HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գնված ապրանքը միշտ էլ հետ է ընդունվում

Խանութներում հաճախ կարելի է տեսնել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությունը։ Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն օրենքի խախտում է։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը հստակ ամրագրում է մեր իրավունքները։ Մասնավորապես՝ այն սահմանում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում (չհաշված գնման օրը) պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը հետ հանձնել, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի սահմանել։
Իսկ ոչ պատշաճ որակի ապրանքը չընդունելու մասին խոսք անգամ լինել չի կարող։

Հագուստը հետ է ընդունվում՝ անկախ զեղչերից

 Պարզելու համար, թե ինչպես է գործում օրենքը, գնեցինք 10-20 հազար դրամ արժողությամբ երկու զգեստ` մեկը՝ Հյուսիսային պողոտայի X, մյուսը՝ «Երևան Սիթիի» հագուստի Yվաճառակետից։ «Երևան Սիթի» համապատասխան վաճառակետում փակցված գրություն կար` «Գնված ապրանքը ետ չի ընդունվում», իսկ Հյուսիսային պողոտայում գտնվող խանութի պարագայում այդ գրությունը նշված է ներքին հաշվարկի կտրոնի վրա։ Չսպասելով 14 օրվա լրանալուն՝ 2 զգեստներն էլ հենց հաջորդ օրը տարանք վերադարձնելու։ Սկզբում վաճառողները մերժեցին այն ընդունել՝ ասելով, որ ունեն «իրենց խանութի ներքին օրենքները», իսկ երբ վկայակոչեցինք գործող օրենքը, նշեցին, որ դրանից տեղյակ են, սակայն հետ վերցնել, միևնույն է, չեն կարող։ Մեր պնդումը, որ Հայաստանում աշխատելը ենթադրում է գործող օրենքներին ենթարկվել, ստիպեց մեկ այլ ապրանքի հետ փոխարինելու առաջարկ անել։ Չհամաձայնվեցինք՝ պահանջելով գումարը։ Իրենց «չուզել»-ով և մեր՝ օրենքի կետերը մեջբերելով՝ ի վերջո հաջողվեց վերադարձնել ապրանքը և ստանալ գումարը։ 

Մեկ այլ դեպքում էլ բրենդային խանութներից մեկում մեզ ասացին, որ իրենց մոտ օրենքը գործում է և վերադարձման 14-օրյա ժամկետն ուժի մեջ է, եթե ձեռք բերված ապրանքը զեղչված չէ, այլապես 14-ը դառնում է 3։ Իրականում օրենքը «ճկուն» չէ, և 14-ը մաթեմատիկական ոչ մի բանաձևով 3-ի վերածվել չի կարող։ Եվ զեղչերի դեպքում էլ կարելի է օգտվել օրենքով նախատեսված 14 օրվանից։

Պատշաճ և ոչ պատշաճ որակի տեխնիկայի հետհանձնումը

Սպառողն իրավունք ունի վերադարձնել ոչ մի թերություն չունեցող տեխնիկան, եթե այն չի օգտագործվել և պահպանված է դրա «ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները» և, բնականաբար, առկա է «առուծախի» մասին փաստող ՀԴՄ կտրոնը։
Ոչ պատշաճ տեխնիկա գնելիս սպառողն իրավունք ունի ոչ միայն պահանջել «թերությունների անհատույց վերացում», «գնի համաչափ իջեցում» կամ «նմանօրինակ նմուշով փոխարինում», այլև սահմանված ժամանակահատվածում պահանջը չկատարելու դեպքում փոխհատուցում ստանալ՝ ապրանքի գնի 1%-ի չափով ուշացման յուրաքանչյուր օրվա համար։ Ապրանքում հայտնաբերված թերություննրը պետք է վերացվեն «թերությունների վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրից՝ 20 օրվա ընթացքում»։ Նորոգման ընթացքում էլ՝ 7-օրյա ժամկետում սպառողին «անհատույց պետք է տրամադրվի նմանօրինակ ապրանք»։ Եթե առաջացել է ապրանքի ոչ պատշաճ որակը ստուգելու փորձաքննության պահանջ, ապա այն կատարվում է տվյալ վաճառակետի միջոցներով։
Երբ ապրանքի թերությունն  առաջացել է սպառողի մեղքով, ապա ապրանքի փոխարինումը, առավել ևս՝հետհանձնումը հնարավոր չէ։

Ե՞րբ կարելի է վերադարձնել սննդամթերքը

Սննդամթերքը  կարելի է վերադարձնել, եթե այն ժամկետանց է։ Եթե ապրանքը ժամկետի մեջ է, սակայն չեն պահպանվել որակական հատկանիշները, այն կարելի է փոխանակել պատշաճ որակի համարժեք սննդամթերքով կամ պահանջել գումարը։ 

Պատշաճ որակի սննդամթերքը կարելի է ետ վերադարձնել, եթե նրա վրա նշված չեն այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ բաղադրությունը, ծավալը, կալորիականությունը, պիտանելության ժամկետը։ Բացի այդ, ցանկացած տեսակի սննդամթերք պետք է ունենա հայերեն մակնշում՝ անկախ արտադրման երկրից։

Եթե խանութը հրաժարվում է երաշխիք տրամադրելուց

Վերջերս երևանյան խանութներից մեկում, որը զբաղվում է մանր կենցաղային տեխնիկայի առևտրով, մեզ հայտնեցին, որ իրենք երաշխիք չեն տրամադրում, քանի որ «Հայաստանում հաճախ լույսերի տատանում է լինում»։ Բայց երաշխիք չտրամադրելը դեռևս չի նշանակում, որ դուք պատշաճ կամ ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու, թերությունները շտկելու կամ համարժեք ապրանքով փոխարինելու իրավունք չեք ունենա։ Գնման ժամանակ ՀԴՄ կտրոնը վկայում է ձեր և խանութի միջև «կնքված փաստացի գործարքի մասին» և արդեն իսկ երաշխիք է։ Սա ևս ամրագրված է օրենքով․ «Սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային չեկ»։ Բացի այդ, էլեկտրաէներգիայի տատանման հետևանքով առաջացած վնասը կարող եք փոխհատուցել՝ դիմելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։

Ու՞մ դիմել

Հայաստանում չկա այնպիսի մարմին, որը կվերահսկի խանութներում այս և նմանատիպ գրությունների բացակայությունը։ Բայց եթե որպես սպառող խախտվել են ձեր իրավունքները, անհրաժեշտ  է դիմել Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչություն կամ զանգահարել 010 235600 թեժ գծին։ 

Եթե գնել եք անորակ սնունդ կամ կասկածներ ունեք դրա պատշաճ որակի վերաբերյալ, ապա կարող եք համապատասխան փորձաքննության համար դիմել գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայություն, թեժ գծի համարն է՝ 010 20 60 40 ։

Մեկնաբանություններ (20)

Արմեն
Բարև ձես գնել եմ 13 օր առաջ ապառիկով ՙMobile Centre՚ _ից հեռախոս ,,iPhone 13 Pro,, 12 օր աշխատելուց հետո խնթիր է առաջացել էկրանի սենսորի հետ, համապատասխան տեղում ստուգելուց հետո առաջարկումկ են փոխել էկրանը և այն կտեվի մեկ ամիս, ես ուզում եմ ունենալ գործարանայի արտադրված ապռանք այլ ոչ վերանորոգված. նրանց բերաց պատջառաբանությունը որ ապրանքի վրա մի քանի գիծ կա ; կասեք ինչ անել?
Մաթևոս
Գնել եմ մեգա տրենդ ինտերնետային խանութից 3դ խոշորացնող էկրան 14500դրամ արժողությամբ։Առաքիչը ինձ է հանձնել նսխկինում։օգտագործված տուփը ցելոֆանով զոդած ապրանք և փախել գնացել։Բացելուց հռտո տեսել եմ անորակ ապրանք;որը ետ վերադարձ չեն ընդունում։Ավելին; հոգեկան խնդիրներ ունեցող վաճառողը ավելի է վնասել ապրանքը։
Armine
Գնել եմ օծանելիքներ Royal խանութից օնլայն ասել են իբր տեստեր է գնելուց ընդամենը 2ժամ հետո այլ խանութից համեմատել եմ որ դա կեղծ է անմիջապես զանգել եմ որ հետ վերադարցնեն գումարս ու ոչ մի կերպ հետ չեն վերցնում,Թումանյան10հասցե
Տաթևիկ
Տիգրան Մեծի27/1 հասցեում գտնվող Արմել կոշիկի խսնութից 24.11.2019 ին գնել եմ երկսրաճիթ կոշիկ, կրել եմ ընդամենը երկու օր և պոկվել է, մոտեցրել եմ սրահ որպիսի հարցին լուծում տան, ինձ պատասխանում են որ ներկրում ենք չինաստանից 23000 դրամ գումարեք վճարել ուզում եք մի քանի տարի կրեք, անդձրևի ժամանակեք կրել պոկվելա վոչինչ չենք կարող անել..
Սոֆյա
Գնել եմ Երևանսիթի սուպերմարկետից/Շիրազի հասցեից/ 0.5կգ ժոկեյ սուրճ տուփով ,խանութի կողմից բացված և աղացած:Մի քանի օր գնում եմ խանութ սուրճը հետ հանձնելու,սակայն պատճառաբանում են որ իրավունք չունեն:Նշեմ որ սուրճը չի համապատասխանում իր որակին/արաբիկա չի/:Սուրճը գնել եմ 11.03.2019թ;Ներկրող ընկերությունը հայտնի չի:
Իլոնա Թադևոսյան
Գնել եմ հագուստ ՚ 1ժամ անց տարել ՚ որ ետ վերադարձնեմ սակայն չեն վերձնում ինչ անեմ ոստիկանանությունը բանակցել է իրենց հետ և ինձ ասում է ձեզ զգուշացրել են որ ետ չի վերձվում ։ Դա չգրված օրենք է կապնվեք ինձ հետ խնդրում եմ
Իլոնա Թադևոսյան
Գնել եմ հագուստ ՚ 1ժամ անց տարել ՚ որ ետ վերադարձնեմ սակայն չեն վերձնում ինչ անեմ ոստիկանանությունը բանակցել է իրենց հետ և ինձ ասում է ձեզ զգուշացրել են որ ետ չի վերձվում ։ Դա չգրված օրենք է կապնվեք ինձ հետ խնդրում եմ
Իլոնա Թադևոսյան
Գնել եմ հագուստ ՚ 1ժամ անց տարել ՚ որ ետ վերադարձնեմ սակայն չեն վերձնում ինչ անեմ ոստիկանանությունը բանակցել է իրենց հետ և ինձ ասում է ձեզ զգուշացրել են որ ետ չի վերձվում ։ Դա չգրված օրենք է կապնվեք ինձ հետ խնդրում եմ
Թամարա
Երեկ Գյումրիի խանութներից մեկից գնել եմ տաբատ։ Այսօր առավոտյան տանից տաբատը հագիս դուրս եմ գալիս ու հասկանում ինչ խայտառակ վիճակում եմ։ Շրջապատում ինչքան մազ ու փոշի կա ինձ վրա։ Այսինքն տաբատ փոշեկուլ եմ գնել։ Հենց այդպես հագիս մտնում եմ խանութ ու պահանջում փոխել, ասում է հագած շորը չենք փոխում։ Կասեք ինձ, իսկ եթե չհագնեյի, ինչպես է հասկանալու որ նման թերություն ունի՞։ Ինչու պիտի վճարեմ 17000 դրամ ու գնեմ աղբ։ Ով է զբաղվում նման դեպքերով
Ashot
Բարեւ Ձեզ, ես Ռայկոմի UCOM մասնաճյուղից 09.05.2018 թվականին գնել եմ Հուավեի հեռախոս, որը պարզվում է վնասված է եղել։ Վաճառողը վարպետաբար թաքցրել է կորպուսի վրայի խփված տեղը, խափել, ասելով, որ իդեալական վիճակում է գտնվում և վաճառել առանց ինձ ցույց տալու վնասվածքը։ Հեռախոսը վիտրինայի վրայինն է եղել, որի վրա փակցրած անվտանգության համակարգը փաստորեն վնասել էր հեռախոսի հետևի մասը։ Վնասվածքի վրա փակցվել էր իմեի «նակլեյկեն», որ ես չտեսնեմ այդ խփված մասը։ Տանը տեսնելուց հետո մոտեցել եմ վաճառասրահ, որտեղ աշխատողը ևս խոստովանեց, որ ցույց չի տվել այդ թերությունը։ Պահանջել ենք ներկայանալ մենեջերին, սակայն նա արհամարաել է մեզ և չի մոտեցել։ Գրել ենք դիմում որը ևս արդյունք չի տվել։ Այսօր արդեն անցել է բավական երկար ժամանակ եւ ես չեմ կարողանում փոխել այդ դեֆեկտով վաճառված հեռախոսը։ Փաստորեն կազմակերպությունը խաբելով է վաճառում հեռախոսները և արհամարում հաճախորդին անգամ մենեջերի մակարդակով հանդիպելուց։ Կից ներկայացնում եմ նկարներ հեռախոսի վնասվածքի և երաշխիքային կտրոնի։ Հիմա Դուք ինձ կասեք իմ իրավունքները տվյալ պարագայում? Իրավունք ունեն փոխելու այդ դեֆեկտով հեռախոսը նորով? Շնորհակալություն։
Վահրամ
Հոդված 517. Ապրանքը փոխարինելու գնորդի իրավունքը 1. Գնորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում փոխարինել այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ: Վաճառողի մոտ փոխարինելու համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողին վերադարձնել ձեռք բերած ապրանքը և ստանալ դրա համար վճարած գումարը: 2. Ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ: 3. Այն ապրանքների ցանկը, որոնք սույն հոդվածով սահմանված հիմքերով չեն փոխարինվել կամ վերադարձվել, որոշվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Нарине
не только не обменяют товар но еще и нахамят Недавно столкнулась с такой ситуацией Куда реально можно обратиться?
Լևոն
Կառավարության՝ 30 հունվարի 2002 թվականի N 77 որոշման մեջ (նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկ) նշված է այն ապրանքների ցանկը, որոնք փոխանակման կամ վերադարձման ենթակա չեն: Հուսամ պետք կգա...
Կարեն Չիլինգարյան
Армен Тадевосян, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ Օրենքի 2. կետում նշված է` «Եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առուվաճառքի պայմանագիրը եւ պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում: Վաճառողը պարտավոր է ոչ պարենային ապրանքի փոխարինումը պահանջող սպառողին հայտնել վաճառքում այդ ապրանքի ստացման մասին»: Այնպես որ, սպառողն իրավունք ունի հետ վերադարձնել նշված հոդվածին համապատասխանող ապրանքը: Այլ հարց է, թե ինչպես սպառողը կարող է պաշտպանել իր իրավունքները: Ցավոք, նույնիսկ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը չի կարող պարտադրել հետ վերադարձնել ապրանքը, միակ ատյանը, որը կարող է պարտադրել` դա դատարանն է, իսկ ոչ բոլոր սպառողները կդիմեն այդ քայլին, խուսափելով երկարատև քաշքշուկից:
Թամարա
Օրենքում 14-օրյա ժամկետ նախատեսված է փոխարինելու համար: Խնդրում եմ բառացի մեջբերել կոնկրետ հոդվածը: Ինձ համար նույնպես չափազանց հետաքրքիր թեմա է:
Կարին
Խնդրում եմ նշել, օրենքի որ կետով է սահմանվում, որ գնորդն իրավունք ունի 14 օրվա ընթացքում վերադարձնել պատշաճ վիճակում գտնվող ապրանքը: 23-րդ կետը նման բան չի սահմանում, երեւի դրանից էլ կառչում են խանւթները
Անահիտ
ՎԼՎ տեխնիկայի խանութից գնել եմ լվացքի մեքենա ,օգտագործելուց հետո նկատվեց թերություն ,իրենց մասնագետն այցելեց 4օրվա մեջ 2անգամ և 3ժամ շարունակ այն փորձարկելով ,փոխեց ամբողջ ուղեղը,սակայն խնդրին լուծում չգտնելով ,տեղափոխեցին սպասարկման սրահ ,15օրվա գնված ապրանքը ,որը ըստ իս ունի մի քանի թերություններ ,ստիպում են հետ վերցնեմ,ինչից էլ հրաժարվում եմ ինքս ,բայց այդ թերությունով ապրանքը ոչ փոխում են մեկ այլ լվացքի մեքենայի հետ ,ոչ էլ հետ են վերցնում :Ուզում եմ հասկանալ ,որ հոդվածի և ինչ իրավունքով հարցին այլ ընտրանք չեն տալիս ? Ինչի ես պետք է 200000ից ավել արժողություն ունեցող ապրանք գնեմ և ստիպված ու պարտադրողականության սկզբունքով օգտագործեմ թերի ապրանքը ;Ի դեպ սերվիսի աշխատակիցներն ասում են միայն այդ ռեժիմը չի աշխատում ձեր մեքենայի ,մնացացը նորմալ է:Կխնդրեմ ինձ ուղղություն տաք ,թե ում դիմեմ ?
Վահրամ
ոչ պարենային ապրանքի փոխանակման եւ վերադարձի հետ կապված հարցերը կարգավորվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով, մասնավորապես հոդված 16 եւ 23, ինչպես նաեւ «Քաղաքացիական օրենսգրքի» հոդված 517-ով:
Լիլիթ
Եթե սպառողին չեն դրամադրելլ ՀԴՄ կտրոնը, այդ դեպքում նա կարո՞ղ է նորմալ վիճակի գտնվող ապրանքը հաջորդ օրը հետ վերադարձնել: Սպառողը վաճառողներից այդ օրը պահանջել է ՀԴՄ կտրոնը, բայց նրանք ասացին, եթե չհավանեք անպայման հետ կբերեք փոխելու:
Թամարա
Ինչու՞ են անտեսվում այս հոդվածի մեկնաբանությունները: Հարգելի Հետք, խնդրում եմ պարզաբանել հոդվածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter