HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. թանգարանային տանկի երկրորդ մարտական «գրոհը»

Աննա Բաբաջանյան

Հաղթանակի զբոսայգում գտնվող «Մայր Հայաստան» թանգարանում պահվող հարյուրավոր ցուցանմուշներից յուրաքանչյուրն իր պատմությունն ու ճակատագիրն ունի: Սակայն նրանցից մեկին վիճակվել էր լինել այն եզակին, որը պիտի նախքան իր վերջնական դադարն առնելը մեկներ կարճ «ճամփորդության»:

Մի սովորական օր, երբ «Մայր Հայաստան» Զինվորական թանգարանի աշխատակիցները շտապում էին գործի, հասնելով թանգարանի բակ, զարմանքից քար կտրեցին՝ տեսնելով, որ մի ամբողջ  տարածք դատարկ էր. դրսում ցուցադրվող  «Տ-34» հսկայական տանկը պատվանդանին  չէր, անհետացել էր:  Դա 1990 թվականն էր,  Ղարաբաղյան շարժման տարիներն էին,  երբ հայ կամավորական ջոկատները, հատկապես սկզբում,  ունենալով զենքի սուղ պահանջ, ստիպված էին լինում այն հայթհայթելու համար  դիմել ամեն կարգի հնարամտությունների, որ կռվեն թշնամու դեմ:

«Իմանալով, որ մենք  զինվորական թանգարան ենք, կամավորականները պարբերաբար գալիս էին մեզ մոտ, խնդրում էին, որ իրենց զենք տանք:  Բացի այդ՝ մենք նրանց համար ինֆորմացիայի հիանալի աղբյուր էինք, մեզանից իմանում էին, օրինակ, ազգային հերոսների, գեներալների  մասին տեղեկություններ: Մարդկանց մոտ արթնացել էր հայրենասիրական ոգին, և ամեն երկրորդը Գորբաչովին նամակ էր գրում՝ պատմելով թե ինչ ուժեղ ազգ ենք մենք, ինչ  հերոսներ ենք տվել…»,-«Հետք»-ին պատմեց «Մայր Հայաստան» թանգարանի աշխատակից Լիլիա Անտոնյանը:

Սակայն բոլոր այն բացատրությունները, որ թանգարանի զենքերը, զինտեխնիկան գործածությունից հանված էին եւ անսարք, ապարդյուն էին անցել: Կամավորականները գիշերով գնացել էին թանգարան, տանկը կապել էին ինչ-որ մեքենայի ու տարել:  «Մենք ունեինք գիշերային պահակային ծառայություն, որը չէր միջամտել նրանց գործողությանը. այդ ժամանակ ամեն մեկն ուզում էր ինչ-որ կերպ օգտակար լինել շարժման մասնակիցներին»,- նշեց Լ.Անտոնյանը:

Թանգարանից անմիջապես ահազանգել էին ոստիկանություն, եւ, աշխատակցի խոսքով, մեկ ամիս անց տանկը գտնվել էր Էջմիածնի ճանապարհից. «Այդպիսով, տանկը կրկին բերեցինք թանգարան, արտաքին տեսքը կարգի բերեցինք ու դրեցինք իր տեղում: Հետո լսեցինք, որ այն տարել էին պարզապես թշնամուն վախեցնելու համար»,-մանրամասնեց Լ.Անտոնյանը:

Հետաքրքիր է, որ գողացված տանկի վերաբերյալ շրջանառվում են պատմություններ, ըստ որոնց, դրա վրա տեղադրվել էր բուլդոզերի  շարժիչ եւ տանկը հասել էր մինչեւ ռազմաճակատ: Պատմում են նաեւ, որ նույն ժամանակահատվածում թանգարանից տարվել էր զենիթային հրանոթ, որը,  ի տարբերություն տանկի, հետ չէր վերադարձվել:

Թանգարանային արժեքների ու ցուցանմուշների կողոպուտը պատժվում է օրենքով: Սակայն սա, թերևս, այն եզակի դեպքերից էր, որին բոլորը ներողամիտ հայացքով նայեցին: Պատժվողներ չեղան, քանի որ երբեք չես իմանա, թե հանգամանքներն ինչպես կարող են արդարացնել արարքները: Իսկ Երևանի բարձունքում հանգրվանած տանկն այսօր էլ քաղաքին է նայում երկու պատերազմներում անցած երկաթե մարտիկի հայացքով:

Հ.Գ. «Տ-34»-ը Հայրենական պատերազմի տարիներին եղել է Կարմիր բանակի հիմնական տանկը: Պատերազմի ավարտից հետո տանկի մեկ օրինակ բերվել է Թբիլիսիից եւ 1974թ. հոկտեմբերի 30-ին տեղ է  գտել «Մայր Հայաստան» Զինվորական թանգարանում:

Փաստական տեղեկությունները՝ «Մայր Հայաստան» Զինվորական թանգարանի գլխավոր ֆոնդապահ Լիլիա Անտոնյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter