ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Գյուղը Խուստուփի լանջին



Կապանի Վաչագան գյուղական թաղամասը քաղաքի կենտրոնից 6 կմ է հեռու, գտնվում է մարզկենտրոնի հարավային հատվածում ու իշխող դիրք ունի քաղաքի նկատմամբ, քանի որ Խուստուփի լանջին է: Այստեղ երթուղայինը օրվա մեջ գալիս է 4 անգամ՝ 7:30-ին, 15:00-ին, 17:30-ին ու 18:30-ին: Սրանից ելնելով էլ՝ վաչագանցիները կազմում են քաղաք գնալու իրենց ծրագրերը: Գյուղի ակումբավար Աննա Մանգասարյանն ասում է, որ չնայած քաղաքի համեմատ տրանսպորտը թանկ է (այնտեղ երթուղայինը 100 դրամ է, իսկ ավտոբուսը՝ 70), սակայն չեն բողոքում: Դե իսկ տաքսին 50 դրամի տարբերությունը զգացող բնակչի համար շատ թանկ հաճույք է: Եթե քաղաքի ներսում մինիմալը կազմում է 500 դրամ (1-4 կմ), ապա վաչագանցին շտապ քաղաք «իջնելու» նպատակով տաքսի ծառայություն զանգելու դեպքում ստիպված է վճարել նվազագույնը 1500 դրամ (տաքսիները գալիս են քաղաքից, ու փաստորեն նրանց ձեռնտու չէ ուղեւորին հասնելու համար 6 կմ «դատարկ» քշելը):

Հետաքրքիր է, որ գյուղ կամ, ինչպես կապանցիներն են ասում ու պաշտոնապես ընդունված է, բանավան համարվող Վաչագան տանող ճանապարհը շատ ավելի բարվոք վիճակում է, քան քաղաքի բազմաթիվ կենտրոնական ու ծայրամասային հատվածների ասֆալտները: Երբ Վաչագանից վերադարձին անմիջապես փոսերի մեջ հայտնվեցինք հենց քաղաքի կենտրոնում, մեր ընկերներից մեկը կատակեց, թե վարորդը 1500-ից ավելի բարձր գնով պետք է քշի Կապանի «մեջ», եթե ճանապարհներն այսպիսին են:


Քաղաքի ու Վաչագանի՝ աչքի զարնող տարբերություններից մեկն էլ եղանակի ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունն է: Խուստուփի լանջին թառած գյուղը աշնանը գրեթե մշտական մառախուղների մեջ է կամ էլ դրանցից ոչ շատ հեռու: Շրջակա բարձունքներից սահող ամպերը մեր այցի ժամանակ արդեն հասցրել էին «կուլ տալ» մերձակա անտառների մի մասը: Տեղացիներից մեկը, իր սիրողական ֆոտոապարատը գովելով, ցույց տվեց ամռանն արված մի նկար, որում հստակ երեւում էին Խուստուփի ժայռաբեկորներին «մագլցած» բեզոարյան այծերը (այս կենդանիները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում), իսկ այս անգամ լեռը մեր բախտից չէր երեւում:    

Ակումբավար Աննա Մանգասարյանն այն քիչ մարդկանցից էր, ում հանդիպեցինք այդ ցուրտ օրը Վաչագանի փողոցներում: Նա նոր էր վերադառնում ընդմիջումից: Աննան ամեն օր առավոտյան բացում է ակումբի դռները ու «փակվում» դահլիճի հարեւանությամբ գտնվող փոքր սենյակում՝ էլեկտրական տաքացուցիչի մոտ: Այստեղ է նաեւ ակումբի միակ համակարգիչը, որը «Կապանի փոքր ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի նվերն է, մեկ տարով էլ ապահովել են ինտերնետ ծառայությունը: Այնպես որ, կարելի է ասել, սա երիտասարդների սիրած վայրերից է Վաչագանում: Նման մի վայր էլ իրենք՝ «ջահելներն» են սեփական ուժերով կահավորել 3 տարի առաջ, որտեղ սեղանի թենիս ու շախմատ են խաղում: Նորոգումը ֆինանսավորել է «World Vision» կազմակերպությունը: Աննայի ասելով՝ վերջերս համայնքային բյուջեի միջոցներով վերանորոգվել են նաեւ ակումբի շենքի պատուհանները, որոնցից մեկն, այդուհանդերձ, մեր այցի ժամանակ էլ լավ չէր փակվում: Ակումբավարը նշեց, որ դնելուց ի վեր այդպես է եղել, ու հավելեց, որ մինչ այդ «ահավոր վիճակ էր, պատուհանները ցելոֆաններով էին պատված»:    

Արդեն 8 տարի ակումբավար աշխատող Աննա Մանգասարյանի հավաստիացմամբ՝ ներկայի ու, ասենք, 5 տարի առաջվա իրականության միջեւ մեծ տարբերություն կա: Ասում է՝ եթե այն ժամանակ բնակիչները բողոքում էին երեխաների խաղի աղմուկից, հիմա պասիվություն է: Ակումբի դահլիճում վերջին մեծ միջոցառումը եղել է «Վերջին զանգը», իսկ դա էլ նրա «շնորհիվ», որ Վաչագանի միջնակարգ դպրոցը դահլիճ չունի, ու իրադարձություններն այստեղ են նշվում՝ մարտի 8, Նոր տարի… Դահլիճ չլինելու պատճառով ֆիզկուլտուրան դպրոցականները դրսում են պարապում, իսկ ձմռանը շախմատ են խաղում այդ դասաժամին: Աննան ասում է, որ շնորհալի երեխաներ շատ ունեն, բայց հիմա, չնայած ոչ փոքր շենքին, դպրոցում մի 25 հոգի է սովորում, քանի որ մի մասը ավագ դպրոց է հաճախում քաղաքում: Եթե պատանիների համար զբաղմունք քիչ թե շատ կա նույն սեղանի թենիսի, շախմատի, երեկոյան «դիսկոտեկների» կամ ժամանակ առ ժամանակ ակումբում կազմակերպվող միջոցառումների տեսքով, ապա ուսումնառությունից հետո ծագում են աշխատանք գտնելու խնդիրները:

Մեր հարցին, թե երիտասարդների մոտ միտում կա արդյոք Վաչագանում մնալու, ակումբավարը կտրուկ է պատասխանում. «Ոչ: Իմ տղան դպրոցն ավարտելուն պես մեկնել է Ռուսաստան: Էնտեղ մի տարի աշխատել է, եկել էստեղ, ընդունվել Պոլիտեխնիկ (նկատի ունի ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը- հեղ.), մի տարի սովորել, հիմա բանակում է: Հարց է՝ բանակից հետ գալուց հետո կցանականա՞ ուսումն էստեղ շարունակել, թե՞ կմեկնի Մոսկվա»: Աննայի փոքր որդին դեռ դպրոցական է, իսկ մյուսն էլ՝ կրկին Մոսկվայում: «Դժվարն էն է, որ էստեղից հասուն երեխաները դուրս են գալիս, չեն ուզում հետ գան, մի կերպ ենք բերում»,- պատմում է ակումբավարը, ում ասելով՝ Վաչագանի գրեթե կեսը ծերեր են, իսկ նորաստեղծ ընտանիքները, հետեւաբար եւ ծնունդները՝ քիչ: «Մեր գյուղից երեւի ըտենց ընտանիք չկա, որ Ռուսաստանից փոխանցումներով չապրի»,- նկատում է վաչագանցի կինը:

47-ամյա Աննան բուն քաղաքից է, սակայն 17 տարի ապրում է Վաչագանում. այստեղ հարս է եկել: Նրա կարծիքով՝ գյուղում մշտական մոտ 85 ծուխ է լինում, մյուսների համար Վաչագանն ավելի շատ ամառանոց է: Ակումբավարը մտածում է, որ եթե առանձին համայնքի կարգավիճակ ունենան, իրենց համար ավելի լավ կլինի, ուշադրությունն ավելի մեծ կլինի Վաչագանի հանդեպ, բայց դժվար է նման բան պատկերացնել, քանի որ պետությունը որդեգրել է համայնքների խոշորացման քաղաքականությունը:      

Վաչագանի ակումբի առաջին հարկում սեղանատունն է, որը նկարազարդել է գեղանկարիչ Սարգիս Մանգասարյանը՝ հայտնի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի հայրը: Աննան էլ է այս հայտնի տոհմից:  

Ակումբի դահլիճի կողքին նախկինում բուժկետն էր, որը հիմա տարեցների համար հավաքատեղի է. գալիս են` զրուցելու, նարդի խաղալու: Դահլիճին կից է նաեւ գյուղի գրադարանը, որտեղ նույնպես շարժ չկար: Գրադարանավարուհի Գրետա Սիմոնյանը բացում է կողպած դուռը, որպեսզի լուսանկարենք գրապահարանները:

Ասում է՝ շուրջ 6000 կտոր գարականություն ունեն, որի ծանրակշիռ մասը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից: Նոր գրքեր էլ են ստացել քաղաքապետարանից. վերջին անգամ՝ մի երկու ամիս առաջ: Մասնավոր նվիրատվություններ շատ չեն եղել:

Տիկին Գրետային կատակով հարցնում ենք՝ պարա՞պ եք, թե՞ ընթերցողները չեն թողնում ձանձրանալ: Մի տեսակ կարկամելով ասում է, թե պարապ չէ, առաջ հոսքն ավելի շատ էր, որը հիմա տարեցտարի նվազում է, ինչն արտագաղթի հետեւանք է, բայց ինքն էլի դժգոհ չէ: Ըստ նրա՝ գալիս են թե դպրոցականները, թե ուսանողները, թե տարեցները:

Վաչագանի ակումբում ու գրադարանում բավականին ցուրտ էր, պատճառը ջեռուցման բացակայությունն է: Աննա Մանգասարյանն ասում է, որ 3 տարի առաջ գազատար են անցկացրել, որի բացումն արել է նախկին ու ներկա մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, բայց վաչագանցիներն այս ընթացքում կապույտ վառելիքից չեն օգտվել: Ակումբավարը նշում է, որ անձամբ իր ընտանիքի համար ձեռնտու է գազը, քանի որ տունը մեծ է, ձմռանը նվազագույնը 10 խմ փայտ են վառում, 1 խմ-ն էլ առնում են 12.000 դրամով:

Ըստ Կապանի քաղաքապետի՝ գազի բացակայության պատճառը եղել են գազատարի տեխնիկական թերությունները, որոնք վերացվել են, եւ հիմա բնակիչները դիմում են՝ բաժանորդ դառնալու համար: Այսքանով հանդերձ, վաչագանցիներից ոմանք կարծում են, որ գազն ամբողջությամբ չի փոխարինի փայտին, քանի որ թանկ է ու տները ջեռուցելու համար այնքան էլ արդյունավետ չէ:     


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Արմենակ Եղիայեան03:49 - 8 նոյեմբերի, 2014
Յարգելի՛ խմբագրութիւն, Շատ հաճելի թղթակցութիւն է, շնորհակալութիւն: Չէ՞ք նախընտրեր տաքացուցիչ բառին փոխարէն գործածել ջեռուցիչ բառը, որ աւելի բարեհունչ է և արդէն գործածուած է մեր լեզուին մէջ: Թող որ կիրարկած էք արդէն ջեռուցում բառը:
2. Վարազ Սյունի (Ամստերդամ)20:33 - 8 նոյեմբերի, 2014
Լավ կլիներ մի անգամ էլ գրեիք/այցելեիք Կապանի «Լեն.հանքեր» (ժողովրդի լեզվով՝ «Լենգրուպա») թաղամաս: Այստեղ իրապես երևում է Կապանի/Սյունիքի ո՛ղջ ողբերգությունը՝ անտեր ու չկառավարվող: Կապանում ու Սյունիքում ՏԱՍՆՅԱԿ հանքեր ու պոչամբարներ կան,բայց շարքային սյունեցին ԲԱՑԱՐՁԱԿ ՉԻ ՕԳՏՎՈՒՄ այս հանքերի շահագործումից. միա՛յն մահաբեր պոչամբարների ու հանքակույտերի արանքում լոբի ու կարտոֆիլ է ցանում՝ որ սովից չմեռնի: ՀԳ. 7:30-15:00-17:30-18:30 = ինչ անտրամաբանական ու տխուր երթացուցակ:
3. Էլմիրա Զաքարյան12:24 - 21 հունվարի, 2015
Աննա Մանգասարյանը նույնիսկ տեղյակ չէ,որ Վաչագան թաղամասի դպրոցը կոչվում է ՊՈԱԿ:Քանի որ թաղամասի ակումբում երբևիցե իր 8 տարվա աշխատանքի ընթացքում ոչ մի միջոցառում չի կազմակերպվել,ուստի դպրոցի մեծ լսարանի համար տվյալ ակումբում շատ միջոցառումներ են կազմակերպվել:Իսկ դպրոցի տվյալների ճշգրտությանը վերաբերվող հարցադրումը կարելի էր կատարել տվյալ դպրոցի աշխատակզամից`թյուրիմածությունից խուսափելու համար:
4. Աննա11:53 - 12 փետրվարի, 2015
Մենք ոչ թե գրել էինք միայն ՊՈԱԿ,այլ ՊՈԱԿ
5. ԱՆՆա19:08 - 15 փետրվարի, 2015
Չեմ հասկանում, ինչպես է ստացվում,որ մեր տեքստից դուրս է մնում մեր դպրոցի իրական անվանումը:Մենք գրում ենք ՙ,,Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց,,իսկ դուք թողնում եք միայն ՊՈԱԿ-ը
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ