HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե իմ ծննդավայրը չկա, նշանակում է, որ պարտված մարդ եմ, չէ՞»

«Պատերազմում երևի միակ մարդն էի, որ տարիքով ամենափոքրն էի, բայց «Ճուտ» մականուն չդրեցին»,- Թարթառ գետին մոտ գտնվող տաղավարում պատմում է ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը: Հետո ավելացնում է, որ իրեն պարզապես Արիկ էին անվանում: Սա ասելուն պես ժպտում է, նայում հանդիպակաց սարին գտնվող մի ափաչափ գյուղին՝ Նոր Էրքեջին: 2000 թ. հիմնադրված գյուղը (ԼՂՀ Շահումյանի շրջանում է) 30 ընտանիք ունի և ոչ մի թոշակառու: Արայիկը գյուղապետն է, բայց, ասում է, ամեն անգամ ցավ է ապրում, երբ գյուղի անունը տալիս է: Նոր Էրքեջը ժամանակավոր կանգառ է էրքեջցիների համար՝ դեպի հայրենի Էրքեջ հասնելու: Իսկ Էրքեջը չկարողացան պահել 1992 թ. հունիսին. Շահումյանի մյուս գյուղերի հետ ադրբեջանցիները գրավեցին: Փոխարենն ապրում են էրքեջցիների երազանքները:

Արայիկն այս մասին սկզբից դժվարությամբ է խոսում, պատերազմի մասին առհասարակ խոսելն անիմաստ է համարում: Հետո կամաց-կամաց չխոսելու խտությունը նոսրանում է, մեր զրույցին են միանում նրա քույրն ու կինը:

14-ամյա տղան՝ մարտի դաշտում

«Արիկը դպրոցի պատուհանից թռնում էր, որ գնա մասնակցի կռվին»,- ասում է ազատամարտիկի քույրը, ով հիմա Նոր Էրքեջի դպրոցի տնօրենն է: Հիշում է, որ մի անգամ նույնիսկ եղբայրը զենք էր պահել ուսուցչի վրա, թե բոլորդ պետք է գնաք կռվելու: Բոլորս ծիծաղում ենք, իսկ Արիկը մեղմ ժպտում է: «14 տարեկան էի, որ սկսեցի մասնակցել Էրքեջի ինքնապաշտպանական մարտերին»,- ասում է նա: «Ու ո՞նց էին ընդունում 14 տարեկան տղային իրենց շարքերը»,- հարցնում ենք նրան: Մի անգամ, հիշում է, երբ ադրբեջանցիներն իրենց գյուղի հովիվներին սպանել էին, իսկ անասուններին վերցրել, գյուղում մարդ էին փնտրում, որ սուսուփուս գնա-մտնի ադրբեջանցի զինվորների շարքերն ու հետևի, թե ինչ է կատարվում: Իրեն էին ընտրել, դրանից հետո՝ 90 թվին, երբ ինքնապաշտպանական ջոկատ պիտի ստեղծվեր, Շահումյանի ինքնապաշտպանության հրամանատար Շահեն Մեղրյանը նոր ստացած 7 զենքից մեկը տվեց իրեն: Դրա համար գյուղի ջահելներն սկսել էին բողոքել, թե 15 տարեկանին ինչու են զենք տվել, իսկ իրենց՝ ոչ: Այդ դեպքից հետո Շահեն Մեղրյանն իրեն առաջարկել էր Էրքեջի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարությունը: Ոգևորովել էր, բայց հայրը, որ Մեղրյանին ճանաչում էր, դժգոհել էր Զինավորիչին (Մեղրյանին հաճախ հայրանունով էին դիմում-հեղ.), թե «ախպորս սպանել են, հիմա էլ ուզում ես տղայիս սպանե՞ն»: Մեղրյանի միտքը փոխվել էր դրանից հետո:

«Հիմա որ խոսում են՝ հայրենասիրական դասեր, բան, դրանց չեմ հավատում, որովհետև մտածում եմ, որ հայրենասերը ծնվում ա: 3-4-րդ դասարան էի, պապս թե հորեղբայրս Բուլղարիայից Անդրանիկի նկարն էր բերել: Դե մենք հայոց պատմություն չէինք անցնում դպրոցում, դրա տեղը ադրբեջաներեն էինք անցնում: Իմ գրականության գրքի վրա, 5-6-րդ դասարանում էի, Անդրանիկի նկար էի կպցրել: Դպրոցից հեռացրեցին դրա համար, հետո նորից ընդունեցին»,- ասում է զրուցակիցս:

«Մենք չիմացանք` ոնց հանձնեցինք Շահումյանը»

Արիկը սկզբից մասնակցել է Էրքեջի ինքնապաշտպանական մարտերին: 1991 թ. հուլիսին արդբեջանցիները գրավել էին գյուղը: Հիշում է, որ այդ օրերին գյուղն արդեն դատարկվել էր, 4 օր շարունակ անձրևում էր: Ասում է՝ չէին կարող հաշտվել այդ մտքի հետ, և նույն թվականի սեպտեմբերին ազատագրեցին Շահումյանի զավթված երեք գյուղերը՝ Էրքեջը, Մանաշիդը, Բուզլուխը: Առաջին մարտական մեծ գործողությունը հենց այդ ժամանակ է եղել: «Շատ հեշտ գրավեցինք գյուղը. ռուս զորքը հետ քաշվեց, մենք գրավեցինք»,- նկատում է նա: Դրանից հետո կրակոցներն էլի շարունակվում էին: Այդ ընթացքում երկու անգամ վիրավորվել է՝ կրծքից և ոտքից:

Իսկ Շահումյանի ամբողջ շրջանի գրավման մասին, որ տեղի ունեցավ 1992-ի հունիսի 13-ին, պատմում է. «Գիտես, մեր գյուղում մի անհավատալի բան կատարվեց: Մենք չէինք էլ իմացել, որ հանձնում ենք գյուղը, այսինքն՝ իրենք եկել-անցել են մեր գյուղը, երբ մենք մի քիչ հետ էինք քաշվել մեր անտառները: Մեր տղերքից մեկն ասաց՝ գնանք-տեսնենք «Տիգրան Մեծի» տղերքն ինչ են անում, հո զոհ-բան չեն տվել, հելնում ենք, տեսնում ենք տղերքը չկան: Մի երևանցի տղա կար մեր ջոկատում՝ Վահրամը, ուղարկում ենք, ասում ենք ՝ գնա, տղերքին ասա գան անտառ: Գնացինք շրջկենտրոն՝ շտաբը տեղափոխել էինք էնտեղ, Սերգեյը, երկու Շահենները և «Տիգրան Մեծի» Արմենն էին, հիմա նրանցից միայն Սերգեյն է ողջ: Ասում եմ՝ ինչի՞ եք դիրքերը թողել փախել, էս Զինավորիչն ասում է՝ հանաք անելու բան ես գտե՞լ, ու միանգամից իր վարորդին ուղարկում ա, ասում ա՝ շուտ գնա, տղերքին ասա դուրս գան: Ու մեր տղերքը գալիս են Վերինշենի գլուխը, թուրքերը մտնում են: 92 թվի հունիսի 13-ն էր»: Ասում է՝ չէին հավատում, թե ինչ է կատարվել: Դիմադրություն, իհարկե, եղել է, ինչպես Շահեն Մեղրյանն էր գրավումից հետո նշել, Շահումյանն ազատագրելը խնդիր չէր, պարզապես «պոստերը» պահելու համար մարդիկ չունեին:

Դրանից հետո կազմավորվեց «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը: Արիկի խոսքով՝ դժվար մարտերից մեկը Հաթերքի և Ակնաբերդի ազատագրումն էր: 1993 թիվն էր: Այդ գյուղերն ազատագրելուց հետո Մարտակերտ պետք է գնային, տղերքի հետ «պերեգավորների»: «Երեք հոգով էինք՝ ես, Հովիկ դային, Նովիկը: Ումուդլուից (այժմ՝ Ակնաբերդ) էն կողմ մի տոչկա կար, նստած էինք, մինչև մեզ դիմավորելը մի տղա ա անցնում, էս Հովիկ դային մեծ մարդ էր, ասաց՝ որ գնանք, ճիշտը կարող ա չասեն մեզ, կանչենք էդ տղուն, տեսնենք՝ ո՞նց ա եղել: Հարցրեց՝ բա ո՞նց ազատագրեցիք էս գյուղերը, ասաց՝ «չեմ իմանում, քեռի, ասում են, «Եղնիկները» սարից եկան, գրավեցին, թողեցին փախան»,- վերհիշում է Արիկը: Իսկ ամենադժվար գրոհը եղել է Մատաղիսի և Դաստագիրի ազատագրման ժամանակ: Այս ամենի մասին զրուցակիցս հպանցիկ է խոսում: Երբ հասանք 1994 թ.-ի հրադադարին, նայեց մեզ, թե ինքը հրադադարի մասին հիմա էլ չի լսել, որովհետև, ըստ նրա, ամիս չկա, որ զոհ չլինի: 1994 թ.-ից էլ տեղափոխվել են Վարդենիս:

«Ես ինձ պարտված եմ զգում»

Պատերազմը բացի կորուստներից ուրիշ ոչինչ չի կարող տալ: Այս մասին ասում է ազատամարտիկը, հետո հանում է ծխախոտն ու վառում գլանակներից մեկը: «Ես ինձ պարտված եմ զգում: Միշտ մտածել եմ եմ, որ հայրենիքն սկսում է ծննդավայրից: Եթե իմ ծննդավայրը չկա, նշանակում է, որ պարտված մարդ եմ, չէ՞, պիտի ինչ-որ ձևով ձգտեմ, որ հաղթեմ»,- նշում է Արիկը: Գյուղի մասին խոսելիս աչքերում կարմիր բծերը շատանում են, նկատելի հուզվում է, հետո ձեռքով արագ մաքրում աչքերը: Մինչ 2000 թ. Մոսկվայում աշխատում էր, առևտրով էր զբաղվում: Ասում է՝ 2000 թ.-ին մեկ ամսով որոշել էր գալ Հայաստան հանգստանալու նպատակով, հետո մեկ ամիսը դարձավ երկու, 4 ամիս: Այդ ընթացքում արդեն Նոր Էրքեջի գյուղապետի ընտրություններն էին, ինքն էլ առաջադրեց իր թեկնածությունը և գյուղապետ ընտրվեց:

«Ինձ միակ պահող բանը գյուղի անունն է, ու մտածում եմ, որ հետագայում պիտի գնամ իսկական գյուղը, վերջ՝ ուրիշ ոչ մի բան…,- սա ասելուն պես լռում է, նորից նայում է դեպի գյուղն ու ավելացնում,- Էրքեջ բառը ես ոչ մի անգամ ազատ չեմ կարողանում արտահայտել, միշտ մարդու մեջ ինչ-որ մի բան է կատարվում»: Գիտի, որ Էրքեջը հիմա քանդել են, բայց այսօրվա պես հիշում է գյուղի ամեն մի անկյունը: Գյուղի գրավումից հետո մի անգամ գնացել էր գերեզմաններ: Գյուղն արդեն քանդել էին: Ասում է՝ ինքն այդ սպասումով է ապրում, որ մի օր կվերադառնա իր ծննդավայր, և նաև գիտի, որ ազատագրված կամ գրավված հողը հետ չեն տալիս:

«Պատերազմից 20 տարի անց  ինչ է փոխվե՞լ... Հիմա ընտանիք ունեմ, դա է»,- ասում է Արիկը: 3 տղա և 1 աղջիկ ունի: «Գիտեք, երբ սկսվեց պատերազմը, գյուղում հիմնական կռվողները 10-15 հոգի էին, օգոստոսյան դեպքերից հետո հարցրեցին՝ եթե սկսվի պատերազմ, քանի՞ հոգով պոստերը կգնաս (Դադիվանք, Նոր Էրքեջ, Չարեքտար գյուղերի վետերանների միության նախագահն եմ): Ասացի՝ երեք գյուղից 15 հոգով, հետո երբ սկսեցինք ցուցակագրել, միայն էս փոքր գյուղից 20-ն անցավ, այսինքն՝ մարդ չկար, որ հրաժարվեր»,- ասում է նա՝ ավելացնելով, որ պատերազմ տեսած ոչ մի մարդ չի կարող ուրախ լինել, որ պատերազմ պիտի սկսվի: Ուրախ է միայն, որ այս տարվա օգոստոսին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ ազգը պառակտված չէ: «Էդ ժամանակ տեսանք, որ երբ խոսքն էս գործին է վերաբերում, ազգը միանգամից միանում է»,- ավելացնում է Արիկն ու նայում դեպի գյուղը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter