HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փաստաբանական նոր գրասենյակ Գյումրիում

Գյումրիում այսուհետ գործելու է ՀՀ փաստաբանների պալատի Շիրակի մարզային գրասենյակը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին: Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանի փոխանցմամբ` պալատի վարած մարզային քաղաքականության նպատակը մայրաքաղաքից դուրս գործող փաստաբանների վիճակի բարելավումն է: «Տհաճ է ականատես լինել, թե ինչպես է փաստաբանը աշխատանքի բերումով իր հանդիպումը վստահորդի հետ կազմակերպում դատարանի միջանցքներում միայն այն պատճառով, որ չունի նստավայր»,- նշեց փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Գյումրու ոստիկանության նախկին վարչական շենքում կահավորված երեք սենյակներում տեղավորվելու են Շիրակի մարզում գործող հանրային պաշտպանները և այն փաստաբանները, ովքեր չունեն սեփական գրասենյակ: «Մենք արդեն մի քանի գրասենյակ բացել ենք այլ մարզերում և այսօր հերթը Շիրակի մարզին էր,- նկատեց Ա. Զոհրաբյանը,- գրասենյակի բացմանը ներգրավել ենք միայն փաստաբանական պալատի ռեսուրսները, որևէ օգնություն որևէ տեղից չենք ստացել»:

Նոր գրասենյակում իրենց գործունեությունը ծավալող փաստաբանները պարտավորություն ունեն ամիսը մեկ անգամ անվճար խորհրդատվություն կազմակերպել մարզի բնակիչների համար: Պատասխանատուները հայտարարեցին, որ սա փոխադարձ պայմանավորվածություն արդյունք է, և նպատակ ունի աջակցել սոցիալապես անապահով խավին իրավաբանական խորհրդատվությամբ:

Արա Զոհրաբյանը անդրադարձավ քաղաքացիների և փաստաբանների արդարադատության համակարգի նկատմամբ ունեցած անվստահությանը: Խոսեց նաև փաստաբանների նկատմամբ դրսևորվող ագրեսիվ վարքի մասին:

«Շատ դեպքերում մարդիկ փաստաբանին և վստահորդին նույնացնում են, հատկապես, եթե կատարվել է սպանություն: Մենք դեպք ունեցանք Կոտայքի մարզում մի երկու ամիս առաջ, երբ նավթը լցրել էին փաստաբանի վրա և ցանկացել այրել: Հիմա այդ անձը դատապարտվում է: Մենք շատ ուշադիր ենք ցանկացած միջադեպի նկատմամբ ու աշխատում ենք արագ արձագանքել: Հնարավորինս պաշտպանելով փաստաբանների` մենք նաև խիստ ենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են համագործակցել նախաքննական մարմինների հետ: Վերջերս մեկին հեռացրել ենք, մեզ միջնորդ փաստաբաններ հարկավոր չեն»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Մեկնաբանություններ (2)

Վարդուհի
Խնդրում եմ շատ կարճ խորհրդատվություն։ Նախապես շնորհակալություն
Գոհար
Ինձ հարկավոր է խորհրդատվություն սնանկ ճանաչելու վերաբերյալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter