HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղաշարժ՝ 19 տարվա վաղեմության երկու քրեական գործով

Սկիզբը

«Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի լուսաբանումների արդյունքում երկու քրեական գործով ունենք տեղաշարժ. առաջինը՝ Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ, 2-րդ կարգի հաշմանդամ, 1995 թ.-ին իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ գործն է, երկրորդը՝  1997 թ.-ին 19 տարեկանում 5 համածառայակիցների սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված նախկին շարքային Արթուր Մկրտչյանի քրեական գործը:

Երկու քրեական գործերով էլ նախկին դատախազները 19 տարի անց բացահայտել են նախորդ դարի 90-ականներին քննված գործերով նոր հանգամանքներ: Սողոմոն Քոչարյանի գործով Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանն իր ինքնակենսագրականում հայտնել է, որ Սողոմոն Քոչարյանի մահվան դատավճռի պահանջը եղել է մեկ այլ պետության՝ Իրանի կողմից քաղաքական ճնշման հետևանք: Իսկ Արթուր Մկրտչյանի գործով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը 19 տարի անց հայտնել է օպերատիվ տեղեկություններ, որոնք քննության նյութ չեն դարձել 1996 թ.-ին:

Երկու դեպքերում էլ նախ «Հետքը», ապա Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ ի դեմս փաստաբան Ռոբերտ Ռևազյանի, դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթներ հարուցել 19 տարի անց՝ հիմք ընդունելով «Հետքի» լուսաբանումները:

Սողոմոն Քոչարյանի գործով գլխավոր դատախազությունը մերժել է վերանայման վարույթ հարուցել: Մերժումները բողոքարկվում են դատարանում: Իսկ Արթուր Մկրտչյանի գործի վերաբերյալ դիմումի պատասխանը դեռ չի ստացվել:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր տարեսկզբյան ասուլիսի ժամանակ պատասխանելով «Հետքի» հարցին՝ նշել է, որ գլխավոր դատախազությունում հետևում են «Հետքի»  հրապարակումներին, և եթե մենք հայտնաբերենք նոր հանգամանքներ, ապա ցանկացած գործ կվերաբացվի անկախ վաղեմության ժամկետից: Սակայն նման նախադեպ դեռ չկա: Ինչո՞ւ… այս հարցով «Հետքը» դիմել է փորձագետների, պաշտոնյաների, փաստաբանների ու իրավապաշտպանների:

Մասնագիտական կարծիքներ

Ըստ փաստաբան Գեղամ Հակոբյանի, ով տասնյակ արդարացման դատավճիռներ է բերել իր պաշտպանյալներին, հին գործերի վերաբացումներից խուսափելու պատճառները տարբեր կարող են լինել՝ «սկսած Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի բացակայությունից, մինչև սուբյեկտիվ որոշ գործոններ: Մասնավորապես, վերաբացումների պարագայում նախկին դատավորների, դատախազների և քննիչների պատասխանատվության հարց կարող է առաջանալ և տարբեր խնդիրներ առաջացնել, որն էլ ինքնին կարող է արգելակող գործոն հանդիսանալ»:

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը գտնում է, որ պիտի քննարկվեն լուծումները տարբեր պետական մարմինների հետ: «Գտնենք ոսկե միջինը, սկսենք ամենափոքր քայլից: Նայենք, օրինակ, 1990-ականների գործերը: Չէ՞ որ դրանից հետո օրենքները շատ են փոխվել: Կարողանանք մի մեխանիզմ ստեղծել, որ այդ գործերը կամ պատժաչափերը վերանայվեն: Եթե նույնիսկ մեկ ճակատագիր կարողանանք փրկել, կլինի մեծ գործ: Եթե այդ մեկ մարդու փրկությունը մյուսների համար կարող է հույս լինել, շատ ավելի լավ: Կրկնում եմ` չմոռանալով տուժողներին»:

Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, ամեն ինչ Հայաստանում, սկսած դեռ 1990-ականներից, որոշվում է քաղաքական նպատակահարմարությամբ: «Չկա ցմահ դատապարտյալների գործերին անդրադառնալու քաղաքական որոշում, դա է պատճառը, որ նոր երևան հանգամանքներ են ի հայտ գալիս, բայց համակարգը չի գնում գործերի վերաբացման ճանապարհով: Հայաստանում գործում է Մուսոլինիի օրենքը՝ մեր ընկերներին ու բարեկամներին թույլատրվում է ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են: Գործում է քաղաքական ընտրովի վերաբերմունք քաղաքացիների համար»:

Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով, համակարգը մի օր պետք է իր մեջ խիզախություն գտնի, անդրադառնա այդ խնդիրներին: «Եթե կա չնչին կասկած, որ անմեղ մարդ է դատապարտվել, իհարկե, պիտի գնալ այդ գործի հետևից, պիտի խոշորացույցի տակ վերաքննել այդ գործը: Մի խնդիր էլ կա, թե ինչու համակարգը կխուսափի վերաքննել այդ գործերը: Անմեղ դատապարտյալին ազատություն վերադարձնելով՝ պետությունը հսկայական գումարներ պիտի փոխհատուցի նրան կրած բարոյական և այլ տառապանքների համար»:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի կարծիքով, քրեական գործի վերանայումն ինքնանպատակ չէ, դրա համար անհրաժեշտ են հիմքեր, ոոնք անտեսելու դեպքում արդեն առիթ կլինի խոսել կոնկրետ խախտումների ու թերությունների մասին: «Սակայն մնում եմ այն կարծիքին, որ միայն բարի կամքն ի զորու չէ համարժեք լուծում տալ կուտակված իրավական խնդիրներին: Կարող եմ համամիտ լինել միայն այն կտրվածքով, որ քրեական գործերի վերանայման լիարժեք ու բնականոն մշակույթ դեռևս չի ձևավորվել, իսկ դրան չեն նպաստել իրավական կարգավորումները: Անմեղ մարդկանց դատապարտված վիճակում պահելը շահեկան չէ նաև հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից. իրական հանցագործը և նրա համակիրներն ավելի են հակվում անպատժելիության մտայնությանը»:

Ըստ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» արտադրության բաժնի ղեկավար  Հարություն Մանսուրյանի, խնդիրը քաղաքական ասպեկտում պիտի դիտարկել. «Իշխանությունն այսօր խնդիր չի դրել սրբագրելու նախկին սխալները, որովհետև եթե հիմա սրբագրի նախորդի սխալները, կգա հաջորդը և կսրբագրի իր սխալները: Այսինքն՝ կդրվի նոր մշակույթի սկիզբ, որի կարիքը չունեն այսօր իշխանությունները: Բացի այդ, նախորդ ու հաջորդ իշխանություններն այնքան սերտաճած են մեզանում, մի քիչ վերևից նայելով՝ տեսնում ենք, որ գրված սցենար է»: 

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Բայց այդ տեղաշարժը չտեսանք այս հոդվածում։ Ախ, ամեն օր աղոթում եմ Սողոմոն Քոչարյանի համար........................................ ու ոչ միայն նրա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter