ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ամուսինը հրկիզել է կնոջ հայրական տունը, սպառնում է այրել նաեւ կնոջը. ոստիկանությունն այն ահաբեկում չի համարում



Լուիզա Ավետիսյանի հայրական տունն ու շենքի մուտքը կրկին լցվել է ծխով։ Դռան արանքից երեկ դյուրավառ հեղուկ են լցրել ներս, այնուհետեւ լուցկիով այրել բնակարանի միջանցքը։ Լուիզան պնդում է, որ հրդեհի հեղինակն իր ամուսինն է, որը խոստացել է մոտ օրերս այրել նաեւ իրեն՝ իրավապահներին դիմելու համար։

Լուիզա Ավետիսյանը 7 տարի է` ամուսնացած է Էդգար Ծատինյանի հետ, սակայն համատեղ ապրել են մոտ 2 տարի, ունեն 6 տարեկան երեխա։ Տարիներ շարունակ ամուսինը Լուիզային ենթարկել է բռնության, ծեծել եւ ստորացրել: Պարբերաբար Էդգար Ծատինյանի բռնության զոհն են դարձել նաեւ կնոջ ծնողները․ նա հասցրել է երկու անգամ ծեծել Լուիզայի հորը՝ Ավետիք Ավետիսյանին եւ մեկ անգամ հարվածել մորը՝ Ելենա Խաչատրյանին։

Ավետիսյանների բնակարանում մեր գտնվելու պահին Լուիզան զանգեր եւ հաղորդագրություններ էր ստանում Էդգար Ծատինյանից. վերջինս սպառնում էր հրապարակայնացնել անձնական կյանքի մանրամասներ եւ խորհուրդ տալիս կնոջը սգո ծառայություն դիմել։ Լուիզան, նրա ծնողները եւ հարեւանուհին ամեն րոպե ահաբեկված սպասում էին Էդգարի հայտնվելուն, քանի որ վերջինս ասել էր, թե դռան կողպեքն արդեն փչացրել է, մի անգամ հրելով այն կարող է բացել եւ վնասել կնոջը։

Հրկիզման եւ ահաբեկման մասին Լուիզա Ավետիսյանն արդեն երկու անգամ հաղորդում է տվել ոստիկանություն։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչն ասել է, թե Ծատինյանի գործողություններն ահաբեկում չեն կարող համարվել։

«Ոստիկանը, ինչ-որ միջոցներ ձեռք առնելու փոխարեն, ինձ ասում է՝ ահաբեկումն այն կլինի, որ դանակը վերցնի, ընկնի հետեւիցդ։ Իսկ երբ ասում է, որ կգա, կվառի, դա դեռ ահաբեկում չէ»,- պատմում է Լուիզա Ավետիսյանը։ Նա նշում է, որ իր ամուսինն ազդեցիկ տատիկ ունի, ում օգնությամբ էլ մի քանի անգամ ազատվել է պատասխանատվությունից։

Մեր ներկայությամբ կնոջը կատարած զանգի ժամանակ Էդգարը նշեց, որ եթե Լուիզան հաղորդումը հետ չվերցնի ոստիկանությունից, անձնական կյանքի մանրամասներ պարունակող ձայնագրություն կհրապարակի, որն այս պահին գտնվում է տատիկի՝ Սիլվայի մոտ։ 

«Սիլվա Եղիազարյան անունով այսպես կոչված մի բարերար կա, ում հայկական «Մայր թերեզա» կամ սուրբ Սիլվա են անվանում։ 4-րդ մասիվում եկեղեցի ունի, բարեգործությամբ է իբր զբաղված։ Ասում են, թե հենց մտնում է Մասիվի ոստիկանություն, բոլորն ահաբեկվում են։ Մի օր, երբ ամուսինս հերթական անգամ ծեծել էր ինձ, փակել տանը, մեր թաղայինի օգնությամբ եմ բացել դուռն ու դուրս եկել։ Դիմեցի ոստիկանություն, իրեն հրավիրեցին բաժին։ Տատը՝ Սիլվան, եկավ հետեւից, հանեց բաժնից։ Ինքն էլ վերնաշապիկը հանել էր հագից ու կիսամերկ վիճակում հայհոյում էր բոլորին։ Տատն իրենից հետ չէր մնում, գոռգռալով ու հայհոյելով դուրս եկան բաժնից»,- պատմում է Լուիզան։

Էդգար Ծատինյանը նախկինում գործած հանցանքների համար արդեն 3 անգամ դատապարտվել է։ 2009-ի փետրվարի 12-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը Ծատինյանին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ դիտավորությամբ կնոջ՝ Լուիզա Ավետիսյանի բնակարանի դուռն այրելու համար (քր. օր. 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով)։ Խափանման միջոց, սակայն, ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Այս վճռից 3 ամիս անց Ծատինյանը կրկին հայտնվել է Լուիզա Ավետիսյանի ծնողների բնակարանում, ձեռքերով հարվածել կնոջ հոր դեմքին, իսկ ոտքով՝ կրծքավանդակին, հայհոյել է շենքի բնակիչներին ու հեռացել։ Օրեր անց Էդգար Ծատինյանը շենքի բակում ծեծել է կնոջը, հայհոյել Լուիզային օգնության եկած հարեւաններին։ Շենքի բնակիչները դիմել են ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ։

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը երկրորդ անգամ Էդգար Ծատինյանին դատապարտել է 1 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը։

Պատժաչափի ավարտից մեկ ամիս չանցած` Էդգար Ծատինյանը կրկին ծեծել է կնոջը ծնողների տան բակում, հայհոյել է օգնության հասած հարեւանին, վիճաբանել նաեւ նրա հետ։ Դատարանն այս անգամ Էդգար Ծատինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և դատապարտել ազատազրկման` 1 տարի, 1 ամիս եւ 21 օր ժամկետով։ Խափանման միջոցը թողնվել է կալանքը։

2009-ին Լուիզա Ավետիսյանն օրինական կերպով ամուսնալուծվել է, ապրում է մոր եւ հոր հետ, որեւէ պահանջ ամուսնուց չունի: Նա պատմում է, որ Էդգարը նրան հանգիստ չի տալիս, փողոցում, աշխատանքի վայրում բռնում է, մազերից քաշելով տանում իր տուն, իսկ չհամաձայնվելու դեպքում` ծեծում իրեն: Լուիզան այս պահին փակված է սեփական տանը:

«Ես տնից դուրս չեմ գալիս, աշխատանքի չեմ գնում, որ փողոցում չբռնի: Մտածում էի` վեր կենամ գնամ մի տեղ, փախչեմ, բայց չեմ կարող. ասում ա եթե եկա ձեր տուն, դու տանը չեղար, հորդ կամ մորդ կսպանեմ»,- ասում է Լուիզան:

Լուիզան ցույց է տալիս ոստիկանությունում հաղորդում ներկայացնելու մասին ծանուցագրերի շարքը` նշելով, որ հետաքննիչներն ու քննիչները հաճախ իրեն համոզել են հետ վերցնել դիմումը:

«Հուլիսի 26-ին խռուստալից վազը կոտրեց գլխիս: Ամբողջ գլխիս ու մարմնիս վրա պատռվածքներ էին առաջացել: Ողնաշարս կապտած էր: Բնակիչներն էին ոստիկանություն կանչել, ասել էին` եկեք, սպանում ա կնոջը: Ոստիկանությունից մոտ 10 հոգի եկան, իրեն բռնեցին, հանգստացրին` նույնիսկ հարվածելով: Ամբողջ տունը ջարդված ապակիներ էին: Փոխանակ իրեն վերցնեն, տանեն ոստիկանություն, ինձ տարան: Հայտարարությունը գրեցի, գիշերվա ժամը 2-ին փոքր երեխայի հետ ինձ թողեցին դրսում: Խնդրեցի, որ տաքսի կանչեն, ասեցին` չկա տաքսի»,- պատմում է Լուիզան:

Հաջորդ օրը Էդգար Ծատինյանն է ներկայացել ոստիկանություն, հայտարարություն տվել այն մասին, որ կինը պատառաքաղը մտցրել է իր ոտքը: Ոստիկանությունից Լուիզային կանչել-հայտնել են, որ եթե հաղորդումը հետ չվերցնի, ինքն էլ կդառնա մեղադրվող կողմ:

Մեկ ուրիշ անգամ էլ ոստիկանությունից զանգել են Լուիզային, հորդորել հետ վերցնել դիմումը, քանի որ Էդգարն ամուսնանում է, ուրիշ աղջիկ է գտել, իրեն հանգիստ կթողնի:

Չնայած Լուիզա Ավետիսյանն այլեւս որեւէ պաշտպանություն չի ակնկալում ոստիկանությունից` դեռ շարունակում է դիմել, քանի որ այլ տարբերակ չունի:

«Երեւի թե սպասում են, որ մի օր ինձ սպանի, հետո 02-ով հայտնեն, թե ամուսինը սպանեց կնոջը»,- ասում է Լուիզան:

Լուս․՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ