HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեստրուկտիվ քարոզչությանը դիմակայելու հրամայականը

Էդգար Վարդանյան

Ինչպե՞ս դիմակայել դեստրուկտիվ, մեկ փոքր խմբի շահերը սպասարկող քարոզչությանը։

Կարծում ենք, որ ժամանակակից աշխարհի հասարակական-քաղաքական կյանքում այս խնդիրը ամենակարեւորներից է, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնալով ավելի կատարելագործվում եւ բազմազան են դառնում նորագույն քարոզչամիջոցները։

Խնդիրը կարեւոր է այն տեսակետից, որ մեծ ռեսուրսների տիրապետող սուբյեկտներին, չնայած ինֆորմացիայի եւ դրա տարածման միջոցների աճող բազմազանությանը, հաջողվում է «լվանալ» մարդկանց ուղեղները հիմա էլ նոր գործիքների օգնությամբ։ Փաստորեն, որոշ տեսաբանների երբեմնի պնդումը, թե ինֆորմացիայի տարածման միջոցների բազմազանությունն ինքնին կհանգեցնի նրան, որ մարդիկ ավելի տեղեկացված կլինեն եւ կխուսափեն բացառապես մեկ կենտրոնից իրենց հրամցվող «միակ ճշմարտության» կործանարար ազդեցությունից, սնանկ գտնվեց։

Խնդիրը, հատկապես, արդիական է այն երկրներում, որոնցում սերտաճած են բիզնեսը եւ պետությունը։ Այդպիսի պայմաններում խոշոր կապիտալը շատ արագ կարողանում է ստեղծել «ազդեցիկ» եւ «ռեյտինգային»զանազան «լրատվամիջոցներ», որոնք, էությամբ, զբաղվում են մեկ կենտրոնի կողմից կազմակերպված «միակ ճշմարտության» քարոզչությամբ։ Ի դեպ, այդ քարոզչությունը, երբեմն, ավելի էֆեկտիվ է լինում՝ մարդկանց թվում է, որ իրենք սպառում են անկախ եւ բազմապիսի լրատվություն եւ ավելի են հակված լինում բութ քարոզչությունը ընդունել որպես օբյեկտիվ տեղեկատվություն։

Այս քարոզչությանը դիմակայման ամենաարդյունավետ տարբերակներից մեկը՝ քարոզչության առարկայի վերաբերյալ խորքային, օբյեկտիվ նյութերի պատրաստումն է ու ժամանակակից մեթոդների միջոցով դրանց ներկայացումը լայն հանրությանը։ Այդպիսի նյութեր կարող են պատրաստել հատուկ գիտա-հետազոտական ինստիտուտները, որոնց խնդիրը պետք է լինի հենց մարդկանց «ուղեղները լվանալուն» դիմադրելը։ Առանց նման ինստիտուտների գոյության հնարավոր չէ համակարգված եւ պերմանենտ ռեժիմով դիմակայել լավ կազմակերպված, դեստրուկտիվ քարոզչությանը։ Այդպիսի կենտրոնների ստեղծմամբ առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն նրանք, որոնց կյանքը, մասնագիտական, քաղաքական, տնտեսական կամ այլ գործունեւությունը տուժում է քաղաքացիներին մոլորեցնելու միջոցով նրանցմեկ փոքր խմբինհպատակեցնելու քաղաքականության պատճառով։

Դիտարկենք ժամանակակից Ռուսաստանի քաղաքական կյանքից քարոզչության մի թարմ օրինակ, որը կարող է վերոնշյալ ինստիտուտների հետազոտության առարկա հանդիսանալ։ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ին (ի դեպ խորհրդանշական է, որ թեեւ ԽՍՀՄ-ը վաղուց չկա, բայց նրա գլխավոր քարոզչամիջոցը՝ ՏԱՍՍ-ը դեռ գոյություն ունի) տված հարցազրույցում մի շարք պնդումներ է արել, որոնք, անկասկած, տարբեր տեսակի հարթակների, գործիքների միջոցով քարոզվելու է բնակչությանը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ նախկին ԽՍՀՄ այլ երկրներում եւ ազդելու է այդ երկրների քաղաքացիների գիտակցության վրա, դառնալու է միջազգային քաղաքականության վերաբերյալ նրանց մոտեցումների ձեւավորման աղբյուրներից մեկը։ Պուտինը, օրինակ, նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները հակասում են միջազգային իրավունքին, որ եվրոպական երկրները ընտրությունից ընտրություն են ապրում եւ այդ իսկ պատճառով չեն կարողանում երկարաժամկետ պլանավորւմ անել, ինչի արդյունքում բոլորը տուժում են, որ ինչ վատ է, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է վետո դնել միջազգային հարթակում ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդունված որոշումների վրա եւ այլն։

Իհարկե, պետք է նշել, որ ներկայացված պնդումները, որպես կանոն, որեւէ կերպ չեն հիմնավորվում, սակայն սովետական ոգով դաստիարակված քաղաքացիների համար դրանք կարող են հարազատ թվալ եւ նստել նրանց գիտակցության խորքերում։ Եվ դա տեղի է ունենալու նաեւ այն բանի շնորհիվ, որ չեն ստեղծվելու ներկայացված պնդումները «ջարդող» ազդեցիկ, գիտահանրամատչելի նյութեր։ Հետսովետական քաղաքացիների մի զգալի մասին չի կարող համոզել հաճախ ներկայացվող հակափաստարկը, թե քանի որ Պուտինը բռնապետ է, պետք չէ հավատալ նրան։ Կարծում ենք, որ այդ մարդկանց մոտ վերջինիս հայտարարությունների նկատմամբ անվստահություն կարելի է առաջացնել միայն այն դեպքում, երբ նրանց ներկայացվեն Պուտինի պնդումները հերքող հանրամատչելի, լավ մշակված, գիտական հիմք ունեցող նյութեր։

ԽՍՀՄ-ի ժամանակ, երբ, օրինակ, քարոզվում էր, որ Արեւմուտքում միայն փոքրաթիվ հարուստներն են «լավ ապրում», սկզբից մարդիկ հավատում էին դրան։ Բայց հետագայում, երբ Արեւմուտքի մասին պաշտոնական տեսակետից տարբերվող տարատեսակ հանրամատչելի ինֆորմացիա ներթափանցեց, քաղաքացիների պատկերացումները էապես փոխվեցին եւ արդեն յոթանասունականներին ու, հատկապես, ութսունականներին շատ քչերն էին հավատում Կոմկուսի քարոզչությանը։

Այսօր նկատվում է, որ մարդիկ նորից սկսել են հավատալ «կոմկուսներին», մեծամասամբ այն պատճառով, որ, թեեւ անհամեմատ ավելի բաց ինֆորմացիոն դաշտի, թափանցիկ սահմանների առկայության, միեւնույն է, «սպառում» են մեկ կենտրոնից հրամցվող լավ մշակված, ազդեցիկ, զանազան նյութեր։ Ուրեմն, ժամանակն է ջարդել նոր, յուրօրինակ «երկաթյա վարագույրը»։

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Աշխարհի դրամական միջոցների առնվազն 85%-ը գտնվում է մեկ փոքր խմբի,` մի քանի մեծահարուստ ընտանիքների ուղղակի տիրապետման տակ: Խոշոր կապիտալն է ցանկացած երկրում ստեղծում «միակ ճշմարտություն» քարոզող բազմազան լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը, որոնց միջողով շարունակում է ապահովել այդ փոքր խմբի իշխանությունը և գերեկամուտները: Ոչ թե գոյատևելու տրամաբանությունը, այլ այդ շահն է կառավարում աշխարհը և արդեն ձգտում ստեղծել համաշխարհային կառավարություն: Այդ շահն է ստեղծել համաշխարհային կեղծ գիտություն և նրանից են ծագել պատերազմները: Համոզված եմ, եթե պարզվի, որ վաղը այդ շահը պատրաստ է կործանել մեր մոլորակը, ապա ասածս 85%-ի տերերը չեն կարողանալու ընդիմանալ իրենց հարազատ, այդ շունչ և հոգի չունեցող շահին: Հարց տվեք և պարզեք,` ,,Ինչու՞ աշխարհի մարդկությունը չի կարողանում ընդիմանալ Հայոց ցեղասպանությունը շարունակող շահի թելադրանքին,,:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter