Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Վանիկ Ավետիսյանը 5-րդն է



Ղազախական Ալմաթիում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան տղամարդկանց 69 եւ կանանց 53 կգ քաշային կարգերի հաղթողները: 

Ինչպես արդեն հայտնել ենք, 53 կգ քաշային Աննա Գովելյանը, որն ընդգրկված էր B խմբում, զբաղեցրեց խմբի նախավերջին տեղը: Այս քաշային կարգում գրանցված էր 34 մարզուհի, որոնցից 33-ը դրական արդյունք ցույց տվեցին: Աննան ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 22-րդ տեղը: Իսկ չեմպիոն դարձավ Ղազախստանի ներկայացուցիչ Զուլֆիա Չինշանլոն: Երկրորդում Չինական Տայպեյի (Թայվան), իսկ երրորդում` Չինաստանի մարզուհիներն էին: 

69 կգ տղամարկանց պայքարում բոլորից մի գլուխ բարձր էր 2008 թ. օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն, ռեկորդակիր Լյաո Հուեյը, որը ռեկորդ սահմանեց պոկում վարժությունում (166 կգ): Ընդ որում` նրան է պատկանում նաեւ հրում վարժության աշխարհի ռեկորդը: Այս անգամ, սակայն, հրում ձեւում չինացին բավարարվեց 193 կգ-ով: Երկամարտում չինացին թարմացրեց իր իսկ ռեկորդը` գրանցելով 359 կգ: Երկրորդը եգիպտացի Մոհամեդ Իհաբն էր (երկամարտում` 334 կգ), երրորդը` հյուսիսկորեացի Կիմ Մյոն Հյոկը, որը միայն անձնական քաշով զիջեց եգիպտացուն:

Մեր ներկայացուցիչը` Վանիկ Ավետիսյանը, պոկեց 141 եւ հրեց 179 կգ` երկու դեպքում էլ ձախողելով միայն վերջին փորձերը: Երկամարտի 320 կգ արդյունքով Ավետիսյանը հայտնվեց 5-րդ տեղում` բացի վերոնշյալ եռյակից իրենից առաջ թողնելով նաեւ ռուսաստանցի Օլեգ Չենին (երկամարտում` 332 կգ), որը պոկում վարժությունում փոքր արծաթ նվաճեց: 

Վաղը հարթակ դուրս կգա 77 կգ տղամարդկանց C խմբում ընդգրկված Հակոբ Մկրտչյանը: Նույն քաշի A խմբում ամսի 12-ին հանդես կգա բազմափորձ Արա Խաչատրյանը:

Լուս.` Լյաո Հուեյը նոր ռեկորդ է սահմանում (առաջնության պաշտոնական կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ