Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Սիլվա Եղիազարյանը դատապարտում է թոռան արարքը եւ հերքում նրան հովանավորելը



Երեկ «Հետքը» գրել էր ընտանեկան բռնության դեպքի մասին. կինը մեղադրում է ամուսնուն իր հայրական տունը հրկիզելու եւ իր կյանքը խլելու սպառնալիքի մեջ: Հրապարակման մեջ նշել էինք նաեւ, որ ամուսինը Սիլվա Եղիազարյանի թոռն է, ով հայտնի է որպես հայկական «Մայր թերեզա» կամ սուրբ Սիլվա անունով:

Այսօր «Հետքի» խմբագրություն էր զանգել Սիլվա Եղիազարյանը, ով պնդում էր, որ որեւէ կապ չունի իր թոռան արարքների հետ, ավելին` միջադեպի համար դատապարտում է թե́ Էդգար Ծատինյանին եւ թե́ նրա կնոջը` Լուիզա Ավետիսյանին:

«Որ գրել եք, թե ես իմ թոռանն օգնում եմ, ես ինչպես իմ բոլոր հայրենակիցներին եւ հայրենիքին եմ օգնում, նույն կերպ էլ իրեն ու իր ընտանիքին եմ օգնում նյութապես, ֆինանսապես, որ իր երեխան սոված չմեռնի: Էդ աղջիկը փողոցից ընկել ա հետեւը, եկել ա, ես իմ աղջկան ստիպել եմ, ասել եմ` աղջիկ ա, եկել ա, թող ապրի: Պահել եմ, փեշս վրան եմ քաշել, մեր հայկական տրադիցիայով, ոտից գլուխ առել եմ, հագցրել եմ, կերցրել եմ, բրիլիանտի մեջ կորցրել եմ:

Ես ունեմ շատ լավ ընտանիք, իմ ընտանիքի մասին ամբողջ աշխարհն է խոսում: Ունեմ հրաշալի ամուսին, լավ դաստիարակված, կրթված երեխաներ, 7 թոռ, 14 ծոռ: Լավ եղբայրներ, հարազատներ, բոլորը դատավորներ, դատախազներ են, ընտիր վարչության պետեր:

Եթե նա ձեզ ասում է, որ ես իրեն հովանավորում եմ, ես վատ բան երբեք չեմ հովանավորի: Նույնիսկ թուրք գերիներին եմ պահել, իմ թոռանը հաց պիտի չտայի՞ ուտեր»,- ասաց Սիլվա Եղիազարյանը:

Մեր դիտարկմանը, թե նրա թոռը` Էդգար Ծատինյանը, կնոջ հետ հեռախոսազրույցում մեր ներկայությամբ է ասել, որ Լուիզա Ավետիսյանի անձնական կյանքի մանրամասներ պարունակող ձայնագրությունը գտնվում է տատիկի՝ Սիլվայի մոտ, վերջինս պարզաբանեց. «Նման բան չկա, թոռը գլուխը պատին է տվել, ես թոռանը երբեք իրավունք չեմ տա նման բաներ ասի: Ես ոչ իր մակարդակին եմ, ոչ իր կնոջ, ոչ էլ զոքանչի»,- ասաց Եղիազարյանը:

Սիլվա Եղիազարյանը դատապարտում է Էդգար Ծատինյանի` կնոջ ծնողների բնակարանը այրելու արարքը` նշելով, որ անկախ բոլոր հանգամանքներից` չի կարելի այրել մարդու բնակարանը. «Ինչքան էլ այդ աղջիկը ման եկող լինի, փնթի լինի, թե ինչ լինի, չի կարելի մարդու բնակարանը այրել: Ես դրա համար ուզում եմ իրեն մեծ ձեւով պատժել, նա ի՞նչ իրավունք ունի ուրիշի բնակարանն այրելու»,- նշեց Սիլվա Եղիազարյանը:   


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ