HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Ի՞նչ արժե ոխերիմ արդարադատությունը»

Հռետորական հարցադրման հեղինակ փաստաբանը զարմացած է, թե դատավորների փոխարեն ինչու է վիրավորվել Փաստաբանների պալատը

Փաստաբաններին արգելված չէ օրենքով թույլատրված բոլոր միջոցներով պաշտպանել իրենց վստահորդների շահերը, իսկ օրենքով թույլատրված միջոցները չծայրահեղացնելու, արդարադատության նկատմամբ հարգանքը պահպանելու առումով զսպաշապիկ է «Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը»: Սակայն, փաստաբանի մասնագիտական գործունեության հանդեպ հարգանքը պահպանելու պահանջները որքան էլ խստացվում են Կանոնագրքով, այնուամենայնիվ, փաստաբաններն իրենց միջավայրում առանձնանալու, ինչպես նաեւ արդարադատություն իրականացնողների նկատմամբ դժգոհության արտահայտչաձեւերը նորացնելու տարբերակներ գտնում են:

Այդ իմաստով, դատարանի հետ հայհոյանքով հարաբերվելն, այն էլ գրավոր տեքստով, փաստաբանների 2014թ.-ի հայտնությունը պետք է համարել: Փաստաբանների պալատն այս հիմքով, տարվա ընթացքում երկու կարգապահական վարույթ է հարուցել փաստաբանների նկատմամբ: Դրանցից մեկը բավականին աղմուկ հանած մի պատմություն էր՝ սեռական բնույթի հայհոյանքով համեմված հայցադիմումում ներկայացնելու մասին` «ով որ մեր հայցը մերժի …»:

Հայցադիմումի հեղինակը` փաստաբան Գեւորգ Հարությունյանը, մեծ ջանք էր գործադրել հիմնավորելու համար, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, այնուամենայնիվ Պալատը նրան մեղավոր ճանաչեց «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 2.2.1, 2.2.2 եւ 2.2.3 կետերը խախտելու համար, եւ նա նկատողություն ստացավ:

Կարգապահական վարույթը քննող հանձնաժողովին Գ· Հարությունյանը  բացատրություն էր ներկայացրել, որ հայցադիմումը վերջնական տեսքի է բերել դատարանում մուտքագրելու նախորդ օրը, որից հետո այն պահպանել է համակարգչում եւ դուրս եկել գրասենյակից: Հաջորդ օրը գործավարին հանձնարարել է տպագրել հայցադիմումը եւ ներկայացնել իրեն՝ ստորագրելու:

«Ստորագրելուց առաջ, ժամանակ չունենալու հետեւանքով այն լրացուցիչ չեմ կարդացել: Իմ համոզմամբ, այդ կատակը, եթե այն կարելի է այդպես անվանել, կատարվել է իմ գործընկերներից մեկի կողմից, ով երեւի թե չի պատկերացրել, որ ես այն կստորագրեմ եւ մուտք կանեմ դատարան առանց մեկ անգամ եւս այն կարդալու: Հրավիրված ժողովի ժամանակ գործընկերներիցս ոչ ոք չխոստովանեց, որ հայհոյանքը տպագրվել է իր կողմից, իմ կարծիքով, մտածելով, որ երեւի թե կկորցնի իր աշխատանքը: Մեկ անգամ եւս վստահեցնում եմ, որ չնայած հայցադիմումը ստորագրվել եւ մուտքագրվել է իմ կողմից, սակայն դրանում հայհոյանք չեմ տպագրել»,- բացատրել էր փաստաբան Գեւորգ Հարությունյանը:

Փաստաբանների պալատը երկրորդ կարգապահական վարույթը հարուցել է փաստաբան Աշոտ Սաֆարյանի նկատմամբ: Վարույթը հարուցվել էր նրա գործընկերոջ՝ փաստաբան Արմեն Օհանյանի դիմումի հիման վրա: Ա. Օհանյանը Պալատին հայտնել է, որ Աշոտ Սաֆարյանն իր նկատմամբ անհարգալից արտահայտություններ եւ վարքագիծ է դրսեւորել այն բանից հետո, երբ դատարանը դատական ակտը կայացրել է իր վստահորդի օգտին։ Մասնավորապես, Ա. Օհանյանը նշել է, որ փաստաբան Աշոտ Սաֆարյանը իր ներկայացրած  վերաքննիչ բողոքում օգտագործել է փաստաբանին ոչ վայել վիրավորական արտահայտություններ ինչպես դատարանների, այնպես էլ` իր հասցեին։

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի կայացրած վճռից զայրացած փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` գործի փաստական հանգամանքներից զատ իր վերաբերմունքն արտահայտելով մյուս կողմի փաստաբանի եւ արդարադատություն իրականացնողների նկատմամբ: Բողոքում փաստաբանը գրել է հետեւյալը·

«Մնում է հարցնել, թե նախագահող դատավորն իր ստացածի դիմաց արդյո՞ք ՀԴՄ կտրոն տվել է հայցվոր կողմին, թե արդարադատության ու իր կոչումի հետ միասին  դա էլ է մոռացել»:

«Դատավորի շահախնդրությունն այս հարցում ո՞րն է եւ ավելի ճիշտ՝ ինչքա՞ն է … եւ ինչ արժե ոխերիմ արդարադատությունը»:

«Պատկերավոր ասած, դատարանը փորձել է տեսնել, թե արդարադատության խորհրդանիշ էն կալբաս կշռող խորամանկ կնոջ կշեռքի մեջ մի բան ընկնելո՞ւ է …»:

«Ագռավի սեւ պատանքի էն խալաթը հագնելով դեռ ոչ մեկը դատավոր չի դարձել»:

«Ով …, ով գնա սանատորիա»:

«··· հայցվոր կողմից եւ նրա նույնպիսի ապօրինի լիազորություններով օժտված լիազոր ներկայացուցչի առկայությամբ դատաքննության կատարումը…»,

«….դատարանը գործով ոչ պատշաճ հայցվոր կողմի մասով բավարարելով փաստաբանին վճարված 250.000 դրամի դատական ծախսի պահանջը, հենց ինքն է դարձել հանցավոր գործունեության օժանդակող եւ պարտակող»։

«Տեսնենք թե ոչ պատշաճ հայցվորի ոչ պատշաճ լիազոր ներկայացուցիչը կստանա՞ դատարանի կողմից իրեն խոստացված 250.000 դրամը…»։

Պալատը այս արտահայտությունների համար փաստաբան Աշոտ Սաֆարյանին նկատողություն է հայտարարել եւ պարտավորեցրել է որպես լրացուցիչ տույժ` «Դեոնթոլոգիա» թեմայով, 8 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ պարտադիր վերապատրաստման դասընթաց անցնել` իր հաշվին, «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամում:  

Հետաքրքրական է նաեւ այն, որ կարգապահական վարույթը քննող հանձնաժողովին տված բացատրություններում, ի տարբերություն մյուս բոլոր դեպքերի, երբ փաստաբանները մեղմացուցիչ հանգամանքներ են որոնել իրենց արարքն արդարացնելու համար, փաստաբան Աշոտ Սաֆարյանն սկզբունքորեն պաշտպանել է իր գրած յուրաքանչյուր բառը:

Փաստաբանը կարգապահական վարույթը նախապատրաստողին հայտնել է, որ վերաքննիչ բողոքում արված հայտարարությունների հեղինակն ինքն է, եւ դրանք պատրաստ է կրկնել ցանկացած ատյանում։ Սակայն շատ է զարմացել, որ դրանք որակվել են վիրավորական արտահայտություններ եւ վիրավորվողն էլ եղել են ոչ թե դատավորները, այլ հակառակորդ կողմի շահերը ներկայացնող գործընկերը:

Նշենք, որ բողոքը քննել են քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորներ` Ի. Վարդանյանը, Ա. Մկրտչյանը եւ Ն· Բարսեղյանը, եւ նրանք Փաստաբանների պալատ բողոք չեն ներկայացրել այդ կապակցությամբ:

«Եթե մի պահ ընդունենք, որ ես թույլ եմ տվել արդարադատության եւ դատական մարմինների հանդեպ վիրավորական արտահայտություններ, ապա նրանց համբավը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու իրավասությամբ միայն հենց իրենք էլ պետք է պահանջներ առաջադրեին իմ հանդեպ կամ առնվազն հանդես գային իրենց լիազոր ներկայացուցչի միջոցով: Դրանից հետեւում է, որ նրանք, ըստ երեւույթին, համաձայն են իմ արտահայտությունների իմաստի հետ եւ ընդունել են դրանք որպես օբյեկտիվ իրականություն»,- հայտնել է փաստաբանը:

«Ինչ վերաբերում է իմ կողմից արված եւ քաղաքացիական գործի նյութերում տեղ գտած արտահայտություններին, ապա կարող եմ ասել, որ դրանք միանգամայն դիպուկ են ու բնորոշ առկա (բայց ոչ մեր հանրության) արդարադատությանն ու դատական համակարգին: Իսկ իրերն ու երեւույթները պետք է իրենց անուններով կոչվեն եւ ոչ թե աչքաթող արվեն, կոծկվեն կամ ապարդյուն կերպով մեղմացվեն...»,- ավելացրել է փաստաբանը:

Պալատը, սակայն չի կիսել փաստաբանի կարծիքը եւ կարգապահական վարույթը քննելիս արձանագրել է, որ փաստաբան Ա· Սաֆարյանն իր ներկայացրած վերաքննիչ բողոքում թույլ է տվել ակնհայտ վիրավորական արտահայտություններ, ինչով անհարգալից վերաբերմունք է դրսեւորել թե դատարանի եւ թե դատավարության մյուս մասնակցի` հակառակորդ կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Օհանյանի հանդեպ:

«Փաստաբանը հանդիսանում է հասարակության հատուկ սուբյեկտ, ով ստանձնել է իր առանձնահատուկ դերը իրավունքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի շնորհիվ։ Փաստաբանի պարտականությունները չեն սկսվում եւ ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանի կողմից թե դատարանի, թե հակառակորդ կողմի հասցեին հնչեցվող վիրավորական բնույթի արտահայտություններ թույլ տալը կասկածի տակ են դնում փաստաբանի կարգավիճակը եւ անվանարկում են նրա կոչումն ու հեղինակությունը»,- արձանագրել է Պալատը փաստաբան Ա. Սաֆարյանի վերաբերյալ կայացրած որոշման մեջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter