Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Հանքարդյունաբերությանը զուգահեռ գյուղատնտեսությամբ զբաղվելն անհնարին է



Թեղուտի հանքավայրի շահագործման շեմին գյուղացիները գտնում են, որ Շնողում  հանքարդյունաբերությանը զուգահեռ գյուղատնտեսությամբ զբաղվելն անհնարին է: Ըստ շնողցի Լյովա Ալիխանյանի,Շնողի  109 ընտանիքներ մի քանի տարի է իրենց  սեփական հողերի կորստի  համար «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ հայցով հայտնվել են դատական քաշքշուկների մեջ: Նրանցից  մեկի` Արմեն Հախվերդյանի վարելահողի վրա կառուցված լճի արդյունքում առաջացած վնասների փոխհատուցման դատը 5 տարի ընթանալուց հետո 20 օր առաջ է ավարտվել` ի վնաս գյուղացու:

Լյովա Ալիխանյանն ասում է, որ 109 ընտանիքները իրենց  պայքարի ընթացքում hակաօրինական որևէ գործողություն չեն արել, երկրի տված բոլոր  դատական և ոչ դատական ընթացակարգերը  օգտագործել են իրենց սեփականության  խնդիրը լուծելու համար: Սակայն որևէ արդյունքի չեն հասել:  

«Հիմա աշխատող մարդկանց թիվը նվազել է, գումարած դրան շուրջ 300 տնտեսության հող են խլել և  գործազուրկ  դարձրել սեփականատերերին»,-հավելում է Վարդան Վարդանյանը: Լյովա Ալիխանյանը  մատնանշում  է հանքավայրի շահագործման հետևանքով Շնողի տնտեսությանը սպառնացող այլ վտանգներ. «Խառատաձոր հանդամասը,  որտեղ ապրել են մեր պապերը, հանքի տերերը անվանել են Պակասաջուր: Դրանով փորձել են ներկայացնել , թե Խառատաձորը մի ամայի հանդամաս է և այնտեղ պոչամբար կառուցելը որևէ վտանգ չի ներկայացնում: Մինչդեռ Շնող գետի վտակների` Խառատաձորի ջրերի ակունքների վրա է հենց կառուցված պոչամբարը: Լեռնային գետի հետ  նման խաղ խաղալու հետևանքերը` ով լեռներում է ապրում, նա կիմանա: Եթե ես իմ Շնող գետի ափին գտնվող հողամասում այգիներ գցեմ և գետի ջրով ոռոգեմ, այգիս անմիջապես կչորանա, ինչպես ներկայումս չորանում են գետի ափին գտնվող շատ շնողցիների  այգիները: Այս դեպքում ես ինչպես կարող եմ զբաղվել գյուղատնտեսական մթերքների, այն էլ մաքուր  արտադրությամբ: Պատկերացնում եք ինչ է սպասվում Շնողի այգիներին`պոչամբարը շահագործելուց հետո»,- հարցնում Լ. Ալիխանյանը:  

Վերջինիս կարծիքով «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողում ոչ թե 70 հա անտառ է տնկել, այլ տվյալ հողատեսքերը փչացրել է:  

«Հիմա դրանք  ոչ կարող են  մարդավարի արոտավայր լինել, ոչ էլ կարող են խոտհարք լինել, որովհետև էլ ինչ խոտհարք, եթե մարգեր են  արված, ու, շատ կներեք հա-ի վրա, գոնե մի 20 հատ ծառ չի կպել:  Նրանց տնկված ծառերը  այդ բարձրության վրա երբեք չէին աճի»,- ասում է Լյովա Ալիխանյանը: Շնողցի Վարդան Վարդանյանի ասելով  «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողից նաև տասնյակ հա-ներով անտառ է գողացել: «Ինչքան է ծախսվում 1 հա անտառի ստեղծման համար, կարող է 1 մլն դրամ, կարող է 2 մլն դրամ: Բա էդ ինչ ձևով է, որ մեկ հա-ը արդեն հասուն անտառ է, մեկ մլն. դրամ էլ չի կազմում»,- հարցնում է  Վարդանը:  «Յուրաքանչյուր հա-ին 340 հազար դրամ փող են առաջարկել աճուրդ վաճառքով: Չնայած պետական սեփականությունը օտարելը վաճառք չէ, բայց, եթե անունը փոխում են` անօգտագործելի տարածք են գրում, հաստատ դառնում է վաճառքի ենթակա»,-բացատրում է Լ. Ալիխանյանը: Անտառները ցածր գնով «Թեղուտ» ՓԲԸ-ին օտարելու հարցը գյուղացիները  ներկայացրել են օրերս Շնող եկած  Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանին և Վազգեն Սաֆարյանին:

«Մենք միշտ բողոքել ենք, որ այդ գները ցածր են, շատ ցածր են, միշտ ասել ենք, ցավոք, արդյունքի չենք հասնում»,- պատասխանել է  Կարինե Դանիելյանը: Շնողում բոլորն էլ գիտեն, որ մենակ պոմիդորով երկիր ու բանակ չի պահվի, սակայն իրենց  համարում է գերակա շահերի զոհեր: «Գյուղում քիչ մարդ կա, ում վրա գերակա շահը չի ազդել, մեկի վրա շատ, մեկի վրա քիչ»,- ասում է Վարդան Վարդանյանը:  Գյուղապետ Հովիկ Սահակյանն էլ դժգոհում է, որ Շնողում պայմաններ չկան ալտերնատիվ աշխատատեղեր ստեղծելու` գյուղատնտեսական, թեկուզ վերամշակող արտադրության ներդրումների համար:

«Աշխատողները  80-120 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Առավոտյան 8-ից մինչև 5:30 մարդիկ աշխատում են ստրկացված վիճակում: Որովհետև ուրիշ ալտերնատիվ աշխատանք չկա: Գյուղի աշխատանքային շուկան կենտրոնացված է «Թեղուտ» ՓԲԸ-ի ձեռքում: Դամոկլյան սրի նման աշխատողի գլխին կախված է աշխատանքը կորցնելու սարսափը: «Չես ուզում, կազատեմ աշխատանքից»,- ասում են «Թեղուտ» ՓԲԸ-ում: Գյուղացին էլ ասում է գոնե 80 հազար դրամ ստանում եմ, բա որ, դրանից էլ զրկվեմ ընտանիքս ինչպես կերակրեմ»,- ասում է գյուղապետը: Հովիկ Սահակյանը ասում է, որ պետք է անել առավելագույնը «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում բնության հասցրած վնասը  նվազագույնի հասցնելու համար:

«Նախ  պետք է լուծվի բնակչության թերսնման պրոբլեմը, պետք է մարդիկ ունենան աշխատանք ընտրելու այլ հնարավորություններ, որ հանքարդյունաբերողին  կարողանան  հակադարձել»,- ասում Վարդան Վարդանյանը:

Թեղուտ» ՓԲԸ-ի շահագործման հետևանքով  իրենց  շահերի ոտնահարման, գյուղացիների առողջությանը և գյուղմթերքների անվտանգությանը սպառնացող վտանգների մասին գյուղացիները հայտնել են  Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանին և Վազգեն Սաֆարյանին: Վերջիններս խոստացել են ներկայացված  հարցերը քննարկել հանրային խորհրդում, ապա ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանին և կառավարությանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. հրեշավոր է09:28 - 19 նոյեմբերի, 2014
Ցավալի, ամոթալի, հրեշավոր է հազարամյակների պատմություն ունեցող բնակավայրերի ոչնչացումը կարճատեւ շահի համար: Մոնղոլ-թաթարները նույնիսկ նման ահավոր վնաս չեն տվել երկրին, բնակելի միջավայրը գոնե պիտանի են թողել! Միթե ներում է լինելու նման մոլագարներին?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ