HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղբանտարկյալների պակաս չենք ունեցել ու չունենք». նոր գիրք ԽՍՀՄ-ի այլախոհների մասին

Վերջերս լույս է տեսել նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Միությունում» գիրքը»: Այն ընդգրկում է խորհրդային տարիներին այլախոհության համար դատապարտված քաղբանտարկյալների քրեական գործերն ու դատավճիռները:

-Գրքի նախաբանում նշել եք, որ նման գրքի հրապարակման ցանկություն վաղուց ունեիք, բայց 2011թ.-ից սկսեցիք քայլեր անել այդ ուղղությամբ: Այսօրվա և խորհրդային ժամանակների  միջև նմանությո՞ւն եք գտել:

-Ցավալի է, բայց այսօրվա ու խորհրդային մեր անցյալի միջեւ չափից ավելի շատ նմանություններ կան: Ըստ էության, անկախ հռչակված Հայաստանը այդպես էլ չկարողացավ դառնալ ազատ ու ժողովրդավար երկիր: Եվ քաղաքական հետապնդումներ կան, եւ բռնություններ, եւ քաղբանտարկյալներ: Ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ այսօր մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումներն արտահայտելիս կարող են խնդիրներ ունենալ: Իհարկե, ասել, որ դրանք նույնությամբ կրկնվում են՝ սխալ կլինի, բայց նմանությունները շատ են: Սակայն, անկախ այսօրվա եւ խորհրդային ժամանակների միջեւ եղած նմանություններից եմ ես հարկ համարել անդրադառնալ խորհրդային տարիների պատմության այս հատվածին: Առաջին հերթին այն պատճառով, որ այն չափազանց հետաքրքիր է, միաժամանակ՝ չուսումնասիրված: Վերջին 15-20 տարիների ընթացքում միշտ զարմացել եմ, որ, չնայած թեմայի հետաքրքիր լինելուն, ի հայտ չեն գալիս այդ շրջանով զբաղվող մարդիկ: Հետաքրքրվողներ շատ են եղել եւ կան, բայց զբաղվողներ, լուրջ լուսաբանողներ՝ ոչ: Անձամբ իմ կողմից թեմայով զբաղվելը  բարդության հետ է կապված եղել: Այդ շրջանի զարգացումներին իմ ունեցած մասնակցությունը միշտ որպես խանգարող հանգամանք եմ դիտարկել: Եթե չլիներ այդ մասնակցությունը, շատ ավելի թեթեւ ու հեշտ էր լինելու:

-Ըստ Ձեր գրքի` ԱԱԾ-ն նախ խոստացել էր  տրամադրել  այդ թվականների քրգործերը (դատավճիռները), ապա հրաժարվել, այնուհետ կրկին  համաձայնել էր` պայմանով, որ անուն-ազգանունների փոխարեն լինելու էին միայն առաջնատառերը: Ինչո՞վ էր պայմանավորված այս քաշքշուկը: Մի՞թե վտանգ էին տեսնում նման գրքի հրապարակմամբ:

-Չեմ կարծում, թե վտանգ էին տեսնում: Խնդիրը վտանգը չէ: Այս ու նման գրքերը նրանց վտանգել չեն կարող: Գոնե ես նման խնդիր չեմ ունեցել: Ընդամենը ցանկանում էի ինձ հետաքրքրող շրջանը եւ իրադարձություններն առավել լիարժեք ներկայացնել: Սա էր պատճառը, որ դիմեցի նրանց: Ստեղծված քաշքշուկի պատճառը չեկիստական մտածողությունն է: Մեր ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է մնալ Չեկա-КГБ-ՊԱԿ: Շատ բարձրաստիճան աշխատակիցներ, ովքեր որ այդ ծառայության քաղաքականությունն են ձեւավորում, չեն տեսնում ու չեն հասկանում ՊԱԿ-ի եւ ԱԱԾ-ի միջեւ եղած տարբերությունը: Նրանք շարունակում են հավատարիմ մնալ КГБ-ի գործելաոճին: Այս մտածողությունն է երեւի քաշքշուկի հիմնական պատճառը: Բայց անկախ նրանց կամքից ես իմ առաջ դրված խնդիրը լուծեցի: Իհարկե, այն ավելի հեշտ ու լավ կլուծվեր, եթե նրանք համագործակցությունից չհրաժարվեին: Վերջին հաշվով պատմության այն հատվածը եւ դրվագները, որ ներկայացված են գրքում, նաեւ այդ կառույցի պատմությունն է եւ համագործակցությունը միայն օգտակար կարող էր լինել:  

-Նշել եք, որ ԽՍՀՄ-ում այլախոհների պատմությունն ընդունված է սկսել 1960-ականներիցԻնչո՞ւ է ստվերում մնացել մինչ 60-ականների պատմությունը: Մինչ 60-ական թթ. այլլախոհներ չկայի՞ն:

-Ցանկացած երկրում բռնատիրության հաստատումից անմիջապես հետո ծնվում ու մինչեւ այդ բռնատիրության տապալումը գոյություն է ունենում այլախոհություն: Սա անհերքելի է: Այս իմաստով ԽՍՀՄ-ը չէր տարբերվում մյուս բռնատիրություններից: Իհարկե, մինչեւ 1950-60-ական թվականներն էլ են եղել այլախոհներ: Նրանք չլինել չէին կարող: Բայց մինչեւ 50-ականներ երկրում առկա քչաթիվ այլախոհները (իսկ այլախոհները որպես կանոն քչաթիվ են լինում) տարալուծվում էին ստալինյան շրջանի բռնադատվածների ու քրեական հանցագործների միլիոնների հասնող հոծ բանակի մեջ այնպես, որ խոսել այդ շրջանի այլախոհների մասին բավական դժվար եւ առանձին ուսումնասիրություն պահանջող գործ է: Եթե չեմ խոսում սրանց մասին, չի նշանակում, թե մինչեւ 50-ականներ եղած այլախոհների գոյությունը կասկածի տակ եմ առնում կամ ստվերում եմ: Ուղղակի այդ շրջանը դուրս է այս գրքի շրջանակներից: Իսկ 1950-ականները ներառված են գրքում, ճիշտ է, ոչ այնքան լիարժեք, ինչքան 60-80-ականները, բայց ներառված են:   

-1960-ականներից մինչ 88 թ.-ը  այլախոհական շարժումներ էին սկսել ԽՍՀՄ  15 հանրապետություններում, այդ թվում՝ ՀայաստանումԻ՞նչ է հուշում պատմությունը, ըստ Ձեզ, այլախոհներն ինչի՞ կարողացան հասնել:

1960-1988 թթ. ԽՍՀՄ-ում եղած այլախոհներից շատերին կարելի է դասել երջանիկ այլախոհների շարքում: Նրանք տեսան ԽՍՀՄ փլուզումը: Նրանք ոչ միայն տեսան, այլեւ մասնակցեցին 20-րդ դարի այդ դաժան կայսրության քանդման աշխատանքներին: Եվ Հայաստանում, եւ ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետություններում գործող այլախոհները ԽՍՀՄ փլուզումից եւ անկախ հանրապետությունների հռչակումից հետո ավելի քան ակտիվ էին: Նրանցից շատերը դարձան պետական ու ակտիվ հասարակական գործիչներ, պատգամավորներ, մասնակցեցին իրենց պետությունների հիմնադրմանը: Այսօր եւ Հայաստանում, եւ այլ հանրապետություններում, հրապարակում եղած շատ կուսակցություններ հիմնադրել են նախկին քաղբանտարկյալները: Շատ ավելի հետո էր, որ նրանք հետին պլան մղվեցին: Նոր ժամանակը նոր մտածողությամբ գործիչներ էր պահանջում, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք:

-Կա՞ն այսօր այլախոհներ, որոնք հետագայում  գուցե դառնան նման գրքի թեմա:

-Այո, իհարկե, կան նման մարդիկ: Ես բոլորովին չեմ բացառում, որ մի օր էլ գիրք գրվի անկախ Հայաստանում եղած քաղբանտարկյալների մասին: Ցավալի է, բայց քաղաքական բռնությունների, հետապնդումների եւ քաղբանտարկյալների պակաս չենք ունեցել ու չունենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter