HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պատասխան՝ Կապանի քաղաքապետարանի արձագանքին

Հոկտեմբերի 28-ին «Կապան. չիրացվող պոտենցիալով քաղաք» վերնագրով նյութ էինք հրապարակել: Ու չնայած նյութն առաջին հերթին Կապանի ներկայիս վիճակի մասին լրագրողի մտորումների, կարծիքի շուրջ էր կառուցված, ինչի համար էլ այն հրապարակվել էր «տեսակետ» խորագրի ներքո, Կապանի քաղաքապետարանը չէր զլացել պատասխանել դրան: Խոստացել էինք քաղաքային իշխանության պատասխանին արձագանքել, սակայն դա անում ենք մի փոքր ուշացումով՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած դժբախտ միջադեպն ու հայցելով մեր ընթերցողների ներողամտությունը:

Եվ այսպես. անմիջապես նշենք, որ քաղաքապետարանն իր արձագանք-պատասխանում չի հերքել մեր ներկայացրած փաստերից ոչ մեկը, այլ ներկայացրել է իր մեկնաբանությունները դրանց շուրջ: Առաջին իսկ հայացքից տպավորություն է ստեղծվում, որ տեքստի հեղինակը լավ չի պատկերացնում՝ ինչ ասել է լրագրություն, լրագրողի կարծիք, տեսակետ: «Եթե սրտացավ եք, օգնե՛ք, եթե կարող եք, իսկ եթե ոչ` մի՛ խանգարեք եւ Ձեր սխալ ընկալումները Կապանի մասին մի՛ պարտադրեք հանրությանը»,- գրում են քաղաքապետարանից: Մենք գիտենք, թե ով է տեքստի հեղինակը, սակայն բացարձակ նպատակ չունենք «լիկբեզ» անել այդ անձին լրագրության մասին նրա թյուր ընկալումների վերաբերյալ:  Միայն մի բան կասենք՝ ոչ մի նորմալ լրագրող իր տեսակետը կամ, ինչպես նշված է, ընկալումները չի պարտադրում եւ չի էլ կարող պարտադրել որեւէ մեկին: Լրագրողի կարծիքին ընթերցողը համաձայնում է կամ ոչ: Ընդամենը այսքանը: Եվ «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 27): Սա՝ ի գիտություն քաղաքապետարանի:

«Եթե հոդվածը գրելուց մի փոքր սրտացավ լինեիք մեր քաղաքի հանդեպ, ապա Ձեր ֆոտոխցիկը կնկարեր ոչ միայն անբարեկարգ, այլեւ դրան զուգահեռ, գետի մյուս ափին` վերջին երկու տարում բարեկարգված եւ դեռեւս բարեկարգվող մայթերը»,- նեղանում են գրությունն ուղարկողները (պետք է հասկանանք, որ նաեւ քաղաքապետը): Հետաքրքիր է, թե երբվանից է խնդիրների վերհանումն այդքան ցավոտ դարձել Սյունիքի մարզկենտրոնի ղեկավարների համար: Թե՞ քաղաքապետարանում առաջնորդվում են «Մեր մասին միայն լավը կամ ոչինչ» կարգախոսով, ու ձեր թանին թթու ասողը դառնում է ձեր աչքի փուշը: Եթե քննադատությունը ձեր քիմքին տհաճ է, մի շտապեք սուր ճոճել լրագրողի դեմ, մանավանդ որ ներկայացված փաստերը չեք հերքում: Իսկ ինչ վերաբերում է Կապանի լավը ներկայացնելուն, մի քիչ ուշադիր լինելու դեպքում, այդպիսի շատ նյութեր կգտնեք մեր կայքում, ինչու՞ դրանց էլ չեք արձագանքում: Երկրորդ. լրագրությունը քաղաքապետի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրություններ տարածելը չէ, երրորդ՝ հեղինակն ինքն է որոշում ինչպիսի շեշտադրումներ կատարել:

Ձորք թաղամասի կամուրջի աղետալի վիճակի մասին էինք գրել, որով մարդիկ վախենալով են անցնում: Քաղաքապետարանն էլ իբր փորձել է մտացածին ինչ-որ հակասություն գտնել սոցցանցում ու կայքում մեր գրածների միջեւ՝ չհասկանալու տալով «կամուրջը քաղաքային իշխանությունների տեսադաշտից դուրս է» արտահայտության բուն իմաստը: Հարգելի քաղաքապետ, ծիծաղելի է, որ Ձեր կառույցը վերջին 2 տարում 2 անգամ նորոգել է կամուրջը, ու հնացած բետոնի պատճառով նոր խնդիրներ են առաջացել, ինչպես ասում եք: Մի կամուրջի վրա երկու տարում երկու անգամ փող եք ծախսել ու այս արդյու՞նքը ստացել: Ձեզ խաբված չե՞ք զգում նորոգումն իրականացնողի կողմից, թե՞ նորմալ եք համարում առկա վիճակը (սրանք ավելի շատ հռետորական հարցեր են, որոնց կարող եք չպատասխանել): Մի կողմից՝ հեռուստատեսությամբ ասում եք, թե եթե գումար լինի, մյուս թռիչքն էլ կնորոգեք, մյուս կողմից՝ ասում եք, որ «հնացած բետոնի պատճառով առաջացած նոր խնդիրների» լուծումը ձեր ընթացիկ ծրագրերի մեջ է մտնում: Հիմա ընթացիկ ծրագիրը կա, փողը չկա՞, թե՞... Մի տեսակ կարծես հակասում եք ինքներդ Ձեզ:

Խոսում եք անցած ամիսներին մեծածավալ աշխատանքների մասին (դատարանի, դպրոցի շենքեր, հիվանդանոց), բայց անմիջապես էլ հավելում, որ քաղաքապետարանն անմասն է դրանցից: Էլ ո՞րն է նշելու իմաստը: Տրիկոտաժի ֆաբրիկան եք օրինակ բերում, որ ամենամեծ ծավալներով այսօր է աշխատում: Դրանում քաղաքապետարանը կրկին որեւէ ներդրում չունի, ինչի մասին չեք ասել, չգիտես ինչու: Ֆաբրիկայի տնօրենը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ գործունեությունը կախված է պատվիրատուներից. պատվեր կա՝ կաշխատեն, չկա՝ հարկադիր պարապուրդի կնստեն: Նաեւ նշել է, որ սեփական արտադրանքն իրացնելու համար խանութի հարմարավետ տարածք չի կարող վարձակալել, որովհետեւ վարձակալումը թանկ է ու ձեռնտու չէ: Կապանցիներն այսօր էլ զայրույթով պատմում են, ու քաղաքապետարանում էլ հաստատ լավ գիտեն, որ ՀՀԿ-ական նախկին քաղաքապետերից մեկի օրոք համայնքային հողերը մասնավորեցվել են գրեթե ամբողջությամբ, ու նաեւ դրա պատճառով այսօր համայնքը լրացուցիչ եկամուտներ հավաքելու խնդիր ունի:

Մեր ծանոթ կապանցիները, կարդալով քաղաքապետարանի արձագանքը, անմիջապես նկատել էին գրության հեղինակների զայրույթ-տարակուսանքը նախկին քաղաքապետի հանդեպ իրենց վերաբերմունքի մասին ու քմծիծաղով հենց դա էին մատնանշում: Նախկին քաղաքապետ Աթայանն ինքն է մեր զրուցակիցներից մեկի հետ առանձնազրույցում պատմել, մասնավորապես, հիվանդանոցում կատարած իր ներդրումների մասին: Չենք ասել ու չենք էլ ասում, թե ներկա քաղաքապետն էլ իր միջոցներից պիտի դնի. միգուցե չունի, չի անում: Բայց փաստ է, որ մեր զրուցակից ձեր համաքաղաքացիները, առանց բացառության, ավելի շատ դրական տոնով են արտահայտվել Աթայանի մասին, ինչը չենք կարող ասել նոր ղեկավարի վերաբերյալ: Եթե լրագրողը պատմում է մարդկանց վերաբերմունքի մասին, դրանից պետք չէ նեղվել, ուրեմն դեռ շատ անելիք կա: Ի վերջո, համայնքային իշխանության իսկական գնահատականը տալիս են շարքային կապանցիները, բայց ոչ երբեք խոսքով, դահլիճային միջոցառումներով սրտակեղ ելույթներով, ինչպիսիք մեզանում ստացել են «չեբուրաշկա», այս դեպքում անպատվաբեր, անվանումը:

Ասում եք, Կապանի տոնին փուչիկ, տորթ, երաժշտություն, համերգ, հրավառություն կար: Չեք կարծու՞մ, որ տոն լինել-չլինելը փուչիկ-տորթով չի որոշվում. տոնը պիտի մարդկանց՝ մեծերի ու փոքրերի ներսում լինի: Եթե մի ամբողջ բանավանի դպրոցի աշակերտները, առանց բացառության, տարբեր պատճառաբանություններով չեն մասնակցում տոնին, մտածելու տեղիք չի՞ տալիս: Այդ երեխաներին չի հետաքրքրել իրենց քաղաքի տոնը, իսկ դուք մեդալներից ու պատվոգրերից եք խոսում:   

«Միթե այսօր Վահանավանքի ճանապարհի նորոգումը, բնապահպանական ակցիաների պարբերաբար կազմակերպումը, շվաքարանների կառուցումը, քաղաքում զբոսայգիների, հրապարակների բարեկարգումը, լուսավորության համակարգի բարելավումը, կանաչապատումն ու ծաղկապատումը եւ այլն, առկա ներուժի զարգացմանը միտված աշխատանքները չեն»,- ասում եք դուք:

Այս ամռանը հենց Վահանավանքում էինք, խոտերի վրա կենցաղային աղբից ազատ տեղ էինք փնտրում նստելու համար: Պարզ է, թե ինչ պետք է մտածի այդտեղով անցնող օտարերկրացին: Այո, աղբարկներ կան ճանապարհի վրա, բայց եթե մարդիկ ալարում են սեփական աղբը իրենց հետեւից հավաքել ու թողնում են անմիջապես ծառի ստվերում կամ նետում մոտակա թփուտի մեջ, ապա պետք է այնպիսի լուծում մշակել, որ երկրորդ անգամ նույն քայլն անելուց առաջ լավ մտածի: Նույն վիճակն է նաեւ քաղաքի կենտրոնում՝ Վաչագան գետում: Տարբեր պաստառներն ու զանգվածային լրատվամիջոցներով հորդորները լուծում չեն: Աղտոտողներին պատժել է պետք օրենքով: Թե Վահանավանքում, թե քաղաքում եւ ցերեկը, եւ երեկոյան չհանդիպեցինք հասարակական կարգը պահպանող ոստիկանների: Գուցե քաղաքային իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր մշակեին ոստիկանության հետ: Կարող է ասեք, թե Վահանավանքում պահակ կա, կամ ոստիկանները հսկում են կարգը քաղաքում, բայց արդյունքը չի երեւում: Չենք ցանկանում խոսել քննարկման փուլում գտնվող միլիոնանոց ծրագրերի մասին, որոնք ընդամենը թղթի վրա են, ուղղակի արձանագրում ենք փաստերը:

«Շվաքարանների կառուցում, զբոսայգիների բարեկարգում, լուսավորության համակարգի բարելավում»… Թող հարգելի քաղաքապետը մի օր ոտքով քաղաքի կենտրոնից կամ Հունան կոչվող թաղամասի իր տնից դեպի Ձորք քայլի: Ու ավելի լավ կլինի, եթե դա անի երեկոյան, երբ արդեն մութ է: Սա ասում եմ՝ սեփական փորձից ելնելով:

Միջպետական ճանապարհի աջ ու ձախ մայթ, որպես այդպիսին, չկա: Խոտն ու տեղումները վաղուց քայքայել են մայթերի ասֆալտն, ու հիմա միայն խիճն է մնացել: Եվ մարդիկ ստիպված ճանապարհով են քայլում՝ անընդհատ հետ նայելով, որ մեքենայի տակ չընկնեն:

Լուսավորություն. սա մի մեծ գլուխկոտրուկ է Կապանում: Տեղացիներից մեկն ասաց, թե իրենք էլ չեն իմանում՝ երբ են միանում քաղաքի լույսերը, երբ անջատվում: Մենք էլ չհասկացանք: Մի անգամ Ձորքի լույսերը առավոտվա ժամը 11-ի դրությամբ դեռ վառվում էին, մի անգամ էլ երեկոյան զբոսնելիս նկատեցինք, որ հանրախանութի դիմացի պուրակում (քաղաքի հենց կենտրոնում) ոչ մի լույս չի վառվում: Նույն միջպետական ճանապարհի վրա լուսավորությունը հատվածաբար է առկա: Հունանից մինչեւ Ձորք թաղամաս ընկած հատվածում, որտեղ բնակելի շենքեր չկան, իսկական խավար էր բոլոր այն օրերին, երբ երթեւեկել ենք: Տաքսու վարորդը բողոքեց, որ դիմացը լավ տեսնելու համար ստիպված «դալնի» լույսերն է միացնում, բայց ճանապարհային ոստիկանությունը, եթե նկատի, տուգանում է: Գուցե նշված հատվածի համար խնայվու՞մ է էլեկտրաէներգիան: Բայց մյուս կողմից՝ դա Իրան-Հայաստան միակ ճանապարհն է, որով անցնում է ցանկացած տեսակի մեքենա, ու անկախ ամեն ինչից՝ անթույլատրելի է նման բարձիթողի վերաբերմունքը:

Կապանը միայն քաղաքի կենտրոնը չէ: Նույն կանգառները առանձին թեմա են. դրանք այնքան անբերակարգ են, որ հեռավոր ինչ-որ բնակավայրի տպավորություն է ստեղծվում:

Դե իսկ ասֆալտի մասին, մասնավորապես, Ձորքի պատանիներն էին հարցնում. «Նկարում եք, որ հետո գաք նորոգե՞ք»: Ասացինք՝ չէ, «նորոգողների» համար ենք նկարում:     

«Վերջին երկու տարում համայնքային բյուջեն ավելացել է 4,7 տոկոսով կամ մոտ 47 մլն դրամով: Հետաքրքիր չէ արդյոք, իմանալ, թե ինչի համար են ծախսվում այդ գումարները… Եթե հետաքրքրվեիք, կիմանայիք նաեւ, որ վերջին 2 տարում Կապանում ներդրումների ծավալը ավելի քան տասնապատիկ գերազանցում է վերջին 20 տարվա ցանկացած 2 տարվա ընթացքում կատարված ներդրումների ծավալը»,- գրում եք Դուք, պարոն քաղաքապետ: Ներողություն, բայց սա հետաքրքիր չէ, եւ գիտե՞ք ինչու: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով (սրանք պաշտոնական թվեր են)՝ 2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Կապանն ունեցել է 45.400 մշտական բնակիչ: Այսինքն՝ այդքան մարդ հաշվառված է եղել քաղաքում, այլ հարց է, թե քանիսն են առկա եղել, ինչն, ըստ էության, պիտի ավելի փոքր թիվ լինի (արտագնա աշխատանքի եւ այլ պատճառներով): 2012-ի հոկտեմբերի 1-ին մշտական բնակչությունը կազմել է 45.500 մարդ (այդ ժամանակ Դուք դեռ քաղաքապետ չէիք): 2013-ի հոկտեմբերի 1-ին այս ցուցանիշը եղել է 43.000 մարդ, իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ 42.800:

«Ու միշտ հիշեք` կապանցին այսօր հոգսաշատ է, բայց ոչ երբեք տխուր: Կապանցին, ով իր ու իր որդիների արյան գնով է պահպանել այս հողը, հավատ ունի վաղվա օրվա ու իր քաղաքի հանդեպ»,- ասում եք Դուք, պարոն քաղաքապետ:

Միայն պաշտոնական տվյալներով՝ Ձեր կառավարման տարիներին Կապանի բնակչությունը պակասել է 2700-ով. մի ամբողջ բանավան, ինչպիսին, ասենք, Վաչագանն է, իսկ գուցե ավելի շատ: Այսինքն՝ մի կողմից՝ մարդիկ հեռանում են Կապանից, մյուս կողմից՝ բնական աճը, եթե նույնիսկ դրական է, չի լրացնում բացը: Վաղվա օրվա ու իր քաղաքի, նաեւ՝ կոնկրետ քաղաքային իշխանությունների հանդեպ ունեցած «հավատի» ավելի լավ փաստ դժվար է ներկայացնել: 

Հ.Գ. Կապանի քաղաքապետարանից մեզ ուղարկել էին քաղաքապետի մասին հայաստանյան ամսագրերից մեկում տպագրված մի նյութ՝ որպես նրա գործունեության ապացույց: Այս ամսագրի հետ մոտիկից շփվածներից շատերը, մեղմ ասած, դրական չեն արտահայտվում դրա մասին, ավելին՝ խոսվում է պատվիրված նյութերի ու դրանց դիմաց հայկական մամուլի համար աստղաբաշխական գումարների մասին: Այստեղից էլ հարց է ծագում՝ որքա՞ն է վճարել Կապանի քաղաքապետարանը կամ գուցե անձամբ համայնքի ղեկավարը սույն հոդվածի դիմաց: 

Մեկնաբանություններ (6)

hasmik
այս հոդվածում դեռ քիչ է նկարագրված Կապանի աղետալի վիճակը, Կապանում ընդհանրապես վերացել են մայթերը, քայլելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ և այլն, բայց ես ուզում եմ Կապանի քաղաքապետին հարցնել, չեք ամաչում հիվանդանոցի ողբալի վիճակի համար, աստված եմ կանչում գեթ մի օր պառկեք այդ դժոխքում, թե դա ձեձ չի վերաբերվում, շատ փող ունեք, մօբիլ կկանչեք Երևանից, ձեր բուժումը կկազմակերպեք Երևանում, և ընդհանրապես հերիք դառնաք լիցկայի ստրուկը, Կապանի հերը անիծել եք, ամոթ ձեձ
Արտուր
Մեկնաբանությունը... https://www.youtube.com/watch?v=BnxXlOCfJDo
Արտուր
Ես հիշում եմ մեր քաղաքապետի նախընտրական քարոզարշավի հոլովակներից մեկում ինքը քայլում եր այդ քանդված ասֆալտի վրայով ու խոսում այդ քանդված ասֆալտի մասին բայց արդյունքը մինչև հիմա չտեսանք...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դուք նկատեցի՞ք,որ «Մաքուր պահենք գետը» այդ կապույտ ցուցանակի վրա էլ Կապանի հանքային «Դանդի Փրեշս Մեթալզի» գովազդն է: Դուք սա անամոթություն չե՞ք համարում: «Դանդի Փրեշս Մեթալզի» գովազդը ԱՄԵՆՈՒՐ է քաղաքում՝ նույնիսկ զոհված ազատամարտիկների նկարների վրա: Կամ՝ հենց քաղաքապետարանի առաջ գտնվող պուրակում տեղակայված փայտե նստարանների վրա ՓՈՐԱԳՐՎԱԾ է «Յունիբանկ»: Դուք սա անամոթություն չե՞ք համարում: ՀԱՐՑ քաղաքապետին/քաղաքապետարանին՝ այդ դեպքում ի՞նչու չեք «Դանդի Փրեշս Մեթալզ Կապանի» լոգոն նաև քաղաքապետարանի մուտքի մոտ կպցնում կամ ձեր բաճկոններին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լուծումը արդեն տարբեր անգամներ գրել եմ. նախ և առաջ՝ ա) (ժողովրդի կողմից) ընտրո՛վի մարզպետ և «Մարզային Ժողով» և բ) ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 5(1) հոդվածի անմիջական վերացում:.......................................ՀՀ կուսակցությունների մասին օրենքի այս 5(1) հոդվածի ԱՄԵՆԱՄԵԾ հասցրած վնասն այն է, որ հանրապետական կուսակցությունները ՉԵՆ ՄՐՑՈՒՄ մարզային/տեղական անկախ կուսակցությունների հետ, որովհետև մարզերում պարզապես հնարավոր չէ տեղական անկախ կուսակցություններ ստեղծել: Սա ԱՆՆԵՐԵԼԻ է, որովհետև առանց անկախ տեղական կուսակցությունների Հայաստանում ԵՐԲԵՔ իսկական դեմոկրատիա չի՛ լինելու:.........................................Ենթադրենք, Կապանում 100-200 մարդ ցանկանում է ստեղծել մի կուսակցություն, զբաղվել բացառապես Կապանի հարցերով ու մասնակցել միայն Կապանի ընտրություններին: Ինչո՞ւ պիտի սա հնարավոր չլինի: Սրա ի՞նչն է «վատ»: Այսօր, օրինակ, նաև Հոլանդիայում այսպիսի շատ տեղական կուսակցութուններ վաղուց մրցակցում են մեծ ու համապետական կուսակցությունների հետ և վերջիններիս ստիպում ԼՐՋՈՐԵՆ զբաղվել տեղական խնդիրների լուծմամբ. հակառակ դեպքում տեղացի բնակիչները քվեարկում են տեղական կուսակցությունների օգտին: Այ սա՛ է դեմոկրատիան, ոչ թե հայաստանյան կրկնվող քաղաքական թատրոնը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Անժխտե՛լի փաստ է,որ Կապանն այսօր ՉԶԱՐԳԱՑՈՂ ու չկառավարվո՛ղ մի քաղաք է. ով սա չընդունի,նա պարզապես դեմագոգ է: Կապանում այսօր լրիվությամբ կոմունիստակա՛ն բարքեր են տիրում՝ գումարած շրջակա հանքային թալանը/տեռորիզմը: Կապանի ներկա քաղաքապետը, փոխքաղաքապետը և քաղաքապետարանը լրիվությամբ պասիվ ու ԱՆՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ են. նստած սպասում են Լիսկայի հերթական հրամանին: Պետք է հասկանալ,որ Կապանի քաղաքապետ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՇՈՏԸ և փոխքաղաքապետ ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒԴՈԼՖԸ Լիսկայի աջ ու ձախ ձեռքն են. սրանք չեն նշանակվել քաղա՛քի շահերի համար: Այս լիսկայական կլանը ամե՛ն ինչ անում է,որ Կապանում ազատ մեդիա և քաղաքացիական հասարակություն չլինի: Այսօր Կապանում ՈՉ ՄԻ անկախ մեդիա այլևս չկա: Այսինքն՝ Կապանում այսօր չկա՛ ժուռնալիզմ: Սրա վառ օրինակն է նաև Լիսկայի կողմից ստեղծված այսպես կոչված «Դավիթբեկյան ուխտեր» ՀԿ-ն և այսպես կոչված Կապանի քաղաքապետին կի՛ց «Երիտասարդական Խորհուրդը». այս 2-ի նախագահը նու՛յն Կապանի փոխքաղաքապետ «նժդեհական» Սարգսյան Ռուդոլֆն է: Այսինքն՝ ամեն ինչ արել են,որ Կապանի երիտասարդները Լիսկայի պարտաճանաչ (հհկ-ական) կոմսոմոլները լինեն ու մնան այդպես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter