HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում հաշմանդամություն ունեցող կանայք աշխատանք կունենան

Շուշան Օհանյան

Այսօր Գորիսում, «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ բացվեց «ԼԱՅՖ» կաշվե իրերի կարի արտադրամաս: Նորաստեղծ արտադրամասում կաշխատեն հաշմանդամություն ունեցող այն կանայք, ովքեր համապատասխան ուսուցում են ստացել ՀՀ Զբաղվածության պետական գործակալության Գորիսի տարածքային կենտրոնի աջակցությամբ:

«Ուրախ եմ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նման հնարավորություն է ընձեռել, որպեսզի զբաղվածության բարձր մակարդակ ունեցող համայնքում որոշակի աշխատատեղեր ստեղծվեն, բայց առավել ողջունելի է, որ աշխատանքով կապահովվեն կանայք, ովքեր հաշմանդամություն ունեն և նրանց համար դժվար է աշխատաշուկայում մրցունակ հայտեր ներկայացնել»,- բացման արարողության ժամանակ հայտնեց ԳՈՒՄ հ/կ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը:

Արտադրամասը հիմվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE)» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ողջունելով արտադրամասի բացման մասնակիցներին ԱՄՆ-ի ՄԶԳ ծրագրերի ղեկավարման փորձագետ Տաճատ Ստեփանյանը եւ «Սեյվ դը չիլդրեն» ՄԲԿ-ի ներկայացուցիչ, LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան նշեցին, որ կարեւորում են մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման հնարավորությունների ստեղծումը եւ դրա լավագույն վկայությունն այն է, որ նույն ծրագրի շրջանակներում եւս մեկ կարի արտադրամաս հիմնադրվել է մարզկենտրոն Կապանում:

«Հանդիպելով ու զրուցելով այս կանանց հետ, ես հասկացա, որ նրանց ավելի շատ մտահոգում է ոչ թե իրենց առողջական վիճակը, այլ այն, որ չեն կարողանում աշխատել, ապահովել իրենց սոցիալական կայունությունը, զգալ իրենց հասարակության լիարժեք անդամ»,- ասաց արտադրամասի վարպետ-ուսուցանող Արսեն Հակոբյանը, ով նաեւ ներկայացրեց առաջին արտադրատեսակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter