Շաբաթ, 22 սեպտեմբերի

Սիմոն Մարտիրոսյանը թարմացրեց պատանիների համաշխարհային իր ռեկորդը



Այսօր Ալմաթիում դրամատիկ պայքարում ընթացավ 105 կգ քաշային տղամարդկանց ծանրամարտի աշխարհի չեմպիոնի մրցավազքը: Մասնակիցների թվում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը, ով ընդամենը 17 տարեկան է: Սիմոնը պատանիների աշխարհի ռեկորդակիր է թե պոկում, թե հրում վարժություններում, թե երկամարտում: Սակայն դրանք նա սահմանել է` հանդես գալով պատանիների գերծանր` + 94 կգ քաշում, ընդ որում` այն ժամանակ Սիմոնը 105-ից ծանր էր կշռում:

Ալմաթիում Սիմոնը 1 կգ-ով թարմացրեց պոկում վարժության իր ռեկորդը` բարձրացնելով 183 կգ: Հրում վարժության ժամանակ նա փորձեց կրկնել իր ռեկորդը` 221 կգ, որը բարձրացրել էր Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում, սակայն չկարողացավ եւ բավարարվեց 213 կգ-ով: Այսպիսով` 396 կգ երկամարտի արդյունքով Մարտիրոսյանը զբաղեցրեց 7-րդ տեղը մեծահասակների աշխարհի առաջնությունում, ինչը վատ ցուցանիշ չէ:

Այս քաշային կարգի B խմբում Ավստրիայի դրոշի ներքո հանդես էր գալիս Սարգիս Մարտիրոսյանը, որը 386 կգ ընդհանուր արդյունքով 12-րդն էր:

Թեժ պայքար ընթացավ փոքր ու մեծ մեդալների համար: Ուզբեկստանցի այժմ արդեն աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Նուրուդինովը պոկում վարժությունում առաջինն էր (193 կգ), երկրորդը չինացի Ժե Յանգն էր (191 կգ), իսկ երրորդը` ղազախստանցի Իլյա Իլյինը (190 կգ), որը 94 կգ քաշի կրկնակի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի չեմպիոն: Իլյինը խոստացել էր չեմպիոն դառնալ նաեւ այս քաշում ու շատ վստահ էր իր ուժերին: Պոկում վարժության չորրորդը մեր հայրենակից, ռուսաստանցի Դավիթ Բեջանյանն էր (187 կգ):

Հրում վարժության ժամանակ մարզասերները երեք անգամ այդ ձեւի ռեկորդի թարմացում տեսան: Նախ Նուրուդինովը 239 կգ հրեց` 1 կգ-ով գերազանցելով Բեջանյանին պատկանող ռեկորդը, հետո ինքը` Դավիթը, կրկին իրեն վերադարձրեց ռեկորդակրի կոչումը` հրելով 240 կգ: Սակայն տանտեր Իլյինը ասեց իր վերջնական խոսքը` բարձրացնելով 242 կգ. նոր ռեկորդ եւ աշխարհի չեմպիոնի կոչում:

Իլյինն ու Նուրուդինովը բարձրացրեցին ընդհանուր 432 կգ, սակայն Իլյինը գրամներով թեթեւ էր ու խլեց տիտղոսը ուզբեկստանցուց: Երրորդը 427 կգ-ով Դավիթ Բեջանյանն էր, որը նաեւ փոքր արծաթ նվաճեց հրումից:

Վաղը կտեսնենք մեր վերջին երեք մասնակիցներին. +75` գերծանր քաշում, հանդես կգա Լոնդոն-2012-ի օլիմպիական բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 2007 թ. չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը: +105 կգ` գերծանր տղամարդկանց B խմբում հանդես կգա Հայկ Հակոբյանը, իսկ A խմբում` 2009 թ. Եվրոպայի չեմպիոն, 2010 եւ 2014 թթ. Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը:      


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ