HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է պետությունն առաջարկում դատապարտյալին և ի՞նչ է պահանջում նրանից

Մեկ տարի է՝ արդարադատության նախարարության տիրույթում գործում է դատապարտյալների ու նրանց ընտանիքների համար Հայաստանում առաջին պետական վերականգնողական կենտրոնը, որը կոչվում է «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն»: Այն վերակազմավորվել է 2005 թ.-ից գործող «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» հիմքի վրա: Կենտրոնում այսօր աշխատում է 13 մասնագետ՝ մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և իրավաբան:   

«Հետքի» զրույցը կենտրոնի տնօրեն, մասնագիտությամբ սոցիոլոգ Գայանե Հովակիմյանի հետ պատժի նպատակների, դրանց  իրագործման չափորոշիչների մասին է:

Մինչ 2002 թ.-ը հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում չկային հոգեբաններ ու սոցիալական աշխատողներ: Գայանեն պատմեց, որ նաև իր մասնակցությամբ են հիմնվել սոցիալ-հոգեբանական վերականգնման բաժինները, որոնք հետո վերանվանվել են սոցիալական, հոգեբանական, իրավաբանականի: Գայանե Հովակիմյանի խոսքերով սրա նպատակն էր ուժեղացնել այն ինստիտուտը, որը մարդուն երկրորդ հնարավորություն կարող է տալ:  

Գայանե, ՔԿՀ-ներում սոցիալ-հոգեբանական վերականգնողական բաժինների ներդրման և արդեն տասը տարվա աշխատանքի արդյունքում կարո՞ղ եք ասել, որ բանտը դատապարտյալին ուղղման ու վերականգնման հնարավորություն տալիս է:   

Շատ բարդ, դիլեմիկ հարց է: Ես ինքս հավատում եմ անձի վերափոխման գաղափարին: Բայց թե ինչքանով են կարողանում ինստիտուտները լուծել այդ խնդիրը, վերջին 10 տարին չեմ համարում բավարար շրջան: Միևնույն ժամանակ` կարծում եմ սխալների և փորձությունների շրջան էր, ինչ-որ տեղ նաև՝ որոշակի հաջողությունների: Բայց այս խնդիրը հասարակությունից անջատ չի կարելի դիտարկել: Ի վերջո, ՔԿՀ-ն նույն հասարակությունն է՝ ավելի խտացված գույներով: Անշուշտ, բարեփոխումները պիտի զուգորդվեին ու զուգորդվեն մտածողության փոփոխությամբ՝ դեպի ճաղերից այն կողմ գտնվող մարդիկ: Սակայն հայտնի ճշմարտություն է, որ սոցիալական ինստիտուտները շատ դանդաղ փոփոխվող մարմիններն են:

Մեր 12 ՔԿՀ-ներում ընդամենը 11 հոգեբան է աշխատում: Արդյո՞ք այս թիվը բավարար է, որ արդյունավետ աշխատանք տարվի մոտ 5000 կալանավորի ու դատապարտյալի հետ:

Այն, որ հոգեբանները քիչ են, փաստ է: Ռեալ չէ այդ մասնագետից պահանջել որակյալ ու անհատական աշխատանք: Քանի որ ես ինքս անցել եմ այս ճանապարհով, տեսնում եմ այն բոլոր բացերը, սխալները, որ եղել են ժամանակին: Այդ սխալների համար, իհարկե, կային նաև օբյեկտիվ պատճառներ:

Օրինակ՝ ի՞նչ սխալներ կառանձնացնեք:

Գնացինք այն ճանապարհով, որ ազատազրկման վայրերում հոգեբան-մասնագետների հաստիքներում պետք է նշանակեինք համակարգի աշխատողների՝ վերապատրաստելով նրանց: Սակայն փորձը ցույց տվեց, որ կան աշխատանքներ, որտեղ վերապատրաստմամբ հնարավոր չէ ցանկալի արդյունքի հասնել: Պիտի լինեին նոր կադրեր, ովքեր հենքային մասնագիտությամբ հենց հոգեբաններ ու սոցիալական աշխատողներ կլինեին: Հոգեբաններն ու սոցիալական աշխատողները չպիտի ունենան վարչական գործառույթներ: Ծառայությունների մի մասը պետք է մատուցվի ներսից, մյուսը՝ դրսից: Օրինակ՝ մի կոնֆերանսի էի մասնակցում, որտեղ կիպրոսցի մասնագետները պատմում էին, թե ինչպես են դրսից հոգեբանները մտնում բանտ ու ցմահ դատապարտյալների համար արվեստի երեկոներ անցկացնում:

Իսկ մեզ մոտ ցմահ դատապարտյալները 23 ժամ փակ դռների հետևում են, նրանք ոչ մի միջոցառման չեն մասնակցում, որևէ հմտություն ձեռք չեն բերում: Որպես մասնագետ ի՞նչ եք կարծում` կարո՞ղ է վերականգնում լինել այս պարագայում:

Ճիշտ խնդիր եք բարձրացնում: Եթե պետությունն անձի ուղղվելու համար չափանիշ է դնում աշխատանքին կամ միջոցառմանը նրա մասնակցությունը, ապա նախ պիտի տա այդ աշխատանքի ու միջոցառման հնարավորությունը: Որքանո՞վ է համակարգը տրամադրում այդ ամենը, որ պահանջի դատապարտյալից: Այսինքն՝ ի՞նչ է առաջարկում համակարգը: Գիտեք՝ ուղղումը միակողմանի գործողություն չէ, այն ազդեցություն չէ, այլ փոխազդեցություն: Ես կարծում եմ՝ պիտի ամբողջությամբ վերանայել և՛ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգերը, և՛ գնահատման չափորոշիչները: Այսօր փոխվում են քրեական արդարադատության ոլորտի բոլոր օրենսգրքերը: Կարծում եմ՝ սա այն փուլն է, երբ պատժին, դրա իրագործմանն ու նպատակներին նոր մոտեցմամբ պիտի նայենք:


Օրինակ՝ Բրազիլիայի բանտերում դատապարտյալներին հանձնարարում են գրքեր կարդալ, ապա շարադրություններ գրել գրքերի թեմաներով: Կարդացած գրքերի քանակով կրճատվում է նրանց պատժի ժամկետը: Հնարավոր չէ՞ մեզ մոտ էլ նման ակցիաներ անել, մանավանդ՝ գումարին կապված բան չէ:

Գիրք կարդալը դարձրել են չափանիշ: Այսինքն՝ մի բան, որը առաջարկում է համակարգը: Չխախտելով նորմատիվները՝ անվտանգություն և այլն, կարելի է ստանալ հետաքրքիր լուծումներ: Պետք է գնալ դրան: Եթե լավ առաջարկներ կան, մենք պատրաստ ենք քննարկել: Մեկ-երկու՝ դրանք կդառնան նորմեր: Ամիսներ առաջ կարդացել էինք ցմահ դատապարտյալներից Մհեր Ենքոյանի նամակը մամուլում, որտեղ նա առաջարկել էր բանտում կազմակերպել ազատազրկված հայրերի ու նրանց դուստրերի համար պարի երեկո: Շատ հուզիչ գաղափար է, այդ պարի երեկոն շոկային էֆեկտ կարող է ունենալ թե՛ հոր, թե՛ դստեր համար: Թվում է՝ փոքր բաներ են, բայց պիտի սկսել այդ քայլերից:

Ձեր կարծիքով՝ արդյո՞ք պետության համար առաջնային է, որ բանտից հանրություն վերադառնա մտքով, հոգով, ֆիզիկապես առողջ քաղաքացի:

Այստեղ հարց է ծագում՝ իսկ ո՞վ է պետությունը, մե՛նք ենք, չէ՞:

Որոշումներ կայացնողները նկատի ունեմ:

Եթե խնդիրը հիմնավորենք, ես վստահ եմ, որ որոշում կայացնողները ճիշտ որոշում կկայացնեն: Իհարկե, շատ բան կախված է պետական-քաղաքական կամքից: Համենայնդեպս, այն մարդիկ, ովքեր ղեկավարում են այս համակարգերը, պատրաստակամ են գնալ նշածս ճանապարհով: Աշխատել եմ շատ տարբեր վարչության պետերի, արդարադատության նախարարների օրոք: Որևէ մեկին չթերագնահատելով՝ պիտի ասեմ, որ այն մոտիվացիան, ցանկությունը, որ տեսնում եմ արդարադատության ներկայիս նախարարի ու ՔԿՎ պետի մոտ, ինձ ոգեշնչում է, որ կոնկրետ գործողություններ կարվեն:

Գայանե, այսօր ղեկավարում եք առաջին պետական վերականգնողական կենտրոնը: Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:

Ուղղորդում ենք մեր շահառուներին, ցույց ենք տալիս հոգեբանական ու իրավաբանական աջակցություն: «Project harmony» կազմակերպության հետ այս տարի իրագործեցինք մի ծրագիր դատապարտյալների 25 երեխաների համար, ովքեր մասնակցեցին տարբեր մշակութային միջոցառումների: Ուզում ենք ընդլայնել շահառու երեխաների ցանկը, շարունակել այս ծրագիրն ու դարձնել ամենամյա: «Աբովյան» ՔԿՀ-ում գործող խեցեգործության խմբակին ավելացրել ենք ապակեգործության խմբակ, հիմա ուզում ենք նման խմբակներ բացել նաև «Կոշ» ՔԿՀ-ում: Ծրագիր ունենք՝ արվեստի սենյակներ ունենալ բոլոր ՔԿՀ-ներում, ազատազրկված կանանց համար կազմակերպել ծնողավարության դասընթացներ: Երրորդ ուղղությունը ազատություն վերադարձածների հետ աշխատանքն է: Մենք սպասում ենք պրոբացիայի ծառայության ներդրմանը: Այս պահին աշխատում ենք պատժից ազատված անչափահասների հետ` նույնիսկ եթե նրանք արդեն 21 տարեկան են: Նպատակ կա ուժեղացնել այն ներուժը, որ կա համայնքներում՝ ստեղծելով նաև համայքնային կենտրոններ: Մեր առաջիկա միջոցառումներից առանձնացնեմ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունենալիք ցուցահանդեսը: Միաժամանակ ներկայացվելու են և՛ դատապարտյալների, և՛ ազատության մեջ գտնվող ստեղագործողների աշխատանքները: Նպատակն է թուլացնել հասարակության ու բանտի միջև եղած սահմանները:

Արդյո՞ք ռեսուրսները բավարար են՝ Ձեր ծրագրերը կյանքի կոչելու համար:

Տարածքի զարգացման խնդիր ունենք, նպատակ ունենք համակարգչային սենյակ հիմնել: Ուզում ենք ստեղծել մեծ կենտրոն՝ արտ, բիզնես և տեխնոլոգիա բաղադրիչներով: Խնդիրները շատ են, բայց անկախ խոչընդոտներից՝ որակական փոփոխությունների կարելի է հասնել, եթե կան նվիրյալներ: Իսկ նվիրյալները շատ են: Եթե մեծացնենք նվիրյալների խումբը, ոչ թե՝ նեղացածների բանակը, մի օր էլ կտեսնենք, որ բոլորս նվիլյալ ենք՝ ամեն մեկս մեր գործում: Մարդկանց պետք չէ տարբերակել: Եթե մենք սկսում ենք տարբերակել՝ մեկին դատապարտելով, մյուսին՝ անտեսելով, շատանում են մարգինալացված խմբերը: Բոլորի հանդեպ սահմաններ ենք դնում, հետևապես նրանց էներգիան մնում է փակի տակ: Մենք պիտի չճնշենք հասարակության տարբեր խմբերի ռեսուրսը, որ հետո ունենանք լավ նկարիչ, լավ խեցեգործ, լավ խոհարար և այլն: Իսկ հանրությունը հաճախ պատնեշներ դնելով՝ շատացնում է չարությունը, նեգատիվը, չարանում են դատապարտյալի երեխաները, նրա ընտանիքի անդամները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter