HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստրասբուրգյան ակնթարթներ. տեղական ինքնակառավարման ծալքերը

Արմինե Ղուկասյան

Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում անցկացված «Լավագույն գործելակերպ» ծրագրի հաղթողները, որոնք ներկայացնում էին հանրապետության յոթ` Սեւան, Ուրցաձոր, Ոսկետապ, Գետափ, Գանձաքար, Նոր Երզնկա, Գոմք համայնքները, օրերս հյուրընկալվեցին Ստրասբուրգում:

Ամիսներ առաջ մեկնարկած ծրագրի նպատակն էր բացահայտել այն համայնքներին, որոնք իրենց գործունեության ընթացքում իրականացրել են տեսանելի նախաձեռնություններ, ունեն հաջողված եւ օրինակելի պատմություններ, հեղինակել են համայնքահեն ծրագրեր, որոնք զգալի ազդեցություն են ունեցել իրենց համայնքներում: Ծրագրի հեղինակը Եվրոպայի խորհրդի Տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների փորձագիտական կենտրոնն է:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող Լավագույն գործելակերպի թեմաները երեքն էին` քաղաքացիների մասնակցություն, նախադպրոցական եւ արտադպրոցական կրթություն, տեղական արվեստներ եւ արհեստներ: Ծրագրի հաղթողները հնարավորություն ստացան ծանոթանալու Եվրոպայի խորհրդի կառուցվածքին, գործունեությանը, ծրագրերին, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի տեղական ինքնակառավարմանը:

Էլզաս նահանգի  գլխավոր քաղաքում` Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի պաշտոնական նստավայրում, Հայաստանի պատվիրակությանը սպասվում էին հագեցած օրեր, որոնց ընթացքում շոշափելի դարձան եվրոպական արժեքները, առավել տեսանելի` եվրոպական կառույցի դերը, տեղական ինքնակառավարման սկզբունքներն ու չափանիշները: Եվրոպական խորհուրդ ճանաչողական այցն սկսվեց Hemicycle դահլիճից, որտեղ այցելությունների բաժնի պատասխանատու Աննա Քալլեն ներկայացրեց ԵԽ կազմում 1994 թ.-ին հիմնված Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը:

Կոնգրեսը կազմված է երկու պալատից` տեղական իշխանությունների եւ տարածքային, եւ աշխատանքները կազմակերպում է 4 հանձնաժողովների շրջանակում` ինստիտուցիոնալ, մշակույթի եւ կրթության, կայուն զարգացման, սոցիալական համախմբվածության: Կոնգրեսը Եվրոպական տարածքային եւ տեղական իշխանությունների մարմինների շահերի արտահայտողն է, որի շրջանակներում քննարկվում են ընդհանուր խնդիրներ, իրականացվում է փորձի փոխանակում ընտրված ներկայացուցիչների կողմից:

Ի դեպ, ԵՏՏԻԿ-ում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ եւ 4 փոխարինող, որոնցից մեկը` Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը եւս պատվիրակության կազմում էր:

Ճանաչողական այցը շարունակվեց հանդիպումների շարքով: Տեղական ինքնակառավարման բարեփոխումների փորձագիտական կենտրոնի ղեկավար Դանիել Պոպենսկուն նախ` կարեւորեց լավագույն գործելակերպի ծրագրի իրականացումը, ապա ավելացրեց. «Մեզ վրա մեծ ազդեցություն է թողնում մեր հավասարից սովորելը, որովհետեւ այն սովորելու ամենաարագ եւ արդյունավետ ձեւն է: Ծրագիրն իրականացվել է 12 երկրներում: ՏԻՄ-երի աշխատանքում ստեղծագործական մոտեցումը, նորարարություններ մտցնելը, հին խնդրին նոր լուծումներ գտնելը, էքսպերեմենտները այն բաղադրիչներն են, որոնք պետք է տարածել եւ զարգացնել: Փորձի փոխանակման առումով էլ այս ծրագիրն ունի բոլոր նախադրյալները»:

ՏԻ-ի բարեփոխումների փորձագիտական կենտրոնի ղեկավարն անդրադառնալով տեղական ինքնակառավարմանը` նշեց, որ առաջիկայում սպասվում են մեծ ռեֆորմներ այս ոլորտում: «Ֆինանսական ճգնաժամը դարձավ տնտեսական ճգնաժամ եւ ազդակ փոփոխությունների համար: Եվրոպական մոտ 20 երկրներում համայնքները շատ փոքր են. դրա համար կան պատմական շատ պատճառներ, սակայն կա նաեւ փողի եւ ռեսուրսի խնդիր, իսկ գյուղական համայնքներում նաեւ` որակյալ ծառայությունների: Սա էլ հանգեցնում է խոշորացման միջոցով բարեփոխումների ճանապարհն ընտրելուն, որոնք եւ ընթանում են, եւ սպասվում առաջիկայում»,- մասնավորեցրեց Դանիել Պոպենսկուն:

«Խոշորացումը զգայուն հարց է. եթե հարցը վերաբերում է ողջ պետությանը, ապա անհրաժեշտ է իրականացնել մեկ հանրաքվե, ոչ թե հարյուրավորները մեծ ու փոքր համայնքներում, որին անպայման պետք է նախորդեն իրազեկման գործընթացներն ու սոցհարցումները: Ստրասբուրգի եւ հարակից 16 համայնքների միավորման գործընթացն սկզբում կամավոր էր, ապա` պարտադիր: Ես գտնում եմ, որ ապակենտրոնացումն օրախնդիր է, համայնքներին պետք է տալ շատ լիազորություններ եւ միջոցներ»,- եզրակացրեց պրն Պոպենսկուն:

Տարածաշրջանների պալատի գործադիր քարտուղարության աշխատակից Դենի Յուբերը նկատեց, որ տեղական կատարյալ ժողովրդավարություն չկա. ուղղակի կան երկրներ, որոնք առավել  երկար տարիներ են պայքարել ժողովրդավարության հաստատման համար եւ ունեն ձեւավորված ավանդույթներ: Յուբերի մեկնաբանմամբ` խնդիրը ոչ միայն ժամանակի, այլ հասունանալու, նվիրումի եւ քաղաքական կամքի մեջ է: Ժողովրդավարությանը հասնելու համար էլ տեղական ինքնակառավարումը կարեւոր հարթակ է:

Անշուշտ, այս ճանապարհին մեծ դերակատարում ունեն նաեւ միջհամայնքային միավորումները, որում համոզվեցինք Բարրիի քաղաքապետարանում անցկացված հանդիպման ժամանակ:

Ֆրանսիայի Բարրի գյուղաքաղաքում սպասվում էր հանդիպում համայնքապետ, Էլզասի տարածքային խորհրդի փոխնախագահ Ջիլբերթ Շոլիի հետ: Արդեն 19 տարի Բարրին ղեկավարող Շոլիին ներկայացրեց ոչ միայն իր համայնքը, այլեւ միջհամայնքային միավորման ստեղծման իրենց փորձը: Այդ տարածքում համայնքային միավորումն ստեղծվել է 1995թ.-ին, որը ներառում է 20 համայնք` 24.000 բնակչով: Ամենաշատ` 7200 բնակչություն ունեցող Բարրիի կողքին կան նաեւ 100 բնակիչ ունեցող բնակավայրեր:

36.000 համայնք ունեցող Ֆրանսիայում որոշումը գտնվել է «համայնքների համայնք» ստեղծելու միջոցով: Դրան հետեւել է նոր ռեֆորմ` կրճատվել են նաեւ համայնքների համայնքները: Ըստ Շոլիի` համայնքների խմբավորման իմաստն այն է, որ միասին արվում է այն, ինչ միայնակ համայնքը չի կարող անել, սակայն «համայնքը մնում է տեղական ինքնակառավարման մեխը»:

Մոտ 40 տարի առաջ այս տարածաշրջանում ստեղծված միջհամայնքային միավորման պատճառը կեղտաջրերի խնդիրն էր: Միավորման ուժերով ստեղծվեց ջրամաքրման կայան, ծախսերը վճարեց խմբավորումը: Ժամանակի ընթացքում միավորումը զարգացավ` ներառելով տարածքային տնտեսական զարգացման նոր ծրագրեր` զբոսաշրջայինից մինչեւ կրթական: Բարրիի քաղաքապետը ծանոթանալով հյուրընկալված համայնքների ղեկավարներին, նրանց հետ քննարկելով համայնքներում առկա խնդիրները, մեկ անգամ եւս շեշտեց, որ կան բոլոր համայնքներին բնորոշ խնդիրներ, սակայն տարբեր են մոտեցումներն ու լուծումները: Քաղաքապետը նշեց նաեւ Բարրիի տարածաշրջանի զարգացման ներկայիս ուղղությունները` կաշեգործություն, գինեգործություն, զբոսաշրջություն:

Այցի հաջորդ հասցեն Գերմանական Օֆենբուրգ քաղաքն էր: Օֆենբուրգի քաղաքապետարանում հայկական պատվիրակությանը հյուրընկալեց քաղաքապետը` 12 տարվա պաշտոնավարման փորձ ունեցող Էդիտ Շրայները: 12-րդ դարում հիմնված Օֆենբուրգում բնակվում էր 60.000 բնակիչ: 150 մլն բյուջե ունեցող քաղաքն ուներ 40.000 աշխատատեղ, եւ ամեն օր հարակից համայնքներից 20.000 մարդ էր մուտք գործում քաղաք` աշխատելու:

Օֆենբուրգը արդյունաբերական կենտրոն էր, ուներ 42 հա խաղողի այգիներ, զարգացած էր գինեգործությունը: Քաղաքապետ Շրայները կարեւորեց հատկապես քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, նշեց հաջողված օրինակներ: Անցյալ դարի 1970-75թթ.-ին Օֆենբուրգը եւ շրջակա 11 համայնքները միավորվել են եւ կոչվում են «համայնքների համայնք»: Համայնքներում կան լիազոր ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են համայնքների շահերը: Քաղաքապետի պարզաբանմամբ` դա լավագույն միջոցն էր համայնքային շահերը համախմբելու, ծառայություններն առավել որակյալ եւ հասանելի դարձնելու համար:

«Լավագույն գործելակերպ» ծրագրի հաղթողների ստրասբուրգյան այցն այն սկիզբն էր, որին առաջիկա մեկ տարում հետեւելու են նոր ծրագրեր: Հաղթող համայնքները հետաքրքրված համայնքներին կներկայացնեն իրենց փորձը ելույթների, իրազեկման գործողությունների, բաց դռների օրերի, ուսումնական այցերի, առցանց հրապարակումների միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter