Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Համաշխարհային բանկը մտահոգիչ է համարում էլեկտրաէներգիայի սակագների շարունակական աճը



Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի «2014թ. աղքատության գնահատում» հետազոտության արդյունքներով` Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների վերջին բարձրացումը մտահոգություն է առաջացնում  աղքատության եւ գների աճի առումով: 2012թ. գների համեմատ գազի սակագները բնակչության համար ավելացել են 10.5, իսկ էլեկտրաէներգիայի սակագները` 20.2%-ով: «Հաշվարկները ցույց են տալիս, որ 2013թ. էներգետիկ սակագների աճը նպաստել է  աղքատության աճին կամ խոչընդոտել է աղքատության կրճատմանը»,- հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին այսօր «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված  քննարկման ժամանակ:

Հետազոտողները մտահոգիչ են համարել այն հանգամանքը, որ Հայաստանը մեծապես կախված է բնական գազի ներկրումից, որը երկիրը խոցելի է դարձնում ռուսական գազի գնի բարձրացման առջեւ: Վերջին տասնամյակում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի սակագների շարունակական աճ, եւ վերջին անգամ այն բարձրացել է 2013թ. հուլիսին: Հետեւանքների մեղմացման միջոցառումների բացակայության դեպքում, ՀԲ-ի կանխատեսումներով, 2013թ. սակագների աճը աղքատությունը կավելացնի 3 տոկոսային կետով: Ի պատասխան ճգնաժամի՝ Հայաստանի տնային տնտեսությունները դիմել են հարմարվելու մի շարք ռազմավարությունների, այդ թվում՝ սննդի սպառման, առողջապահության ուղղությամբ ծախսերի կրճատման, որոնք առողջության եւ ըստ այդմ՝ աշխատուժի արտադրողականության համար հղի են հնարավոր վնասակար հետեւանքներով:

Ըստ հետազոտության արդյունքների` տարածքային բաշխվածության առումով գյուղական եւ քաղաքային աղքատության միջեւ տարբերությունը մեծ չէ, սակայն տատանումներն ըստ մարզերի չափազանց էական են (տես գծապատկերը): Աղքատ բնակչության ավելի քան 60%-ը բնակվում է քաղաքային վայրերում, որը մոտ է բնակչության ընդհանուր բաշխվածության ցուցանիշին: Աղքատության խորությունը տարբերվում է ըստ քաղաքային եւ գյուղական վայրերի` քաղաքներում աղքատությունն ավելի խորը բնույթ է կրում քան գյուղերում: 2012թ. քաղաքային աղքատության ճեղքվածքը զգալիորեն կրճատվել է, կազմելով 3.2 %:

Աղքատությունը գյուղական և քաղաքային վայրերում

Աղքատության մակարդակը բարձր է Շիրակի, Կոտայքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում, որտեղ բնակվում է երկրի աղքատ բնակչության 53%-ը, մինչդեռ այս մարզերում բնակվում է երկրի ամբողջ բնակչության 43%-ը: 2009-2012թթ. աղքատությունը կրճատվեց բոլոր մարզերում, բացառությամբ Արմավիրի եւ Սյունիքի: Աղքատության տարածքային բաշխվածությունը հիմնականում պայմանավորված է տարածքի տեղագրությամբ եւ ոռոգելի հողերի առկայությամբ: Չնայած քաղաքների եւ գյուղերի աղքատության ցուցանիշների նմանությանը, (համապատասխանաբար՝32.5 եւ 32.1 տոկոս), մարզերի միջեւ տարբերությունների մակարդակը բավականին բարձր է: Օրինակ՝ մայրաքաղաք Երեւանում 2012 թ. արձանագրվել է 25.6% աղքատության ցուցանիշ, ինչը ազգային միջին ցուցանիշից շատ ավելի ցածր է:

Աղքատությունն ըստ մարզերի

Աղքատության գծից ցածր գտնվող եւ 40% առավել անապահով բնակչությունը մեծապես կախված է սոցիալական նպաստներից, մասնավորապես՝ կենսաթոշակներից եւ ընտանեկան նպաստներից: Ազգային աղքատության գծից բարձր գտնվող տնային տնտեսությունների եկամտի աղբյուրների հետ համեմատելիս երեւում է, որ ազգային աղքատության գծից ցածր գտնվող տնային տնտեսություններում զբաղվածության տոկոսը շատ ավելի բարձր է, իսկ կախվածության տոկոսը շատ ավելի ցածր: Նրանց մասնաբաժինը աշխատավարձի տեսքով ընդհանուր եկամտում համեմատաբար ցածր է (այն կազմում է 2012թ. բոլոր տնային տնտեսությունների եկամտի 37.1%-ը), եկամտում սոցիալական նպաստների տեսակարար կշիռն ավելի բարձր է  (32.9% կազմում են կենսաթոշակային նպաստները եւ 10.3% ընտանեկան նպաստները) եւ նրանք ավելի շատ են կախված գյուղատնտեսության ոլորտից (եկամտի 12.5%): 

Այնուամենայնիվ, հետազոտության հեղինակները հույս ունեն, որ եթե հաջողվի երկրում կրճատել աղքատությունը տարեկան ավելի քան 1.02 տոկոսային կետով, Հայաստանը ի զորու կլինի հասնել Համաշխարհային բանկի զարգացման նպատակին՝ մինչեւ 2030թ. բացարձակ աղքատության մակարդակը հասցնել 3 տոկոսից ցածր մակարդակին: Սակայն, դրան հասնելու համար, երկրում պետք է ստեղծվեն բարենպաստ պայմաններ տնտեսական աճի եւ աղքատության կրճատման կայուն ապահովման համար: 

Նշվում է, որ Կառավարության պահպանած սոցիալական պաշտպանության մեխանիզմները կարեւոր դեր են կատարել աղքատությունը մեղմելու առումով: Համաշխարհային բանկի «Աղքատության վերանայված տվյալները» զեկույցում նշվում է, որ աղքատության աճը զգալիորեն ավելի ցածր է, քան կլիներ ընտանեկան նպաստների ծրագրի (ԸՆԾ) եւ կենսաթոշակային բաշխողական ծրագրի բացակայության դեպքում: Չնայած ծախսարդյունավետությանը եւ աղքատամետ լինելուն, ԸՆԾ-ում ընդգրկվում է միայն աղքատների 26%-ը: Նպաստառու տնային տնտեսությունների 57.2%-ը գլխավորում են կանայք: Ավելի մեծ է կանանց գլխավորությամբ տնային տնտեսությունների տեսակարար կշիռը, որ գրանցված է ԸՆԾ-ում, սակայն նպաստ չի ստանում (այսինքն` համապատասխանության չափանիշներն ամբողջությամբ չի բավարարում ընդհանուրի 76,4 %-ը):


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ