HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի, բայց վերադառնալու գումար չունի

Տարեկան 50-60 տղամարդ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղից մեկնում է արտագնա աշխատանքի՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Նրանց գերակշիռ մասը երիտասարդներ են: 6 անչափահաս երեխաների հայր Սուրիկ Սմբատյանն արդեն 5 տարի մեկնում է արտագնա աշխատանքի, սակայն գրեթե միշտ ձեռնունայն է վերադառնում:

Կինը՝ Թեհմինե Մուրադյանը, հիշում է, որ երբ առաջին տարին Սուրիկը մեկնեց արտագնա աշխատանքի իրենց 6-րդ երեխան՝ Էդգարը դեռ չէր ծնվել: Հենց սկզբից ամուսնու գործերը չեն ստացվել, եւ կինը նոր ծնված որդու ծննդյան միանվագ գումարն ուղարկել է ամուսնուն, որպեսզի հետ գա: Չի բացառվում, որ Թեհմինեն այս տարի էլ տոկոս կամ պարտք վերցնի ամուսնուն ուղարկելու համար: Նրա ասելով՝ ամուսինն աշխատել է, բայց գումարները չեն տալիս, որպեսզի հետ գա:

«5 տարվա արտագնա աշխատանքից միայն երկու տարին է, որ շատ, թե քիչ գումար է տուն բերել: Արտագնա աշխատանքից մինչ օրս ոչ մի դրական բան չեմ տեսել, չգիտեմ, թե դրա նպատակը որն է: Ուղղակի անիմաստ ծախսեր ենք անում՝ վարկով փող ենք վերցնում, ամուսինս գնում է, հետո ես նպաստով վարկ եմ փակում, հույս ունենալով, որ կաշխատի ու գումար կբերի, բայց այնտեղ խաբում են, ու նորից վարկ եմ վերցնում ուղարկում իրեն, որ հետ գա: Նույնիսկ հարեւանուհուս ոսկյա վզնոցն եմ բանկում գրավադրել, որպեսզի ամուսնուս համար ճանապարհածախս լինի, էլ դրա լավը ո՞րն է»,- ասում է Թեհմինեն եւ ավելացնում, որ այս տարվա ընթացքում ամուսինն ընդամենը 5000 ռուբլի է ուղարկել՝ մոտ 45.000 դրամ:

8-հոգանոց ընտանիքը՝ 6 երեխաներն ու նրանց ծնողներն, ապրում են Դալարիկ գյուղի շենքերից մեկում, որտեղ ոչ բաղնիք կա, ոչ կոմունալ այլ հարմարություններ:

«Ամուսինս մեկնում է արտագնա աշխատանքի, որպեսզի գումար բերի մի քիչ պայմանները բարելավենք: Ոչ կոյուղի ունենք, ոչ բաղնիք, երեխեքը մեծանում են, ու տան մեջ դեռ տաշտի մեջ ենք լողանում»,- պատմում է Թեհմինեն:

Նա ասում է, որ եթե այստեղ աշխատանք լինի, չի ցանկանա, որ ամուսինը մեկնի արտագնա աշխատանքի: Ըստ Թեհմինեի, մինչեւ արտագնա աշխատանքի մեկնելը Սուրիկը Երեւանում աշխատանք է փնտրել: Հերթական որոնումներից հետո շինարարության գործ է գտել, սակայն նրանից պահանջել են աշխատանքային խումբ ձեւավորել եւ խմբով իրականացնել աշխատանքները: Նա Դալարիկում փորձել է հավաքագրել այդ խումբը, սակայն չի ստացվել. «Արդեն մարդ չկար, աշխատուժը մեկնել էր արտերկիր»: Դրանից հետո Սուրիկը ստացել է արտերկրում աշխատելու հրաշալի խոստումներ եւ, գայթակղությանը չդիմենալով, մեկնել աշխատանքի, սակայն հերթական անգամ խաբվել է ու իրենից բացի անհարմար դրության մեջ թողել նաեւ կնոջն ու անչափահաս երեխաներին:

Մեր այցելության պահին երեխաներից 4-ը դպրոցում էին, տանը միայն 5-ամյա Էդգարն էր ու դպրոցից նոր վերադարձած եղբայրը: Այս տարիքում Էդգարն արդեն գիտի, որ իրենք գումար չունեն, եւ պահանջներ չի ներկայացնում մորը:

Թեհմինեն պատմում էր, որ երբ խանութի կողքով անցնում են փոքրիկը երեսը թեքում է խանութից, իսկ երբ հարցնում են՝ ի՞նչ ես ցանկանում, պատասխանում է՝ «ոչ մի բան, պապաս փող կուղարկի, նոր կառնենք»:

«Մինչեւ այսօր ես 5 երեխու դպրոցական տետրերի գումարը չեմ կարողանում տալ, մոտ 20.000 դրամ է կազմում: Գրքերն անվճար են տալիս, բայց տետրերի համար պիտի վճարեմ: Իսկ հագուստների մասին էլ չասեմ: Տեսնողը երեւի մտածում է, որ երեխեքիս լավ-լավ հագցնում եմ, բայց բարեկամներիս երեխեքի հագուստներն են հագնում, կամ էլ հնարավորության դեպքում ծնողներս են գնում: Գյուղի 3 խանութում 50-60 հազար դրամի սննդի պարտք ունենք, պահ է եղել, որ երեխեն հաց է ուզել, բայց հաց չենք ունեցել, ալյուր էլ չի եղել, որ գոնե ցամաք հացն ապահովեմ, այդ վիճակով էլ ոնց պարտք չանեմ»,- ասում է Թեհմինեն:

Մինչ մենք զրուցում էինք ընտանիքի մոր հետ, Էդգարը քայլում էր սենյակով մեկ: Նրա ձեռքի մատները սառել էին, եւ հագուստի թեւերը երկարացրել ու ծածկել էր սառած մատները: Սենյակում ցուրտ էր, Թեհմինեն ասաց, որ բնակարանը ջեռուցում են էլեկտրաէներգիայով, ինչը թանկ հաճույք է:

«Միայն առավոտյան, երբ երեխաները հագնվում դպրոց են գնում, եւ երեկոյան՝ քնելուց մեկ ժամ առաջ եմ պլիտան միացնում: Ռիսկ չեմ անում միացնեմ, հետո էլ պիտի պարտք անեմ, որ էլեկտրաէներգիայի վարձը վճարեմ»,- ասում է Թեհմինեն, հույս հայտնելով, որ ամուսինը կվերադառնա տուն եւ Հայաստանում աշխատանք գտնելուց հետո վերջնականապես կհաստատվի այստեղ եւ կմնա ընտանիքի կողքին:

«Վերջապես ես էլ երջանիկ լինելու իրավունք ունեմ»,- հուզված ասում է Թեհմինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter