HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու ավագանին ուղերձով դիմում է կառավարությանը

Հաշվի առնելով ճանապարհատրանսպորտային պատահարներում մարդկային զոհերի անընդունելի թիվը, դեպքերի նվազեցման անհրաժեշտությունը, կանխարգելման հրամայականը եւ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթներով, Գյումրի համայնքի ավագանին որոշել է ուղերձով դիմել ՀՀ տրանսպորտի եւ կապի, արտակարգ իրավիճակների նախարարներին եւ ոստիկանության պետին:

Ուղերձում, մասնավորապես, հիշատակված է նոյեմբերի 10-ի երեկոյան, Շիրակի մարզի «Հոռոմի կամուրջ» անվանումը ստացած խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետեւանքով մահացավ 7 ուղեւոր եւ 7-ը ստացավ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Դժբախտաբար, ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ թիվ է շարունակում գրանցվել նաեւ Գյումրիում:

Ուղերձում նշված է, որ Գյումրու փողոցները եւ խաչմերուկները ներկայումս կահավորված են երթեւեկության կարգավորման համար անհրաժեշտ նշանների եւ սարքավորումների 20 տոկոսի չափով: Չնայած ամեն տարի որոշ աշխատանքներ են կատարվում երթեւեկության կարգավորման միջոցների ավելացման ուղղությամբ, սակայն համայնքի բյուջեի միջոցներով անհնար է դրանք լիարժեք եւ բավարար վիճակի բերել:

Տարբեր գնահատականներով, միայն Գյումրու ճանապարհային նշանների, սարքավորումների տեղադրման եւ կարգավորման համար անհրաժեշտ է մոտ 500 մլն դրամ, իսկ դրանց տարեկան սպասարկման եւ շահագործման համար՝ 50-60 մլն դրամ, ինչը քաղաքային բյուջեի միջոցներով իրականացնել հնարավոր չէ:

Գյումրու ավագանին, նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները, 2012 եւ 2013թթ. որոշումներ է ընդունել քաղաքի երթեւեկության կարգավորման համար առկա գույքը եւ դրանց հետագա շահագործումը ՀՀ ճանապարհային ոստիկանությանը հանձնելու մասին, սակայն մինչեւ օրս այդ հարցը չի լուծվել:

Ուղերձի հեղինակները պատկան ատյաններին խնդրել են ուսումնասիրել Հայաստանի տարածքում անցած 20 տարիներին տեղի ունեցած բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, հետեւանքները, աշխարհագրությունը, օրինաչափությունները, մարդկային գործոնի ազդեցության չափն այդ դեպքերում եւ այդ գործոնի նվազեցման հնարավորությունները՝ պետական եւ համայնքային իշխանությունների միջամտությամբ:

Մինչեւ ճանապարհային անվտանգության նոր հայեցակարգի ստեղծումը եւ ռազմավարական ծրագրի գործարկումը անհետաձգելի միջոցներ ձեռնարկել վտանգավոր ճանապարհահատվածների եւ խաչմերուկների անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ ճանապարհապարեկային շուրջօրյա հերթապահություն սահմանել այդ հատվածներում, ժամանակավոր վերակառուցել դրանք, լրացուցիչ կահավորել ճանապարհային նշաններով, լուսաֆորներով, մշտական նախազգուշական լուսաթարթիչներով, հայելիներով, արագաչափերով, տեսախցիկներով, արհեստական խոչընդոտներով եւ այլ հատուկ միջոցներով:

Ինչպես նշեց ուղերձի համահեղինակ, Գյումրու ավագանի Լեւոն Բարսեղյանը, խնդիրը միայն Գյումրի քաղաքին կամ Գյումրի-Երեւան միջպետական ճանապարհին չի վերաբերում, այլ արդիական է հանրապետության ողջ տարածքում: Միջոցառումների շարքը պետք է իրականացնել բոլոր բնակավայրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter