HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախցի գործարար․ «Շատերը նախապատվությունը տալիս են տեղական արտադրանքին»

1980-ականների կեսերին հիմնադրված Արցախի Մարտունու թռչնաբուծական ֆաբրիկան պատերազմի տարիներին կիսով չափ ավերվելուց հետո վերաբացվեց միայն 2002 թ․, երբ այն սեփականաշնորհվեց կառավարության կողմից։

Ֆաբրիկայի հիման վրա ստեղծված Մարտունու թռչնաբուծական «Լուսակերտ» ՍՊԸ-ն այս տարիների ընթացքում մի շարք բաժնետերեր է ունեցել։ Այսօր ընկերության բաժնետոմսերի միակ սեփականատերը ստեփանակերտցի գործարար Դավիթ Դադայանն է։

Արցախում թռչնամսի արտադրության մենաշնորհը «Լուսակերտ» ՍՊԸ-ինն է, որն այսօր աշխատում է 75-80 տոկոս ծանրաբեռնվածությամբ։

«Լուսակերտի» արտադրությունում ամեն մի գոծընթաց կազմակերպվում է առանձին մասնաշենքում։ Յուրաքանչյուրի մուտքի մոտ, ինչպես կանոն, կիր է ցանած, որպես ախտահանիչ։ Մաքուր օդից ներս մտնելով՝ երեսիդ խփած հոտից կարելի է համարյա անսխալ կռահել, թե տվյալ մասնաշենքում ինչ աշխատանքներ են տարվում։

Ընկերության արդադրած մոտ 30 տեսակի թռչնամսի արտադրության նախնական փուլը սկսվում է տիկին Ռոզայի արտադրամասում։ Այստեղ ամսական երկու անգամ Վրաստանից ներկրված  23-27 հազար ինկուբատորի ձվերից դուրս եկած ճտերն արդեն տեղափոխվում են թռչնանոց։

«Սովորաբար սեզոնից է կախված արտադրության ծավալները։ Ըստ պլանի՝ ամիսը երկու թռչնանոցի համալրում և նույնքան էլ մորթ ենք իրականացնում։ Տարեկան 24 խմբաքանակ թռչնամիս է մթերվում։ Ամեն խմբաքանակից մաքսիմում 140 հատ ձու է խոտան դուրս գալիս»,- ասում է արտադրամասի աշխատող Ռոզա Օհանյանը։

Ընկերության տնօրեն Բորյա Դոլուխանյանի խոսքով՝ իրենց արտադրանքը սպառվում է գերազանցապես տեղի և ՀՀ Սյունիքի մարզի շուկաներում։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա ըստ տնօրենի, քանակի խնդիր կա։

«ՀՀ շուկայում քիչ քանակությամբ սպառումը պայմանավորված է արտասահմանից ներկրվող շատ ավելի էժան թռչնամսի առկայությամբ, այլ ոչ թե մեր արտադրանքի ոչ մրցունակությամբ»,- բացատրում է Բ․Դոլուխանյանը՝ հավելելով, որ ընկերությունը տարեկան մոտ 800-850 մլն դրամի շրջանառության ունի։

Ներկա դրությամբ «Լուսակերտը» գործում է կիսաավտոմատ համակարգով։ Արտադրությունում և իրացման ծառայությունում աշխատում է մոտ 150 հոգի։ Աշխատողների մեծ մասը Մարտունի քաղաքից է և հարակից՝ Գիշի, Սպիտակաշեն և Խնուշինակ գյուղերից։ Աշխատողներն աշխատանքի են փոխադրվում ընկերության կողմից հատկացված ավտոբուսով։

Գյուղերից եկած աշխատողները խոստովանում են, որ ցանկության դեպքում անգամ գյուղում դժվար է աշխատանք գտնել։ Իսկ այստեղ քիչ թե շատ, բայց կայուն աշխատավարձ են ստանում։

Ընկերությունում միջին աշխատավարձը 60-70 հազար դրամ։ Ինչ վերաբերում է առաջիկայում աշխատողների աշխատավարձի բարձրացմանը, պրն Դոլուխանյանի խոսքով, իրենց ունեցած հնարավորության սահմաններում ամեն տարի բարձրացնում են աշխատավարձերը։

«Ավելին կբարձրացնեինք, եթե վերջին շրջանում չլիներ ինկուբացիոն ձվի, կերաբաղադրամասերի, էլեկտրաէներգիայի ու գազի սակագների բարձրացումը, որը լրացուցիչ ծախսեր է ենթադրում։ Իսկ այնպես, ճիշտ է, ոչ միանգամից, բայց ըստ սեկտորների ամեն տարի վերանայում ենք աշխատավարձերը»,- ասում է Բ․ Դոլուխանյանը։

Փաթեթավորման բաժնի աշխատող Ռիտա Փարամազյանը խոստովանում է, որ աշխատանքը բավականին դժվար է ու ծանրաբեռնված․ հազիվ են հասցնում օրվա պլանը տալ։

«Լուսակերտի» արտադրանքի պահանջարկը տարեցտարի աճում է՝ ելնելով ոչ թե բնակչության քանակի աճից, այլ որ գնալով շատերը նախընտրում են տեղական արտադրանքը։

Պրն Դոլուխաանյանի խոսքով՝ ընկերությունը շահույթով է աշխատում, բայց մինչ այսօր այդ շահույթն ուղղվում է միայն ընկերության վերգործարկման համար ստացած վարկերի մարմանը և արտադրամասի ընդլայնման շնարարությանը։

Այն հարցին, թե օրեցօր նկատվող գնաճի ֆոնին կբարձրանան արդյոք իրենց արտադրանքի գները, Բ․Դոլուխանյանն ասաց, որ իրենք էլ ստիպված են լինելու վերանայել գները, բայց թե կոնկրետ երբ ու քանի տոկոսով, դեռ պարզ չէ։ Մի բան միայն հստակ է, գնային քաղաքականության փոփոխությունը գերշահույթ չի հետապնդում։ Պատճառը մի շարք ապրանքների և ծառայությունների թանկացումն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter