HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու ավագանին մերժեց «Գյումրի» վերնագրով անհայտ բովանդակությամբ գրքի տպագրությունը ֆինանսավորելու խնդրանքը

«Գյումրի» անունը վերջին շրջանում հավակնում է վերածվել բրենդի: Ավագանու նիստերի ընթացքում օրակարգային հարցերի քննարկումներից առաջ հնչող «մեր Գյումրու համար է» արտահայտությունն էլ քիչ-քիչ դառնում է սովորույթի նման մի բան ու շահարկման տեղիք տալիս տարբեր նախագծերի համար համայնքային բյուջեից գումարներ ստանալու ակնկալիք ունեցողների համար:

Գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը, ինպես պարզվեց Գյումրու քաղաքապետարանում այսօր կայացած ավագանու նիստի օրակարգից, պատրաստվում է «Գյումրի» վերնագրով գիրք տպագրել: Համապատասխան նյութերի հավաքագրման եւ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար հրապարակախոսը որոշել է դիմել համայնքին՝ խնդրելով իրեն տրամադրել 1 մլն 980 հազար դրամ:

«Մեզ թասիբի է գցել գրքի վերնագիրը»,- անկեղծորեն խոստովանեց քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: «Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչ բովանդակություն է ունենալու հարգելի քրեագետի հեղինակած գիրքը»,-հետաքրքրվեց ավագանի Լեւոն Բարսեղյանը: Տիկին Ջիլավյանը տարակուսած թոթվեց ուսերը: Պարզվեց` քրեագետը դիմել էր, սակայն զլացել էր պարզաբանել, թե «Գյումրի» վերտառությամբ իր գրքում ում կամ ինչին է անդրադառնալու՝ մշակույթի՞ն, կենցաղի՞ն, ավանդույթների՞ն, իսկ գուցե քրեական հեղինակությունների՞ն:

«Երբ մեզ դիմեցին Հովհաննես Շիրազի անտիպ գործը՝ «Թոնդրակցիները» տպագրելու խնդրանքով, տարակուսելու տեղ չունեինք՝ եւ́ հեղինակն էր հայտնի, եւ́ տպագրվող գրքի բովանդակությունը, բայց սա մի տեսակ անհասկանալի խնդրանք է»,- նկատեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Բացի այդ, Սերգեյ Գալոյանը չի պարզաբանել, թե գրքի տպագրությունն ինչ նպատակ է հետապնդում, վաճառքի՞ է հանվելու, թե՞ նվիրելու համար է, ինչպես «Թոնդրակցիները», բացի դրանից, ամենաանհանգստացնողը բովանդակությունն է, որ դիմումատուն այդպես էլ չի հստակեցրել: Հո չե՞նք կարող օդի մեջ ֆինանսավորել»,- շեշտեց ավագանու անդամ Լ. Բարսեղյանը:

Ավագանին որոշեց դեմ քվեարկել եւ չհաստատել քրեագետ, հրապարակախոս Սերգեյ Գալոյանի «Գյումրի» գրքի համար մոտ 2 մլն գումար տրամադրելու խնդրանքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter