ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Ես իմ հերոսին տալիս եմ փրկվելու հնարավորություն»



Հարցազրույց արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի հետ

Հարցազրույցը վերջերս լույս տեսած Անուշի երկրորդ գրքի` «Մոյրաների նոթատետրից» ժողովածուի շուրջ է: Այն ընդգրկում է 11 պատմվածք և 1 վիպակ: 

-Անուշ, քո «Բարի գալուստ իմ հեքիաթ» առաջին գրքից դեպի «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն վերնագրերի բովանդակությամբ, կարծես, կամուրջ կա, երազի, հեքիաթի թել կա երկու գրքերի միջև: Գուցե սխալվո՞ւմ եմ:

-Ես էլ նոր սկսեցի մտածել դրա մասին (ժպտում է- հեղ): Երբ վերնագրեցի առաջին ժողովածուս՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ», հիշում եմ՝ թյուրիմացություն էր եղել ընթերցողների և մասնագետների շրջանում, ովքեր կարծում էին, թե հեքիաթին էի բարի գալուստ ասում, ուստի բաց է թողնված ստորակետը՝ բարի գալուստից հետո: Մինչդեռ հրավերն ուղղված էր մարդկանց, այսինքն՝ բարի գալուստ դեպի իմ հեքիաթ: Ընթերցողին ուղղորդում էի իմ գրական աշխարհը՝ այն անվանելով հեքիաթ մեծերի համար: «Մոյրաների նոթատետրից»-ը ևս իմ գրական աշխարհն է՝ յուրօրինակ, իրեն հատուկ գունապնակով, գուցե սրանով էլ պայմանավորվում է կապը երկու ժողովածուների միջև:

Վերնագրի հիմքում դիցաբանական երեք քույր աստվածուհիներն են: Այս ալեգորիան պատահական չընտրեցի: Պատմվածաշարը մեկ շնչով է ստեղծվել, ասես, մեկ ծավալուն պատումի տարբեր մասերն են: Թեև 12-ն էլ լիովին ինքնուրույն և առանձին ստեղծագործություններ են, ներկայացնում են տարբեր իրադարձություններ, բայց դրանց կապողը հենց ճակատագրի թելն է: Եվ դա ասոցացվեց դիցաբանական կերպարների հետ, որոնցից մեկը մանում էր այդ թելը, մյուսը կծկում էր, իսկ երրորդն ինչ-որ պահի կտրում էր այն, այսինքն ընդհատում մարդու կյանքը: Այս ժողովածուի բոլոր պատմվածնքերում հերոսը Ֆատումն է:

-3 մոյրաներից ո՞ր մեկին ես նմանեցնում քեզ` որպես հեղինակ:

-(Ծիծաղում է- հեղ): Մոյրաները տարրալուծված են պատմվածքների բոլոր կերպաների մեջ: Առհասարակ այս քույրերը սարսափելի կերպարներ են` անխնա, դաժան և վճռորոշ: Եթե նրանց դիտարկել առանձին-առանձին՝ ապա քույրերից առաջինը՝ Կլոթոն, կյանք տվողն էր, երկրորդը՝ Լաքեսիսը, մարդուն տանում էր բազում փորձությունների միջով, իսկ Ատրոպեն հոգեառ էր: Գրողը այդ երեքի միասնությունն է՝ նա թե կյանք է տալիս, թե ուղղորդում իր հերոսներին, թե «հաշվեհարդար» տեսնում նրանց հետ: Եթե մոյրաները խամաճիկների պես մարդկանց խաղացնում են իրենց մատների վրա, ապա այս դեպքում գրողն է մոյրաներին խաղացնում, թերևս, դառնում է ճակատագրի ճակատագիրը որոշողը:

-Եվ ավելի ուժեղ է, քան ճակատագի՞րը:

-Մարդն, իհարկե, ճակատագրի գերին է, բայց նա ունի բացառիկ հնարավորություն՝ մտածելու, պայքարելու և կարող է մտնել ճակատագրի հետ մրցավազքի կամ խաղի մեջ: Նա կարող է ինչ-որ մի պահի Լաքեսիսի կծիկի թելը փաթաթել իր մատին, այդպիսով` ստեղծելով իր կծիկը: Արդյունքն անկանխատեսելի է:

-Քո պատմվածքներում, կարծես, խնայում ես հերոսներիդ, զգուշավորություն ես ցուցաբերում, որ նրանց հանկարծ չարություն չդիպչի: Մի՞թե հեղինակը պոռթկման պահեր չի ունենում: Ինչո՞ւ ես այդքան զգուշավոր նկարագրություններում:

-Գրականակագետ Անի Փաշայանն իր գրառումներից մեկում նշել է, որ Անուշը սիրում է մարդուն, կարեկցում է հերոսին: Երբ ստեղծում եմ կերպարը, այնքան եմ կապվում նրա հետ, որ եթե նույնիսկ նա բացասական է, ինչպես Պետոն, մեկը, ով արժանի չէ խղճահարության, շատ մարդկայնորեն եմ մոտենում նրան: Ամեն դեպքում իմ հերոսին տալիս եմ փրկվելու հնարավորություն: Ամենազազրելի իրադարձությունները ներկայացնելով հանդերձ` մարդուն գոնե մեկ հնարավորություն պետք է տալ` ապրելու, փրկվելու համար:

«Պետո» պատմվածքում Պետոյի պես անպետք, ճղճիմ էակին կանգնեցնում եմ հանճարի ՝ Չարենցի առջև, այսինքն՝ խավարը հանում եմ լույսի դեմ: Եվ այդ փորձությունը չի անցնում հերոսս, հակառակը՝ նրա մեջ արթնանում է գազանային բնազդը, թեև ես նրան տվել էի փրկվելու հնարավորություն: Սա ի՞նչ է, եթե ոչ պոռթկում: Վերջաբանում հասկանում ես, որ չնայած Պետոն մահվան դատապարտվեց իր արարքների համար, բայց նրա հոգում մարդկային ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, արթնացան:

-Քո մի քանի պատմվածքներում քո անմիջական ներկայությունն է նկատվում, ինչպես օրինակ, «Մառլենա» պատմվածքում, երբ հետևում ես խմորեղեն պատրաստող տիկնոջը` Մառլենային:

-Առհասարակ գրողն առկա է իր բոլոր ստեղծագործություններում՝ անկախ այն հանգամանքից, գլխավոր հերոսը տղամա՞րդ է, թե՞ կին, առաջին դեմքով պատմո՞ղն է, թե՞ ոչ: Այս շարքի որոշ գործերում որպես գրող, ներկա եմ, ինչը չեմ թաքցնում: Պատմվածքներից մի քանիսը որոշակիորեն ունեն ինքնակենսագրական բնույթ: Եթե նկատեցիր, ժողովածուի բոլոր պատմվածքները վերնագրված են գլխավոր հերոսների անուններով, բացառությամբ «Տեղերի», որն իմ մտածողության, գրչի գեղարվեստական հանրագումարն է: Երբ խմբագրի՝ Դավիթ Մուրադյանի հետ աշխատում էինք ժողովածուի դրամատուրգիայի, կառուցվածքի վրա, որոշեցինք իմ ձեռագրի ամենատիպական այս ստեղծագործությունը դնել որպես գրքի նախերգանք, այդպիսով՝ հրավիրելով այդ գեղագիտական հարթության ստեղծագործություններ ընթերցելու: Երբեմն ինձ թվում է, որ այդ պատմվածքները, կարծես, քանդակաշար լինեն, որտեղ ներառել եմ և՛ մեր ժամանակակիցներին, և՛ հայտնի մարդկանց`    սկսած անցյալ դարասկզբից՝ պրոֆեսորից մինչև մեր օրերը: Եվ ինչո՞ւ պետք է ինքս բացակայեի այդ շարքում: Ես էլ մեր ժամանակի ապրողն եմ և պետք է ներկա գտնվեի այդտեղ:

-Որքանո՞վ է համադրվում քո գրականությունն իրականության հետ:

-Այս գիրքն ամբողջությամբ մեր ապրած կյանքի մասին է: Այն 100 տարվա կտրվածքով ժամանակային կամուրջ է, այսպես ասեմ՝ հայի 100 տարվա ճակատագիրն է: Փոքր-ինչ մարկեսյան ստացվեց, բայց այստեղ մենությունը չէ…

Օրինակ, «Մերսեդեսում» տեղի ունեցող իրադարձություններն անմիջականորեն 1915թ.-ի հետևանքն ու արդյունքն են, այսինքն՝ Եղեռնը վերապրած մարդկանց ճակատագիրը, մարդիկ, ովքեր կամա-ակամա դաժանաբար ենթարկվեցին պատմության հաշվեհարդարին, և զոհի խարանն ուղեկցեց այդ պատժված, այդ խեղճացած տեսակին իրենց կյանքի ընթացքում, իսկ դրանց պտուղները քաղեցին նաև իրենց սերունդները:

Այս 100 տարվա ընթացքում գրքում կհանդիպեք թե՛ մտավորական հային («Պրոֆեսորը»), թե՛ հայրենադարձին՝ («Մերսեդես», «Նարեկ»), 37 թ. դաժան դեպքերին («Պրոֆեսորը»), չեմ խուսափի այդ բառից, մերօրյա բոմժին («Պետո», «Ադելաիդա»), թե՛ կնոջը, որ ծնվել էր սիրելու համար («Մառլենա», «Կասանդրա») և թե այն հերոսին, ով ներքին որոնումների արդյունքում հեռանում է հայրենիքից և դեգերում է ամենաանսպասելի տարածքներում, մինչև վերջնական ինքնաճանաչողություն («Ահարոն Գելլեր»): Այս գրքում բոլորն իրենց կտեսնեն՝ թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստներով: Սպասվող ձմեռային ցուրտ օրերին պատմվածքներս կարող են ուղեկցել ընթերցողի երեկոն՝ մտորումների տեղիք տալով, ինչ-որ տեղ ջերմացնելով նրանց հոգիները, ինչ-որ տեղ դառնություն պատճառելով հանդերձ՝ խորհել տալով:

-Եվ այդ 100 տարիների ընթացքում հայի տեսակներից ո՞րն է գերիշխում այսօր:

-Այդ հարցի պատասխանը պատմվածքները կտան: Շատ բազմազան է մեր տեսակը՝ դրականից բացասական: Ինչպես մեր բնաշխարհն է՝ մի կողմից արևոտ, մի կողմից ցրտաշունչ, Աստծու բարիքներով օրհնված, մյուս կողմից՝ արհավիրքներով ձևավորված: Այդպես էլ հայերս ենք՝ մեր մեջ ունենք ամենադրական, երբեմն էլ, ցավոք սրտի, ամենաբացասական դրևսորումները: Իսկ գրականությունը միակ դաշտն է, որտեղ կարող ես խոսել այս ամենի մասին՝ ինքդ քեզ հետ անկեղծ լինելով, անկեղծ լինելով ընթերցողի հետ, և գիտես, ամենակարևորը՝ փոխելով իրականությունը: Հիշեցի Վիլյամ Սարոյանի խոսքերը, երբ նա սկսել էր գրել արձակի այնպիսի հզոր դարաշրջանում, որտեղ տերերն էին Հեմինգուեյը, Սելինջերը, Պոն, Օ'Հենրին, հարցրեցին, թե ինչու եք գրում այս հսկաների կողքին, պատասխանել էր. «Ես գրում եմ, որովհետև ուզում եմ փոխել կյանքը, ինձ շրջապատող իրականությունը, ինչո՞ւ, որովհետև այն ինձ չի գոհացնում»: Կարծում եմ՝ այս միտումը կա «Մոյրաների նոթատետրից» գրքում, ես ուզում եմ փոխել իմ ընթերցողի աշխարհընկալումը, իմ և նրա իրականությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ