Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ֆեյսբուքյան լրատու. Պահպանենք մնայուն արժեքներն աղբանոցում



Քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում այսօր մեծ աղմուկ էր բարձրացել: Երբ Բուզանդի փողոցում քանդվում էին երեւանյան հին հուշարձան-շենքերն` էլիտարներ կառուցելու նպատակով, քաղաքապետարանը խոստանում էր պահպանել այդ կառույցների քարերը` հետագայում դրանք վերակառուցելու եւ երեւանյան նախկին տեսքը պահպանելու նպատակով: Սակայն երեւանցիները վերջերս բացահայտել են, թե քարերն ինչպիսի հոգածությամբ են «պահպանվում» աղբանոցում` կիսաջարդված վիճակում:

Այսօր քաղաքապետը ստիպված եղավ պատասխան տալ ֆեյսբուքցիների առջեւ` տիրող իրավիճակի համար: «Մեր քաղաքը» անվամբ ֆեյսբուքյան օգտատերը հետեւյալ գրառումն էր թողել քաղաքապետի պատին` տեղադրելով լուսանկար քարերի գտնվելու վայրից.

«Ժողովրդի ձայնը - ԲԱՎԱԿԱՆ Է, ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ. ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ, ՈՐ ՀԵՏՈ ԱՍԵՔ, ԹԵ ԱՅՆ ՉԻ ԵՂԵԼ, ԹԵ ԱՅՆ ԶՐՈՅԻՑ ԴՈՒՔ ԵՔ ԿԱՌՈՒՑԵ՞Լ...»:

Նրա գրառումից մոտ 1 ժամ անց քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը տեղադրեց հետեւյալ պատասխանը` մեկնաբանությունների բաժնում. «Բյուզանդի փողոցի հուշարձան շենքի ապամոնտաժումը իրականացվում էր «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում եւ այդ հատվածում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է իրար միացնել Տերյան և Զաքյան փողոցները: Ծրագրի այդ մասում կառուցապատում իրականացնող «Ի Էմ Սի» ՓԲԸ պատասխանատուները հայտարարում են, որ ներկայացված նկարներում պատկերվածը աղբավայր չէ, այլ կառուցապատողի սեփականությունը հանդիսացող տարածք, ուր քարերի ապամոնտաժումը կազմակերպելու համար պատրաստված է արհեստական հողակույտ-հարթակ: Աշխատանքային օրվա վերջում ապամոնտաժված քարերը հավաքվում և տեղափոխվում են պահեստավայր՝ հետագայում վերակառուցելու նպատակով: Պահեստավորված քարերի լուսանկարները տրամադրել է «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն»:

Քաղաքապետի մամուլի խոսնակի պատասխանն անլուրջ համարվեց ֆեյսբուքցիների կողմից: «Մեր քաղաքը» օգտատերն իր հերթին, անդրադառնալով Շուշան Սարդարյանի պատասխանին, մեկնաբանեց. «Լուսանկարներ մենք էլ կարող ենք տրամադրել: Ցավոք, լուսանկարը այդ կոթողների մասին վերջին հուշն է: Եվ այս ամենը՝ քաղաքային իշխանությունների թեթև ձեռքով: Ի՞նչ է նշանակում «հուշարձան շենքի» ապամոնտաժում՝ վերակառուցման նպատակով: Հարգելիներս, դուք նման բան տեսե՞լ եք, ասենք, Գերմանիայում, Անգլիայում կամ Իտալիայում: Հուշարձանը իր տեղում է հուշարձան: Այն տեղափոխման ենթակա չէ: Կարաբալայի արձանը յոթ անգամ տեղափոխեցին, հասկացանք, բայց շենքը արձան չէ: Այն իր տեղում է հուշարձան, իսկ կառուցապատողները պետք է հարգեն այդ սկզբունքը և շրջանցեն պատմական շենքերը: Սա է ողջ խնդիրը»:

Իսկ Քրիստինե Ասատրյանը, որ ողջ օրվա ընթացքում ֆեյսբուքում իր անհանգստությունն էր արտահայտում` քարերի ոչնչացման առիթով, զարմանքով մոտեցավ քաղաքապետի խոսնակի պատասխանին, նշելով. «Մի բան է ինձ համար միայն շատ պարզ, որ կամ ձեզ տրամադրել են այլ նկարներ, կամ տեսողության հետ խնդիրներ կան, կամ էլ պարզապես հերթական խաբկանք է վերևի գրվածքը: Համենայնդեպս, չեմ կարծում թե նման ավիրածություններից հետո տվյալ քարակտորները հնարվոր կլինի որևէ տեղ օգտագործել, կամ առավել ևս վերարտադրել: Այս Շենքը արժանացավ նույն ճակատագրին, ինչպես Հին Երևանի մնացած այլ "հրաշքները": Գոնե Գիտակցում եք Ձեր կատարած "սխրագործության" գինը...չեմ կարծում:Որ գիտակցեիք, չէիք շարունակի»:

Մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն այս ամենին ի պատասխան` քաղաքապետի էջում տեղադրեց «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի տրամադրած լուսանկարը:

Այս լուսանկարը կարծես թե պիտի ապացուցեր ֆեյսբուքահայերին, թե «արժեքավոր» քարերը պահպանվում են ապահով ձեռքերում, սակայն ոչ միայն հայությունն, այլեւ ֆեյսբուքահայությունն այլեւս չի հավատում ոչ քաղաքապետարանի եւ ոչ էլ իշխանական այլ մարմնի խոսքերին:

Մարի Թարյանն, օրինակ, պահանջեց. «Ես անձամբ ցանկանում եմ տեսնել դրանք: Եթե դժվար չէ տրամադրեք «Ի Էմ Սի» ՓԲԸ-ի կոնտակտները: Եվ մի բան էլ, «Ի Էմ Սի» ՓԲԸ պատասխանատուները հայտարարում են, որ ներկայացված նկարներում պատկերվածը աղբավայր չէ, այլ կառուցապատողի սեփականությունը հանդիսացող տարածք, ուր քարերի ապամոնտաժումը կազմակերպելու համար պատրաստված է արհեստական հողակույտ-հարթակ: Էդ հարթակում եղածին միայն աղբ անունը կարելի է տալ... Ցավոք, այդպես է.. ու էդ աղբի մեծ մասը համարակալված քարերն են»:

Իսկ քաղաքապետարանի դիտարկումը, թե այն վայրը, որտեղ քաղաքացիները նկատել են թափված քարերը, աղբավայր չէ, ֆեյսբուքցի Շուր Դաբավոգն այսպես է մեկնաբանում.

«էսօր ինքս եմ աչքովս տեսել, եթե դա աղբավայր չի, ապա մեր պատկերացումները աղբի մասին խիստ տարբեր են»:

Ֆեյսբուքում դեռ շարունակում են պարզել` ինչ է լուսանկարներում պատկերվածը. աղվավա՞յր է, թե՞ հատուկ պահեստ` մնայուն արժեքները պահպանելու համար: Իսկ «Հետքն» այս խնդրին կանդրադառնա հետագա հրապարակումներում:

 


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում
    Գուցե մի քիչ անհամեստ հնչի, բայց կուզենամ անպայման ճիշտ հասկացված լինել. հավաքվել է բավական ազնիվ, պարկեշտ մարդկանց թիմ:
  • ԲՀԿ-ի քայլը՝ Facebook-ի քննարկման թեմա
    Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տարածած հայտարարությունը՝ կոալիցիային չմասնակցելու մասին, բուռն քննարկումների առիթ է տվել Facebook սոցցանցի հայաստանյան տիրույթի անդամներին: Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Սաղ գրում են, որ ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա: Բա ՀՀԿ-ն մտա՞վ, չհասկացա»: Այս գրառմանը մեկ այլ բլոգեր՝ «Փիղ» անունով հայտնի Տիգրան Քոչարյանը, պատասխանել է. «Կոալիցիան տունը չէր»:
  • Վազգեն Մանուկյանը` դռնապանի պաշտոնում
    Ֆեյսբուքցիներն սկսել են իրենց կարծիքներն ու մտորումներն արտահայտել լուսանկարների միջոցով: Կարծես թե գաղտնի մրցակցություն հայտարարված լինի, թե ով ավելի սուր եւ ծիծաղելի ֆոտո - ծաղրանկար կհրապարակի իր պատին: Նշենք, որ քաղաքական էլիտային ֆեյսբուքցիներն իրոք շատ ճշգրիտ եւ զավեշտալի դերերում են պատկերում: Ներկայացնում ենք այդ լուսանկարներից մի քանիսը:
  • Իսկ դու հրաժարական տվե՞լ ես
    Այս պահինխաղավարը /պայմանական Սերժ/ քթի տակ ծիծաղում է, որովհետև միայն նա գիտի, որ բոլոր խաղացողներինսև քարտ է բաժանել...
  • Սերժը մուկ էր տշում, կաթողիկոսն` աղոթում, ֆեյսբուքցիները` ծիծաղում
    «Հայաստանում կենդանաբանական բալանսն ապահովելու համար անհրաժեշտ է, որ մկից հետո հրաժարական տա նաև Գրանդ Քենդիի փղիկը... Ֆեյբուքյան Փիղը մնացած մկներին լրիվ հերիք է...»:
... կարդացեք ավելին «Ֆեյսբուքի տեսություն» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ