ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հայ-կանադական «բարեկամության ոսկին». Արջուտի հանքավայրը ընդլայնման միտումներ ունի



Լոռու մարզի Արջուտի հանքավայրը շահագործող «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի բաժնետեր և տնօրեն Ազատ Վարդանյանը դժգոհություն էր արտահայտել «Հետքի»՝ հանքավայրի նախագծի և բաժնետերերի մասին մեր հրապարակման վերաբերյալ և  ցանկություն էր հայտնել մանրամասն խոսել նախագծի շուրջ: Հիշեցնենք՝ նա ընկերության 35% բաժնեմասի սեփականատերն է, մնացյալ մասի սեփականատերը ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանն է:

Հանքավայրի նախագծի քննարկման ժամանակ ասացիք, որ եղել են լրացումներ, ի՞նչ լրացումներ են արվել մինչև բնապահպանական դրական եզրակացություն ստանալը:

Լսումներ եղել են երկու անգամ, առաջին անգամ՝ հանրային լսումներ, երկրորդ անգամ՝ մասնագիտական լսումներ: Հանրային լսումների ժամանակ պրն Լևոն Գալստյանը չի ներկայացել, բոլոր մասնակիցները քվեարկեցին կողմ: Մենք ունեինք որոշ դիտողություններ, և այդ բոլոր խելամիտ դիտողությունները հաշվի առնված են, նախագծի մեջ փոփոխությունն արված է: Այն տեխնոլոգիան, որ մենք նպատակ ունենք բերել այստեղ, մոտ կես մլն դոլար ավել պետք է ներդնենք, որ ընդհանրապես պոչամբար հասկացությունը չլինի:

Տեղը, որ գրում են գետեր-մետեր կան, սաղ սուտ է: Մի անգամ գնացեք այնտեղ, տեսեք, որ կան գետեր, բայց շատ հեռու: Հանքավայրը լրիվ ուրիշ կողմ է գտնվում, այդ գետերը՝ ուրիշ: Օրենքն ասում է՝ աղբյուրից 500 մետր, բայց դա 500 մետր չէ, բավականին հեռու է: Գյուղի հետ կապված ջրի հարց չկա: Հակառակը, մենք նախատեսել ենք նրանց օգնել. Կիրովականի աղբանոցը, որ այնտեղ կար (այդ աղբանոցի մասին ինչի՞ չեն գրում), խեղդում է այդ գյուղը: Քամիները բերում են այդ ծուխը դեպի գյուղը: Նաև ասեմ, որ դա եղել է ադրբեջանաբնակ գյուղ: Երկրաշարժից հետո ադրբեջանցիները գնացել են, հայերն են եկել, պարզ է, որ այդ չոլ տեղում դժվար է աշխատանք ապահովել, ջրի հարցը լուծել: Բայց մի բան կա` իրենք այդ ջրերը որ բերում են, լրիվ ուրիշ տեղից են բերում և կապ չունի հանքավայրի հետ. ջրերը մի կողմում են, հանքավայրը՝ մյուսում, կապ չկա: Գումարած` սա հանքավայր է, ֆաբրիկա չէ: Ես առաջարկել եմ օգնել, մի հատ ավազան սարքենք, որտեղ գյուղին ջուր տան: Կամ գյուղի տարածքում կարելի է մի հատ արտեզյան հոր բացել, և ամբողջ գյուղն իր ջուրը կունենա՝ թե՛ ոռոգման, թե՛ խմելու: Հիմա մենք քննարկում ենք այդ հարցը, որ այս ծրագիրն անենք: Սա այնպիսի ծրագիր է, որ պետք է արվի միջազգային չափանիշների և պահանջների համաձայն:

Գուղի համար սա մեծ հույս է, որովհետև անցյալ տարի, երբ մենք ուսումնասիրություններ էինք կատարել, ես ուրիշ տեղից, բացի ինժեներից և գլխավոր երկրաբանից, մի հատ մարդ չբերեցի, գյուղացիներն են աշխատում: Իրենք գիտեն, որ վաղը-մյուս օրը պետք է սկսենք շահագործումը, և ես իրենց ասացի, որ եթե ունեք կադրեր, մենք մեր հաշվին կուղարկենք վերապատրաստման:

Արդեն անցյալ տարվանից դպրոցի հետ ենք աշխաում, դպրոցի տնօրենն անցյալ տարվա հանդիպմանն ասաց, որ 15 հատ լսարան ունեն, որից 7-ը տաքացվում է, 8-ը՝ ոչ: Գնացել առել ենք տաքացնող սարքավորումները, ամեն ինչ դրել ենք, որ երեխաները չսառեն, վերարկուներով չնստեն: Այսինքն՝ գյուղի հետ աշխատանքը գնում է՝ առաջինը կադրերի գծով, երկրորդը՝ սոցիալական բաներ, ինչ-որ կարող ենք անել:

Ձեր նախագծում նշել եք, որ տարեկան 650 հազար դրամ եք ներդնելու համայնք, կարծում եք, որ դա բավարա՞ր է համայնքը զարգացնելու համար:

Իհարկե չէ: Մենք արդեն դրել ենք ավելի շատ անցյալ տարվա ընթացքում: Երկրորդը՝ սա ուղղակի թիվ էր՝ դպրոց և այլն, բայց աշխատանքը գնում էր ոչ միայն այդ ոլորտում: Ճանապարհը պետք է վերականգնել, որը սարսափելի է, և տաքսիստները չեն ուզում Կիրովականից գնալ այնտեղ, որովհետև անհնարին է: Մենք մեր բոլոր տեխնիկաները հանեցինք գյուղից դուրս: Այսինքն՝ եթե առաջ հանքավայր գնալու համար պետք է գնայինք գյուղով, տեսանք, որ այս բոլոր մեքենաները գյուղով անցկացնելը սխալ է: Հին ճանապարհը վերականգնեցինք, որը գյուղի հետ ընդհանրապես կապ չուներ: Կարող էինք չանել, բայց հիմա և́ գյուղինն ենք վերականգնում, և́ սարինը, բայց գյուղինը մեզ այլևս պետք չէ, դա իրենց համար ենք վերականգնում:

Այսօրվա վիճակով այս նախագիծը եկամուտ չի բերում: Եվ ես չգիտեմ՝ երբ է բերելու, բայց մենք արդեն անում ենք՝ թե́ աշխատատեղ ենք ապահովում, թե́ դպրոցին ենք օգնում, թե́ գյուղին ինչ-որ բանով ենք օգնում: Սա երկրաբանություն է, երկրաբանության մեջ երաշխիք չկա:

Բայց հաշվարկե՞լ եք, թե որքան հանքաքար և ոսկի եք արդյունահանելու:

Խորհրդային տարիներին սա համարվել է ոչ ապագա ունեցող հանքաերևակում: Ես հավատում եմ սովետի տվյալներին, այնքան մարդ եմ բերել այստեղ աշխատելու, և չի եղել դեպք, որ սովետի տվյալներից քիչ հայտնաբերվի. շատ եղել է, բայց քիչ չի եղել: Հարցն այն է, որ այս ուսումնասիրություններն արվել են 70-80-ականներին, այն ժամանակ երկրաբաններն աշխատում էին անվան համար, պատվի համար: Ոսկու գինը, տեխնոլոգիաները տարբեր են: Այն ժամանակ իրենց հաշվարկներով համարվել է, որ սա ձեռնտու չէ: Ես, լինելով ներգրավված այս ոլորտում, տեսնում եմ, որ մարդիկ պարզապես վերցնում են ուսումնասիրություն են անում ու նպատակն է՝ ծախել ուրիշին: Բայց մենք նման նպատակ չունենք:  

Դա նախագիծ է: Կյանքը ինչ ցույց կտա` ես չգիտեմ: Սա չի համարվում մեծ կամ միջին հանքավայր, սա փոքր բան է: Մեկ տոննա հանքաքարից 1-2 գրամ ոսկի է դուրս գալու: Պատկերացնու՞մ եք՝ ինչքան պետք է աշխատել, որ մեկ տոննա հանքաքարը մշակել, որ այդքան հանքաքար դուրս գա: Մենք դեռ չսկսած՝ մենակ դնում ենք: Պետությունը մտցրել է նորմա հասկացողություն, որ դու ինչ որ հանել ես, պետք է վճարես, ռեալթի՝ նշանակում է պետությունը քո հետ փայատեր է մինչև շահույթ ստանալը: Դրանք բավականին լուրջ թվեր են, որոնք գնում են պետությանը: Ինձ հասնում է տալը, կտամ:

Որքա՞ն ներդրում եք նախատեսել այս ծրագրի համար:

Այս ծրագիրը երկու մասից է բաղկացած: Նախ՝ մենք պետք է շարունակենք ուսումնասիրությունները: Մենք ունենք երկու լիցենզիա՝ ուսումնասիրության և շահագործման: Ուսումնասիրության լիցենզիան երեք տարով է, մենք ստացել ենք նախորդ տարի: Ուսումնասիրության համար 60 հա է ընդգրկվել : Մենք 15 հեկտարի վրա ենք դեռ աշխատելու: Մեր ներդրման չափը մոտ 6 մլն դոլար է 15 հա-ի վրա: Ուսումնասիրության մասում կգնա մոտ 2 մլն դոլար: Եվ այս գումարները 26 տարվա գումարներ չեն, այլ պետք է յուրացվեն 3 տարվա մեջ: Նպատակ ունենք նաև վերամշակման գործարան կառուցել, որ ստանանք արտադրանք: Եթե լինի այդ ծրագիրը, 55 աշխատատեղը կդառնա 150:

Այսինքն՝ վերամշակելու եք ոչ թե Արմանիսում, ինչպես նշված է ձեր նախագծում, այլ առանձին գործարա՞ն է լինելու:

Մենք հենց հիմա ավարտում ենք գործարանի նախագիծը: Մինչև այստեղ հասնելն արդեն այնքան գումար ենք ծախսել, որ և՛ ծայրը չեմ տեսնում, և՛ նորից է պետք ներդնել: Տեսնենք: Մենք նախատեսում ենք այստեղ ստանալ մետալ դորե՝ արդեն ձուլված ոսկի և արծաթ: Պետք չէ գնալ դուրս: Պետք է ստեղծել պաշարն այստեղ: Ես կարող էի ավելի էժան ճանապարհով կոնցենտրատ ստանալ մյուսների պես, կոնցենտրատն ուղարկել դուրս, այնտեղ ոսկի կամ մետալ դորե ստանային, բայց ավելի լավ է պրոդուկտն այստեղ ստացվի՝ Հայաստանում: Ճիշտ է, սա փոքր է, 26 տարվա ծրագիր է, և օրական 300 տոննա հանքաքար մշակելը փոքր թիվ է: Կողքերը կան հանքավայրեր կիսամեռած, կարող է այնտեղից էլ բերենք այստեղ:

Ձեր ներկայացրած նախագծում վերամշակման գործարանի մասին ընդհանրապես խոսք չկա: Դրա առկայությունը շրջակա միջավայրի պահպանության տեսակետից նոր ռիսկեր է առաջացնում: Ինչպե՞ս եք դրանց լուծում տալու:

Գործարանն այս տարածքում չի լինելու, ավելի ամայի տեղ է լինելու, որտեղ ընդհանրապես բան չկա, մենք դեռ դրա վրա աշխատում ենք: Ես սկզբից մտածեցի, որ տանենք ուրիշ տեղ վերամշակենք, հետո հաշվարկը ցույց է տալիս, որ ինչ-որ տեղ սխալ է դա: Ավելի լավ է 3-4 կմ հեռու տանենք, այնտեղ տեղեր կան՝ դաշտեր, որ ավելի բարձր է, բայց ոչ բնակչություն, ոչ մի բան չկա:

Նույն Արջուտի վարչական տարածքո՞ւմ է լինելու:

Այո, բայց ավելի շատ իրենց սահմաններում: Այդ նախագիծն իր հերթին է անցնում փորձաքննություն: Թե՛ մտածելու, թե՛ վախենալու բան չունեմ ընդհանրապես, որովհետև այն սարքավորումները, որ մենք մտադիր ենք տեղադրելու, ես դրա նման անվնաս տեխնոլոգիա Հայաստանում ընդհանրապես չեմ հանդիպել: Ես գնացել եմ Մոնղոլիա, Չինաստան, Կանադա, որ ծանոթանամ տարբեր տեսակի տեխնոլոգիաների և գտել եմ մի բան, որ վերջում հանքաքարի մշակումը, որ գնում է (ուրիշ հանքավայրում գնում է դեպի պոչամբար), մենք դնում ենք ուրիշ ֆիլտրեր, որը ճնշման տակ երկու բան է  անում՝ հեղուկային մասը նորից գնում է հետ, ցիկլ է դառնում, իսկ չոր մասն անվնաս է, այնտեղ բան չկա, մետաղ էլ համարյա չկա: Ես տեսել եմ այդ տեխնոլոգիան Չինաստանում: Գործարանից բերում լցնում են այդ չոր շերտը, վրան մի շերտ հող, և մրգային այգիներ են աճեցնում այդ նույն հողի և մնացորդների վրա: Բնապահպանների հետ խոսում ենք, որ այս կողմի վրա, որտեղ զիբիլանոց է, մենք դա չենք կարող վերացնել, բայց կարող ենք որոշ բաներ անել, որ մեղմացնենք դրա ազդեցությունը: Ե՞րբ կլինի, ո՞նց կլինի, չեմ կարող ասել, գոնե մի քիչ որ եկամուտ ունենայինք, եկամտից կանեինք:

Ձեր նախագծում սահմանափակ տեղեկություններ կան տեղի բուսական և կենդանական աշխարհի մասին, և չկա որևէ հաշվարկ, թե ինչպիսի ազդեցություն կունենա հանքավայրը կենդանական և բուսական աշխարհի վրա:  Նույնը հաստատեց «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը:

Այդպես չէ: Ինչ-որ մենք մինչև հաստատելը պիտի անեինք, արել ենք: Ինչը որ կարևոր չէր, ընթացքում պիտի արվի, խոսքը մոնիտորինգի մասին է, որը մի օրվա բան չէ, շարունակական պետք է անես:

Արե՞լ եք արդեն:

Իհարկե, գրված է: Գիտե՞ք դա ոնց է, ես կարող եմ այսօր անել, վաղն անել, մյուս ամիս էլ անել: Պետությունն էլ է անում այդ մոնիտորինգը, բայց ես չեմ կարող ասել՝ ազդե՞ց, թե՞ չէ: Ազդեցության մոնիտորինգն ի՞նչ է նշանակում՝ մինչև սկսելն անում ես, սկսելուց հետո ամեն ամիս անում ես: Իրենց դիտողությունները հաշվի առած՝ դրել ենք, այնտեղ բավականին փոփոխություններ կան: Դրանից հետո սա հաստատվեց:

Ինչպե՞ս եք փակելու հանքը:

Այս տեխնոլոգիան բերելու տարբերակը հնարավորություն է տալիս փակելու հարցը, ոչ թե սպասենք, որ գործն ավարտենք, այլ ընթացքում էդ հարցը լուծենք: Երբ մենք խոսում ենք հանքավայրի փակման մասին, մենք խոսում ենք տարբեր բաների մասին: Կա, օրինակ, պոչամբար: Կա հանքաքարի փոս, ռեկուլտիվացիա: Ռեկուլտիվացիայի և փակելու մասը կա, իսկ այս մասը, որ կապված է գործարանի հետ, չկա, առանձին է գնալու փորձաքննության: Գործարանի նախագծում այս թեման մեջտեղ ենք բերում՝ ասելով, որ դա չոր բան է: Պատկերացրեք` մեկ տոննայի մեջ, ասենք, 2 գրամ ոսկի է, մնացածը մեր Հայաստանի համակարգում գնում է պոչամբար, թափվում է այնտեղ, իրականության մեջ ոչ մի բան էլ չի արվում: Նոր մի նախագիծ է արվում, որ կարող են վերամշակել: Ես դրան ծանոթ չեմ, բայց պատմել են, որ վատ բան չէ: Բայց այնտեղ բավականին շատ մետաղ կա, դա պետք է վերամշակեն, իսկ մեզ մոտ դա չի լինելու: Այսինքն՝ մնացյալ 999 և այլ կգ-ը չոր ձևով, պրես արած կբերենք հետ, որ ռեկուլտիվացիայի համար հիմք ստեղծենք՝ հող, դրա շերտը, հող, դրա շերտը, որի  վրա այգի կամ ինչ ուզում ես կդրվի:

Այդ նյութը, որ մենք օգտագործելու ենք վերամշակման ժամանակ, մնացող չէ: Ցիանի միավորներ կան, որոնք այս համակարգում, որը փակ ցիկլով է, պայմանական պրեսից դուրս գալիս գնում է չաների մեջ, և պարունակությունը 0,002 է, որը միջազգային ստանդարտներով մի քանի անգամ ավելի ցածր է և ցնդում է: Ամենաանվնաս ու ամենամաքուր տեխնոլոգիան սա է:

Որտե՞ղ եք մշտապես բնակվում՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Կանադայում:

Ապրել և ապրում եմ Կանադայում: Ռուսաստանում էլ եմ ապրել: Այստեղ էլ եմ ապրել, բայց քիչ: Այստեղ հասցրել եմ ամուսնանալ, երկու երեխա ունենալ, այնտեղ երկու թոռնիկ ունեցա: Ես ինչ-որ տեղ փոշմանել եմ, որ այստեղ եկել եմ: Ես այնտեղ շատ լավ ապրում էի:

Ձեր անվամբ մի քանի ընկերություն կա գրանցված՝ «Բայոմայն» ՍՊԸ, «Ազատակերտ» ՓԲԸ: Ո՞ր ոլորտներում ներդրումներ և բիզնես ունեք Հայաստանում:

«Բայոմայնը» էլի նույն ձևի բան է, բայց այնտեղ ոսկի չկա: Օպալ քար է, դա մետաղական չէ: Հանքավայրը կա, բայց չենք կարող աշխատել, որովհետև անընդհատ դատարաններից դուրս չենք գալիս: Հիմա մնացել է Վճռաբեկը, մեկ անգամ ետ են ուղարկել: Դեռ ուսումնասիրության լիցենզիա ենք ստացել:

«Ազատակերտ» ՓԲԸ-ի բաժնետեր Սուրեն Այվազյանը, որի մասին Դուք գրել եք, իմ համար այս ազգի հերոսներից մեկն է: Իմ մոտ ընկերն էր, նա հանճար էր, բազմակողմանի զարգացած: Ընկերությունը ստեղծել ենք, մարդը մահացել է, ոչ մի բան չենք արել: Ուզում էինք քիմիական իզոտոպների հետ կապված համատեղ ուսումնասիրություն անել այդ ընկերությամբ, մահացավ, չստացվեց:

Ես ներգրավված եմ Կանադայի International Informatization Academy և Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունում: Իմ հիմնական գործը, որի հիմնադիր տնօրենն եմ, ստեղծվել և գրանցվել է Կանադայում, ես 1993-ից դրա մեջ եմ, իմ գործը եղել է միջազգային հարաբերությունները, 20 հազարից ավելի ընտրված անդամ ունենք: 2007-ից չգիտեմ ինձ ոնց կարողացան համոզեն ու բերեն այստեղ, բացի ինձնից այնտեղ հայ չկար:

Ո՞վ համոզեց:

Այստեղից: Արի Հայաստան, արի Հայաստան, մեկ-մեկ փոշմանում եմ, բայց հիմնականում չեմ փոշմանել, ես կառոչի շատ ուժեղ եմ, մեծ անուն ունեմ աշխարհում: ՄԱԿ-ի կողմից ճանաչում ստացա պաշտոնական: Այս ամբողջ կառույցի մեջ հայը ես էի, հետո կամաց-կամաց բերեցինք, հիմա մոտ 100 հայ ունենք: Ես այս մեխանիզմն օգտագործում էի Կանադա և ուրիշ երկրների հետ հարաբերությունների համար և շատ հաջող: 2000թ. մենք կազմակերպում ենք այց դեպի Ռուսաստան, այնտեղ ստորագրում ենք պայմանագրեր, մոտ 100 մլն դոլար գումարի չափով: 2002-ին նորից ենք գնում, նոր պայմանագրեր ենք ստորագրում, էլի շատ հաջող: Հետո հայկական մաս է գալիս մեջտեղը: Տարիների ընթացքում Ղարաբաղի մասին ոչ ոք չգիտեր, պետք էր իմիջ, սկսեցինք իմիջի վրա աշխատել: 2003-ին Մոսկվա բերեցինք պարի խումբ: Հետո ստեղ բերեցի, նպատակը հայապահպանման գործն է, դրսի հայի համար ավելի կարևոր գործ չկա: Միջերկրների միջև հարաբերությունն էր, որի համար ես ահագին պարգևատրվել եմ:

Գործունեության այդ ոլորտից ինչո՞ւ անցաք հանքարդյունաբերական ոլորտ:

Մեկը մյուսին չի խանգարում: Դրանք շատ տաբեր բաներ են: Դա ես անում եմ ավելի շատ իմ հոգու համար, բայց դու նաև պիտի ուրիշ բաներ անես: Այսօրվա իմ աշխատավարձը «Բակտեկ»-ում 50 հազար դրամ է: Ակադեմիայից ու հայ-կանադական պալատից աշխատավարձ չեմ ստանում: Ես խորհրդատվական ծառայություն եմ մատուցում, որի համար ստանում եմ գումար, դա էլ փորձում եմ բերել մի բանի մեջ դնել, որ օգուտ լինի: Եթե ես ու իմ նմանները չանենք այն, ինչ անում ենք, այս երկրի վիճակը չգիտեմ ինչ է լինելու: Ես նույնիսկ չգիտեմ՝ վերջիվերջո օգուտ ունենալու՞ եմ, թե՞ չէ այստեղ:

Հ.Գ.Ազատ Վարդանյանին խնդրեցինք տրամադրել փոփոխությունները ներառած նախագիծը, որտեղ, իր խոսքով, շրջակա միջավայրի ազդեցության մասը լրացված էր: Սակայն մինչ օրս Ազատ Վարդանյանն այն չի ուղարկել մեզ:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ