Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Մրցակցին չափից շատ հարգելու եւ մանկական սխալի հետեւանքները



Պորտուգալիա-Հայաստան (1-0) երեկվա հանդիպման ժամանակ մեր թիմի գործողություններում ամենանկատելի, աչքի զարնող կետերից մեկը հախուռն, երբեմն խուճապային պաշտպանությունն էր: Բայց սա նորություն չէ մեր հավաքականում: Եթե հայացք նետենք հետ, կտեսնենք, որ նույն բանը եղավ նաեւ Գերմանիայի (1-6) ու Ֆրանսիայի (0-3) հետ ընկերական խաղերում: Մեր թիմը վերջին տարիներին Եվրոպայում ճանաչվեց կարգով ավելի բարձր թիմերին անսովոր հաշիվներով ու ամենակարեւորն է` գեղեցիկ խաղով հաղթելով (Սլովակիային` 3-1, 4-0, Դանիային` 4-0), էլ չենք ասում նույն մակեդոնացիներին, անդորրացիներին նման կերպ պարտության մատնելու մասին: Սակայն երբ բանը հասնում է գերհզոր հավաքականներին, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան ու Պորտուգալիան, ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք այլ թիմերի հետ խաղերում չկան:

Նշված երեք հավաքականների հետ հանդիպումներում կարմիր գծի պես անցնում է Հայաստանի ընտրանու չափից ավելի շատ հարգանքը (չենք ուզում ասել վախը, որը, երեւի, ճիշտ բնորոշում չէ) մրցակցի, դրա անվան հանդեպ: Այն թիմը, որն առանց իր առաջատարների սերբերի հետ խաղում պարզապես մեկ քայլ էր հեռու հաղթանակից, երեկ իր առաջատարներով միասին խաղի մեծ մասը սեփական տուգանայինի մատույցներից գնդակ հեռացնողի դերում էր: Խոսքը ոչ թե պաշտպանվելու փաստի, այլ դրա որակի մասին է:

«Եվրոպայի բրազիլացիներ» անվանումը ստացած պորտուգալացիներն, անշուշտ, գրեթե բոլոր հատկանիշներով` արագություն, տեխնիկա, դիրքի ճիշտ ընտրություն, գերազանցում են մեր թիմին: Պատճառը պարզ է` այս ընտրանում հանդես են գալիս եվրոպական բարձրակարգ ակումբներում խաղացող ֆուտբոլիստներ, որոնք միջազգային հանդիպումների փորձով (եվրագավաթների խաղարկություններ, տարբեր միջազգային մրցաշարեր, ազգային հավաքականի կազմում ելույթներ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում) գերազանցում են Հայաստանի հավաքականի շատ խաղացողների` բացառությամբ երեւի Մխիթարյանի ու Բերեզովսկու: Խաղի պաշտոնական վիճակագրությամբ գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը եղել է 64-36` հօգուտ դաշտի տերերի, այսինքն` գրեթե կրկնակի: Սակայն սա շատ է մեր թիմի համար, որից մեծ սպասելիքներ ունենք:

Այո, պորտուգալացիները խաղը սկսեցին բարձր տեմպով, շարունակական գրոհներով` փորձելով շուտ վճռել հանդիպման ելքը: Բայց նույն առաջին կեսում մեր թիմն ավելի լավ պահեր ուներ, քան դաշտի տերերը, ինչքան էլ մրցակցի գլխավոր մարզիչ Սանտուշը կուրորեն ինքնագոհ հայտարարի, թե մերոնք միայն մեկ պահ են ունեցել (տեսնեն, որն ի նկատի ուներ): Առաջին վտանգավոր հարվածը տուգանայինից կատարեց Մխիթարյանը, որը հետ մղեց դարպասապահ Պատրիսիուն, հետո հիշվեց Ռոնալդուի հարվածը, որտեղ իր ռեակցիան ցուցադրեց Բերեզովսկին: Մյուս դրվագը Կամո Հովհաննիսյանի հարվածն էր ուղիղ Պատրիսիուի վրա: Հետաքրքիր է, որ ամբողջ խաղի ընթացքում մեր թիմը 7 անգամ է հարվածել դարպասին, իսկ Պորտուգալիան` 5, սակայն դեպի դարպասը հարվածներով մրցակիցը 6 անգամ գերազանցել է մեզ` 12-2:

Առաջին կեսում մեր թիմը իսկապես պատշաճ տեսք ուներ. պաշտպանվում էր, փորձում արագ հակագրոհների անցնել, ճեղքումներ կատարել առջեւի գծում: Ինչ-որ առումով ստացվում էր, ու պորտուգալացիները զգուշանում էին այդ գործողություններից: Պատահական չէ, որ առաջին կեսում նրանք 4 դեղին ստացան գրոհ կասեցնելիս, որից 3-ը` Մխիթարյանին «հնձելու» պատճառով: Պատահական չէ, որ հենց գրոհների կազմակերպիչ ու առաջատար Հենոն էր թիրախավորվել Սանտուշի պաշտպանների կողմից:

Թվում էր, թե առաջին կեսում նման ձեւով գործելուց հետո մեր թիմն ավելի վստահ կլինի, կթոթափի մեկնարկային հուզմունքը, որը շարունակաբար տեսնում ենք իրենից կարգով ավելի բարձր թիմերի հետ գրեթե բոլոր խաղերում: Տեղի ունեցավ հակառակը. ամեն գնով դարպասն անառիկ պահելու, գնդակը հեռացնելու ցանկությունը «հոնքը սարքելու տեղը աչքն էլ հանեցին»: Պաշտպաններն ու հենակետայիններից Եդիգարյանն այնպիսի մանկական սխալներ էին թույլ տալիս, որ ուղղակի զայրացնող էր: Առանց մրցակցի միջամտության, երկուսով փոխգործակցելու փոխարեն հակառակը` խանգարում էին իրար` գնդակը նվիրելով դիմացինին, այնպիսի խոտանված փոխանցումներ էին կատարում, որ ուղղակի կարող էին գոլային փոխանցում դառնալ դաշտի տերերի համար, տուգանային հրապարակի գծից պարբերաբար գլխով գնդակն այնքան թույլ ու անհաջող էին հեռացնում, որ անմիջապես հասնում էր երկրորդ էշելոնով գրոհող պորտուգալացիներին, ու նրանք շարունակում էին հարձակումը: Երկրորդ կեսում մերոնց գործողություններից հիշատակելի են Սարկիսով ու Մարկոսի հարվածները, որոնք Պատրիսիուի համար առանձնակի դժվարություն չէին ներկայացնում: 

Շատ թույլ հանդես եկան Եդիգարյանն ու Ոսկանյանը, արագությամբ զիջում էին եզրայիններ Հովհաննիսյանն ու Հայրապետյանը, զարմանալիորեն սխալվեց նաեւ ամենափորձառու պաշտպան Արզումանյանը: Ամբողջ թիմային պաշտպանությունն էր կաղում: Հուզմունքի ու հախուռն հեռացումների (դժվար է դրանք փոխանցում անվանել) արդյունքում հնարավոր չէր լինում մի կարգին հակագրոհ ձեռնարկել: Միայնակ ի՞նչ կարող էր անել Մխիթարյանը, եթե Յուրան չէր նահանջում թիկունք` ընկերներին օգնելու ու հակագրոհ ձեռնարկելու: Ընդհանրապես, Մովսիսյանը, անկախ նրանից, որ նոր է վերադարձել պրակտիկ խաղի, շատ թույլ հանդես եկավ, անչափ ծանր էր գործում: Թեթեւ չէր նաեւ Ղազարյանը: Թաց դաշտն ու անձրեւը նույնպես դժվարացնում էին խաղը, բայց մրցակիցն էլ նույն պայմաններում էր գործում:

72-րդ րոպեին Տարոն Ոսկանյանի մանկական սխալը, կարելի է ասել, երկարատեւ հախուռն, մի փոքր ցայտնոտային պաշտպանության արդյունք էր ու նաեւ, իհարկե, անհատական կոպիտ սխալ, եթե չասենք պաշտպանի կողմից ցուցաբերված անգրագիտություն: Դարպասից մի երկու մետրի վրա չի կարելի ժամանակ կորցնել` մարմինը վերադասավորելու համար ու նվեր մատուցել դրան սպասող մրցակցին: Կուարեժմայի փոխանցումից հետո գնդակը հետ մղեց Բերեզովսկին, Ոսկանյանը պիտի ուժեղ հարվածով այն դուրս բերեր տուգանայինից, բայց հապաղեց, վրա հասած Նանին փոխանցում կատարեց Ռոնալդուին, որն ընկած Հարոյանի հետ պայքարում կրկնահարվածից հետո գրավեց դարպասն ու ռեկորդ սահմանեց` խփելով Եվրոպայի առաջնություններում (ընտրական ու եզրափակիչ փուլերում) 23-րդ գոլը:

Ոսկանյանը շարունակում է անկայուն ելույթները: Այս պաշտպանը մեկ փայլուն խաղ է անցկացնում, ինչպես սերբերի դեմ եղավ, մեկ ուղղակի տապալում: Երեկվա խաղում երկրորդ գոլը կարող էինք բաց թողնել Էդերի հարվածից հետո, որը օդային պայքարում իշխեց Ոսկանյանի հանդեպ ու գլխով շատ լավ հարվածեց, բայց գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: Պաշտպաններից գրեթե միշտ առանձնանում են Արզումանյանը, որն այս օղակը հիմնասյունն է, եւ Հարոյանը, որը ժամանակին, հիմա շատ ավելի քիչ, մանկական սխալներ էր թույլ տալիս, բայց երբեք չի կորցրել պայքարելու, կռիվ տալու հատկությունը, ինչով երեւի առաջինն է պաշտպանությունում:

Մի քանի խոսք Արթուր Եդիգարյանի մասին: Այս խաղացողը, անկեղծ լինենք, իր կարգով տարբերվում է մյուս բոլորից: Կարծում ենք, որ ավելի լավ կլինի խաղաժամանակ տրամադրել հեռանկարային Ռումյան Հովսեփյանին, որը թե բարձրահասակ է ու կարողանում է օդում պայքար մղել, թե ունիվերսալ է. կարող է կատարել եւ քանդողի, եւ կառուցողի դեր, ինչպես Մխիթարյանը: Նաեւ վտանգավոր է մրցակցի տուգանայինում օդային փոխանցումների ժամանակ:

Անուն հանած մրցակիցների դեմ խաղերում մեր թիմն աչքի չի ընկնում այդքան կարեւոր սառնասրտությամբ, ինչը զուտ մարզական հոգեբանության խնդիր է: Շալանդը պետք է վերացնի այդ ավելորդ հարգանքը ուժեղ թիմերի ու խաղացողների հանդեպ`անկախ նրանից, թե ով է դիմացինը` Ռոնալդուն, Բենզեման, Պոգբան, թե Մյուլլերը կամ Քլոզեն:

Հաջորդ խաղը մեր թիմն անցկացնելու է մարտի 29-ին` հյուրընկալվելով ալբանացիներին, որոնք երեկ ընկերական խաղում, այն էլ մրցակցի հարկի տակ 1-1 խաղացին ֆրանսիացիների հետ: Երեկ սերբերը սեփական դաշտում 1-3 հաշվով զիջեցին դանիացիներին, ինչը երեւի կարող ենք անակնկալ համարել, քանի որ սրանք իրար հավասարազոր թիմեր են:

Այս պահին ընտրական I խմբի առաջատարը դանիացիներն են` 4 խաղից հետո 7 միավորով, մյուսներն անցկացրել են 3-ական խաղ: Պորտուգալիան ունի 6, Ալբանիան` 4, Սերբիան ու Հայաստանը` 1-ական միավոր:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ