HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ ծանրորդներն առայժմ ոչնչով չեն ուրախացնում

Ղազախստանի Ալմաթի քաղաքում նոյեմբերի 4-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը նաեւ վարկանիշային է 2016 թ. օլիմպիական խաղերի համար: Մեր երկիրն այս անգամ ներկայացնում են 14 ծանրամարտիկներ, որոնցից 6-ը կին են, 8-ը` տղամարդ: Նրանք են. Էլեն Գրիգորյան (48 կգ), Աննա Գովելյան (53 կգ), Իզաբելա Յայլյան (63 կգ), Քրիստինե Պետրոսյան (63 կգ), Մելինե Դալուզյան (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Արա Խաչատրյան (77 կգ), Հակոբ Մկրտչյան (77 կգ), Աղասի Աղասյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ), Հայկ Հակոբյան (+105 կգ): 

Արդեն իրենց ելույթներն են ավարտել 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը եւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Հայ մարզիկներից առաջինը հարթակ դուրս եկավ 2010 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, նույն տարվա Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը, որը մրցեց B խմբում: Պոկում վարժությունում երեւանցի ծանրորդը միայն երկրորդ փորձից կարողացավ բարձրացնել 107 կգ-անոց ծանրաձողը, որը նրա միակ հաջող փորձն էր: Հրում վարժությունում էլ Սմբատը բարձրացրեց 143 կգ, ապա երկու անգամ ձախողվեց 147 կգ-ի հաղթահարման ժամանակ: Ընդհանուր 250 կգ-ով Մարգարյանը հայտնվեց իր քաշային կարգի 18-րդ տեղում, իսկ B խմբում` ընդամենը 7-րդ տեղում: Սա, անշուշտ, վատ արդյունք է Սմբատի համար, որը դեռ 4 տարի առաջ մեծ հույսեր էր ներշնչում: 56 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ հյուսիսկորեացի Օմ Յուն Չոլը: Երկրորդը Վիետնամի, իսկ երրորդը` Չինաստանի ներկայացուցիչներն էին: 

Իսկ ահա Էլեն Գրիգորյանը, որը հանդես էր գալիս իր քաշային կարգի C խմբում, պոկեց 65 եւ հրեց 83 կգ, ինչի արդյունքում հանգրվանեց իր խմբի եւ քաշային կարգի նախավերջին տեղում: Չեմպիոն դարձավ չինուհի Թան Յայունը, երկրորդ տեղը զբաղեցրեց թուրք մարզուհին, իսկ երրորդը` թայլանդուհին: 

Տղամարդկանց 62 կգ կարգում մենք ներկայացուցիչ չունեինք: Այստեղ հյուսիսկորեացի Կիմ Ուն Գուկը նվաճեց ոսկին, արծաթը բաժին հասավ Ինդոնեզիային, իսկ բրոնզը` Չինաստանին: 

Այսօր պայքարի մեջ են 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանն ու 53 կգ քաշային Աննա Գովելյանը: Վերջինս ընդգրկված է B խմբում, իսկ Ավետիսյանը` A: Աննան արդեն ավարտել է ելույթը. նա պոկել է 80 եւ հրել 95 կգ: 175 կգ ընդհանուր արդյունքով Գովելյանը խմբում 10 հոգու մեջ զբաղեցրել է վերջին տեղը (չհաշված բրազիլուհուն, որը պոկում վարժությունում 0 է ստացել):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter