Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հակոբ Մկրտչյանը համեստ ելույթ ունեցավ, վաղը հարթակում կլինի Արա Խաչատրյանը



Ալմաթիում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր հարթակ դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: Մեր մարզիկն ընդգրկված էր C խմբում: Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրեց 140 կգ, իսկ հրումում՝ 180: Երկամարտի 320 կգ-ով հայ ծանրորդը խմբում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով ինդոնեզացի, երկու կուբացի եւ ամերիկացի մարզիկներին:

77 կգ տղամարդկանց A խումբը պայքարի մեջ կմտնի վաղը: Հայաստանը այդտեղ կներկայացնի գյումրեցի հայտնի ծանրորդ Արա Խաչատրյանը: Վաղը կանանց 63 կգ քաշային կարգի C խմբում ելույթ կունենա Քրիստինե Պետրոսյանը, իսկ B-ում՝ Իզաբելա Յայլյանը: 85 կգ տղամարկդկանց B խմբում էլ հանդես կգա Աղասի Աղասյանը: 

Վերադառնալով Արա Խաչատրյանին՝ հիշեցնենք, որ գյումրեցի 32-ամյա ծանրորդը 2006 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2007, 2008, 2010 թթ. Եվրոպայի փոխչեմպիոն: Արան այն շնորհալի մարզիկներից է, ով շարունակաբար ուրախացրել է երկրպագուներին հաջող ելույթներով, բայց միաժամանակ ինչ-որ բան չի հերիքել առաջինը դառնալու համար:

2007-ի Եվրոպայի առաջնությունում նա առաջին տեղը զիջեց Գեւորգ Դավթյանին, իսկ 2010-ին՝ Գեւորիկ Պողոսյանին: Շատերը կհիշեն հատկապես աշխարհի 2010 թ. առաջնությունը Ստամբուլում, որտեղ մեր մարզիկը գերազանց հանդես եկավ պոկում վարժությունում՝ փոքր ոսկի նվաճեց, սակայն հրումի առաջին փորձի ժամանակ ծանրաձողը գցեց իր վրա եւ արմունկի ծանր վնասվածք ստացավ: Դրանից հետո՝ 2012-ի օլիմպիական խաղերում, Արան պոկում վարժությունում 0 ստացավ ու դուրս մնաց պայքարից: Մինչեւ 2010 թ. Արան հանդես էր գալիս 77 կգ կարգում, իսկ 2010-ից տեղափոխվեց 85 կգ կարգ, սակայն հիմա կրկին իր հարազատ քաշում է: 

Լուսանկարում՝ Արա Խաչատրյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ