այնտեղ, որտեղ նրա իրական տեղն է»

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որը նաև Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեպանն է, Փարիզում հանդիպել է թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանին և Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլին:

Դրանից հետո՝ նոյեմբերի 2-ին, թուրքական «Պոստա» թերթը Օզերմանի ստորագրությամբ հարցազրույց է տպագրել, որտեղ ասվում է նաև, թե Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակ: ՀՀ ԱԳՆ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Ազնավուրը թուրքական թերթին հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ իր թվիթերյան էջում գրել է, որ իբրև մրցանակ մատուցվածը Ազնավուրի մոր հարազատ՝ թուրքական Իզմիթ քաղաքի հուշանվերն է շանսոնյեին: Իր հերթին Էրքան Օզերմանը civilnet.am-ի հետ զրույցում պնդել է, որ իր գրածները Ազնավուրի մտքերն են: Բանն այն է, որ հարցազրույցում շանսոնյեն ու ՀՀ դեսպանը արտահայտել է մտքեր («չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը» և այլն), որոնք տարակարծությունների տեղիք են տվել Հայաստանում:

Այս թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք), ով երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, ճանաչում է Ազնավուրին:

- Բնակվելով Ֆրանսիայում՝ Դուք, թերևս, լավատեղյակ եք ֆրանսիական հասարակությունից, նաև ծանոթ եք Ազնավուրին: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք աղավաղված են ներկայացվել նրա խոսքերը:

-Կարծում եմ` հնարավոր է տեղ-տեղ մի փոքր ձևափոխված են, սակայն խիստ աղավաղված` չեմ կարծում: Ազնավուրը հայտնի է իր ուլտրալիբերալ, ուլտրահանդուրժողական և ուլտրաֆրանսիական հայացքներով: Եվ նմանատիպ մտքեր նա նախկինում էլ է արտահայտել:

Անկեղծ ասած` ես չեմ հասկանում թե Հայաստանի դեսպանն ինչու պետք է հանդիպի Թուրքիայի դեսպանին և սեր խոստովանի Թուրքիայի ու թուրքերի հանդեպ: Ինչ վերաբերում է իր մոր «թուրք» և հոր` «վրացի» «հռչակվելուն», ապա թեև թուրքական մամուլը հայտնի է իր նենգափոխման տաղանդով, սակայն, կարծում եմ, որ այս դեպքում ավելի շուտ տեղի է ունեցել մի բան, որն անգլերենում կոչվում է «Lost in Translation», բայց որը, հրաշալի գիտակցելով, ամենայն հավանականությամբ, լավ օգտագործել են թուրքերը:

Խնդիրը ֆրանսերեն լեզվում է, ավելի շուտ՝ վերջին տասնամյակներին ֆրանսիական լեզվամտածողություն ներմուծված մի անհեթեթ արտահայտության, որ ֆրանսիացիների գիտակցությունում խորագույն արմատներ է գցել: Ֆրանսիայի ձախողված միգրացիոն քաղաքականության արդյունքում բազում ներգաղթյալներ, ստանալով ֆրանսիական քաղաքացիություն, ֆրանսիական հասարակության կեղծ քաղաքական կոռեկտություն դավանող մի զգալի զանգվածի կողմից անմիջապես ստանում են «ֆրանսիացի» պիտակը: Ասենք՝ բնիկ ճապոնացին, որ Ֆրանսիա է տեղափոխվել, կամ սենեգալցին և կամ զտարյուն գյումրեցի հայը՝ քաղաքացիություն ստանալուց հետո հասարակության կողմից հորջորջվում են են որպես «ֆրանսիացի», և եթե ուզում են ծագումն իմանալ, կամ սեփական ծագումն ընդգծել՝ ասում են. «ֆրանսիացի՝ սենեգալյան ծագումով, ֆրանսիացի՝ հայկական ծագումով»:

Այս համատեքստում Ազնավուրն ինքը բազմաթիվ անգամներ շեշտել է և ընդգծել, որ նախևառաջ ֆրանսիացի է: Ֆրանսիական կայսերական ժամանակներից սկսած՝ ընդհանրապես լիակատար ուծացումը ֆրանսիական պետության կարևորագույն առաջնահերթություններից է եղել, որ հրաշալի իրականացվում էր մինչև նախագահ Միտերանի կողմից երկրի սահմանների անսահամնափակ բացումը մահմեդական նախկին գաղութների առջև, որը երկիրը, ըստ էության, այսօր հասցրել է դեմոգրաֆիական կոլապսի: Ու թեև այսօրվա հյուսիսաֆրիկյան արաբական ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը որևէ կերպ չի ձուլվում ֆրանսիական հասարակությանը, այնուամենայնիվ, անգամ այդ ահռելի խումբն է քաղաքացիություն ստանալուց հետո ինքն իրեն «ֆրանսիացի» հռչակում: Եվ իրոք, այսօրվա Փարիզի և Մարսելի «ֆրանսիացիներն» հենց այդ էթնոսներն են ներկայացնում: Այդ երևույթն այսօր խորապես արմատավորված է ֆրանսիացիների լեզվամտածողության մեջ և հետադարձ ուժով ու էքստրատերիտորիալ սկզբունքով նրանց կողմից վերագրվում է նաև այլ ժամանակաշրջաններին և ժողովուրդներին:

Այո, ճիշտ է, Ազնավուրը Թուրքիայում կամ Փարիզում որևէ մեկին հարցազրույց չի տվել, սակայն ամենևին չեմ բացառում, որ Ազնավուրին խոսեցրել են և ձայնագրել նրա մասնավոր զրույցը, որն այնուհետև հրապարակել են հարցազրույցային ձևաչափով: Այդ մասին ինքը` հայտնի թուրք պրոդյուսերն է անգամ ակնարկել: Գրեթե համոզված եմ, որ խոսելով ֆրանսերեն և կրելով իր մեջ ֆրանսիական այդ խիստ սպեցիֆիկ արտահայտությունը, Ազնավուրը բառացիորեն ասել է, որ իր մայրը «թուրք» էր՝ նկատի ունենալով օսմանյան քաղաքացիությունը և վստահ եմ, որ նույն կերպ ասել է, որ հայրը «վրացի» է՝ նկատի ունենալով Վրաստանում ապրելու հանգամանքը, թեև այդ ժամանակ վրացական քաղաքացիության մասին խոսք անգամ չկար:

Թուրքիայում բոլորի «թուրք համարվելու» մասին նույն պրոդյուսերի բացատրությունը պանթյուրքիզմի օպերայից է, սակայն Ազնավուրի ֆրանսիական լեզվամտածողությունը բացատրելու մասով ինչ-որ առումով ընկալելի է: Հատկանշական է, որ խոսելով մոր թուրք ընկերուհու մասին՝ շանսոնյեն հատուկ ընդգծել է նրա թուրք լինելու հանգամանքը և դա արել է մոր մասին խոսքի հետ կոնտրաստ ստեղծելով: Հետևաբար, ամենևին նկատի չի ունեցել, որ իր մայրն էթնիկ թուրք է եղել: Դա պետք է հստակ հասկանալ:

-Իսկ մրցանակի մասին ի՞նչ կասեք: ԱԳՆ-ն հայտարարում է, որ մրցանակ չի ստացել, իսկ հայկական կայքերից մեկին տրամադրված լուսանկարներում երևում է, որ շանսոնյեն ինչ-որ մրցանակ է բռնել ձեռքում:

-ԱԳՆ-ն այդ ճաշին ներկա չի եղել, և վստահ եմ, որ ԱԳՆ-ից որևէ մեկն անգամ նախօրոք տեղյակ չի եղել այդ հանդիպման մասին: Հետևաբար, մրցանակ չընդունելու մասին հայտարարությունը հենվում է միայն Ազնավուրի խոսքի և հավաստիացման վրա: Այլ բացատրություն ես դրան չունեմ:

ՀՀ ԱԳՆ-ն Շառլ Ազնավուրի խոսքերին չհավատալու հիմքեր չունի, սակայն խնդիրն այն է, որ Ազնավուրն ինքը, վստահ եմ, չի գիտակցել, որ իրեն մրցանակ են հանձնում` ենթադրելով թե դա ինչ-որ նվեր է: Դա իր սխալն է անշուշտ, կոպիտ սխալ, սակայն հիմքեր չունեմ կասկածելու, որ նա կանխամտածված ստում է ԱԳՆ-ին, կամ ԱԳՆ-ն է ստում: Դրանք, իմ կարծիքով, բացառված հանգամանքներ են, սակայն արդյունքը մեկն է` և դա հաճելի արդյունք չէ: Այն, որ Ազնավուրը խիստ ազատական՝ ներկայիս ֆրանսիական հասարակության մի զգալի հատվածի քաղաքական-հասարակական մտքին համահունչ ուլտրալիբերալ, ուլտրակոսմոպոլիտական, և ուլտրահանդուրժողական հայացքներ ունի, գաղտնիք չէ, սակայն լինելով Հայաստանի դեսպան և այս պահին աշխարհին հայտնի ամենահայտնի հայ, մեր մեծ հայրենակիցն ու մեծ երգիչը պետք է առավել դիվանագետ լիներ և հասկանար, որ ազգ-քաղաքացիություն նույնականացումը խոսքում հատուկ է միայն ու միայն ֆրանսիացիներին, և որ իր խոսքերն անպայմանորեն նենգաթարգմանվելու են:

Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա եթե մեջբերված խոսքերը դարձյալ համապատասխանում են իրականությանը, ապա այս պարագայում ևս մեծ հայը պետք է առավել հայկական և ազգային դիրքորոշում արտահայտեր: Սակայն այս դեպքում ևս պետք է նկատի ունենալ մեծ երգչի առաջացած տարիքը: Այդ տարիքում հաճախ տարիները հանգեցնում են իմաստնության, որը նույնքան հաճախ այնքան է անձին բարձրացնում հասարակության մնացյալ անդամներից, որ նաև կտրում է իրականությունից:

Կարծում եմ՝ Ազնավուրին հանգիստ է պետք՝ վաստակած հանգիստ: Մարդը երաժշտական և պոեզիայի հանճար է և աշխարհիկ հոգսերից ու պարտականություններից նրան պետք է պարզապես հեռու պահել: Եվ քանի որ Ազնավուրի կյանքի բոլոր ասպեկտների բացարձակ և բացառիկ տիրակալը Լևոն Սայանն է` ապա այդ պատասխանատվությունն ընկնում է նրա վրա: Դա հատկապես վերաբերում է դիվանագիտական աշխատանքին և քաղաքական հանդիպումներին ու հայտարարություններին:

Հայաստանի ազգային հերոսը պետք է մնա այնտեղ, որտեղ նրա իրական տեղն է՝ փառքի պատվանդանին և արվեստի աննալներում: Միջազգային քաղաքականության աղտոտ կուլիսներում մեծ արվեստագետն անելիք չունի: Չնայած այս ամենին` չի կարելի Ազնավուրին, ազգային հպարտության հողի վրա, հավասարեցնել հողին: Ազնավուր երևույթը բարձր է Ազնավուր դիվանագետից, անձից, քաղաքացուց: Դա այլ մակարդակի և այլ հարթության երևույթ է, որ չնայած որոշ հանգամանքների` պետք է անձեռնմխելի մնա: Պատմությունը և նրա սեփական ժողովուրդը, որ, այնուամենայնիվ, հայերն են` նրան չի դատելու ինչ-որ ճղճիմ մի ընթրիքի չափանիշներով: Նրա նվիրումն իր ժողովրդին և իր ծագմանն աննախադեպ է որևէ ֆրանսահայի և, ընդհանրապես, եզակի է հայերի համար: Եվ խնդրին այդ տեսանկյունից է պետք մոտենալ:

Առաջին լուսանկարում (աջից ձախ)՝ Է. Օզերման, Հ. Աքիլ, Շ. Ազնավուր (civilnet.am) 

Մեկնաբանություններ (7)

Ագնեսա
Հրաշալի մեկնաբանություն
ՎԻկ ՄԱ
Մեկնաբանությունը՝ մեկնաբանություն, բայց իմաստունները պիտի խոսեն: Մեզ՝ հայերիս համար անակնկալ, նաև հաճելի էր ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ,,Քարակերտ երազներՙՙ վեպը, վեպում հայերի մասին գրված այս տողերը.ՙՙԵթե սպանված յուրաքանչյուր հայի համար գեթ մի մոմ վառվի, այդ մոմերի ցոլքը լուսնի լույսից վառ կլինի՚՚: Նրա գրքերը վառեցին, նրա գենետիկական կոդն էին պահանջում ստուգել, բայց նա իր ժողովրդի դիմագծին ավելացրեց մի կարևոր գիծ՝ կանգ առնել , մտածել, քայլ անել դեպի հաշտություն: Ազնավուրը ավելի հեռուն է նայում, պիտի գա այսպես մտածողների ժամանակը:
Գեւորգ
Էհ, թող ինչ ուզում են ասեն թուրքերը եւ ինչպես ուզում են ներկայացնեն, մեծ նորություն չէ ոչ մեկի համար: Շառլի արժեքն ու հարգը անկասկած են: Մարդը շատ ավելի հայասեր ու մարդասեր է հոգով եւ գործով, քան ամեն տեսակի աղմակարարները: Եւ ամենակարեւորը՝ նա ԱՍՏՎԱԾԱՇՆՈՐՀ ՀԱՅ Է, դրանով իսկ իրավունք ունի ազատ լինել ինտրիգներից ու քննարկումներից:
Armen_yan
The comments must've been taken out of context. When he said he doesn't take instructions from Armenia he may had meant they don't micromanage him. Also, he is not just an ambassador, and he doesn't have to take instructions from government of Armenia on everything is involved in. As far as that award, if it doesn't have anything to do with politics, if it has to do with arts and culture then it's OK to accept it. However, if it's political he should return it like Nelson Mandela return Ataturk Peace award.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բաց դա միայն Ֆրանսիայում չէ այդպես. բոլոր (արևմտյան) երկրներում է այդպես: Ես,օրինակ, դե յուրե հոլանդացի եմ՝ հայկական ծագումով (Dutch of Armenian origin). բոլոր այլ երկրներում ինձ պաշտոնապես այդպես են նայել: Նույնը՝ Հոլանդիայում ապրող բոլոր մնացած ազգային փոքրամասնությունները. նույնիսկ այն դեպքում,երբ,օրինակ, Հոլանդիայի թուրքերի մեծ մասը նաև Թուրքիայի քաղաքացի է: Քեզ հայ ԶԳԱԼԸ ոչ-պաշտոնական կատեգորիա է:............................................ Ինչ վերաբերում է Շ.Ազնավուրին. արդեն տարբեր անգամ ասել եմ՝ ինքը լավ արվեստագետ է, բայց վատ դիվանագետ: Ազնավուրը երբեք դեսպան չպիտի դառնար՝ հատկապես ՀՀ այսպիսի՛ իշխանությունների համար: Մի մոռացեք նաև մարդու տարիքը:............................................. ՀԳ. Փաստ է,որ կան նաև լավ ու զարգացած թուրքեր. ու ոչ քիչ: Թեև թուրքական դիվանագիտությու՛նը միշտ համարյա նույն ոճի է:
maro matosian
This is not the first time that Aznavour made such damaging statements. I would like to know what has he done for Armenia as an ambassador? Did he accomplish anything? At this point he is more a liability than an asset. Time for change.....
Մարատ
Եղածը եղած է :Ծանոթ լինելով թուրքին , լավ կլինի հանգիստ թողնեք մեր Ազնավուր պապիկին , ԱԳՆ-ը և այլն :Ավելի ճիշտ կլինի մերկացնեք թուրքի կեղտոտ գործելաոճը ամեն հնարավոր միջոցներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter