Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Հայանտառի» տնօրեն. «Այն կարծիքին չեմ, որ անտառներում կոռուպցիա է տիրապետում»



Վանաձորի քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր, բնապահպանական տեսչության նախկին աշխատակից Տիգրան Մելիքյանը, ով մեղադրվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության Լորուտի անտառապետության նախկին անտառապետ Թոմա Մաթևոսյանի սպանության մեջ, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակին պատմել է իր աշխատած տարիների` 2010-2013 թթ.-ի ապօրինի անտառահատումների մասին:

«Դսեղի անտառտնտեսության տարածքից օրական դուրս է եկել 50 բեռնատար` 30 «ԶԻԼ», 20 «Ֆորդ» մակնիշի փայտով բեռնված մեքենա: Եթե գումարենք թվերը, կստացվի, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի, Գուգարքի և Սպիտակի բաժնի պետերը միասին օրական 2 մլն դրամի շահույթ են ունեցել միայն փայտանյութ տեղափոխողներից: Այս ահռելի թվերը առաջին հայացքից անհավատալի են թվում, բայց ոստիկանապետերը իրենց լռությունն ու հովանավորչությունը էժան չեն գնահատում»,- այս տարվա սեպտեմբերին հայտնել է Տիգրան Մելիքյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Տիգրան Մելիքյանի այս և մյուս տեղեկությունների հիման ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական գործ է հարուցվել:

Թումանյանի անտառների պահպանության, կառավարման և ապօրինի անտառահատումների մասին` «Հետքը» հարցեր է ուղղել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանին:

-Պարոն Մաթևոսյան, վերջին անգամ ե՞րբ եք այցելել Դսեղի, Լալվարի և Ջիլիզայի անտառտնտեսությունների անտառներ:

-Երկու տարի առաջ:

-Ի՞նչ գնահատական կտաք ապօրինի անտառահատումներին:

-Դրանք անտառային համակարգերին մշտապես ուղեկցող երևույթներ են` կազմված մեր անտառներին հասցրած վնասների ծավալներից: Ճգնաժամային ժամանակաշրջաններում առաջին հարվածները իր վրա ընդունում է բնությունը,այդ թվում` նաև անտառները: Դրանք նաև սոցիալական խնդիրների հետևանքներ են:

- Հայաստանում տարեկան որքա՞ն ապօրինի հատումներ են գրանցվում:

- Դեռևս 2014 թվականի տվյալները չունենք, բայց 2013 թ.-ի բնապահպանության տեսչության ստուգումների և անտառային պետական մոնիտորինգի ուսումնասիրությունների արդյունքում գրանցվել են 1200-1300 խմ ապօրինի հատումներ:

 -Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում 3 անտառտնտեսությունների տնօրեններից ոչ մեկը անտառի մասնագետ չեն: Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում անտառտնտեսությունների տնօրեններին և մյուս կադրերին:

-Անտառային մասնագետների խիստ պակաս կա Հայաստանում: Ցավոք սրտի, այդ խնդիրը առկա է բոլոր երկրներում: Ի ուրախություն մեզ, վերջին տարիներին Գյուղակադեմիայում ստեղծված է անտառի բաժին, բայց տարբեր պատճառներով շրջանավարտները գերադասում են աշխատել հասարակական կազմակերպություններում կամ այլ ոլորտներում, բայց ոչ անտառային համակարգում:

-Չ՞եք կարծում, որ Գյուղակադեմիայի երիտասարդ մասնագետները ուղղակի խուսափում են անտառի առուծախի անթույլատրելի գործարքների մեջ մտնել:

-Չեմ կարծում, նախ ես այն կարծիքին չեմ, որ անտառներում կոռուպցիա է տիրապետում, որովհետև դա կարող է լինել Ձեր կարծիքը: Ընդ որում` ասեմ, որ պատճառը նաև անտառային ոլորտում անտառապետերի և անտառապահների ցածր աշխատավարձն է: Միայն այս պահին մեզ հաջողվեց, ՀՀ կառավարությունն էլ նպաստեց, որպեսզի  աշխատավարձերը 1,7 անգամ բարձրանան: Անտառի աշխատանքը բավականին ծանր է, և, ցավոք սրտի, երիտասարդությունը ավելի շատ գերադասում է ապրել քաղաքում, քան գյուղում:

-Մեր «Ապօրինի անտառահատումներին տեղյակ են ոստիկանությունը, դատախազությունը, մարզպետը և նախարարարը» հրապարակման մեջ անտառամերձ Մարց գյուղի գյուղացիները «Հետքին» հայտնել են. «Վերևից ա տենց: Ինչ որ էս կառավարությունը ստեղծվել ա, էնա անտառը կտրում են ու կտրում: Հիմա բոլորը` Թումանյանի ոստիկանությունն էլ գիտի, Լոռու մարզի դատախազն էլ գիտի, մարզպետն էլ գիտի, նախարարն էլ գիտի: Կտրում են, փողն էլ դնում են ջեբներին: Ժողովուրդը բանվորություն է անում, իշություն է անում, իրա փողն ստանում»: Ինչպե՞ս եք վերաբերվում հանրային այս կարծիքին:

-Նախ ասեմ, հանրային կարծիքը ստեղծում է նաև մամուլը, իսկ այն, որ մեզ մոտ բնապահպանական ոլորտի մասնագետ ժուռնալիստները պակաս են, դա ակնհայտ է: Շատ ժամանակ ինֆորմացիայի բացակայությունը նույն ժուռնալիստների, նույն գյուղացիների համար ստեղծում է կարծիք, որ այդ հատումները անօրինական են: Ուրեմն ես Ձեզ ասեմ. Դսեղի անտառտնտեսությունը տարեկան իրացնում է մոտավորապես 3200 խմ վառելափայտ, և, երբ այդ փայտանյութը շարժվում է անտառից դուրս, անտեղյակ մարդու համար դա դառնում է ապօրինի հատում:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Դսեղի անտառտնտեսության անտառի փեշին անտառանյութը անտառից հանվում է առանց ֆինանսական փաստաթղթերի:

-Ես Ձեզ ասեմ, որ Ձեր բոլոր հրապարակումների հետքերով մենք ուղարկվում են ստուգողներ. ոչ միայն «Հայանտառը», նաև գյուղնախարարությունը ուսումնասիրում են այդ փաստերը, և, ցավոք սրտի, դրանք ոչ միշտ են համապատասխանում իրականությանը:

-Ինչու՞ այդ դեպքում թերթին հերքում կամ դատի չեք տալիս:

-Եթե կպարզվի, որ ձեր տված տեղեկատվությունը ապատեղեկատվություն է, կհանձնարարենք համապատասխան անտառտնտեսությանը, որ դատի տա:  

-Բայց Դուք նոր ասացիք արդեն պարզել եք:

-Ես Ձեզ ասեմ, ուրեմն Ձեր հրապարակած նյութերից անցյալ, թե նախանցյալ տարի նույն փայտի կույտը նկարված էր երեք դիրքերից և դրված էր սայթում որպես տարբեր կույտեր: Դուք 80 տարեկան տատիկի հայաթում հայտնաբերել էիք փայտը, և ասում էիք ապօրինի է, բայց հետո պարզվեց…

-Անձա՞մբ եք դա բացահայտել: Խորհուրդ կտայինք անձամբ ուսումնասիրելուց հետո խոսել այդ մասին:

-Բնապահպանական տեսչությունն է փաստել:

-Տեղյա՞կ եք Ձեր պահպանության տակ գտնվող անտառների հատատեղերում ստեղծված հրդեհավտանգ վիճակներին:

-Ես Ձեզ մեծ սիրով կընդունեի աշխատանքի, եթե նման ցանկություն ունեք, որովհետև մասնագիտական բաներ եք ասում` անտեղյակ լինելով այդ համակարգի խնդիրներին: Իհարկե, եթե հրդեհավտանգ պայման է ստեղծվում, պետք է անմիջապես դրա դեմ պայքարել: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ