HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 տարեկանում դատապարտված նախկին զինվորը 10 տարի պնդում է, որ անմեղ է

«Հետքն» ամիսներ առաջ ծանոթացել էր երեք զինծառայողներ՝ Սուրիկ Չոբանյանի, Ավետիք Թումանյանի ու Արթուր Քոչարյանի վերաբերյալ քրեական գործին: Նախկին երեք զինծառայողներն, ովքեր այսօր մոտ 30 տարեկան տղամարդիկ են, 2004 թ.-ին՝ 19 տարեկանում, դատապարտվել են ցմահ ազատազրկման Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ մեղադրվելով համածառայակից Արթուր Մեսրոպյանի սպանության մեջ: Ապա վերաքննիչ դատարանը Սուրիկ Չոբանյանի, Ավետիք Թումանյանի պատժաչափը փոխարինել է 15 տարվա ազատազրկմամբ, իսկ Արթուր Քոչարյանի պատժաչափը թողել է անփոփոխ՝ ցմահ ազատազրկում:

Երեք տղաները զորակոչվել են բանակ 2003 թ.-ին, ծառայել ԼՂՀ Մարտունու զորամասում, սակայն մինչ օրս տուն չեն վերադարձել: Նրանք պնդում են, որ չեն կատարել սպանություն, որ բացառապես անմեղ են: Այս գործով կատարվել է մոտ 15 փորձաքննություն, որևէ մեկով չի հաստատվել 3 զինծառայողների ներկայությունը դեպքի վայրում: Դատավճռի հիմքում դրվել են համածառայակիցներից մեկի 6-7 անգամ փոփոխված ու պարբերաբար լրացված ցուցմունքները: Անգամ խոշտանգումներով չեն կարողացել նրանցից կորզել ինքնախոստովանական ցուցմունքներ: «Մեզ այնպիսի կտտանքների են ենթարկել Ստեփանակերտի ՌՈ-ում, որ երբ տարան Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ մեզ չընդունեցին, ստիպված տեղափոխեցին Երևանի հոսպիտալ»,- այս մասին Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում հայտնել են մեղադրյալները:

ՀՀ ԱՆ ՔԿՎ համաձայնությամբ «Հետքն» այցելեց «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ հարցազրույց վարեց նախկին զինվոր, 10 տարի առաջ ցմահ ազատազրկման (վերաքննիչ դատարանի դատավճռով՝ 15 տարվա ազատազրկում) դատապարտված Սուրիկ Չոբանյանի հետ:

- Սուրի՛կ, մի փոքր պատմեք Ձեր մասին:

- Ծնվել եմ Արտաշատում, Նորաշեն գյուղում եմ մեծացել, ավարտել եմ դպրոցն ու գնացել բանակ 2003 թ.-ին: Ինձ տարան Ղարաբաղ՝ Մարտունի: Տարի ու կես արդեն ծառայում էի, Արթուրի մահվան դեպքը եղավ: Ես, Ավետիք Թումանյանն ու Արթուր Քոչարյանը նույն վաշտում էինք, մեզ հետ նույն վաշտում էր նաև մահացող տղան՝ Արթուր Մեսրոպյանը:

-18-ամյա Արթուր Մեսրոպյանի մահվանը նախորդած դեպքերի հետ կապված ի՞նչ եք հիշում:

-2004 թ.-ի սեպտեմբերի 19-ից Արթուրը կորավ, ինչքան գիտեմ՝ մի 5 ամսվա ծառայող էր: Բոլորը մտածում էին, որ փախել, տուն ա գնացել, բայց իմացանք, որ զանգել են տուն, բայց Արթուրը տանը չի եղել: Սեպտեմբերի 21-ի առավոտն էր, բոլորս ֆիզզարյադկայի էինք դուրս եկել, իմացանք, որ Արթուրին գտել են զորամասի պարսպից կախված: Ես ոչ մի բան էդ ժամանակ չեմ տեսել. ո՛չ դիակը, ո՛չ էլ, թե ոնց են տանում: Անգամ չգիտեինք, թե որ կողմից էր կախված, դատարանում ենք իմացել, որ պարսպի հետևի կողմից ա կախված եղել:

-Ավետիք Թումանյանի հետ հարցազրույցից ու քրեական գործից գիտեմ, որ Ձեզ տարել են Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն: Կպատմե՞ք այդ օրերի մասին:

-Հա՛, տարան Ստեփանակերտ, չաստից շատ մարդ տարան, վաշտից, կողքի ջոկից, երևի 20-ից ավել մարդ կլինեինք: Տարան ու միանգամից սկսեցին հարցնել՝ ոնց եք սպանել: Բայց ոչ մի բան չգիտեի, ի՞նչ ասեի: Հարցնում էին՝ էդ գիշեր ուր ես դուրս եկել: Ասում էի, որ մի քանի րոպեով զուգարան եմ դուրս եկել, ինձ էլ աֆիցեր Արմենը տեսել ա էդ ժամանակ: Ասում էին՝ եթե ուզում ես տուն գնաս, մի հատ ցուցմունք տանք, գրի, գնա տուն: Մոտավորապես՝ էն ցուցմունքն էր, որը 40 օր հետո տվեց զինվորներից Անդրանիկ Կարապետյանը՝ Աղվեսը, ու ամեն ինչ բարդեց մեր վրա: Կա քննչական փորձարարություն, որ Աղվեսը ցույց ա տալիս, թե ինչը ոնց ա եղել: Բայց մեզ չտարան: Հետո դա ֆոտոներով եմ տեսել:

-Քրեական գործում ես տեսա Անդրանիկ Կարապետյանի մոտ 6-7 ցուցմունք: Ո՞րն է դրանցից ճշմարիտ:

-Ինքը կարար 6-7 ցուցմունքից ավելի շատ տար, այսինքն՝ ավելի շատ հորիներ: Ի՞նչ ասեմ՝ ոչ մեկն էլ ճիշտ չի: Իրան ինչ ասել են, էն էլ գրել ա: Ավոյին էլ (Ավետիք Թումանյան- հեղ.) են նույն բանը ասել. կանչել են, ասել են ՝ սենց ցուցմունք տուր ուրիշների վրա, դու ազատ կլինես: Ժամանակ էին տվել, որ մտածենք: Բայց ո՞նց ուրիշի վրա սուտ ցուցմունք տաս, եթե բան չգիտես:

-Քրեական գործում կան վկայություններ բռնությունների մասին: Նաև Ավետիք Թումանյանն ինձ հետ հարցազրույցում նշել է, որ ՌՈ-ում դուբինկաներով էին խփում, պլինդուզներով էին խփում ոտքերի տակ:

-Մենակ ասում էին՝ եթե ուզում ես տուն գնաս, մի հատ ցուցմունք տանք, գրի, գնա տուն:

-Ձեր՝ երեքի ծնողների հետ զրույցից իմացա, որ իրավապահները հետաքրքրվել են՝ ինչպես են ապրում Ձեր ընտանիքները, գումար են պահանջել:

-Փող-մող, ըտենց բաներ չի եղել…

-Ինչքա՞ն պահեցին Ստեփանակերտի ՌՈ-ում:

-Սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի կեսերը երևի, մոտ 20 օր պահեցին Ստեփանակերտի ՌՈ-ում, հետո բերեցին Երևան, Երևանյան լճի մոտ էր, էլի ռազմական ոստիկանություն: Ես անձամբ լսել եմ Ջհանգիրյանի խոսքը Ստեփանակերտի ՌՈ-ում: Ասում էր՝ 10 օր ժամանակ եմ տալիս, գործը բացահայտեք: 5 օրը լրացավ մեզ բերեցին Երևան: Սկզբում որպես վկա էի, հետո դարձա կասկածյալ: Երևանում էլ պահեցին մինչև նոյեմբերի 4-ը: Նոյեմբերի 2-ին ինձ նոր մեղադրանք են առաջադրել: Փաստորեն 40 օրից ավելի մեզ պահել են: Մեզ ասում էին՝ ուզում եք՝ վիզ վերցրեք, ուզում եք՝ մի վերցրեք, մեկ ա՝ պիտի դատվեք:

-Հետո Ձեզ՝ երեքիդ, Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման: Ի՞նչ եք հիշում այդ օրերից:

-Դատավորն ասում էր՝ ինձ ոնց ասել են, տենց էլ անում եմ: Վերաքննիչի դատավորն էլ ինձ ասում էր, ժամանակ եմ տալիս, մտածի, ցմահը կփոխեմ: Ասեցի, որ չարածի համար մի օրն էլ ա շատ: Ասում էի՝ անուն-ազգանունիցս բացի, ոչինչ չեք հարցնում: Օրինակ՝ չբացահայտված մատնահետքեր կան, ո՞ւմն են: Ես իրավաբան չեմ, բայց տրամաբանությունն էլ ասում ա, որ Անդրանիկի՝ Աղվեսի ցուցմունքները հակասում են փորձաքննություններին: Ես ասում էի դատավորին՝ մի բան ասեք, մի ապացույց բերեք, օրինակ՝ ասեք, որ էս մատնահետքը քոնն ա, խելոք նստի տեղդ: Հիշում եմ, որ մեզ դատում էին, բերդի աշխատողները լացում էին: Ասում էին՝ հանգիստ մի՛ նստեք, տղե՛րք, ինչքան տեղ գիտեք, բողոքեք:

-Քրեական գործում փաստաթղթեր կան, որտեղ Դուք հրաժարվել եք ստորագրել: Ի՞նչու:

-Գործին լավ ծանոթ եք: Քննիչը, որ գործերը փակել ա, ես չեմ ստորագրել: Արած լինեինք, թող 50 հատ ցմահ տային, բայց ո՞ւմ համար, ինչի՞ համար… Ինչ ա, թե մի հատ Գագիկ Ջհանգիրյան ա եղել: Ես ասում էի՝ կանչեք դատարան զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, չէ՞ որ ինքն ա ստորագրել մեղադրականը: Էդ պահին դատավորն ասում էր՝ անջատեք միկրոֆոնները, որ չձայնագրվեր իմ խոսքը: Մեր պաշտպան Վահե Մարգարյանին դատավորն ասել ա, թող վիզ վերցնեն, ասեն, որ իրանք են, մեղմ կվարվենք, թե չէ ամբողջ կյանքը բանտում կմնան:

-Ցմահ դատապարտյալի կարգավիճակում մնացիք 9 ամիս: Այն ժամանա՞կ էլ էիք պայքարում:

-Ցմահի տակ նստած անգամ՝ մեր ծնողների միջոցով խաբար էին անում, թե ընդունեք մեղքը, զղջացեք: Այսինքն՝ ընդունեք, որ դուք եք սպանել Արթուրին, փոխենք, տարիների պատիժ սարքենք: Բայց ո՞նց ընդունես, ի՞նչը ընդունես, երբ ոչ մի բան չգիտես սպանությունից: Վերջին համաներումն էլ որ եղավ, ասեցին՝ 1 միլիոն քաղաքացիական հայցը վճարի, 6 ամիսը կկրճատվի պատժից: Բայց եթե ես մեղավոր չեմ, ի՞նչ անեմ: 

-Վերաքննիչ դատարանում Դուք Ձեր ձեռքերի երակները կտրել եք:

-Ուզում էի ցույց տայի՝ նման դեպքում արյան հոսելը որն ա: Ուզում էի վիզս էլ բացեի, չհասցրեցի, որ տեսնեին, թե ոնց արյունը կհոսի էդ ժամանակ: Բոլորը արյունոտվել էին: Իսկ Անդրանիկ Կարապետյանը ցուցմունքում գրել ա Արթուրի թևերի տակից 30-40 մետր քաշ ենք տվել, իբր, էն դեպքում, երբ Արթուր Մեսրոպյանը, ըստ գործի, արդեն կտրած ա եղել թևերի ու վզի երակները: Բայց դեպքի վայրից ընդամենը 2 կաթիլ արյուն են գտել: Ես դատարանում ասում էի՝ մի փաստ ցույց տվեք, որ մենք էնտեղ ենք եղել: Մեզանից վերցրել են եղունգ, շորեր, մաշկ, մատնահետք, ոչ մի բան չի համընկնում մեր հետ:

-Այդ օրերից 10 տարի է անցել: Հիմա Դուք ունե՞ք պատասխանը, թե ինչու եք դատապարտված:

-Չբացահայտված գործ էր, ուզում էին գրեին՝ բացահայտված: Մի բան պարզ ա, որ գործը մեզանով են փակել: Հիմա չգիտեմ, թե ում բարեկամն ա եղել մեղավորը: Արել են՝ չգիտեն տակից ոնց դուրս գան:

-Լա՛վ, Սուրի՛կ, Ձեր պատկերացումներով՝ ի՞նչ էր տեղի ունեցել Արթուր Մեսրոպյանի հետ: Արդյո՞ք ինքնասպանություն էր դա:

-Ես չեմ հավատում ինքնասպանությանը: Մարդը չէր կարա իրա վիզը կտրեր, թևերը կտրեր, հետո էլ ինքը իրան կախեր: Ինձ թվում ա՝ նույնիսկ էդտեղ չի եղել դեպքը: Բայց թող գտնեին: Իսկ եթե էդտեղ ա եղել, դեպքից հետո վարել են հողը, հետքերը վերացրել են, էլ ի՞նչ ասեմ:

-Ձեզ մեղադրել են նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ:

-Վերաքննիչ դատարանում դատախազին ասեցի՝ ինձ մի հարց տվեք գոնե, լռեց: Ես էլ էդ պահին միկրոֆոնն ու մեղադրականը շպրտեցի նրա վրա: 150.000 դրամ տուգանք նշանակեցին ու 2 տարվա պատիժ: Ես էլ կատակով ասում եմ, որ միկրոֆոնը դատախազի վրա շպրտելու համար ինձ 15 տարի են տվել: Գոնե էդ գիտեմ, որ արել եմ:

-Ա՛յ, Դուք 10 տարի է պնդում եք, որ անմեղ եք: Ի՞նչ եք կարծում՝ էլի կա՞ն անմեղ մարդիկ մեր բանտերում:

-Կլինեն անմեղ մարդիկ բանտերում: Որ հին գործերը նայեն, լիքը կգտնեն: Իրանք էլ գիտեն, որ մենք չենք: Թող արդարություն լինի:

-Սուրի՛կ, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը, պետությունը ոչնչացրել է իրեղեն ապացույցները, նոր հանգամանքներ գտնելը գործնականում գրեթե անհնար է:

-Չգիտեմ, բայց ամեն ինչ կանեմ, որ ճշմարտությունը բացահայտվի: Ինչքան տարբերակ լինի, կգնամ բացահայտմանը: Ինձ պետք ա, որ պարզվի, որ մենք չենք սպանել Արթուրին: Ես պատիժ եմ կրում ոչ մի բանի համար: Հլը, փառք Աստծո, ցմահը փոխեցին: Ես քնած եմ եղել: Փաստորեն ստացվեց, որ քնիցս հանեցին, տարան փակեցին, ասեցին՝ դու դատվել ես, վերջ: Ես գիտեմ, Աստված գիտի, ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում: Ես գիտեմ, որ խիղճս մաքուր ա: Միշտ մտածում եմ, որ կարող ա Աստված մի ավելի վատ բանից ա փրկել ինձ:

Հ.Գ. Թեպետ Սուրիկ Չոբանյանը չբարձրաձայնեց բռնությունների ու խոշտանգումների, գումար պահանջելու մասին, այդուհանդերձ նրա մայրը՝ տիկին Սվետան, «Հետքի» հետ ամիսներ առաջ տեղի ունեցած զրույցում պատմել է, որ անընդհատ ՌՈ-ում հետաքրքրվել են, թե ով ինչպես է ապրում, փող են պահանջել. «Այս մասին բացահայտ տղաս՝ Սուրիկն, ասաց վերաքննիչ դատարանում, կան նաև ձայնագրությունները: Բայց մենք գումար չունեինք, որ կաշառք տայինք: Հավատում էինք, որ արդարություն կա: Ինչքա՛ն միամիտ էինք: Մեզ սկզբում ասեցին, որ մեր երեխաները վկա են, փառք տվեք Աստծուն, ճի՛շտ է, շատ դժվարությունների միջով են անցել, բայց հիմա ուղարկում ենք հետ՝ ծառայության: 10 օր անցավ, լուր ստացանք, որ մեր երեխաները Սովետաշենի բերդում են, գնացինք տեսակցության: Իմ տղան անճանաչելի էր, ես իրեն աչքերից եմ ճանաչել: ՌՈ-ում խոշտանգել էին նրանց, սիգարետների վառած տեղեր կային մարմնի վրա: Բայց ոչ մի քննություն չեղավ այդ մասով: Անգամ մարդիկ էին ուղարկում մեր տուն, համոզում, որ երեխաներն իրենց վրա վերցնեն կատարվածը՝ խոստանալով մեղմ՝ 7 տարվա պատիժ: Հետո խայտառակ դատը եղավ: Դատեցին ցմահ, վերաքննիչը երկուսի պատիժը փոխեց 15 տարվա: Հետո տղայիս տարան Գորիսի բանտ: Գորիսից կիսամեռ տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: Թոքերի խնդիր ունի, բուժվում է դեռ: Կես մարդ դարձրեցին էրեխեքին, ինչի՞ համար, չգիտեմ»,- պատմել է նախկին զինծառայողի մայրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter