Կիրակի, 23 սեպտեմբերի

Վանաձորի քաղաքապետը շարունակում է պաշտոնների նշանակել իր բարեկամներին



Նոյեմբերի 18-ին ավագանու նիստում Վանաձորի երիտասարդական կենտրոնի երիտասարդները  ցուցապաստառներով պահանջում էին ապահովել իրական մասնակցություն քաղաքապետարանի որոշումների կայացման գործընթացներում, իսկ համայնքի բյուջեն օգտագործել բնակիչների կարիքների համար:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը սվիններով ընդունեց երիտասարդների պահանջները: «Ձեր արած գործը երբ կբերեք մեզ ցույց կտաք, նոր կմտածենք ձեզ հետ աշխատելու մասին»,- երիտասարդներին ասաց նա: Ավագանին իր հերթական նիստում քննարկեց օրակարգային 10 հարցեր:

Հաստատվեցին համայնքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը և 2015 թ.-ի բյուջեն, տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, սահմանվեց համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարների և համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները:

Նիստում Սամվել Դարբինյանի նախաձեռնությամբ օրակարգային էր դարձել նաև իր քենու դստերը` Գայանե Գոգինյանին, «Վանաձորի թիվ 24 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելու հարցը:

Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանի աղջիկը` Աննա Դարբինյանը, Վանաձորի թիվ 2, քույրը` Թագուհի Դարբինյանը, Վանաձորի թիվ 41, մյուս քրոջ` Սուսաննա Դարբինյանի աղջիկը` Սուսաննա Պապանյանը, Վանաձորի թիվ 30, աներորդու կինը` Գայանե Սարգսյանը, թիվ 33 նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններն են:

Համայնքի ավագանին տվեց իր համաձայնությունը նաև քաղաքապետի  քենու աղջկան` Գայանե Գոգինյանին, թիվ 24 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն նշանակելու համար:

Ավագանու անդամ Արամ Խաչատրյանը անթույլատրելի համարեց Սամվել Դարբինյանի կադրային քաղաքականությունը: «1990-1999 թթ. մենք երկու քաղաքապետ ենք ունեցել: Նման կադրային քաղաքակություն ոչ մեկի կողմից չի տարվել: Ձեր կողմից տարվող կադրային քաղաքականությունը հանրության կողմից քննադատվում է»,- ասաց Արամ Խաչատրյանը:

«Նա, ով շատ է իմ պահանջները կատարում, նա էլ իմ կողմից ընտրվում է: Եթե լրիվ մի անծանոթ մարդու դնում ենք, մենակ քայքայում է, դա ե՞ք ճիշտը համարում»,- պատասխանեց քաղաքապետը: Նիստի ընթացքում Սամվել Դարբինյանը գերազանցեց խորհրդակցական ձայնի իրավունքով նիստը վարելու օրենսդրական իր լիազորությունները: Նա անհարկի ընդհատում էր ավագանու անդամներին, որոշումները կայացնելիս շրջանցում էր նրանց կարծիքը: «Այդքան մենք Ձեզ զիջում ենք, մի անգամ էլ Դուք մեզ զիջեք»,-քաղաքապետին զգուշացրեց ավագանի Գայանե Քալանթարյանը: Օրակարգային` համայնքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծին ավագանին գրեթե անհաղորդ մնաց:

Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը, ով նաև Սամվել Դարբինյանի քրոջ ամուսինն է, գլխավոր հատակագծին ճարտարապետական և քաղաքաշինական գնահատականներ տալու փոխարեն ընթերցեց ավագանու թղթապանակում դրված` հատակագիծը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Հատակագծի հեղինակային խմբի ղեկավար, «Հայնախագիծ» ինստիտուտի ճարտարապետ Նունե Պետրոսյանը ավագանուն գլխավոր հատակագիծը ներկայացրեց հակիրճ: Ասաց, որ հատակագծի լրամշակումը սկսվել է 2003 թ.-ին: Լրամշակման ընթացքում հատակագիծն անցել է քաղաքաշինական և բնապահպանական փորձաքննությունների փուլեր, որոնց հիման վրա ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին և վերջինիս դրական գնահատականին արժանանանալուց հետո ներկայացվել է հաստատման:

Ըստ Նունե Պետրոսյանի՝ քաղաքի գլխավոր հատակագիծը կազմելիս դիտարկվել են նախկինում մշակված հատակագծերը, դրանց իրականացման փուլերը, իրականացված և չիրականացված հատվածները և նախկին նախագծերում տրված նախանշումները:

«Դիտարկվել է քաղաքում առկա վթարային ֆոնդը: Առաջարկվել են սահմանափակ հողերի արդյունավետ օգտագործման միջոցները»,- ասաց հատակագծի հեղինակային խմբի ղեկավարը: Ավագանու անդամները փորձեցին հարցերի միջոցով իրենց համար պարզել ապագա Վանաձորի տեսլականը:

«Նունե ջան, հարցերին ես կպատասխանեմ»,- ասաց Սամվել Դարբինյանը: Իսկ քաղաքապետի պատասխանները անիրատեսական էին և չէին բխում գլխավոր հատակագծի բովանանդակությունից:

Համայնքի 2015 թ.-ի բյուջեն ավագանուն ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Արթուր Ավետիսյանը:

«Մենք բյուջեից բավականին գումարներ` 3 մլն դրամ ենք տրամադրում Վանաձորի հասարակական կազմակերպություններին: Կա երբևէ հաշվետվություն այդ լրատվամիջոցների և ՀԿ-ների կողմից, թե ինչ են նրանք անում այդ գումարներով մեր համայնքի բնակիչների համար»,- քաղաքապետին հարցրեց ավագանու անդամ Գայանի Քալանթարյանը:

«Տիկին Քալանթարյան, Դուք ինքներդ եք տալիս այդ գումարները»,- պատասխանեց քաղաքապետը: Գայանե Քալանթարյանը առաջարկեց չտալ այդ գումարները: Մեկ այլ անդամ առաջարկեց տալ գումարները, սակայն ՀԿ-ների և լրատվամիջոցների կողմից ներկայացված ծրագրերը քննարկելուց հետո: Առաջարկությունն ընդունվեց Սամվել Դարբինյանի կողմից:

«Հանրային քննարկմանը Դուք նշեցիք, որ ինչպես ընթացիկ տարվա, այնպես էլ 2015 թ.-ի բյուջեները գոյատևման բյուջեներ է: Պարոն Սուքիասյանն էլ ասաց, որ 2015 թ.-ի բյուջեն համահունչ է համայնքի քառամյա զարգացման ծրագրին: Հիմա ինչպես հասկանամ, եթե նա զարգացման ծրագիր է, բյուջեն էլ գոյատևման բյուջե է, ինչպե՞ս կարող են քառամյա ծրագիրն ու համայնքի բյուջեն համահունչ լինեն միմյանց հետ»,- հարցրեց ավագանու անդամ Արամ Խաչատրյանը: «Ուրեմն դա կառավարության կողմից մշակված ձև է, որը էդպես էլ արվում է: Դուք ինքներդ որոշեք: Մեր քաղաքի բյուջեի 2 միլիարդ 250 մլն դրամ եկամուտները բաժանում ես բնակիչների թվի` 85 հազարի վրա` մեկ մարդուն ընկնում է 2700 դրամ: Դա կարո՞ղ է զարգացում բերել»,- հարցրեց Սամվել Դարբինյանը:

Ավագանին հաստատեց նաև Վանաձորի 2015 թ.-ի գոյատևման բյուջեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Կիրովականցի09:20 - 22 նոյեմբերի, 2014
Իսկ ով՜ ա էս երկրում իր բարեկամներին թողած ուրիշներին գործ տալի: Լավ էլ բարեկամասեր, թասլիբով մարդ ա: Էդ ավագանի-մավագանին, էդ թերթ-մերթն էլ որ ձեռը հավաքի, էնա խաղաղ, զուլալ կապրենք: Թե չէ էս ջահել-ջուհուլներին որ թողին, ջուր շատ են պղտորելու:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ