HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բուդաղյան. «Իմ և իմ եղբոր դեմ տրված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը»

Անահիտ Բաղդասարյան

Արտակ Բուդաղյանի գործով արդեն երրորդ դատական նիստն է, ինչ հարցաքննվում է այս գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանը:

Ա. Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթացող նոյեմբերի 19-ի հերթական դատական նիստում շարունակում էր դեպքի օրվա տեսաձայնագրությունների վերծանումներից հատվածներ ընթերցել ու դրանց շուրջ հարցեր ուղղել գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանին: Փաստաբանին հետաքրքում էր, թե արդյոք նա ներկա է եղել այս կամ այն խոսակցությանը, հիշում է նման խոսակցություններ կամ կանացի ձայներից որն է իրեն պատկանում:

Հարցերի մեծամասնությանը Լ. Բարսեղյանը պատասխանում էր, որ «այդ հարցերը վերաբերում են իրեն, իր ազգականներին և օգտվելով իր սահմանադրական իրավունքից՝ չի պարտաստվում պատասխանել»։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը հայտարարեց,  որ եթե հարցը հանված չէ, տուժողը պարտավոր է պատասխանել: Լ. Բարսեղյանն էլ շեշտում էր, որ «դա է իր պատասխանը»: Դատավորը յուրաքանչյուր նման պատասխանից հետո արձանագրում էր, որ Լ. Բարսեղյանը հրաժարվում է պատասխանել:  

Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Լ. Բարսեղյանի` դատարանում տված ցուցմունքները էականորեն հակասում են նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին և միջնորդություն ներկայացրեց հրապարակել նախաքննական ցուցմունքները: «Առաջին ցուցմունքներում տիկին Բարսեղյանն ընդհանրապես ոչինչ չի ասել իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ, իսկ այս գործում կարևոր է հենց անձամբ իրեն ուղղված սպառնալիքները»,- նշեց Հ. Ալումյանը:

Միջնորդության վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացրին մեղադրող և տուժող կողմերը: Լսելով կողմերի կարծիքները՝ դատավոր Ն. Օհանյանը մերժեց միջնորդությունը` ասելով, որ «հակասությունը էական չէ»: Ալումյանը դատարանի գործողությունների դեմ առարկեց: «Դուք ինձ զրկեցիք իմ ճառի մեջ նախաքննական ցուցմունքներին հղում կատարելու հնարավորությունից»,- ասաց Հ. Ալումյանը և ավելացրեց, որ Լ. Բարդեղյանի դատարանում տված ցուցմունքը քրեադատավարական օրենքի էական խախտումներով տրված ցուցմունք է, որովհետեւ նա չի պատասխանել մի շարք հարցերի, որոնց պարտավոր էր պատասխանել:

Ա. Բուդաղյանի պաշտպանը միջնորդեց նաև հրապարակել տուժողի՝ նախաքննության ընթացքում տված 1-ին, 2-րդ և 3-րդ ցուցմունքները, որով Արտակ Բուդաղյանի գործողություններների նկարագրությունը տարբերվում է դատարանում տված ցուցմունքից:

Կողմերն առաջարկեցին հրապարակել այն հատվածները, որում երեւում է հակասությունները: Երբ Հ. Ալումյանը հրապարակեց առաջին ցուցմունքից մի հատված, դատախազը և տուժողի պաշտպան Ռուբեն Սահակյանն առարկեցին, դատավորն էլ, լսելով կողմերի կարծիքները` այդ միջնորդությունը ևս մերժեց:

Փաստաբան Հ. Ալումյանը մյուս ցուցմունքերը հրապարակելու միջնորդությունն այլ հիմքով ներկայացրեց: «Վկային հնարավոր չէ հարցաքննել, մի շարք հարցերի պատասխաններ իմանալ. սա նույնպես օրենքը դիտում է որպես հիմք նախորդ ցուցմունքները հրապարակելու համար: Անձի կողմից հարցաքննվելուց հրաժարվելը դիտվում է որպես նրան հարցաքննելու անհնարինություն»,- ասաց պրն Ալումյանը: Դատախազը եւ տուժող կողմն առարկեցին նաեւ այս միջնորդությանը, սակայն դատավորը որոշեց մասնակիորեն բավարարել այն:

Դատավորը ցուցմունքից հրապարակեց այն հարցերը, որոնք տրվել են նաև դատարանում, բայց տուժողը չի պատասխանել: Հակասությունների վերաբերյալ տուժողին հարցեր ուղղելուց հետո Հ. Ալումյանը հայտարարեց, որ այս հարցաքննությունը չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, բայց ոչ թե դատարանի թերացման հետեւանքով, այլ որովհետեւ հարցաքննվողը խախտեց օրենքի դրույթները: «Ես գտնում եմ, որ այս հարցաքննությունը պաշտպանական կողմի իրավունքի խախտումներով էր եւ այն չի կարող օգտագործվել որպես ապացույց»,- ասաց ամբաստանյալի պաշտպանը:

Վերջում ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը հայտարարեց. «Իմ եւ իմ եղբոր դեմ տրված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը»:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 26-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter